Հունիսի 25-ի իրադարձությունները միանշանակ համալրում են հոկտեմբերի 27-ով սկսված, մարտի 1-ով շարունակված ահաբեկչությունների շարքը. «Հանրապետություն» կուսակցություն
Հունիսի 25-ի իրադարձությունները միանշանակ համալրում են հոկտեմբերի 27-ով սկսված, մարտի 1-ով շարունակված ահաբեկչությունների շարքը։ Այս իրավիճակում միակ ելքը պետության պաշտպանությունն է` ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի թե դրսի, թե ներսի ոտնձգություններից։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը:
«Հանրապետությունը» պետականության պաշտպանության դիրքերում է և պահանջում է ձայնագրություններով բացահայտված ահաբեկչության բոլոր մասնակիցների` օրենքի սահմաններում արժանի պատիժ` կանխելու հետագա մարտահրավերները, որ ծրագրվում են Հայաստանից դուրս` ընդդեմ ինքնիշխանության և ժողովրդի»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։
ՔԿ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր, ձերբակալվել է 14 անձ, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, թե ««Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ», հրապարակել ձայնագրություններ, ինչպես նաև գործի շրջանակում շուրջ 9 տասնյակ անձանց տներից առգրավված իրերի լուսանկարներ։
Նշենք, որ նախօրեին մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր տպած փաստաթղթի լուսանկարներ, որտեղ հակաիշխանական գործողությունների պլան էր նկարագրված։ Կառավարող ուժի անդամները այդ փաստաթուղթը վերագրում են ընդդիմությանը՝ այն համարելով «հեղաշրջման պլան»։ Նշված փաստաթղթում, ի թիվս այլնի, նկարագրված է որոշակի գործողությունների հաջորդականություն ինչպես սոցիալական տիրույթում, այնպես էլ փողոցում, խոսվում է խոշոր գործարարների ներգրավման անհրաժեշտության, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «կողմերի» հաշտեցման ու Գարեգին Բ-ին այդ գործողություններին միանալու հարցում համոզելու մասին։
18:25 - 25 հունիսի, 2025