news.am: Անտառային տարածքների մեծացման ծրագիրը 5000 նոր աշխատատեղ կստեղծի: Այս մասին նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը:
Նա հիշեցրեց, որ 2020-ի համար անտառային ոլորտում ամենախոշոր ծրագիրը 10 մլն նոր ծառերի տնկումն է, իսկ մինչ 2050 թվականը Հայաստանը մտադիր է մեծացնել անտառային տարածքները ավելի քան 200 հազար հա տարածքով, այսինքն՝ 800-900 մլն ծառերի տնկմամբ: «Դա խոսում է այն մասին, որ տարեկան պետք է տնկել 30 մլն ծառ, ինչի համար անհրաժեշտ է ներգրավվել 5000 մարդու, որոնք կաշխատեն տարեկան 40-50 օր, այսինքն, տվյալ ծրագիրը նոր աշխատատեղեր կստեղծի: Եթե հաշվի առնենք, որ տնկված ծառերը պետք է նաեւ խնամվեն, ապա դա խոսում է այն մասին, որ մարդիկ զբաղված կլինեն տարվա մեջ 8-9 ամիս»,- նշեց Մելիքյանը՝ հավելելով, որ 2025-26-ին աշխատանքները կակտիվանան:
Նրա խոսքով՝ տնկման վայրերը մանրակրկիտ կընտրվեն: «Բացի այդ, կընդլայնվի տնկիների արտադրությունը, ինչի արդյունքում եւս հավելյալ աշխատատեղեր կստեղծվեն»,- նկատեց փոխնախարարը:
Նա հավելեց, որ «Հայանտառի» հողերում հատկացվել է 6000 հա տարածք: «Հաշվի առնելով այն, որ 10 մլն ծառի տնկման համար մեծ տարածք է անհրաժեշտ, դրանք կտնկվեն այն բնակավայրերում եւ համայնքներում, որտեղ ոռոգման հնարավորություն կա»,- եզրափակեց փոխնախարարը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին «Գլոբալ ինովացիոն ֆորում-2019»-ին իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է 2020 թվականին 10 մլն ծառ տնկել:
comment.count (0)