armenpress.am։ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգին Արցախ կատարած առաջին այցից հետո ադրբեջանական կողմից ստացած «սև ցուցակ»-ում հայտնվելու զգուշացումները չեն վախեցրել, նա երկրորդ անգամ էլ կայցելի, բայց արդեն վստահ է` Արցախը հիանալի է: Բերգն Արցախում զարգացման մեծ ներուժ է տեսնում, պատրաստվում է նաև Արցախի հարցը բարձրացնել Եվրախորհրդարանի արտաքին հարաբերութունների հանձնաժողովում, որի անդամ է:
Նա համոզված է ինքն ու «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության այլ անդամներ պետք է կանգնեն Արցախի ժողովրդի կողքին: Այս և այլ հարցերի մասին զրուցել է վերջերս Հայաստան այցելած Եվրոպական խորհրդարանի անդամ, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամ Լարս Պատրիկ Բերգի հետ:
-Պարոն Պատրիկ Բերգ, գիտեմ, որ դեռ երկու տարի առաջ Արցախ եք այցելել, բավականին հանդիպումներ ունեցել: Եվրոպական խորհրդարանի, Գերմանիայի հետ համագործակցության ի՞նչ հեռանկարներ եք տեսել Արցախում:
-Ես կարծում եմ, որ Արցախը մեծ ներուժ ունի՝ տուրիզմի, գյուղատնտեսության, հատկապես օրգանիկ գյուղատնտեսության (գինի, մրգեր, բանջարեղեն) ոլորտներում: Նախորդ անգամ ես Արցախում եմ եղել 2 տարի առաջ: Այցի ընթացքում հանդիպել եմ մի քանի ձեռներեցների, որոնք արտադրում էին գինի, աճեցնում օրգանական բանջարեղեն: Կարծում եմ, որ դա մեծ շուկա է, և պետք է դրան օժանդակել, քանի որ ԱՄՆ-ում, Եվրոպայում և այլ երկրներում մարդիկ իսկապես շատ են սիրում գումար ծախսել օրգանական սննդի վրա:
Արցախը գեղեցիկ երկիր է՝ լեռներով, հին վանքերով, պատմությամբ, հիանալի մարդկանցով: Այսպիսով՝ ես կարծում եմ, որ սա ևս Եվրոպական խորհրդարանի կողմից քննարկման թեմա կլինի՝ զբոսաշրջության ոլորտում լավ համագործակցություն ստեղծելու համար: Արցախում քրիստոնյաները հավատում են՝ առանց բացասական վերաբերվելու այն մարդկանց, ովքեր այլ հավատք ունեն: Կարծում եմ, որ Արցախն ամրոցի է նման, և մենք պետք է աջակցենք Արցախի բարեփոխումներին:
Ինչ վերաբերում է Գերմանիային, թեև ես Բունդեսթագի անդամ չեմ, սակայն կարծում եմ, որ Հայաստանն, ընդհանուր առմամբ, կարևոր է Գերմանիայի համար: Աշխարհաքաղաքական տեսակետից այն գտնվում է շատ կարևոր տարածաշրջանում:
Որպես Եվրոպական խորհրդարանի անդամ կարծում եմ, որ Արևմտյան Եվրոպան պետք է նպաստի խաղաղ բանակցություններին՝ կարգավորելու հակամարտությունը, որը գոյություն ունի Արցախի տարածաշրջանում, և վերջ տալու Թուրքիայից եկող լարվածությանը: Կարծում եմ, որ կարևոր է տարածաշրջանում նպաստել խաղաղ գործողություններին, երիտասարդների համար նոր հնարավորություններ ստեղծել:
-Խոսեցիք հակամարտությունից, այս առիթով ուզում եմ նշել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ արդեն շեշտադրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի թե Հայաստանի, թե Արցախի և թե Ադրբեջանի ժողովրդի համար, սակայն մենք դեռ համապատասխան արձագանք չենք լսել ադրբեջանական կողմից: Ի՞նչ կասեք այս առումով:
-Իմ անձնական կարծիքով` երբեմն որոշակի ժամանակ է պահանջվում՝ գտնելու երկարատև լուծում, շատ բանակցություններ և վստահություն է պետք: Եթե վստահություն չկա, ապա շատ դժվար է: Եվ բավականին երկար ժամանակ է պահանջվում՝ լուծելու այս հակամարտությունը: Եվ ես կարծում եմ, որ վարչապետը իսկապես իրավացի է, լուծումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար, հակառակ դեպքում խաղաղություն չի լինի:
-Ադրբեջանը հաճախ Արցախ այցելած միջազգային պաշտոնյաներին գցում է, այսպես ասած, «սև ցուցակ», դուք Արցախ այցելելիս որևէ կաշկանդվածություն, վախեր չե՞ք ունեցել արդյոք:
-Երկու տարի առաջ, երբ Արցախից վերադարձա, Գերմանիայում Ադրբեջանի դեսպանից նամակ ստացա, նա Բադեն Վուրթեմբերգի խորհրդարանի նախագահին դժգոհել էր իմ՝ Արցախ այցի կապակցությամբ և նշել էր, որ ես «սև ցուցակում» կհայտնվեմ և չեմ կարող այլևս Ադրբեջան մուտք գործել: Ես չեմ պատասխանել այդ նամակին՝ չցանկանալով սրել վիճակը:
Բայց ես չեմ վախեցել Արցախ գալուց, դա շատ ապահով ճամփորդություն էր, ես հանդիպել եմ շատ հիանալի մարդկանց, պաշտոնյաների, Արցախի նախագահին, որը շատ հմուտ և տաղանդավոր մարդ է, արտաքին գործերի նախարարին, ուսանողների: Եվ շատ կարևոր է գտնել խաղաղ, երկարատև լուծում՝ այս բարդ հակամարտության համար, որը օգտակար կլինի բոլոր կողմերի համար: Եվ մենք պետք է աջակցենք Արցախին, Հայաստանին:
Ես եղել եմ Ստեփանակերտում, այն շատ խաղաղ ու շատ գեղեցիկ քաղաք է: Եղել եմ նաև Մարտակերտում, հանդիպել եմ մարդկանց, եղել եմ նաև մարտական դիրքերից ոչ շատ հեռու: Եվ ես շատ եմ ցավում այն մարդկանց, այն երեխաների ու կանանց, ընտանիքների համար, ովքեր ստիպված են այդ փորձությունների միջով անցնել: Շատ կարևոր է գտնել խաղաղ,երկարատև լուծում:
Եվ կցանկանայի աջակցել, ես վարչապետ չեմ, Եվրոպական խորհրդարանի նախագահը չեմ, պարզապես խորհրդարանի սովորական անդամ եմ, սակայն ես կցանկանայի բարձրացնել Արցախի հարցը խորհրդարանում արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Եվ հետո կտեսնենք, թե դրան ինչ կհաջորդի: Ես շատ դրական եմ տրամադրված:
-Դուք Արցախում, կարծեք թե, շատ բան եք տեսել, Եվրոպական խորհրդարանում ի՞նչ հարց եք ուզում բարձրացնել:
-Եվրոպական խորհրդարանում Մարդու իրավունքների հարցերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամ եմ: Ես կասեմ, որ շատ կարևոր է լսել երկու կողմերին, և շատ կարևոր է նաև գտնել լուծում` Արցախում ուժեղացնելու տնտեսական դրությունը: Եթե մենք դա չանենք, չի բացառվում, որ որոշ երիտասարդներ լքեն երկիրը: Երիտասարդ տաղանդավոր մարդիկ պետք է լինեն իրեն ծննդավայրում, և ես այս հարցը կբարձրացնեմ խորհրդարանում: Կան քաղաքական գործիչներ, որոնք չեն ցանկանում լսել նման բաներ, չեն հետաքրքրվում, սակայն ես և մյուսները շատ ուրախ կլինենք այս հարցը բարձրացնելով:
Շարունակությունը՝ armenpress.am-ում
comment.count (0)