Նոր նախագծով քաղաքացիություն չունեցող անձանց՝ Հայաստանում ծնված երեխաները ՀՀ քաղաքացիություն կստանան առանց դիմումի |armenpress.am|
12:15 - 04 դեկտեմբերի, 2023

Նոր նախագծով քաղաքացիություն չունեցող անձանց՝ Հայաստանում ծնված երեխաները ՀՀ քաղաքացիություն կստանան առանց դիմումի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ծնված՝ քաղաքացիություն չունեցող անձանց երեխաները Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք կստանան՝ առանց դիմումի:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Նախագծի առաջարկներից մեկը քաղաքացիություն չունեցող անձանց և ապաքաղաքացիության դեմ պայքարի տրամաբանության մեջ է: Այս պահին քննարկվում է Քաղաքացիություն չունեցող անձանց մասին առանձին օրենքի ներկայացումը: Մինչև այդ կառավարությունը ներկայացված նախագծով է առաջարկ արել:

«Քաղաքացիություն չունեցող անձանց երեխաների հետ կապված դրույթ ունենք, որ նրանց մեխանիկորեն տալիս ենք  ՀՀ քաղաքացիություն: Կա դիմումի պահ, առաջարկում ենք դիմումի պահանջը հանել, որ օրենքի ուժով այդ երեխաներին ճանաչենք ՀՀ քաղաքացի և դրանով նաև կատարենք 1954թ. ապաքաղաքացիության դեմ պայքարի կոնվենցիայով մեր ստանձնած պարտավորությունները»,-ասաց Ղազարյանը:

Նախագծով նաև հստակեցում է արվում ու օրենքում ֆիքսվում, որ ծնողներից մեկի քաղաքացիության դադարեցման պարագայում միայն կարող է անչափահասի քաղաքացիության դադարեցման վարույթ մեկնարկել: «Պրակտիկայի առումով ոչինչ չի փոխվում: Պարզապես իրավական կազուս կար օրենքի մեջ»,-ասաց ծառայության պետը՝ հավելելով, որ պարզապես երկու հոդվածների միջ անհամապատասխանություն էր առաջացել:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հետաքրքրվեց, թե այն դեպքերի մասով, երբ անձինք մինչև զինվորական հաշվառումը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից, ի՞նչ աշխատանք է տարվում: Ղազարյանը պատասխանեց, որ այդ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, այս առաջարկն էլ միտված է պատգամավորի մատնանշած խնդրի լուծմանը:

Նախագիծը հավանություն ստացավ և դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել