Զորակոչել են որպես խոհարար, մարտական առաջադրանքի ուղարկել՝ որպես հետախույզ․ «Քիմիկների զորամաս»–ի գործով տուժողի հարցաքննությունը
22:50 - 02 հոկտեմբերի, 2023

Զորակոչել են որպես խոհարար, մարտական առաջադրանքի ուղարկել՝ որպես հետախույզ․ «Քիմիկների զորամաս»–ի գործով տուժողի հարցաքննությունը

44-օրյա պատերազմի ժամանակ պահեստազորայինների կազմով որպես խոհարար զորակոչված Ալեքսանդր Բաբայանին մարտական առաջադրանքի են ուղարկել որպես հետախույզ։ Այս մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր հայտնեց ինքը՝ Բաբայանը։

Նա «Քիմիկների զորամաս»–ի անվանումը ստացած քրեական գործով տուժողներից է, սակայն՝ ոչ հենց Քիմիկների զորամասից (խոսքը ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի մասին է)․ 2020 թ․ սեպտեմբերի վերջից ծառայության է անցել Կապանի զորամասում, իսկ հոկտեմբերի 21-ին 11 այլ պահեստազորայինների հետ կցվել է Քիմիկների զորամասի՝ Մեղրիից Կապան ժամանած անձնակազմին եւ մեկնել առաջադրանքի։

Այդ օրը, հիշեցնենք, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի հրամանով 62–հոգանոց անձնակազմը մարտական առաջադրանք է ստացել՝ մեկնելու Կովսական քաղաքի ուղղությամբ գտնվող «Կիրի հանք» տեղանք եւ «Սանրում» գործողության կատարման եղանակով հայտնաբերել եւ ոչնչացնել  հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը։ Սակայն Մակարյանը, ըստ քրեական գործի, ճիշտ չի կազմակերպել անձնակազմի ուղեկցման հարցը, եւ դրա, ինչպես նաեւ զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանի՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով խումբը «Կիրի հանք» հասնելու նպատակով Արցախի Հանրապետության Կովսականի շրջանի Կերեն գյուղի վարչական տարածքում տեղակայված ոստիկանական հենակետում իջնելու փոխարեն հասել է դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ եւ հակառակորդի զինծառայողների հետ բռնվել անհավասար մարտի:

5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի, ինչպես նաեւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։

Գործի շրջանակում մեղադրյալի աթոռին են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ՊՆ ՌՔԿՊ զորքերի պատրաստության բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը, 2020 թ․ նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանը։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

Ըստ տուժողի՝ իրենք չեն տեղեկացվել, թե ով է իրենց անմիջական հրամանատարը

Դատարանում ցուցմունք տալով՝ Ալեքսանդր Բաբայանը հայտնեց, որ ամբաստանյալներից ոչ մեկն իր հրամանատարը չի եղել, նրանց քրեական գործից առաջ չի էլ ճանաչել։ Իր հրամանատարը եղել է մայոր Արտակ Վարդանյանը, որն էլ հենց հայտնել է մարտական առաջադրանքի մասին՝ ասելով՝ Զանգելանը մերն է, չթողնեն՝ գրավեն։ Ըստ Բաբայանի՝ հրամանատարը ասել է, որ Կովսականում 8 հոգու շարժ են նկատել, պետք է որպես հետախույզ գնան՝ «սանրման» աշխատանքների։

Հանրային մեղադրողներ Դավիթ Նավասարդյանը, Արշակ Մարտիրոսյանը

Դատավարության մասնակիցները այս դրվագի վերաբերյալ մի շարք հարցեր ուղղեցին տուժողին․

– Ե՞րբ դարձաք հետախույզ։

– Այդ օրը։

– Ինչի՞ց եք ենթադրել, որ հետախույզ եք։

– Եկան, էդպես ներկայացրին, ասացին՝ 12 հոգի որպես հետախույզ գնալու ենք, «չիստկա» անեք, շարժի մասին զեկույցներ անեք, իսկ որ բոյ եղավ, մնացածը քիմիկներն են անելու։

– Ի՞նչ է նշանակում «սանրման» աշխատանք։

– Ես չգիտեմ, ես չեմ էլ պատկերացնում, կյանքումս հետախույզ չեմ եղել, որ ինձ ներգրավել են,– ասաց Բաբայանը, որ ժամկետային զինծառայության ժամանակ հրաձիգ է եղել։

– Հարց ուղղեցի՞ք Ձեր վերադասին։

– Ոչ, մեր վերադասը դաժը քարտեզ․․․ Տարածքին չի ծանոթացրել, թե ուր ենք գնացել։ Ես կյանքիս մեջ Կապան չէի եղել, չեմ էլ պատկերացրել Կապանն ինչ է կամ Զանգելանը որտեղ է․․․ Ես նենց եմ հասկանում, որ էդ [«սանրման» աշխատանքը] «չիստկա» է, բարբառով ասած․․․

– Բա Ձեր մեջ հարց չառաջացա՞վ, որ Դուք, որպես հետախույզ, որեւէ դասընթաց էլ չեք անցել․․․

– Չէ, որովհետեւ էդ խառը վիճակը տեսնելով՝ ոչ մի բան կոնկրետ ինձ չէր հետարքրքում։

– Իսկ որ գնայիք, իջնեիք ավտոբուսներից, ի՞նչ պիտի անեիք։

– Կարողա մեկը հրահանգավորեր էդ ժամանակ, չեմ կարող ասել։

Հրամանատարը՝ Արտակ Վարդանյանը, զորքի հետ չի մեկնել։ Թե ինչու, տուժողին հայտնի չէր։ Միեւնույն ժամանակ նա պաշտոնատար այլ անձի անուն, ըստ տուժողի, չի տվել, չի հայտնել, թե ով է լինելու իրենց անմիջական հրամանատարը առաջադրանքի ժամանակ, ասել է միայն՝ այ սենց՝ ժպիտը դեմքներիդ, հետ գաք, տղե՛րք։

Ըստ տուժողի՝ իրենց տրամադրվել է զրահաբաճկոն, սաղավարտ, մեկական նռնակ եւ ԱԿԱ-74 տեսակի հրաձիգ՝ իր 4 փամփուշտատուփերով։ Կապի միջոցներ չեն եղել։ Լուսադեմին տագնապով շարվել են, ճանապարհ ընկել։  Թե ինչպես է ստացվել, որ իրենց զրահաբաճկոն տվել են, Քիմիկների զորամասի անձնակազմին՝ ոչ, տուժողը չգիտեր, ասաց՝ նրանց չեն ճանաչել, շատ չեն էլ շփվել։

Տուժողի խոսքով՝ առջեւից գնացել է վիլիսը (ըստ ամենայնի, ուղեկցողների մեքենան–հեղ․), որից հետո՝ 3 ավտոբուսները, յուրաքանչյուրում՝ մոտ 20-21 հոգի։ Ինքը եղել է առաջին ավտոբուսում, որտեղ նաեւ քիմիկների մի մայոր է եղել։ Թե ով, Բաբայանը չգիտեր։

Բաբայանի խոսքով՝ հակառակորդի հարձակումն անակնկալ է եղել, թվակազմը՝ զգալիորեն մեծ

Ալեքսանդր Բաբայանը պատմեց, որ երբ հակառակորդը անակնկալ հարձակվել է, ավտոբուսը դեռ ընթացքի մեջ է եղել, մինչդեռ նախորդ նիստին հարցաքննված տուժողը՝ Արտակ Անդրեասյանը, ասել էր, որ ավտոբուսներից հանգիստ պայմաններում իջել են, մի քանի րոպե անց նոր՝ հարձակման ենթարկվել։ Այս հակասությունը Բաբայանը դժվարացավ պարզաբանել, ասաց՝ ինքն առաջին ավտոբուսում է եղել, մյուսներից տեղյակ չէ։ «Սարերի վրա շարժ նկատեցինք, սկսեցին կրակել, մի քանի հոգի տեսանք, ասեցինք՝ տղե՛րք, իրենք են, ու  զենքերը զարիժատ արեցինք, հենց սկսեցին ավտոբուսի վրա կրակել, կոպիտ ասած, շունը տիրոջը չէր ճանաչում, ով ոնց հասցրեց, իջավ»։ Մեղադրողի հարցին՝ մարտական առաջադրանքը, որ իրենք ստացել են, բովանդակային առումով ներառե՞լ է այն իրավիճակը, որին իրենք փաստացի ականատես են եղել, տուժողը բացասական պատասխան տվեց։ Մյուս հարցին՝ կռվի ժամանակ գործողությունների հրահանգավորում եղե՞լ է, նա դարձյալ բացասական պատասխանեց՝ նշելով, որ հիշյալ մայորն ասել է միայն՝ ինչքան կարողանում եք, շատ կրակեք, մեր վրա են գալիս։

Նրա խոսքով՝ 6-7 հոգով թաքնվել են ինչ–որ պատի հետեւում, իր կողքին եղել է իր համաքաղաքացի, մասիսցի Դավիթ Կատանյանը։ Մարտը տեւել է մոտ 1 ժամ․ «Բոյի ժամանակ, երբ էլ չէինք կարողանում դիմադրել, սկսեցինք նահանջել, մեքենա արդեն չենք նկատել․․․ Դեմից ավտոմատով էին կրակում, մենք 1 հատ նռնակ էինք շպրտում, իրենք 100 հատ էին շպրտում, զգալի շատ էին․․․ Նռնակը որ շպրտել են, ընկել եմ քարերի վրա, կոտրվածք եմ ստացել, դրանից հետո բան չեմ հիշում․․․ Հիշում եմ, որ տղերքը ինձ քարշ տվեցին, հանեցին, հետո մի հատ գետ էինք անցնում, էդտեղ էլի ընկա, գետից օգնեցին, հանեցին, էդ տղուն ասեցի՝  թող գնա, պետք չի՝ իմ պատճառով մարդ մեռնի, ստիպեցի, որ գնա, գնաց»,– ասաց տուժողը։ Դահլիճում գտնվող ծնողները հուշեցին՝ խոսքը Գեւորգ Եդիգարյանի մասին է։

«Քայլել ընդհանրապես չէի կարողանում, 10 օր սողեսող գետին հակառակ նահանջել եմ,  հոկտեմբերի 31–ին Որոտանի ափին ինձ գտել են ու գերեվարել»,– պատմեց տուժողը։

Նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը

Կիրի հանք տեղանքը, որտեղ էլ հենց պիտի մեկներ անձնակազմը, նրան ծանոթ չէր, դրա մասին խոսակցություններ, կոնկրետ առաջադրանքներ չէր լսել։ Ճանապարհին ոստիկանական հենակետ նկատել էր, ասաց՝ վիլիսն էլ, իրենց ավտոբուսն էլ այնտեղ կանգնել են, բայց թե ինչ նպատակով, դարձյալ չգիտեր։ Դա հենց այն հենակետն էր, որտեղ, ըստ առաջադրանքի, անձնակազմը պիտի իջներ ավտոբուսներից։ Թե ինչու չեն իջել, ինչու են խորացել դեպի Կովսական, տուժողին հայտնի չէր, ասաց՝ հայրենադարձվելուց հետո՝ քննիչի մոտ է իմացել, որ իրենք այդտեղ պիտի իջնեին․ «Քննիչն ասել է՝ ձեզ առաջադրանք է տրվել, որ հանքը պահեք, ինչի՞ եք մտել Զանգելան, ասել եմ՝ գնա, հրամանատարներին այդ հարցը տուր, ես զինվոր եմ»։

Ալեքսանդր Բաբայանը խուսափեց հստակ որեւէ մեկին որպես մեղավոր նշել

Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը հետաքրքրվեց, թե ի վերջո, իր գնահատմամբ, կատարվածն ում մեղավորությունն է․

– Ես չեմ կարող որոշում կայացնել կամ ինչ–որ մեկին մեղադրել, եղածը եղած է, ինձ էլ ճիշտ հասկացեք, ես դնեմ ասեմ՝ Պողոսն է մեղավոր․․․–ասաց տուժողը։

– Դու պրծել ես, ուրեմն՝ եղածը եղա՞ծ է,– լսվեց ծնողներից մեկի ձայնը։

Մեղադրողը վերաձեւակերպեց հարցը․

– Ի՞նչ պատճառով այս ամենը տեղի ունեցավ․ մարտական խնդրի կազմակերպմա՞ն գործընթացքում կար որեւէ մեկի սխալը, իրագործմա՞ն ընթացքում կար, չպիտի՞ հայտնվեիք այդտեղ, պատճառները կարող են տարբեր լինել։

– Իրագործման ընթացքում, ավելի ճիշտ, քանի որ էստեղ ենք իմանում, որ Կիրի հանք պիտի պահեինք, բայց մեզ մտցրել են Զանգելան։ Էդ անփութության պատճառով է էդ ամենը եղել։

– Իսկ ո՞վ պիտի դա համակարգեր,– հարցրեց մեղադրողը։

– Ո՞ւմ էին հրամանատար նշանակել, ես չեմ պարզել, չեմ էլ ուզում, ես ունեի մի հրամանատար, հրամանը տվել էր, հասել էի էդտեղ,– ասաց տուժողը։

Տուժողների իրավահաջորդները

Այս եւ նմանատիպ հարցերին ի պատասխան նա ամեն կերպ խուսափեց ամբաստանյալներից որեւէ մեկին որպես մեղավոր նշել՝ պատճառաբանելով, որ նրանց չի ճանաչել, այնտեղ չի տեսել։ Դահլիճում գտնվող տուժողների իրավահաջորդներից Հայկ Եղիազարյանը, դիմելով նրան, հարցրեց․

– Եթե կան նախորդող օրերի տեսանյութեր, որտեղ Ադրբեջանը ցուցադրում է, որ Զանգելանը գրավել է, եթե կա Ադրբեջանի նախագահի տեսանյութ, որ պաշտոնապես հայտնում է, որ Զանգելանը Ադրբեջան է, էն փաստը, որ Դուք խոհարար եք եղել, բայց Ձեզ տարել են հետախույզ, էն փաստը, որ դուք չունեք ձեր գլխին հրամանատար մարտի դաշտում, ճանապարհին, որ ձեզ հրահանգ, խորհուրդներ տա, էդ ամեն ինչը ձեզ մոտ կասկած չի՞ առաջացնում, քանի՞ հատ հանգամանք բերեցի, դրանից ավելի էլ ի՞նչ պիտի լինի։

– Դե, Դուք փաստեր ունեք, բայց ես էդ փաստերից տեղյակ չեմ եղել։

– Դուք պատկերացնում եք 8 հոգի, գնացել եք, 500 հոգի է եղել, այսինքն՝ ռազվետկեն ձեզ ոչ հավաստի տեղեկություն է տվել, չէ՞, ձեզ տարել են, որ փուռը տա՞ն, կոպիտ ասած։

– Բա տվել են, էլ ի՞նչ են արել,–պատասխանեց տուժողը։

Ամբաստանյալ Արսեն Աբգարյանը, պաշտպան Վահան Հովհաննիսյանը

Թե ով, նա դարձյալ չնշեց։ Արսեն Աբգարյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանի հարցին ի պատասխան էլ՝ կարծիք հայտնեց, որ Աբգարյանն իր գերեվարության մեջ մեղավոր չէ, քանի որ ինքը նրան չի ճանաչում, այնտեղ չի տեսել։ Ի պատասխան դատախազի հարցին՝ նշեց՝ ամեն դեպքում, եթե կոնկրետ այդ կրակոցների վայր չհասնեին, իրավիճակը կարող էր այլ լինել։

– Մարտի դաշտում Աբգարյանն է եղել ձեր հրամանատարը, ծանոթացեք,– ասաց դահլիճում գտնվող իրավահաջորդներից մեկը։

Արձագանքելով սրան՝ Աբգարյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե տուժողները մոլորության մեջ են․ «Դատական գործի նախապատրաստական մասում, եթե հիշում եք, դրա շուրջ որոշակի քննարկում տեղի ունեցավ, որ մենք հրապարակենք քրեական գործում առկա բոլոր փաստաթղթերը, որպեսզի հնարավորություն ունենանք տուժողներին հարցեր տալ, հիմա մենք չենք հրապարակել, եւ անում են արտահայտություն, որ ձեր հրամանատարը մարտի դաշտում եղել է Արսեն Աբգարյանը։ Եթե հրապարակեինք այդ նյութերը, պարզ կլիներ, որ Աբգարյանը չի եղել Արտակ Վարդանյանի հրամանատարը, եւ տուժողները մոլորության մեջ են, այ դրա համար էի ասում, հիմա ես ինչպե՞ս հարց ուղղեմ տուժողին,– դիմելով դատարանին՝ ասաց պաշտպանը։

Նշենք, որ դատակոչված անձանց կողմերը կարող են հարցեր տալ միայն դատարանում արդեն իսկ հետազոտված ապացույցների վերաբերյալ։ Պաշտպանի կողմից հիշատակված ապացույցները դեռ չեն հետազոտվել, դատարանը դրանց անդրադառնալու է տուժողների եւ վկաների հարցաքննությունների ավարտից հետո։

Դատարանի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ Բաբայանի հարցաքննությունն այսօր մնաց անավարտ։ Այն կշարունակվի հոկտեմբերի 6-ին։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել