Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ այսօր շարունակվում է Քիմիկների զորամասի գործի քննությունը։
Այս պահին դատարանում հարցաքննվում է 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը (պաշտոնից ազատվել է 2021 թ․ մարտին)։ Վերջինս այս գործով ունի վկայի կարգավիճակ։
Չնայած դատական իշխանության պաշտոնական կայքում նշված տեղեկությանը, որ նիստը դռնբաց է, դատական կարգադրիչները մեզ թույլ չտվեցին ներկա գտնվել` պատճառաբանելով, որ դատարանը որոշում է կայացրել այն դռնփակ անցկացնելու վերաբերյալ։
Ավելի ուշ դատավորի աշխատակազմից Infocom–ը տեղեկացավ, որ դռնփակ դատական նիստի միջնորդությամբ հանդես է եկել հենց Օնիկ Գասպարյանը։ Պատճառն այն է, որ հարցաքննությունը հնարավոր է առնչվի պետական, ծառայողական գաղտնիք համարվող տեղեկությունների։ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դա դատական նիստը դռնփակ անցկացնելու հիմքերից մեկն է։
Այս քրեական գործը, հիշեցնենք, առնչվում է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության Կովսական քաղաքում (Զանգելան) Քիմիկների զորամասի անձնակազմի հետ տեղի ունեցած դեպքին։
Այդ օրը Օնիկ Գասպարյանի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի հրամանով Քիմիկների զորամասի 62–հոգանոց անձնակազմը մարտական առաջադրանք է ստացել՝ մեկնելու Կովսական քաղաքի ուղղությամբ գտնվող «Կիրի հանք» տեղանք եւ «Սանրում» գործողության կատարման եղանակով հայտնաբերել եւ ոչնչացնել հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը։ Մակարյանը, սակայն, ըստ քրեական գործի, ճիշտ չի կազմակերպել անձնակազմի ուղեկցման հարցը, եւ դրա, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանի՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով անձնակազմը «Կիրի հանք»–ի մոտ տեղակայված ոստիկանական հենակետում իջնելու փոխարեն հասել է դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ եւ հակառակորդի հետ բռնվել անհավասար մարտի:
5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի, ինչպես նաեւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։
Ըստ մեղադրանքի՝ Անդրանիկ Մակարյանը Օնիկ Գասպարյանին չի զեկուցել անձնակազմին «Նահանջ» հրաման արձակելու մասին եւ մինչեւ ժամը 15։30-ի սահմանները վերջինիս վստահեցրել է, որ իր ղեկավարած խմբի կազմով շարժվում է գործողությունների ծավալման շրջան՝ Արսեն Աբգարյանի խմբին օգնություն ցուցաբերելու։ Դրանից հետո միայն Գասպարյանին զեկուցել է, որ առաջ շարժվելն այլեւս նպատակահարմար չէ, եւ առաջարկել է բնագիծ զբաղեցնել եւ անցնել պաշտպանության՝ հաջորդ օրն առավոտյան խնդրի կատարումը շարունակելու պայմանով, ինչին Գասպարյանը համաձայնել է։ Մինչդեռ բնագիծ զբաղեցնելու եւ խմբի կազմով պաշտպանության անցնելու հրամանը կատարելու փոխարեն նա իր ղեկավարած ողջ խմբի կազմով նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, վերադարձել է Կապան քաղաք՝ ամբողջությամբ ձախողելով իր առջեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի կողմից դրված մարտական խնդրի կատարումը։
Այժմ գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը (պաշտոնից ազատվել է 2022 թ փետրվարին) մեղադրվում է ռազմական դրության պայմաններում իշխանության անգործության մեջ։
Մեղադրյալի աթոռին են նաեւ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը, այդ ժամանակ նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանը։
Արսեն Աբգարյանը մեղադրվում է իշխանության անգործության եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի, Սարգիս Կուլակչյանը՝ իշխանության անգործությանն օժանդակելու, իսկ Էլլադա Հարությունյանը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
4 մեղադրյալները առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)