«Վերջին բառերն են՝ մենք գնում ենք վերեւ». պատերազմում զոհված Վահագնին ընտանիքը երկու անգամ է հուղարկավորել
22:15 - 02 նոյեմբերի, 2023

«Վերջին բառերն են՝ մենք գնում ենք վերեւ». պատերազմում զոհված Վահագնին ընտանիքը երկու անգամ է հուղարկավորել

44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Վահագն Խաչատրյանին ծնողները երկու անգամ են հուղարկավորել։ Նրա մի մասունքը ընտանիքին է հասել հայտնաբերվելուց ամիսներ, իսկ մարմինը՝ տարիներ հետո։ 

Խաչատրյանի մասունքը հայտնաբերվել է 2021 թ․ հունվարի 15-ի որոնողական աշխատանքների ժամանակ, ընտանիքին փոխանցվել՝ միայն 5 ամիս անց՝ նույն տարվա հունիսին, իսկ մարմինը, որն Ադրբեջանը հայկական կողմին էր վերադարձրել ավելի վաղ՝ դեռ 2020 թ․ նոյեմբերի 23-ին, ընտանիքը ստացել է 2․5 տարի անց՝ այս տարվա մայիսին միայն:

Խաչատրյանի մայրը՝ Ալինա Գրիգորյանը, տեղի ունեցածի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնվել է քրեական վարույթ պաշտոնեական անփութության հատկանիշներով։ 

Վահագն Խաչատրյանը Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի այն զինծառայողներից է, որոնց, չնայած նորակոչիկ լինելուն, 2020 թ․ հոկտեմբերի 9-ին ուղարկել են Հադրութին հարակից Խուռհատ սար՝ մարտական առաջադրանքի։ Մեկ այլ քրեական վարույթ էլ՝ կապված այդ առաջադրանքի հետ, այժմ քննվում է դատարանում։ Ըստ մեղադրանքի՝ գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանը, դրսեւորելով իշխանության անգործություն, իր թեթեւ վնասվածքը որպես պատրվակ օգտագործելով, ինքնակամ լքել է մարտադաշտը՝ իր հետ տանելով կապի միակ միջոցը։ Դրանից հետո չկանոնակարգված նահանջ է տեղի ունեցել, ինչի հետեւանքով անձնակազմը կիսվել է․ որոշները այլ սպաների հետ կարողացել են դուրս գալ շրջափակումից, մեծ մասին, սակայն, դա չի հաջողվել։

Իրադարձությունների այս շղթայում կոնկրետ երբ, որտեղ եւ ինչպես է զոհվել Վահագնը՝ ընտանիքին առ այսօր հայտնի չէ։

«Վահագնը տան շարժիչ ուժն էր»

Վահագն Խաչատրյանը ծնվել է 2001 թ․-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ քաղաքում, 7 տարեկանում ծնողները որոշել են վերադառնալ հայրենիք, որ երկու որդիները այստեղ մեծանան։ Մոր՝ Ալինա Գրիգորյանի խոսքով՝ որդին մաքուր հայերեն գիտեր, քանի որ տանը միշտ հայերեն էին խոսում․ «Շատ խելացի էր, շատ լուսավոր, հոգատար, բարի, էներգիան՝ անսպառ, մեր տան շարժիչ ուժն էր Վահագը, եթե Արթուրը (կրտսեր եղբայրն է,-հեղ․) տանն է, լռություն է, բայց Վահագը՝ ցեց։ Ասում-խոսում էր, կատակներ անում, սեր կար նրա մեջ բոլորի հանդեպ, անսպառ սեր, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր»,- վերհիշում է մայրը։

Վահագնը՝ ծնողների հետ

Որդու հետաքրքրություններից մայրը դժվարանում է մեկն առանձնացնել․ սկաուտիզմ, լող, բռնցքամարտ, նետաձգություն, խոհարարություն, ամեն ինչ ուզում էր փորձել, նրա համար անհնարին ոչինչ չկար․ «Միշտ ասում էր՝ գնամ–գամ, որ տան հարցը լուծեմ, հիմա ասում եմ՝ քո տան հարցը լուծեցիր, մերը մնաց։ Բոլորն ասում են՝ Վահագի երազանքը պիտի իրականացնեք․ ամենամեծ բանը իր համար դա էր»,- նշում է մայրը։

Վահագնը սովորում էր Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի քոլեջում՝ «Կապեր եւ կոմունիկացիա» բաժնում, չափազանց սիրում էր կարդալ։ Տիկին Ալինան հիշում է՝ վերջին գիրքը, որ որդին կարդում էր, ճապոնացի մտածող, ռազմագետ Սուն Ցզիի «Պատերազմի արվեստը» աշխատությունն էր․ «Չգիտեմ էլ՝ հասցրել է ավարտել թե չէ։ Փորձեցի ինքս կարդամ, չկարողացա, մի քիչ բարդ էր ինձ համար, չհասկացա՝ իրեն ինչն էր էդտեղ հետաքրքրում»,- ասում է մայրն ու անկեղծանում, որ իրեն մեկ-մեկ թվում է՝ տղաները կանխազգացել են ամեն ինչ․ «Հեռուստացույցով նայում էր՝ մարդիկ ոնց են անտառներում ողջ մնում, ոնց են դուրս գալիս այդ իրավիճակներից, հարցնում էի՝ ինչի՞ ես նայում, ասում էր՝ դե, հետաքրքիր է․․․ Պատերազմից հետո, երբ իրենից լուր չունեինք, սկզբում ասում էին՝ անտառներում են, մտածում էի՝ երեւի դրա համար էր էդ ամենը պետք, հիմա իրեն անտառներում օգտակար կլինի, դուրս կգա։ Չէինք պատկերացնի, որ նման փաստի առաջ կկանգնեինք, ամենավատ երազում նման բան չէինք տեսնի»,– ասում է մայրը։

«Վերջին բառերն են՝ մենք գնում ենք վերեւ․․․»

Վահագն Խաչատրյանը բանակ է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 8-ին՝ որպես նռնականետի օգնական։ Կորոնավիրուսով պայմանավորված՝ ամսից ավելի Մարտունիում կարանտինի մեջ է եղել, սեպտեմբերի սկզբին՝ տեղափոխվել Ջրական։ Մինչ պատերազմը կրակային պատրաստություն 1-2 անգամ է հասցրել անցնել։

Ծառայության այդ երկու ամիսներին Վահագնը ոչնչից չի դժգոհել, միայն աչքերի խնդիր է ունեցել, բուժզննում անցել, հոսպիտալացվել․ «Պատերազմի նախորդ օրը խոսում էինք, ասաց՝ աչքերս էլի լավ չեն, բորբոքվել են, կամ էլի կպառկեցնեն, կամ գուցե ուղարկեն Ստեփանակերտ կամ Երեւան՝ զննման։ Ու կիրակի պատերազմը սկսվեց, ու ինքը ակնոցը չէր հասցրել վերցնել, էդ բորբոքված աչքերով էլ․․․»,– պատմում է տիկին Ալինան, բայց արցունքները չեն թողնում շարունակել։

Պատերազմի մեկնարկից հետո ընտանիքը որդուց երկու օր լուր չի ունեցել, սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 8-ը 2-3 օրը մեկ զանգել է, սակայն մանրամասներ չի հայտնել․ «Ինչքան զանգել է, հարցրել ենք՝ որտե՞ղ ես, ասել է՝ տենց հարցեր մի՛ տվեք, իր սիրած բառն էր՝ պա՛պ, սաղ լավ ա, սաղ կայֆոտ ա, մի՛ մտածեք, դուք լավ եղեք»,– հիշում է հայրը՝ Վաչիկ Խաչատրյանը։ 

«Մենակ վերջին զանգին՝ հոկտեմբերի 8–ին, ասաց՝ մեզ տանում են վերեւ, դե, որ արդեն գիտեինք՝ չի ասելու, թե որտեղ, մայրը հարցրեց՝ Վահա՛գ ջան, վերեւն ապահո՞վ տեղ է, թե՞․․․ Ջղայնացավ, ասաց՝ թե, մա՛մ․․․ Վերջին բառերն են՝ մենք գնում ենք վերեւ»,- պատմում է հայրը։

«Գնացին վերեւ»,– հազիվ լսելի ձայնով շարունակում է տիկին Ալինան ու հիշում, որ Պաշտպանության նախարարությունից իրենց այդ նույն ժամանակ ասում էին, որ նորակոչիկները բունկերներում են, նորակոչիկներն ապահով են․ «Մի օր հեռախոսազրույցը ընդհատեց, գոռաց՝ թո՛ղ, էդ մեր զենքերն են, խոսեցինք, վերջացրինք, նոր սկսեցի մտածել՝ եթե բունկերում են, ի՞նչ զենքից էր խոսում։ Հոկտեմբերի 6-ին էլ ասացի՝ ուր որ է կկանգնի պատերազմը, տղե՛ս, պինդ եղեք, էս մի հատ մեծ փորձություն էր․․․ Ասաց՝ էսքան տեսածից հետո էլ ի՞նչ նեղվենք։ Խոսեցինք, վերջացրինք, նորից մտածում եմ՝ էս էրեխեն ի՞նչ տեսածի մասին է խոսում։ Հիմա գիտեմ՝ ինչ է տեսել, ես էդ ամեն դատին մեռնում եմ, որ լսում եմ՝ ինչերի միջով են անցել»։

Վահագնի հետ վերջին հեռախոսազրույցից հետո ծնողների օրերը սկսել են անցնել նախարարությունների, հոսպիտալների ու զորամասերի առաջ, քանի որդու հրամանատարներից որևէ մեկին չեն ճանաչել, անմիջական կապ որևէ մեկի հետ հաստատել չեն կարողացել։

Այդ ընթացքում Պն–ի հորդորով Վահագնի ծնողները ԴՆԹ են հանձնել՝ հույս ունենալով բացառել զոհվածների հետ համընկնումը։ Բոլոր գերատեսչություններից ծնողներին ասել են, որ իրենք աշխատում են, ամեն ինչ անում են, պետք է սպասել։ ԱԱԾ–ից նրանց հայտնել են, որ որդին անհետ կորածների ցանկում է․ «Պետությանն էինք տվել էրեխուն, գնացել էր պետության համար պարտքը կատարելու, ուրիշ ո՞ւմ հավատայինք»,– ասում է մայրը, բայց եւ նշում՝ պետության ներկայացուցիչներից ոչ ոք իր տուն չեկավ, որդու պարգեւատրումն անգամ մի զինծառայողի միջոցով են ուղարկել։

Արցախի նախագահի հրամանագրով Վահագն Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։

Վահագնի վերջին լուսանկարը Ջրականում, սեպտեմբերի 29, 2020 թ․

«Մեկը գա, ասի՝ ինչի՞ց զոհվեց, ո՞նց զոհվեց»

Աբովյանի դիահերձարանի նկուղում զինծառայողների մարմիններ պահելու դեպքի հայտնի դառնալուց հետո Վահագնի ծնողները որոշել են այլեւս չսպասել, այլ անձամբ հետաքրքրվել իրենց որդու ճակատագրով։ Այդ ժամանակ էլ, ցավոք, պարզել են, որ ԴՆԹ համընկնում կա։ 

«Քննիչի համարը վերցրի, ասաց՝ ես կնայեմ, կասեմ։ 2-3 օր զանգեցի, չպատասխանեց, ասացի՝ վեր կենամ, գամ, բա չէ, ես կզանգեմ։ Զանգեց, ասաց՝ էս պահի դրությամբ ոչ մի բան չունեք։ Ասացի՝ մի տեսակ լավ չասացիր, ո՞նց էս պահի դրությամբ։ Անջատեցի, տաքսի կանչեցի, գնացի քննչական։ Վայ, բա ինչի՞ եք եկել, ասացի՝ եկել եմ՝ աչքերիս մեջ նայես, նոր ասես։ Ասաց՝ լավ, որ եկել եք, եկեք՝ ասեմ՝ համընկնում ունեք, բայց էնքան քիչ տոկոս է, հերքվող տոկոս։ Երբ դեռ չես խորացել դրա մեջ, լուրջ ես ընդունում, բայց իրականում ԴՆԹ համընկնում կա՛մ ունես, կա՛մ չունես, քիչ տոկոս հասկացություն չկա»,– նշում է տիկին Ալինան։ 

Դրանից հետո կրկնակի փորձաքննություն են պահանջել, եւ հաստատվել է․ հուլիսի 26-ին հուղարկավորել են որդու մասունքը, որ նոյեմբերի 9-ի հրադադարից 2 ամիս անց էր հայտնաբերվել Հադրութի շրջանի Տյաք գյուղից։ Վահագնի մասունքը այդ օրը նշված վայրից հայտնաբերված միակ մասունքն է եղել, ինչն ավելի է խորացրել ծնողների անորոշությունն ու ավելացրել անպատասխան հարցերը. «Մեկը գա, ասի՝ ինչի՞ց զոհվեց, ո՞նց զոհվեց, ընկավ, ոչ մեկը չօգնեց, խփեցին, կրակեցին, ի՞նչ արեցին, ինչի՞ է առանձին։ Դատերին, որ անդադար ասում էին՝ օդային հարձակում չի եղել, արդեն հասկանում էի, որ դա ԱԹՍ–ից չէ, ուրեմն՝ պիտի լիներ մարմինը, չէր կարող ոչ մի բան չլինել»,– ասում է մայրը։

«Ոչ մի կառույց պատշաճ չի աշխատել»

Որդու հուղարկավորությունից հետո՝ 2021 թ․-ի ընթացքում, մեկ-երկու անգամ գնացել են «Դատաբժշկական գիտագործական կենտրոն» ՊՈԱԿ (հայտնի է որպես Հերացի), հետաքրքրվել, հետո մտածել, որ եթե նոր մի բան հայտնաբերվի, իրենց անձամբ կտեղեկացնեն։ Մի օր էլ, երբ իմացել են, որ որդեկորույս մեկ այլ ծնող պատահական զանգահարել է Հերացի եւ պարզել, որ համընկնում կա, որոշել են դարձյալ զանգահարել․  

«Զանգեցի Հերացի, ասացին՝ կա, վերեւի հատվածն է՝ կրծքավանդակի, իրենք էլ չգիտեին, հետո որ գնում են Մեծամորից բերելու, նոր տեսնում են, որ ամբողջ մարմինն է։ Իրենք գնացել են փոքր ավտոյով, որ մասունք վերցնեն, մեկ էլ երեկոյան Էլենը (ՊՈԱԿ-ի աշխատակիցն է,-հեղ․) զանգել է, զգում եմ ձայնից, որ չի կարողանում խոսել, ասում է՝ գիտեք, ոնց որ թե ամբողջ մարմինն է, էլի ոնց որ թե․․․ Քննիչի հետ են գնացել, որ բերեն, հետո Արտյոմը (քննիչն է,-հեղ․) ասում է՝ իմ ավտոյով էի գնացել, դե ասում էին՝ մասունք․․․ Որ չբերեցին, ասացի՝ լավ չե՞ք, դե ավտո կանչեք, ծնողին էլ պատասխան կտաք, ես սրա տակ չեմ մտնի, դուք գրել եք մասունք, բերել եք ամբողջական մարմին, ես սրա պատասխանը չեմ կարող տալ»,- պատմում է մայրը։

Պարզվել է՝ 2020 թ․ նոյեմբերի 23-ին Ադրբեջանը 13 մարմին է փոխանակել, այդ թվում՝ Վահագնի մարմինը։ Այն Արցախից տեղափոխել են Կապան, որտեղ, ըստ ծնողների, դատաբժիշկը պատշաճ չի աշխատել, քանի որ ամբողջական մարմինը եւ անձին որոշակիորեն նույնականացնող դաջվածքը նկարելու փոխարեն կրծքավանդակի մի հատվածն է լուսանկարել, այն էլ՝ հագուստով։ Դրանից հետո Վահագնի մարմինն ուղարկել են Գորիս, որտեղ այն մնացել է 2 տարի։ Վահագնի դաջվածքից են նմուշ վերցրել, որով ԴՆԹ համընկնում չի եղել։ Ոտքից վերցված ԴՆԹ նմուշով, սակայն, ինքնությունը հաստատվել է։ 2022 թ․ սեպտեմբերին Վահագնի մարմինը տեղափոխել են Մեծամոր եւ դրանով սահմանափակվել։

«Հերացին ինֆորմացիան փոխանցում է քննչականին, գրում՝ մասունք, քննչականն էլ մտածում է՝ դե, հերթական մասունքն է, կարող է էլի լինի, ծնողներին քիչ–քիչ սթրեսի չենթարկենք։ Քանի որ քննիչը չունի բժշկական կրթություն, չի հասկացել, բայց դե, ում էլ ասես մասունք, կտոր է պատկերացնում։ Ասում են՝ եթե թաթն էլ չլինի, ամբողջ մարմինը գրվում է մասունք, բժշկական տեսանկյունից կարգը էդպես է։ Բայց լավ, փակագծում գոնե գրեք՝ ինչ մասունք Է՝ թեւ է, ոտք է, գլուխ է, մարմին է։ Ուզեիր մտածել, թե ոնց սթրեսի ենթարկեիր, երեւի չկարողանայիր այսպես սթրեսի ենթարկել»,– վրդովված ասում է հայրը։

Վաչիկ Խաչատրյանի համոզմամբ՝ խնդիրը սկսվել է Կապանից, սակայն դրանից հետո որ կառույցում էլ  եղել է որդու մարմինը, պատշաճ աշխատանք չի կատարվել․ «Իրերը գրպանում էին, հեռախոսը մոտն էր, մի հատ միացնեիք․․․ Թեւին մի ամբողջ նախադասություն էր, փոքր խաչ չէր ծալքերի մեջ, որ ասեինք՝ բոլորի մոտ կլինի, մի ամբողջ նախադասություն էր դաջված, էդ մի նախադասությունով ինչքան շուտ նրան կգտնեինք»,– ասում է նա։

Վահագնի թեւին դաջված էր Esse quam videri լատիներեն արտահայտությունը, որ թարգմանաբար նշանակում է «Լինել, այլ ոչ թվալ»․ «Որ եկավ, ասաց՝ ուզում եմ դաջվածք անել, հարցրի՝ հիմա դու կա՞ս, թե՞ քեզ թվում է, որ կաս։ Ասաց՝ պա՛պ, ես կամ, ասացի՝ դե ուրեմն գնա, արա, բայց պատասխանատու եղիր գրածիդ համար»,– հիշում է հայրը։

Որդու գրպանում հեռախոսի հետ նաեւ լիցքավորիչ է եղել, մկրատ, ծխախոտ, դատարկ նոթատետր, փամփուշտներ և համրիչներ (թզբեխ)։ Դրանք հիմա խնամքով շարված են տանը Վահագնին նվիրված անկյունում՝ նկարների կողքին։

«Հիմա կա Արցախի արիության մեդալ, բայց չկա Արցախ»

Այս տարվա մայիսի 11-ին Վահագնին Եռաբլուրում երկրորդ անգամ են հուղարկավորել․ «Մարմինը որ գտանք, էնքան շոկի մեջ էինք, մի ուրիշ ձեւի ապրումներ էին։ Մինչ էդ էլ նենց չէ, որ մեծ հույսեր ունեի, բայց էն որ ծանր դռներ կան է, որ դրմփում-փակվում են, այդ ձեւի զգացողություն էր, որ վերջնական այդ դուռը փակվեց։ Ավելի ծանր էր, գուցե այն ցավն էր, որ որդիս 2 տարի այդ վիճակում է մնացել»,– հուզվում է տիկին Ալինան։ 

«Եթե ես չզանգեի, ես ուղղակի զանգել եմ, եթե էդ ուղղակի զանգը չլիներ․․․ Սա հասարակ գողություն չէ, սպանություն չէ, սա դրանցից էն կողմ է, սա անփույթ աշխատանք է․ զոհված զինվորին ուղղակի դրել եք մի կողմ ու ոչ մի աշխատանք չեք արել, ոչ մի ջանք չեք գործադրել, որ գտնեք տիրոջը։ Տերն էլ ցավով տապակվում է, գտել է մի բան, ուրիշների նման երանի է տալիս, ասում՝ լավ է՝ գոնե էս էլ ունենք։ Վերջին հաշվով պատերազմում են զոհվել, կռվել են մինչեւ վերջին շունչը, ուրեմն՝ արժանի են, որ պատվով ճանապարհեք, ոչ թե թողնեք սառնարաններում, ասեք՝ գերի են, գալու են»,- ասում է նա։

Ալինա Գրիգորյանի համար ամենացավալին այն է, որ մեղավորները չեն պատժվում։ Նրա խոսքով՝ գումարտակի հրամանատարին քանի տարով էլ դատապարտեն, իրեն դա ոչինչ չի տա, բայց սպասում է, որ ամենախիստ ձեւով պատժեն՝ գոնե թե այն հույսով, որ դա դաս լինի մյուս հրամանատարներին․ «էս էրեխեքը մնացին անտեր, դրա համար տուն չեկան։ Եթե լիներ խելացի հրամանատար, թեկուզ այդ սարն էլ բարձրանային, ամեն ձեւի նահանջ էլ կանեին։ Մարդիկ կան՝ ասում են՝ հոկտեմբերի 25–ին դուրս ենք եկել Հադրութից, իրենք 25-ին կարողացան դուրս գալ, էրեխեքը հոկտեմբերի 10-ին մի հատ սարից չկարողացա՞ն նահանջ անել։ Որովհետեւ մենակ էին, ի՞նչ պիտի իմանային 2 ամսվա զինծառայողները»,- ասում է տիկին Ալինան։

Այսօր Արցախի կորուստը մայրն իր անձնական կորուստն է համարում․ «Եթե այն ժամանակ ես մտքերով մենակ Հադրութում էի փնտրում որդուս մարմինը, ասում՝ ոտքս Արցախ ընկնի, հիմա, երբ Արցախն էլ մերը չէ, ես կխելագարվեի, [եթե նրան գտած չլինեի]։ Հիմա կա Արցախի արիության մեդալ, բայց չկա Արցախ, էլ ի՞նչ արժեք ունի այս մեդալը»,– ասում է Ալինա Գրիգորյանը՝ հայացքն ուղղելով որդու նկարին։ 

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել