Նախակրթարանները չեն շտապում դիմել ԿԳՄՍՆ-ին՝ լիցենզիա ստանալու համար. մասնագետները խոսել են խնդիրների մասին
16:39 - 01 դեկտեմբերի, 2023

Նախակրթարանները չեն շտապում դիմել ԿԳՄՍՆ-ին՝ լիցենզիա ստանալու համար. մասնագետները խոսել են խնդիրների մասին

Ներկայումս կրթական բոլոր մակարդակներում մեծ բարեփոխումներ և փոփոխություններն են իրականացվում, որոնք ուղղված են թե՛ կրթության բովանդակության, թե՛ ենթակառուցվածքների, միջավայրի, մասնագիտական կարողությունների զարգացմանը

Նախակրթարանների լիցենզավորման հետ կապված խնդիրների քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

«Այդ աշխատանքների համատեքստում շատ կարևոր է, որ այս կամ այն կրթական մակարդակում իրականացվող գործընթացները լինեն վերահսկելի։ Մասնավորապես «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում ամրագրվել է նախադպրոցական ծառայություններ մատուցող կամ ծրագրեր իրականացնող հաստատությունների լիցենզավորման պարտադիր պահանջը»,- նշեց փոխնախարարը:

Այդուհանդերձ, նախակրթարանները չեն շտապում դիմել ԿԳՄՍՆ՝ լիցենզիա ստանալու։ Նոյեմբերի 10-ի տվյալներով՝ ԿԳՄՍՆ-ն ստացել է ընդամենը 9 հայտ, մինչդեռ ՊԵԿ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ նախադպրոցական ոլորտում գործում է առնվազն 320 կազմակերպություն։

«Բոլոր այն կազմակերպությունները, որոնք գործում են տվյալ ոլորտում, տեղեկացված են։ ԿԳՄՍՆ-ն հետևում է դիմումների ներկայացման գործընթացին, և այն դինամիկան, որն առկա է ոլորտում, մտահոգիչ է։ Փաստացի ՊԵԿ-ից հավաքագրել ենք տեղեկատվություն, թե քանի կազմակերպություն կա մեր երկրում, որոնք գործում են հենց կրթության ոլորտում։ Եկող տարվա հունվարի 1-ից բոլոր այն կազմակերպությունները, որոնք լիցենզավորված չեն լինի, կտուգանվեն ՊԵԿ-ի կողմից և նրանց գործունեությունը կկասեցվի։ Խնդիրները բազմաշերտ են, ու թեև կան օբյեկտիվ պրոբլեմներ, որոնք դանդաղեցնում են գործընթացը, բայցևայնպես, հետաքրքրությունը լիցենզավորման պրոցեսի նկատմամբ հետզհետե մեծանում է»,- ասաց Սվաջյանը։

Նրա խոսքով՝ օբյեկտիվ խնդիրներից մեկն այն է, որ հստակ լիցենզավորման կանոնակարգում նշված է, թե ինչ նշանակության շենք պետք է լինի նախադպրոցական ծառայություններ մատուցելու պարագայում։ Խոսքը զարգացման կենտրոնների մասին է։ Ի սկզբանե բնակարանային պայմաններում թույլատրվում էր մատուցել նման ծառայություններ, սակայն ամբողջական համալիր ծրագիր իրականացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի շենքը լինի հասարակական նշանակության։

«Այդ որոշումը պատահական չի կայացվել, որովհետև հասարակական նշանակության շենքերը երեխաների անվտանգության մի շարք պայմաններ են ապահովում։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ մենք հանդիպում ենք ունեցել մասնավոր մանկապարտեզների ասոցիացիայի հետ, որի ընթացքում խնդիրը բարձրաձայնվել է։ Մատնանշվել է, որ այն շենքային պայմանները, որոնցում գործում են շատ մանկապարտեզներ, անվտանգային կանոններով բավականին մոտ են հասարակական նշանակությանը, սակայն շենքային նշանակության փոփոխությունն առաջացնում է ֆինանսական բեռ։ Մենք հիմա շրջանառության մեջ ենք դրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է մինչև 2026 թվականը շենքերի հասարակական նշանակության պահանջի կատարումը հետաձգել։ Շահագրգիռ գերատեսչություններից ստացել ենք կարծիքներ, սակայն գործընթացը բարդ է ընթանում, քանի որ համաձայնությունն, այնուամենայնիվ, շատ դժվար է ստանալ։ Հասկանալի է, որ խոսքը երեխաների անվտանգության մասին է, նույն վթարային ելքերի ապահովման մասին և այլն։ Փորձում ենք խնդիրը լուծել, որպեսզի լիցենզավորման համար լրացուցիչ խոչընոտներ չառաջանան»,- տեղեկացրեց  փոխնախարարը։

Նրա դիտարկմամբ՝ մյուս խնդիրը վերաբերում է մասնագիտական կադրերին։ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում նշված է, որ միջին և բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած մասնագիտությամբ կոնկրետ նախադպրոցական մանկավարժի որակավորում ունեցող մասնագետները կարող են աշխատել։

«Այս մասով էլ ենք ահազանգեր ստացել, որ նման որակավորում ունեցող մասնագետները քիչ են։ Հարցը շատ արագ հնարավոր չէ լուծել, մենք չենք ցանկանում կրթական ցենզն իջեցնել, որովհետև գործ ունենք երեխաների կրթության հետ, և որքան իջեցվի այդ ցենզը, այնքան կրթության որակի և արդյունավետության հետ կապված ռիսկերը կավելանան։ Այդուհանդերձ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում նախաձեռնել ենք փոփոխություն։ Հանրակրթական դպրոցներում էլ ունենք բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների պակաս, հետևաբար, եթե մարդն ունի բարձրագույն կրթություն և ստանում է 30 կրեդիտ մանկավարժության վերաբերյալ, ապա թույլատրվում է, որպեսզի նա աշխատի մանկապարտեզում։ Նմանատիպ մի կանոնակարգ ցանկանում ենք մտցնել նախակրթական հաստատություններին վերաբերող օրենքում։ Հիմա փորձում ենք հստակեցնել կրեդիտների քանակի հարցը և թե որ մասնագիտությունների որակավորման առկայության դեպքում հնարավոր կլինի հարցը լուծել»,- մանրամասնեց Սվաջյանը։

Քննարկմանը մասնակցում էր նաև մասնավոր մանկապարտեզների ասոցիացիայի նախագահ Նելլի Խաչատրյանը, ով հայտնեց, որ իրենք բարձրաձայնել են նաև առողջապահության նախարարության կողմից սանիտարահիգիենիկ նորմերի վերանայման անհրաժեշտության մասին, որը թեև ԿԳՄՍՆ-ի դաշտում չի, բայցևայնպես անմիջական առնչություն ունի գործընթացի հետ։

«Շատ ուրախ ենք, որ մեր հանդիպումից հետո տեսնում ենք իրականացված փոփոխություններ և այդ պարագայում լիցենզիա ստանալու դիմումատուներն ավելի շատ կլինեն։ Վերջին մեկ ամսվա ընթացքում նույն հետաքրքրությունն առաջացել է նաև մեր ասոցիացիայի նկատմամբ։ Օրական ստանում  ենք բազմաթիվ նամակներ ու զանգեր այն հարցերի առնչությամբ, որոնց պատասխանելու համար նախարարությունը գուցե բավարար ժամանակ չունի։ Վերջին  երեք շաբաթվա ընթացքում ասոցիացիայից ունեցել ենք անդամներ, ովքեր հավաքել են փաստաթղթերն ու դիմել ԿԳՄՍՆ-ին։ Նրանք գերատեսչության համապատասխան բաժնից ստացել են պատասխան, որ թեև նոր օրենքն ուժի մեջ չի մտել, այնուամենայնիվ, շենքային պայմանների նշանակության պայմանը չբավարարելու դեպքում լիցենզիա չի տրվի։ Ոչ ոք չի ցանկանում առաջին փուլով մերժվել, հետևաբար, բոլորը սպասում են օրենքի ընդունմանը։ Անշուշտ, ոլորտը պետք է վերահսկվի և բոլորը պետք է լիցենզավորվեն, բայցևայնպես, ճանապարհին դեռ կան խոչընդոտներ»,- ասաց Խաչատրյանը։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել