Քիմիկների զորամասի անվանումը ստացած քրեական գործով երեկ դատարան էր ներկայացել 44-օրյա պատերազմի ժամանակ նույն զորամասի հատուկ մշակման վաշտի քիմիկ–գազազերծող Գաբրիել Արզումանյանը։ Նա զորամասի այն քիչ ծառայողներից է, որ 2020 թ․ հոկտեմբերի 21-ի՝ Կովսականում տեղի ունեցած հարձակումից հետո կարողացել է խուսափել հակառակորդի տեսադաշտից եւ փրկվել։
Այդ օրը, հիշեցնենք, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Անդրանիկ Մակարյանի հրամանով 62–հոգանոց անձնակազմը մարտական առաջադրանք է ստացել՝ մեկնելու Կովսական (Զանգելան) քաղաքի ուղղությամբ գտնվող «Կիրի հանք» տեղանք եւ «Սանրում» գործողության կատարման եղանակով հայտնաբերել եւ ոչնչացնել հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը։ Մակարյանը, սակայն, ըստ քրեական գործի, ճիշտ չի կազմակերպել անձնակազմի ուղեկցման հարցը, եւ դրա, ինչպես նաեւ զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանի՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով անձնակազմը «Կիրի հանք»–ի մոտ տեղակայված ոստիկանական հենակետում իջնելու փոխարեն հասել է դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ եւ հակառակորդի հետ բռնվել անհավասար մարտի:
5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի, ինչպես նաեւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։
Դատարանում ցուցմունք տալով՝ Արզումանյանը հայտնեց, որ ամբաստանյալներին ճանաչում է ծառայությունից, նրանց հետ որեւէ տեսակի հարաբերություն չունի։
Գաբրիել Արզումանյանի խոսքով՝ անձնակազմին զրահաբաճկոններ չեն հատկացրել
Տուժող Գաբրիել Արզումանյանը պատմեց, որ պատերազմի մեկնարկից օրեր անց՝ հոկտեմբերի 8-ի մոտակայքում, դուրս են եկել իրենց մշտական տեղակայման վայրից եւ ուղեւորվել Սյունիքի մարզ։ Մեղրիի, Լիճքի զորամասերում մի քանի օր անցկացնելուց հետո եկել են Կապանի զորամաս։ Հենց այդտեղ էլ տեղեկացել են մարտական առաջադրանքի մասին։
Արզումանյանի խոսքով՝ հոկտեմբերի 20-ի երեկոյան ավելի քան 150–հոգանոց անձնակազմը շարվել է, եւ զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը հայտնել է հաջորդ օրվա մարտական առաջադրանքի մասին, ասել՝ պետք է գնան մոտ 50 հոգով։ Մեծ մասը, նրա խոսքով, ինքնակամ է գնալու ցանկություն հայտնել։ Մեղադրող Դավիթ Նավասարդյանի հարցին՝ գնացողները ընտրվել են միայն ըստ ցանկությա՞ն թե՞ նաեւ ըստ հաստիքի՞, տուժողը դժվարացավ պատասխանել։ Նշենք, որ նախորդ նիստերից մեկի ժամանակ որպես խոհարար զորակոչված Ալեքսանդր Բաբայանը հայտնել էր, որ իրեն այդ մարտական առաջադրանքին որպես հետախույզ են ուղարկել։
Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը
«Հրամանատարն ասում էր՝ պատրաստվենք, որ առավոտյան խնդիր պիտի կատարենք, մեր ունեցվածքը պատրաստենք, զենքերը, հանդերձանքը․․․ Զինանոցից զենքերը ստացանք, փամփուշտները․․․ Հաստիքով ինչ ունեինք՝ կասկա, վեշ–մեշոկները, էդ էր մեր հանդերձանքը։ Զրահաբաճկոն չենք ունեցել, չեմ կարող պատասխանել, թե ինչու»,– պատմեց Արզումանյանը։
Նրա խոսքով՝ բուն առաջադրանքի, դրա տեղանքի, դիրքավորման մասին այդ օրը խոսակցություն չի եղել, հաջորդ օրը լուսադեմին՝ մեկնելուց առաջ են զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանն ու ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը հայտնել, որ պետք է գնան՝ սանրման աշխատանքների։ Մեղադրողը խնդրեց բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում այդ սանրման աշխատանքը․ «Բառը ուղիղ իմաստով հասկանալով․․․ Ո՞նց բացատրեմ․․․ Հետո ասացին՝ քիչ անձնակազմ կա տվյալ տեղում, վիրավորներ․․․ Պիտի գնանք, էդ անձնակազմին․․․ Թե հնարավոր կլինի վերացնելու, գերեվարելու․․․»։ Մեղադրող Նավասարդյանի հարցին ի պատասխան՝ տուժողն ասաց, որ նախկինում երբեւէ չի մասնակցել այդպիսի աշխատանքի կամ դրա վերաբերյալ որեւէ դասընթացի։
– Հարցրի՞ք՝ մեզնից ի՞նչ սանրող,– հետաքրքրվեց դահլիճում գտնվող տուժողի իրավահաջորդ Հայկ Եղիազարյանը։
– Ոչ։
–Իսկ տենց հարց առաջացե՞լ է։
–Շատ հարցեր են առաջացել, երկրի իրավիճակից ելնելով՝ չենք ուղղել ոչ մի տեղ, հենց մեկը էն, որ չենք ունեցել բռոնիկ։
– Այսինքն՝ դուք քիմիկ եք, դուք պատրաստվածություն ունեցե՞լ եք, որ գնում եք։
– Հոգեպես պատրաստ ենք եղել։
– Եթե ֆիզիկապես պատրաստ չէիք, հոգեպեսով ի՞նչ էիք անելու։
–Դե ֆիզիկապես Էջմիածնից էլ չպիտի գնայինք,– նշեց տուժողը։
Ի պատասխան հարցին, թե որտեղ էր նախատեսվում այդ առաջադրանքը, նա տվեց Կովսական քաղաքի, այլ ոչ թե Կիրի հանքի անունը, ուր ի սկզբանե նախատեսված էր գնալ․
–Կովսականի մոտակայքում, էդ ուղղության վրա,– ասաց նա։
– Կովսականի ուղղության վրա՞ թե՞ շրջանում,– ճշգրտող հարց հղեց դատախազը։
– Էդ չեմ կարող ասել, տեղանքը, որպես այդպիսին, Զանգելանի կողմերն էր։ Առավոտյան ենք իմացել, որ ուղղությունը Զանգելան է լինելու։
– Ո՞վ ասաց Ձեզ այդ մասին։
– Եթե չեմ սխալվում, գեներալ Մակարյանը։
Տուժողի իրավահաջորդները
Տուժողի իրավահաջորդները հետաքրքրվեցին՝ Արզումանյանը տեսե՞լ էր այն տեսանյութը, որտեղ ադրբեջանցիները իրենց դրոշն էին դնում Կովսականում, ինչն արդեն հուշում էր, որ թշնամին այնտեղ է։ Ի պատասխան՝ նա ասաց, որ տեսել է դեռ հոկտեմբերի 19-ին, բայց դրա վերաբերյալ էլ հարցեր չի տվել, որովհետեւ այդ լուրերը անընդհատ հերքվում էին։
– Բայց գնացիք ու տեսաք, որ իրականությանը համապատասխանում էր։
– Փաստորեն։
Տուժողը չհիշեց, որ «Կիրի հանք» տեղանքի մասին երեկոյան կամ առավոտյան հրամանատարներից լսած լինի, ասաց՝ դրա մասին միայն մարտից հետո է տեղեկացել։
Տուժողը չմտաբերեց ոչ մարտից առաջ, ոչ ընթացքում հնչած որեւէ հրաման
Գաբրիել Արզումանյանը պատմեց, որ հոկտեմբերի 21-ին լույսը դեռ լրիվ չբացված ճանապարհ են ընկել։ Առջեւից գնացել է ուղեկցող մի մեքենա, որից հետո՝ հրամանատարի ՎԻԼԻՍ–ը, ապա՝ իրենց 3 ավտոբուսները։ Ոստիկանական անցակետը, որտեղ նախատեսված էր անձնակազմի կայանումը, Արզումանյանը նկատել է, բայց կանգառ, ըստ նրա, այդտեղ չի եղել։
Տուժողի խոսքով՝ վերջնական կանգառը եղել է ճամփաբաժան մի հատվածում, ինքը մտածել է, թե հենց դա է իրենց վերջնակետը։ Ավտոբուսներից իջնելուց տասը րոպե չանցած՝ հակառակորդը կրակ է բացել․ «Իջանք, տեղանքն էինք նայում՝ ուր ենք, խի․․․ Երբ բլուրի վրա սկսեցին շատանալ․․․ Նենց չէր, որ պարզ համազգեստը երեւում էր, բայց ոնց որ մերը չլիներ, մեր համազգեստը չէր, կանաչավուն, անծանոթ․․․ Արդեն կրակոցը սկսվեց մեր վրա աջից, ձախից, վերեւից․․․ Խուճապը երբ սկսեց, սկսեցին վազել էս կողմ–էն կողմ․․․ Էդ պահին նկատել եմ զորամասի հրամանատարին․․․ Մինչեւ խուճապը, երբ իջել ենք՝ ոչ»։
Մեղադրողի հարցին, թե այդ մի քանի րոպեների ընթացքում՝ մինչ հարձակումը, ինչ հանձնարարություն են ստացել, տուժողն ասաց, որ որեւէ սպայի կողմից որեւէ հանձնարարություն չի եղել։ Նա չմտաբերեց կոնկրետ հրաման նաեւ հարձակումից հետո։ Ասաց՝ ՀՀ ԶՈՒ–ից այլ գործողություն այդտեղ չի եղել, մինչդեռ Մակարյանն իրենց հայտնել էր, որ նախքան իրենց գնալը այնտեղ պիտի հրետանի աշխատի։
«Երբ սկսեցին կրակել, աջից–ձախից գոռում էին՝ դիրքավորվեք, թաքնվեք, տարբեր կողմից գալիս էր էդ ձայնը․․․ Նենց վիճակ է եղել, որ ով որտեղ հասցրել, թաքնվել է, որովհետեւ անկանոն կրակում էին մեր վրա»,– պատմեց նա։ Թե որքան էր հակառակորդի թիվը, տուժողը չկարողացավ հստակ հայտնել, 100-ից մինչեւ 500 թվեր մատնանշեց։
Ըստ տուժողի՝ հարձակման պահին ավտոբուսները թողել, հեռացել են
Գաբրիել Արզումանյանը պատմեց, որ ինքը բլուրի տակ դիրքավորվել է ու սկսել կրակել։ Կրակի ղեկավարում որեւէ մեկի կողմից նույնպես չի եղել, կրակոցները վերեւից են եղել, ինքն էլ այդ ուղղությամբ է կրակել․ «Իմ հետ իմ կողքին եղել է ՄՈԲ–ի տղաներից Արթուրը, Արմանը, մեր պայմանագրայիններից Դավիթը Դանիելյան, ու Սերգեյը, Արտաշատի ՄՈԲ–ն էր, իրարից մոտ 10-15 մետր հեռավորության վրա պառկած ենք եղել, հետո իրար պահելով՝ իրար կողք ենք եկել»։
Արզումանյանը նշեց՝ այդ 4 հոգուց բացի իրենց անձնակազմից էլ ոչ ոքի չի տեսել։ Ուղեկցող մեքենան եւ ավտոբուսները պտտվել եւ առանց անձնակազմի հեռացել են, իր ենթադրությամբ՝ փրկվելու համար։
Դատավարության մասնակիցները
Հրաձգությունը 30-40 րոպե է տեւել, դրանից հետո կրակը մի փոքր թուլացել է, եւ սկսել է երեւալ հակառակորդի տեխնիկան՝ БТР–ը, որ կրակելով շարժվել է իրենց ուղղությամբ։ Հիշյալ 5 հոգով ստիպված են եղել թռչել առվի մեջ․ «Մեր կանգնած տեղից 50 մետր շոշ էր, տակը՝ առու, թռել ենք էդ առվի մեջ, առու ասվածը գյուղի կանալիզացիան էր»։ Ջուրը նետվելիս Արզումանյանը վիրավորվել է, հետագա 700-800 մետրը ստիպված են եղել 7-8 ժամում անցնել։ Ամբողջ ընթացքում հակառակորդը վերեւից դուրս գալու, հանձնվելու կոչեր է հնչեցրել։
Հասել են գյուղի սկզբնամաս, մի տան մոտակայքում հանդիպել իրենց մի քանի համածառայակիցների, միասին սպասել՝ մութն ընկնի, որ ճանապարհը շարունակեն։ Ապա դուրս են եկել եղեգների դաշտ, որտեղ էլ հանդիպել են հրամանատար Արսեն Աբգարյանին։ Հարցին, թե ի՞նչ էր անում Աբգարյանը, տուժողը պատասխանեց՝ երեւի նույնը, ինչ մենք՝ պատսպարվում։
– Ի՞նչ եք զրուցել։
– Չենք զրուցել, գիշեր էր, սպասել ենք լույսը բացվել ա, նորմալ իրար դեմք առավոտյան ենք տեսել՝ ով ով ա, ոնց ա։ Ես ոչ թե ասեմ՝ ի վիճակի չեմ եղել, այլ հիմնականում պառկած եմ եղել․․․ Համ ահագին արյուն եմ կորցրած եղել, համ հանգստի կարիք ունեի։
– Իսկ զորամասի հրամանատարի կողմից հրաման, կարգադրություն ստացե՞լ եք։
– Ոչ, էն ա եղել, որ սպասել ենք լույսը բացվի, հելել ենք գետի ափին, շարունակել ենք ճանապարհը դեպի թիկունք։
Կիրի հանքի ուղղությամբ դուրս գալով՝ նրանք ի վերջո փրկվել են։
–Հրամանատարությունը մեղավորություն ունի՞, որ նշված տեղը չեք կանգնել,– հարցաքննության ավարտին հետաքրքրվեցին տուժողների իրավահաջորդները։
– Ես տեղեկություն չունեմ դրա վերաբերյալ, անձամբ չեմ տիրապետել։
– Անցել է 3 տարի, ոնց էլ չլինի՝ ամեն օր կմտածես, կհիշես․․․ Ո՞վ է էդ ամեն ինչի մեղավորը։
– Ով մեզ էնտեղ ուղարկել է,– պատասխանեց Գաբրիել Արզումանյանը։
Հրապարակվեց տուժող Արթուր Ստեփանյանի նախաքննական ցուցմունքը
Հարցաքննված մյուս տուժողը Արթուր Ստեփանյանն էր, որի հարցաքննությունը սկսվել էր դեռ նախորդ դատական նիստին։ Մեղադրող Դավիթ Նավասարդյանն այսօր միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքից երկու դրվագ, քանի որ դրանցում եւ դատաքննական ցուցմունքում որոշակի հակասություններ էր տեսնում։
Նավասարդյանը ընթերցեց նրա նախաքննական ցուցմունքը, որ Ստեփանյանը տվել է 2021 թ․ հուլիսի 20-ին․ «Հոկտեմբերի 20-ի ուշ երեկոյան՝ 24։00-ի սահմաններում, մեր զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանն ասաց, որ առավոտյան շուտ պատրաստվում ենք խմբով մեկնել Զանգելան, որտեղ խնդիր է դրվելու հակառակորդի ներթափանցած դիվերսիոն խմբերին հայտնաբերել եւ ոչնչացնել եւ ավելացրել՝ ով է ցանկանում կամավոր մասնակցել այդ գործողությանը»,– ասաց մեղադրողը։
Տուժող Արթուր Ստեփանյանը, նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը
Նախորդ նիստին Ստեփանյանը նշել էր ոչ թե դիվերսիոն խմբերին հայտնաբերելու եւ ոչնչացնելու, այլ ինչ–որ անձանց՝ հակառակորդին կամ վիրավորներին դուրսբերելու հրահանգի մասին։ Այսօր ասաց՝ հիմք ընդունեն իր նախաքննական ցուցմունքը։
Մյուս դրվագն էլ վերաբերում էր Անդրանիկ Մակարյանի գործողություններին, ինչի վերաբերյալ տուժողը նախաքննության ժամանակ ասել էր․ «Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 05։30-06։00-ի սահմաններում, շարվել ենք Կապանի հրետանային գնդի շարահրապարակում, եկավ Մակարյանը, դարձյալ բացատրեց խնդիրը եւ մեր կողմից ակնկալվող գործողությունները՝ ասելով, որ ընդհանուր գործողությունը ղեկավարելու է ինքը, այն պետք է կատարենք 2 խմբով, իսկ մյուս խումբը, որի կազմում լինելու է ինքը, Կովսականին մոտենալու է մեր գնացած ուղղությանը հակառակ կողմից,– ընթերցեց մեղադրողը։
Ստեփանյանն ասաց, որ ինքը հակասություն չի տեսնում, գնալու էին վիրավորներին հանելու, եւ հնարավոր է՝ թաքնված մարդիկ լինեին, դրանից պետք է զգույշ լինեին, ոչնչացնեին։ Ինչ վերաբերում է Մակարյանի՝ խմբի կազմով հակառակ կողմից մոտենալու հանգամանքին, նա ասաց, որ երեք տարի է անցել, դա չի հիշում, այդ պատճառով էլ նախորդ նիստին չի նշել։
Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 27-ին։
Միլենա Խաչիկյան
Լուսանկարները՝ Ինֆոքոմի
comment.count (0)