ՊՆ-ն՝ ապրիլի 12-ին վթարից տուժած զինծառայողների առողջական վիճակի մասին
17:28 - 02 մայիսի, 2024

ՊՆ-ն՝ ապրիլի 12-ին վթարից տուժած զինծառայողների առողջական վիճակի մասին

Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

«12 զինծառայողները, այդ թվում՝ նախկինում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը, շարունակում են բուժում ստանալ մասնագիտացված բաժանմունքներում։ Զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք նույնպես առաջիկայում կավարտեն բուժումը և դուրս կգրվեն հոսպիտալից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Վթարի հետևանքով զոհվել է 4 զինծառայող։ 

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՔԿ-ի հաղորդմամբ՝ ձերբակալվել է երկու պաշտոնատար անձ։

Մասնավորապես, պարզվել է, որ անձնակազմը, առանց համապատասխան հանդերձավորման, տեղավորվել է «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայում։ Ավտոմեքենան տեխնիկական ստուգում է անցել 2023թ․ հոկտեմբերին և ճանաչվել է սարքին։ Սակայն ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները, որոնք աշխատանքային վիճակի են բերվել 2018 թվականին, ենթակա են եղել շահագործման 4 տարի՝ մինչև 2022 թվականը։ Նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ զորամասի համապատասխան պաշտոնատար անձինք խախտել են տրանսպորտային միջոց շահագործելու կանոնները։ Մասնավորապես՝ տեղյակ լինելով «Ուրալի» ունեցած նշված տեխնիկական խնդիրների մասին, ինչպես նաև՝ այն մասին, որ սահմանված կարգով շարժիչը չգործարկվելու պատճառով արգելակման համակարգում անհրաժեշտ օդի քանակությունը, արտահոսքի հետևանքով, չի պահպանվում, 2024թ․ ապրիլի 12-ին թույլատրել են նշված ավտոմեքենայի երթը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել