Արցախի կալանավորների եւ դատապարտյալների գործերը Հայաստանին փոխանցելու առնչությամբ օրենքի նախագիծ է մշակվել
18:12 - 09 ապրիլի, 2024

Արցախի կալանավորների եւ դատապարտյալների գործերը Հայաստանին փոխանցելու առնչությամբ օրենքի նախագիծ է մշակվել

Արցախի կալանավորների եւ դատապարտյալների վերաբերյալ քրեական վարույթները եւ պատժի կրումները Հայաստանի իրավասությանը փոխանցելու իրավական խնդիրների եւ դրանց հնարավոր լուծումների առնչությամբ օրենքի նախագիծ է մշակվել։ Այս մասին «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

Հիշեցնենք՝ բռնի տեղահանման ընթացքում ազատ են արձակվել եւ Հայաստան տեղափոխվել Արցախի մի շարք կալանավորներ, այդ թվում՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող եւ մեղավոր ճանաչված անձինք։ 

Պետական դավաճանության մեջ մեղավոր ճանաչված եւ ազատ արձակված դատապարտյալը Արզիկ Հարությունյանն է՝ Հայաստանում Արցախի ներկայացուցչության իրավաբանական բաժնի նախկին պետը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ 44-օրյա պատերազմից մի քանի ամիս անց Կիեւում եւ Թբիլիսիում նա հանդիպել է օտարերկրյա գործակալների հետ, գումարի, օծանելիքի, պայուսակի եւ Iphone 11 մոդելի հեռախոսի դիմաց նրանց փոխանցել առաջադրանքով հավաքած տեղեկություններ՝ Հայաստանում եւ Արցախում տիրող իրավիճակի, առանձին դեպքերի եւ գործընթացների վերաբերյալ։ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը, սակայն, բռնի տեղահանման օրերին դեռեւս օրինական ուժի մեջ չէր մտել․ դրա դեմ բողոքի վերաբերյալ որոշումը Վերաքննիչ դատարանը այդպես էլ չի հասցրել հրապարակել։ Մինչ բուն որոշման հրապարակումը դատարանը քննել է նրա խափանման միջոց կալանավորումը փոփոխելու միջնորդությունը եւ բավարարել այն։

Թե Հայաստան տեղափոխվելուց հետո Հարությունյանի նկատմամբ իրավական ինչ գործընթաց է սկսվել կամ առհասարակ սկսվել է թե ոչ՝ քրեական գործի քննության տարբեր փուլերում նրա պաշտպանությունն իրականացրած երեք փաստաբաններից ոչ ոք տեղյակ չէր։ Մեր զրույցում նրանք նշեցին, որ Հայաստանում Հարությունյանի հետ չեն առնչվել, նրան իրավաբանական օգնություն այլեւս չեն ցուցաբերել։

ՀՀ-ում իրականացվում են միջգերատեսչական քննարկումներ

Արզիկ Հարությունյանի եւ մյուսների՝ Հայաստանում ազատության մեջ գտնվելու հանգամանքը տարբեր արձագանքներ է ստացել։ Իրավաբանների մի մասն այն կարծիքին է, որ նրանց վերաբերյալ քրեական վարույթները Հայաստանում շարունակելու իրավական հնարավորություն չկա։ Պատճառն այն է, որ քրեական գործերի քննությունը իրականացվում է ենթադրյալ հանցանքի կատարման վայրում՝ այդ վայրի օրենսդրությանը համաձայն, իսկ դատական ակտերը կայացվում են պետության անունից, հետեւաբար եթե չկա պետությունը, չկա եւ այդ պետության ողջ իրավակարգը։ Մասնագետների մյուս մասը փնտրում է այդ լուծումները ՀՀ քրեական օրենսգրքի սահմաններում, որը որոշակի կարգավորումներ նախատեսում է հանցանքը Հայաստանի տարածքից դուրս կատարած լինելու դեպքերի համար։ 

Քրեական օրենսգիրք (2022 թ․), ՀՕ-199-Ն

Այժմ խնդրի մի կողմում հիշյալ անձանց անմեղության կանխավարկածն է, արդար դատաքննության իրավունքն ու կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքը, մյուս կողմում՝ հասարակական եւ պետական անվտանգությունը, տուժողների իրավունքների պաշտպանությունն ու պատժի անխուսափելիության սկզբունքը։

Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված գրավոր հարցմամբ խնդրել էինք հայտնել, թե ՄԻՊ-ը թեմային առնչվող ինչ խնդիրներ է տեսել, պետական որ մարմիններին է դիմել, եւ առհասարակ, ինչ դիրքորոշում ունի Արցախի տարածքում կատարված ենթադրյալ հանցանքների վերաբերյալ քրեական վարույթները ՀՀ-ում շարունակելու վերաբերյալ։

Ի պատասխան՝ ՄԻՊ-ից տեղեկացրել են, որ քննարկվող հարցի զգայունությունը եւ դրան համակարգային լուծում տալու անհրաժեշտությունը հաշվի առնելով՝ 2023 թ․ հոկտեմբերի 12-ին, դեկտեմբերի 29-ին եւ 2024 թ․ մարտի 1-ին համապատասխան գրություններ են հասցեագրել ՀՀ իրավասու պետական մարմիններին․ «2023 թ․ հոկտեմբերի 24-ին եւ 2024 թ․ հունվարի 29-ին ստացված գրություններով պարզաբանումներ են ներկայացվել առ այն, որ ԼՂ-ից ՀՀ տեղափոխված ազատությունից զրկված անձինք պահվում են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում՝ հիմք ընդունելով ԼՂ ընդհանուր իրավասության դատարանի որոշումները եւ դատավճիռները»,- ասված է պատասխանում։ 

Խոսքը, ըստ ամենայնի, 2020-2022 թթ ընթացքում ՀՀ տեղափոխված անձանց մասին է։  Ինչպես ավելի վաղ գրել ենք, 2023թ. սեպտեմբերին Արցախից ՀՀ քրեակատարողական հիմնարկներ կալանավորված կամ դատապարտված անձինք, ըստ Քրեակատարողական ծառայության, չեն տեղափոխվել․ «Միաժամանակ հայտնվել է, որ ԼՂ-ում դատապարտված եւ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանց կարգավիճակի, նրանց վերաբերյալ կայացված դատավճիռների (որոշումների) իրավական ուժի, դրանց հարկադիր կատարման, ԼՂ քննչական մարմիններում նախաքննության փուլում գտնվող վարույթների ընթացքի ապահովման, ինչպես նաեւ ԼՂ դատարաններում քննության ընթացքում եղած գործերը ՀՀ դատարանների իրավասությանը փոխանցելու վերաբերյալ խնդիրների լուծման ուղիները որոշակիացնելու նպատակով իրականացվել են միջգերատեսչական քննարկումներ, մշակվել է համապատասխան օրենքի նախագիծ»,- հայտնել են ՄԻՊ աշխատակազմից։

Պետական դավաճանության անավարտ գործերը

Մինչ պատասխանատու կառույցները քննարկում են, մենք փորձել ենք հասկանալ, թե զուգահեռ ինչ գործընթացներ են տեղի ունենում հանրային հետաքրքրություն ներկայացնող մյուս գործերով։

Պետական դավաճանության մեջ մեղադրվող անձանցից մեկը Արցախի հանրային ռադիոյի նախկին ղեկավար Սեյրան Կարապետյանն է։ Նրա պաշտպանները հրաժարվեցին մեկնաբանություն տալ՝ նշելով, որ չունեն իրենց նախկին պաշտպանյալի համաձայնությունը։ Նրան առաջադրված մեղադրանքի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ առկա չեն։

Պետական դավաճանության մեջ մեղադրվող մյուս անձը Սամվել Բալայանն է՝ Արցախի հեռուստառադիոընկերության խորհրդի  նախկին նախագահը։ Բալայանի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը մեր զրույցում հայտնեց, որ Բալայանը ներկայումս Հյաաստանում է․ սեպտեմբերի 19-ից հետո Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված նրա խափանման միջոցը փոխվել է, եւ նա ազատ է արձակվել։

Հարցին՝ Բալայանի նկատմամբ Հայաստանում իրավական որեւէ գործընթաց սկսվե՞լ է, Մարտիրոսյանը պատասխանեց, որ տեղյակ չէ՝ փաստաթղթավորված որեւէ գործողություն եղել է թե ոչ, բայց հաշվի առնելով Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի՝ Ազգային ժողովում հայտարարությունը՝ ենթադրում է, որ որոշակի հսկողություն կլինի․ «Բոլոր դեպքերում, քանի դեռ չկա դատարանի որոշում՝ նրա արդարացման մասին, հասկանալի է, որ պետության համար օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող անձ է, բայց միանշանակ է, որ պաշտպանական կողմի դիրքորոշումն ուղղված է այն բանին, որ մեղսագրվող արարքը անհիմն է, եւ վստահաբար կարող եմ ասել, որ եթե [գործը] մտներ դատարան, [Բալայանը] կարդարացվեր»,- նշեց պաշտպանը։

Ռաֆայել Մարտիրոսյանի համոզմամբ՝ Արցախում տեղի ունեցած դեպքի առթիվ Հայաստանի տարածքում քրեական վարույթ չի կարող նախաձեռնվել։ Հիմնավորումները, ըստ Մարտիրոսյանի, պետք է փնտրել ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի սահմաններում․ «Պետք է դիտարկման առարկա դարձնենք ՔՕ 12-րդ հոդվածը, որը բաղկացած է 4 մասերից։ Առաջին 3 մասերը նշում են, թե ՀՀ տարածքից դուրս երբ կարող է նախաձեռնվել քրեական գործ, իսկ վերջին մասը ամբողջացնում է, որ առաջին 3 մասերում հիմքերի առկայության դեպքում վարույթ կարող է նախաձեռնվել, եթե դա ուղղված է ՀՀ շահերի դեմ կամ ՀՀ քաղաքացիների»,- ասաց նա։  

Հարցին՝ այս համատեքստում արդյո՞ք այդ շահերը չեն նույնանում, Մարտիրոսյանը պատասխանեց՝ որքան էլ նույնանան, դա քրեադատավարական օրենսդրության հստակ պահանջ է։ Մարտիրոսյանն ընդգծեց՝ 44-օրյա պատերազմից հետո էլ, երբ մի շարք գործերով  Արցախի դատական մարմինների կալանավորման որոշումները ի կատար են ածվել Հայաստանի տարածքում, պաշտպանները բողոքներ են հասցեագրել Գլխավոր դատախազությանը։ Բացատրությունը, ըստ Մարտիրոսյանի, եղել է այն, որ կալանավորման այդ որոշումները վերաբերում են հատուկ սուբյեկտների․ նրանք նախկինում զինվորական կամ սպա են եղել, Դատախազությունում կամ քննչական մարմիններում աշխատել։ Ռաֆայել Մարտիրոսյանի խոսքով՝ թեեւ փաստաբանները այդ բացատրությունը եւս չեն ընդունել, բայց այս դեպքում անգամ այդ հատուկ սուբյեկտի կարգավիճակը չկա․ Սամվել Բալայանը գործել է որպես շարքային քաղաքացի։

Խոսելով վերջինիս գործողությունների մասին՝ պաշտպանը մանրամասնեց, որ Բալայանը, որպես լրագրող, իր մասնագիտական գործունեության շրջանակում հաղորդել է այնպիսի տեղեկություններ, որոնք բաց դաշտում առկա են եւ պետական գաղտնիք չեն համարվում։

Ազատ արձակվելուց հետո նրա նկատմամբ այլ խափանման միջոց ընտրվել է թե ոչ՝ պաշտպանը չգիտեր։ Նրա խոսքով՝ առիթ էլ չի եղել, որ հետաքրքրվեն՝ Հայաստանից ելքի արգելքը գործո՞ւմ է թե՞ ոչ, քանի որ Սամվել Բալայանը Հայաստանը լքելու մտադրություն չունի։

Պետական դավաճանության մեջ մեղադրվող մյուս անձը Արցախում ականազերծմամբ զբաղվող The Halo Trust կազմակերպության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղի գրասենյակի նախկին աշխատակից Արման Իսրայելյանն է։ Նրա պաշտպան Ռաֆայել Ջհանգիրյանը մեր զրույցում ասաց, որ իր պաշտպանյալի կալանավորումը փոխվել է դատախազի որոշմամբ։ Որոշումը, սակայն, պաշտպանը չի ստացել եւ չգիտի՝ նոր խափանման միջոց ընտրվել է, թե ոչ։

Հայաստան տեղափոխվելուց հետո Ջհանգիրյանն այլեւս իրավաբանական օգնություն չի ցուցաբերել Իսրայելյանին, բայց իր տեղեկություններով՝ իրավական գործընթաց չի սկսվել։ Դրա հնարավորությունը, ըստ պաշտպանի, չկա էլ․ «Հանցագործությունը, որի մեջ մեղադրվում էր նա, ուղղված էր Արցախի Հանրապետության դեմ, Հայաստանի Հանրապետությունը չի հանդիսանում ԱՀ իրավահաջորդը, այս տեսանկյունից՝ ՀՀ-ի դեմ որեւէ հանցանքի կատարման մեջ Արման Իսրայելյանը ոչ մեղադրվում էր, ոչ էլ հիմա է մեղադրվում։ Եթե անձը մեղադրվել է ԱՀ դեմ կատարված հանցանքի համար, դա չի կարող նույնացվել ՀՀ-ի դեմ կատարված հանցանքի հետ, [գործընթաց] չի իրականացվում՝ երեւի հենց այդ հանգամանքը հաշվի առնելով»,- ասաց է Ջհանգիրյանը։

Վերջինս նույնպես նշեց, որ իրավական հիմնավորումները փնտրում է Քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի համատեքստում․ «Հարցը նրանում է՝ ինչպե՞ս եք դիտարկում՝ ՀՀ քաղաքացու կողմից ՀՀ տարածքից դուրս կատարված արա՞րք, թե՞ օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցողի․․․ ԱՀ քաղաքացիները, որոնք ստացել են ՀՀ անձնագիր, հանդիսանում են ՀՀ քաղաքացի․․․․, բայց ՀՀ-ն այս պահի դրությամբ գերատեսչական ակտի մակարդակով չի ճանաչում նրանց քաղաքացիությունը, այս տեսանկյունից նրանց պետք  է դիտարկել քաղաքացիություն չունեցող անձ»,- կարծիք հայտնեց փաստաբանը։

Քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածը, ի թիվս այլնի, սահմանում է, որ արարքը ՀՀ տարածքից դուրս կատարած եւ ՀՀ տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ ՀՀ-ում մշտապես չբնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց քրեական պատասխանատվության հարցը լուծվում է ՀՀ քրեական օրենսգրքով, եթե նրանց կողմից կատարված արարքը ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանք է, եւ եթե նրանք այդ արարքի համար քրեական պատասխանատվության չեն ենթարկվել՝ անկախ հանցանքը կատարելու վայրի պետության տարածքում այն հանցանք համարվելուց: Այսինքն՝ անգամ քաղաքացիություն չունեցող անձանց համար որոշակի կարգավորումներ նախատեսված են։ Ռաֆայել Ջհանգիրյանը, սակայն, նշեց՝ իրեն ծանոթ չէ միջազգային պայմանագիր, որով, օրինակ, պետական դավաճանությունը, սահմանված հանցանք է․ «Հաջորդ հարցը պիտի լինի՝ արդյո՞ք կա ՀՀ-ի դեմ կատարված հանցանքի վերաբերյալ հիմնավոր կասկած։ Պատկերացրեք՝ Ֆրանսիայում ՀՀ քաղաքացին պետական դավաճանություն է կատարել։ Այդ անձը ժամանել է ՀՀ, ՀՀ ՔՕ-ն հանցանք է համարում ՀՀ պետական շահերի դեմ հանցավոր արարք կատարելը, հիմա ֆրանսիայի դեմ կատարվածը ՀՀ ՔՕ-ով պատժելի չէ»։

Դիտարկմանը, որ Հայաստան-Ֆրանսիա եւ Հայաստան-Արցախ շահերը համեմատելի չեն, քանի որ առնվազն մինչեւ վերջին ժամանակներս Հայաստանն ու Արցախը մեկ միասնական քաղաքականություն են վարել, Ջհանգիրյանն արձագանքեց՝ ասելով․ «Եթե մենք հետեւենք քաղաքական հայտարարություններին, ապա առնվազն 2020 թ․ հետո այդպես չի եղել»։ Հարցին՝ իսկ եթե ենթադրյալ հանցանքը, ամեն դեպքում, վնաս է պատճառել նաեւ ՀՀ-ին, փաստաբանը պատասխանեց․ «Այդ դեպքում կարող ենք քննարկել, բայց Ձեր ասածը ռազմական հանցագործության հետ կապ չունի, տվյալ դեպքում խոսքը Արցախի Հանրապետության դեմ ուղղված հանցանքի մասին է»։

Ըստ պաշտպանի՝ արարքը, որ վերագրվում է Իսրայելյանին, շատերի հետ կարող է պատահել․ «Մարդը համացանցով ներկայանում է եվրոպական որեւէ երկրի հասարակական կազմակերպության աշխատակից, առաջարկում է քո երկրի վերաբերյալ ոչ գաղտնի համարվող տեղեկություններ ռեֆերատի տեսքով ներկայացնել, այնպիսի տեղեկություններ, որոնք ԶԼՄ-ներով ազատ շրջանառության մեջ են, նաեւ ներկայացնում է, որ Կովկասում իրականացնում է ժողովրդագրական, սոցիալական որոշակի հետազոտություններ։ Արման Իսրայելյանը չէր էլ կարող իմանալ, որ Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցների հետ է շփվում, եւ երկրորդ, դա չի էլ պարզվել, դա ենթադրվում է, քանի որ համացանցի հասանելիության մոնիթորինգ է իրականացվել եւ պարզվել, որ այդ բաժանորդը, ում հետ շփվում էր, ադրբեջանական IP-ով էր միանում, չնայած նրա ֆեյսբուքյան էջում ամբողջությամբ Հոլանդիայի ինչ-որ քաղաքի նկարներ էին, տեղադրված էին ավելի շատ պրոհայկական էջեր սկսած 2020 թ-ից, ընդ որում, գիտեք, որ ծրագրերի միջոցով հնարավոր է փոխել IP հասցեն»,- ասաց փաստաբանը։

Հանրության մոտ առկա մտահոգությունների փարատումը, ըստ փաստաբանի, հատուկ ծառայությունների աշխատանքի տիրույթում է․ «Հիմա ՀՀ-ն որեւէ կերպ չի ճանաչում Արցախը կամ Արցախի որեւէ կառույց եւ ստորաբաժանում, եւ իր համար առկա վտանգները դիտարկում է իր պրիզմայով։ Այսինքն՝ եթե նախկինում այդ պրիզման ընդհանուր էր, կար միասնական հայրենիք՝ երկու պետության տեսքով, հիմա այդ պրիզման փոխվել է, եւ ես կարող եմ դատողություն անել գործող պրիզմայի շրջանակում։ Եթե Հայաստանի համար կա վտանգ, ապա այդ վտանգի չեզոքացման համար ուղղակի հատուկ ծառայությունների աշխատանք է պետք։ Եթե դրա արդյունքում կհայտնաբերվի պետության դեմ որեւէ հակաիրավական արարք, դրան պետք է տրվի համապատասխան իրավական գնահատական»,- ասաց փաստաբանը;

Այժմ Իսրայելյանը Հայաստանում է թե ոչ՝ Ջհանգիրյանը տեղյակ չէ, ասաց՝ Հայաստանի տարածքում նրա հետ շփում այլեւս չի ունեցել։

Իրավապահների ոչ միատեսակ արձագանքը

Օրենսդրական հստակ մեխանիզմների բացակայության պայմաններում իրավապահ մարմինները գործնականում ոչ միատեսակ են խնդրին արձագանքում։

Փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը որպես օրինակ 2023 թ․ սեպտեմբերի 19-ից առաջ Արցախում տեղի ունեցած մի ենթադրյալ սպանության դեպք է նշում, որի առթիվ օրերս Հայաստանում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ անկախ Արցախում հարուցված եւ քննված գործից։

Ռաֆայել Մարտիրոսյանը

Նախաձեռնված վարույթի շրջանակում Մարտիրոսյանի պաշտպանյալին Հայաստանում եւս մեղադրանք է ներկայացվել, Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ Արցախում կատարված առանձնապես ծանր հանցագործությունների` սպանությունների վերաբերյալ ստացել է 5 պատշաճ հաղորդում, դրանց կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ, ներկայացվել են մեղադրանքներ։ Կոմիտեն, սակայն, չէր նշել, որ խոսքը նաեւ նախկինում հարուցված եւ քննված դեպքերի մասին է։

Դատական նիստի ընթացքում Մարտիրոսյանը ներկայացրել է իր առարկություններն այն մասին, որ Հայաստանն իրավասու չէ իր տարածքից դուրս կատարված դեպքի առթիվ նոր քննություն իրականացնել։ Դատարանը, սակայն, իր որոշմամբ այս հարցին չի անդրադարձել։ Պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Լիահույս է, որ երբ հարցը հասնի Վճռաբեկ դատարան, վերջինս հստակ դիրքորոշում կարտահայտի, հակառակ դեպքում ներպետական ատյանները սպառելուց հետո պատրաստ են դիմել նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։

Հակառակ այս օրինակին՝ առկա է նաեւ դեպք, երբ իրավապահ մարմինները մեկ այլ հիմքով մերժել են հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնել եւ մերժման որոշման մեջ, ի թիվս այլնի, հարկ են համարել արձանագրել, որ ՀՀ քրեադատավարական օրենսգիրքը հնարավորություն չի տալիս նույն անձի վերաբերյալ այլ տարածքում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքով նոր քրեական վարույթ նախաձեռնել։

Փաստաբան Վադիմ Հայրապետյանը մեր զրույցում մանրամասնում է՝ ենթադրյալ խարդախության դեպքի առթիվ Արցախում քրեական գործ էր հարուցվել դեռ 2022 թ․-ին, հետագայում գործը կասեցվել էր, քանի որ անձը, ում գործողությունների արդյունքում, ըստ Հայրապետյանի, իր պաշտպանյալը տուժել է, գտնվում էր Հայաստանի տարածքում, իսկ շրջափակման ընթացքում նրան Արցախ ներկայացնելու հնարավորություն չկար․ «Քանի որ տեղահանումից հետո անձը գործի ողջ նյութերը ուներ, իր հետ բերել էր ՀՀ, 2023 թ․ դեկտեմբերին դիմում է հասցեագրել Գլխավոր դատախազին, այդ ամենի մասին հիշատակելով եւ ըստ էության, հանցագործության մասին հաղորդում ներկայացրել, որը ուղարկվել է Քննչական կոմիտե՝ սահմանված կարգով ընթացքավորելու համար։ Տարեվերջին արդեն ստացվել է արձանագրություն քննիչի կողմից, որ քրեական վարույթ չի նախաձեռնվել երկու հիմքով։ Քննիչը գտել է, որ քրեադատավարական կառուցակարգի կիրառման անհրաժեշտություն չկա, որ իրավահարաբերությունը քաղաքացիական է, միեւնույն ժամանակ հիշատակել է Արցախում հարուցված գործի մասին»,- ասում է նա։

Տուժող կողմը այդ որոշումը բողոքարկել է հսկող դատախազին, բողոքը նույն պատճառաբանությամբ մերժվել է․ «Բողոքը քննարկելիս անհրաժեշտ է արձանագրել, որ տվյալ անձի վերաբերյալ Արցախում հարուցվել է քրեական գործ ԱՀ ՔՕ 184-Ի 3-րդ մասի 1-ին կետով․․․ ՀՀ քրեադատավարական օրենսգիրքը հնարավորություն չի տալիս նույն անձի վերաբերյալ այլ տարածքում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքով նախաձեռնել քրեական վարույթ այն պայմաններում, որ այդ նույն դեպքով արդեն իսկ առկա է հարուցված քրեական գործ, որը հայտնի է քննիչին»,– ասված է դատախազի որոշման մեջ։  Այս որոշումը փաստաբանը բողոքարկել է դատական կարգով։

Ըստ Վադիմ Հայրապետյանի՝ պետությունների միջեւ միջպետական պայմանագրերը կարող են կարգավորել քրեադատավարական օրենսդրությունում մեկ այլ պետության դատական ակտը ճանաչելու հարցերը, սակայն տվյալ դեպքում այդպիսի պայմանագիր չկա, ուստի խնդրին պետք է լուծում տալ օրենսդրական փոփոխությունների միջոցով․ «Օրենսդրական հստակ կանոնակարգում է անհրաժեշտ այն կիսատ մնացած գործերի մասով՝ սկսած միջին ծանրությունից մինչեւ առանձնապես ծանր հանցագործություններ, հիմա վարույթները չկան, բայց միեւնույն ժամանակ անձը մնում է անպատիժ՝ զուտ այն հիմքից ելնելով, որ համապատասխան կառուցակարգերը չկան»։

Ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական նորմերով ամրագրված է, որ արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի: Հարցին՝ տվյալ դեպքում օրենսդրական այդպիսի փոփոխությանը հետադարձ ուժ տալը անձի վիճակը վատթարացնող չի համարվի՞, փաստաբանը պատասխանում է․ «Արցախը, ըստ երեւույթին, չկա, դատարանի կամ քննչական մարմինների գործունեությունը անհնարին է դարձել, եթե օրենսդրական փոփոխություն լինի զրոյից կամ նույն կետից [շարունակելու], անձի վիճակը ինչպե՞ս է վատթարանում․․․ Օրենսդրությունը նույնն է, չի վատթարացնում, մեկ է՝ սեպտեմբերյան դեպքերը չլինեին, պետք է այդ վարույթները տրամաբանական ավարտին հասնեին, անձինք պետք է կամ արդարացվեին կամ դատապարտվեին»,- նշում է Վադիմ Հայրապետյանը՝ հավելելով, որ Եվրոպական դատարան դիմելու մասին դեռեւս վաղ է խոսել․ իրենք լիահույս են, որ Հայաստանի իրավաբանները կկարողանան ելք գտնել, եւ դատական ատյաններում խնդիրը կլուծվի։

«Քրեական գործերով Արցախում կայացված որոշումները պետք է հաշվի առնվեն». միջազգային քրեական իրավունքի մասնագետ

Նյուրնբերգի համալսարանի դոցենտ, Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ, միջազգային քրեական իրավունքի մասնագետ Գուրգեն Պետրոսյանը թեմայի վերաբերյալ մեր հարցերին ի պատասխան ասում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ՝ Հայաստանի եւ Արցախի միջեւ կա՞ միջկառավարական կամ միջպետական որեւէ համաձայնագիր, որը կարգավորում է ամբաստանյալների եւ դատապարտյալների, ինչպես նաեւ քրեական գործերով համագործակցության վերաբերյալ գործընթացները։ 

Եթե առկա է այդպիսի համաձայնագիր, ապա այն պետք է կիրառվի, իսկ եթե ոչ, հաջորդիվ անհրաժեշտ է հասկանալ, թե ՀՀ դատական համակարգը մինչ օրս ինչպիսի մոտեցում է ունեցել ԱՀ դատական ատյանների կողմից ընդունված որոշումների վերաբերյալ․ «Եթե ՀՀ դատական մարմինների կողմից ԱՀ դատական որոշումները ճանաչվել են, ապա նույն ձեւով կարող են նաեւ քրեական գործերով որոշումները ճանաչվել»,- կարծում է Պետրոսյանն ու ընդգծում, որ  սա վերաբերում է նաեւ քաղաքացիական գործերին։

Գուրգեն Պետրոսյանը

Մասնագետը հիշեցնում է՝ դեռեւս 2015թ.-ին ՄԻԵԴ-ը ճանաչել էր, որ ՀՀ-ն ԱՀ-ի նկատմամբ ունի արդյունավետ վերահսկողություն, որը, այնուամենայնիվ, տեւել է մինչեւ 2020 թ․ նոյեմբերի 9-ը, այդ օրվանից ի վեր ռուսական ռազմական կոնտինգենտի տեղակայմամբ վերահսկողությունը, որպես այդպիսին, դադարել է, եւ իրավիճակը  փոխվել է․ «Այստեղ անհրաժեշտ է հասկանալ, թե իրավական ինչ նշանակություն ունի  Արցախի լուծարման ակտը, որը ուժի մեջ է մտել 2024թ ի հունվարի 1-ից։ Եթե պետությունը, որպես այդպիսին, այլեւս չի գործում, լուծարվել է, ըստ Սահմանադրությամբ սահմանված կարգի, ապա իր կողմից ընդունված դատական ակտերը նույնպես դառնում են առոչինչ։ Սակայն հարկավոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը իր՝ 2023 թ․ նոյեմբերի օրդերի մեջ պարտավորեցրել է Ադրբեջանին պահպանել գրանցման, ինքնության եւ մասնավոր սեփականության փաստաթղթերը եւ գրառումները, ինչպես նաեւ պատշաճ կերպով հաշվի առնել այդ փաստաթղթերն ու գրառումները իր վարչական եւ օրենսդրական պրակտիկայում։ Այստեղ, իհարկե, խոսք չկա քրեական գործերի վերաբերյալ, սակայն այս օրինակով, մասնավորապես, «ինքնության» եզրույթի շրջանակներում, կարելի է եզրահանգել, որ ԱՀ՝ նախկինում կայացված դատական որոշումները, այդ թվում՝ նաեւ քրեական գործերով որոշումները  նույնպես պետք է հաշվի առնվեն»,- ասում է Գուրգեն Պետրոսյանը։

Ըստ Պետրոսյանի՝ չնայած այս օրդերով պարտավորությունը դրված է Ադրբեջանի վրա, դա այլ կողմին չի ազատում ԱՀ-ի՝ նախկինում ընդունած որոշումները հաշվի առնելուց․ «Ըստ այդմ, ԱՀ կողմից ընդունված որոշումները շարունակում են գոյություն ունենալ, սակայն դրանց հարկադիր կատարումը մնում է այլ պետությանը»,- նշում է նա։

Ըստ այդմ, Գուրգեն Պետրոսյանի խոսքով՝ պետք է ամբաստանյալներին առանձնացնել դատապարտյալներից․ ի տարբերություն դատապարտյալների` ամբաստանյալների վերաբերյալ քրեական գործերով առաջացող իրավական խնդիրների շուրջ այդքան դժվարություններ չեն առաջանում։ 

Հիմք ընդունելով նրանց նկատմամբ նախկինում կատարված քննությունները՝ Հայաստանում քրեական վարույթներ պետք է իրականացվեն Քրեական օրենսգրքի վերոնշյալ՝ 12-րդ հոդվածի շրջանակներում․ «Առաջին հայացքից այստեղ խնդիր է առաջանում պետական դավաճանության վերաբերյալ, սակայն հաշվի առնելով, որ նախկինում Արցախի նկատմամբ պետական դավաճանությունը դիտարկվել է նաեւ Հայաստանի նկատմամբ պետական դավաճանություն, ապա խնդիրը, որպես այդպիսին, լուծված է․ պետական դավաճանության գործերը նույնպես կարող են քննվել ՀՀ կողմից»,- կարծում է Գուրգեն Պետրոսյանն ու ընդգծում՝ Արցախի քաղաքացիները, թեեւ ունեն ՀՀ անձնագիր, ՀՀ քաղաքացի չեն, ինչը նույնպես հաստատվել է ՄԻԵԴ-ի կողմից։ Այժմ, համաձայն ՀՀ-ի տրամադրած կարգավիճակի, նրանք հանդիսանում են փախստական։

Ինչ վերաբերում է Արցախում դատապարտված անձանց վերաբերյալ վերջնական ուժի մեջ մտած դատավճիռներին, դրանք, ըստ Պետրոսյանի, նույնպես շարունակում են ուժի մեջ մնալ, սակայն դրանց հարկադիր կիրառումը ընկնում է այլ պետության վրա․ «Հաշվի առնելով կրկնակի դատվածության արգելքը՝ այդ նույն անձինք չեն կարող երկրորդ անգամ նույն արարքի համար դատապարտվել։ Ուստի պետք է հասկանալ, թե ՀՀ-ն ինչպիսի իրավական հիմքի վրա պետք է ապահովի պատժի կիրառումը։ Ընդհանուր օրենսդրական ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրահանգել, որ այստեղ առկա է օրենսդրական բաց․ այս իրավական բացերի քաոսը եւ նախկինում չհաշվարկված իրավական ակտերի գեներացումն են հանգեցրել այստեսակ բարդությունների։ Այս բացը կարող էր լրացվել միայն այն անձանց վերաբերյալ, որոնք ՀՀ տարածքում են հայտնվել իրենց պատիժը կրելու ընթացքում եւ իրենց արտահանձման բացառության պարագայում պատիժը պետք է շարունակեն կրել ՀՀ տարածքում»,- եզրափակում է Գուրգեն Պետրոսյանը։

Պատկան մարմինները չեն շտապում հստակ տեղեկություններ հայտնել

Թեմայի վերաբերյալ գրավոր հարցում ենք ուղարկել նաեւ Գլխավոր դատախազությանը՝ խնդրելով հայտնել, թե ՔՕ 12-րդ հոդվածի համատեքստում ինչ լուծում է ընտրվել Արցախի քրեական վարույթների հետագա ընթացքի վերաբերյալ, դրա շրջանակում ինչ որոշում է կայացվել 2020-2022 թթ ընթացքում՝ մինչ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, Արցախից Հայաստանի քրեակատարողական հիմնարկներ տեղափոխված կալանավորների եւ դատապարտյալների վարույթների վերաբերյալ, եւ արդյոք այդ վարույթներով քննությունը եւ պատժի կրումները ներկայումս շարունակում են։

Գլխավոր դատախազությունը, սակայն, մերժել է տեղեկության տրամադրումը՝ պատճառաբանությամբ, որ այն հանդիսանում է սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն։ Դա, որպես տեղեկության տրամադրումը մերժելու հիմք,  «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում մեկ տարի առաջ է ավելացվել, եւ մեդիափորձագետները քննադատել են այն՝ լղոզված եւ ընդգրկուն տերմին համարելով եւ ենթադրելով, որ պետական կառույցները հայեցողական մոտեցմամբ մերժելու են տեղեկությունների տրամադրումը։

Գրավոր հարցմամբ դիմել ենք նաեւ Արդարադատության նախարարությանը, սակայն վերջինս նույնպես բովանդակային պատասխաններ չի տվել՝ հայտնելով միայն, որ նշված խնդիրների լուծման ուղիները որոշակիացնելու նպատակով ներկայում միջգերատեսչական քննարկումներ են իրականացվում, ինչի արդյունքների վերաբերյալ հանրությանը լրացուցիչ տեղեկություն կհաղորդվի:

Առկա օրենսդրական կարգավորումների պայմաններում Հայաստանի իրավասությունների, օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ փորձել ենք զրուցել նաեւ իշխող խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժոովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ, սակայն դա օրեր շարունակ չի հաջողվել, անգամ՝ նախապես պայմանավորված ժամի, երբ Վարդանյանը ասել է, որ զբաղված է, եւ խնդրել է զանգահարել ավելի ուշ։ Որոշել ենք դիմել գրավոր հարցմամբ, ինչին ի պատասխան՝ Վարդանյանը նշել է, որ պահանջվող պատասխանը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 3-րդ հոդվածի իմաստով տեղեկություն (այն է՝ անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված եւ ձևավորված տվյալներ) չէ, քանի որ այդ հարցերով, ըստ էության, ակնկալվում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեական օրենսգրքի եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթների պարզաբանում: Դրա իրավասությունը, ըստ Վարդանյանի, ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի (օրինականության սկզբունքը), 106-րդ հոդվածի 1-ին մասի (Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները) եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի (Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը և պարզաբանման իրավասու մարմինները) համաձայն ինչպես Հանձնաժողովը, այնպես էլ Հանձնաժողովի նախագահը չունեն: 

Հարկ է նշել, սակայն, որ օրենսդիր մարմինը եւ պատգամավորներն ընտրվում են ոչ միայն օրենքով սահմանված տեղեկություններ լրագրողներին հայտնելու, այլ նաեւ հանրության համար կարեւոր, բայց ոչ միանշանակ իրավիճակները մեկնաբանելու, ինչպես նաեւ հնարավոր լուծումներ առաջարկելու համար։ Դա, իհարկե, քաղաքական կամք է պահանջում, որն այս դեպքում պատգամավորը չի դրսեւորել։ 

Վարդանյանը մասամբ պատասխանել է միայն հարցին՝ արդյո՞ք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կամ Պետաիրավական հանձնաժողովի ներսում քննարկվել է կամ նախատեսվում է քննարկել օրենսդրական փոփոխություններով եւ/կամ նոր կառուցակարգերի ներդրմամբ եւ/կամ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ խնդրին իրավական լուծում տալու տարբերակը։ Ըստ պատասխանի՝ նշված բովանդակությամբ խնդրին իրավական լուծում տալու տարբերակ Հանձաժողովում չի քննարկվել: Կուսակցության ներսում քննարկումների մասին պատգամավորը ոչինչ չի նշել։

Այսպիսով, Արցախից բռնի տեղահանման օրերին ազատ են արձակվել եւ Հայաստան տեղափոխվել պետական դավաճանության մեջ մեղադրվող 3 եւ դատապարտված 1 անձ։ Թե Հայաստանում իրավական ինչ գործընթաց է նրանց նկատմամբ ընթանում, առայժմ հստակ չէ․ փաստաբանները նշում են, որ տեղյակ չեն, պատկան մարմինները չեն շտապում լիարժեք տեղեկություններ տրամադրել։ Միայն Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն է Ազգային ժողովում հայտնել, որ Արցախից Հայաստան է տեղափոխվել մոտ 11 կալանավոր, եւ իրենք բոլորի տվյալներն ունեն։ Ըստ նախարարի՝ այդ անձանց մի մասով զբաղվում է Ոստիկանությունը, մյուս մասով՝ Ազգային անվտանգության ծառայությունը։ 

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել