Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ շատ ակտիվ քննարկումներ կան. Ալեն Սիմոնյան |armenpress.am|
14:23 - 05 մայիսի, 2025

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ շատ ակտիվ քննարկումներ կան. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումները շարունակվում են: 

Այս մասին ասաց Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կա՞ն արդեն նախնական խոսակցություններ, քննարկումներ համաձայնեցված համաձայնագրի ստորագրման շուրջ։ 

 «Այո, քննարկումներ կան, քննարկումները շարունակվում են: Չեմ ուզում հիմա դրա մասին խոսել, որ չխանգարեմ այդ պրոցեսին, բայց քննարկումները կան ու շատ ակտիվ են»,–ասաց Սիմոնյանը:

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության հասնելու մասին։ Դրանից անմիջապես հետո Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի կնքման ժամկետներն ու տեղը որոշելու վերաբերյալ, Ադրբեջանը, սակայն, նոր նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումները, թե իբր Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ՝ նշելով, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։

Բացի այդ, Բաքուն նաև պնդում է, որ համաձայնագիրը ստորագրելուց առաջ պետք է լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը։  Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խաղաղության համաձայնագիրն ու Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ ԵԱՀԿ-ին ուղղված դիմումը ստորագրել միաժամանակ, իսկ Սահմանադրության հետ կապված ադրբեջանական կեղծ պնդումներին ի պատասխան՝ հայկական կողմը հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրությունն Ադրբեջանի նկատմամբ տարածքային որևէ պահանջ չի պարունակում, իսկ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը երկրի ներքին գործն է։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել