ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նշվում է․
«Նիկոլ Փաշինյանը և նրան սպասարկող խորհրդարանական մեծամասնությունը կորցրել են քաղաքական լեգիտիմությունը և պետք է անհապաղ հրաժարական տան։ Նրանց հետագա գործունեությունը միայն խորացնում է քաղաքացիական դիմակայությունը երկրի ներսում և վարկաբեկում Հայաստանի հեղինակությունն ու ճանաչումը միջազգային հարաբերություններում։
Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը կրում են քաղաքական, բարոյական և քրեաիրավական անմիջական պատասխանատվություն վերջին օրերի իրադարձությունների համար՝ ըստ էության վերածվելով հակաժողովրդական և ապազգային քաղաքական տարրերի, որոնք սպասարկում են արտաքին ուժերի, առաջին հերթին՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը։
Ակնհայտ է, որ մեր ժողովրդի պատմության վերջին շրջանի բոլոր ողբերգական իրադարձություններն ուղղակիորեն առնչվում են Նիկոլ Փաշինյանի և նրա մերձավոր շրջապատի գործունեության հետ (2008թ. մարտի 1, 2018թ. իշխանության զավթում, 44-օրյա պատերազմ, Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիա, Լեռնային Ղարաբաղի կորուստ): Եկել է ժամանակը դադարեցնել այս ընթացքը և շարունակել մեր արժանապատիվ ընթացքը առանց Նիկոլի ու նրա մեծամասնության։ Սա արդեն մեր ժողովրդի համար դարձել է գոյաբանական անհրաժեշտություն։
Փաստերը վկայում են, որ անցած վեց տարիներին երկրում ձևավորվել է Նիկոլ Փաշինյանի միանձնյա կառավարման ռեժիմ։ Այն որևէ կապ չունի Սահմանադրության հիմնարար նորմերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ։ Իրենց մեծամասնություն անվանող մարդկանց մի փոքր խումբ, պատերազմի նոր սպառնալիքներով շանտաժի ենթարկելով հասարակությանը, պատանդ է պահում հայկական պետությունը՝ հանուն սեփական անվտանգության և հարստացման։
Ռեժիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի խոստովանությունները վկայում են, որ վերջին վեց տարիներին նա շահարկում է հասարակական կարծիքը, մոլորության մեջ գցում բնակչությունը, ծառայում է այլ շահերի, ամրապնդում իր ընտանիքի և մերձավորների նյութական բարեկեցությունը։ Կառավարման վեց տարիներին նա ավելացրել է երկրի պետական պարտքը վեց միլիարդ դոլարով, աճել է կոռուպցիան, ոչնչացվել է պետության ողջ պաշտպանական համակարգը։
Իշխողների քաղաքականությունն ու գործողությունները հակասում են Հայաստանի Սահմանադրությանը և սպառնում են սահմանադրական կարգին։ Իշխանությունների ագրեսիվությունը, խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժի կիրառումը, Ազգային ժողովը ռազմականացված օբյեկտի վերածելը հոգեվարքի և իրենց կատարած հանցագործությունների համար անձնական քրեական պատասխանատվության պահը հնարավորինս հետաձգելու ցանկության դրսեւորում է։
Այսօր Հայաստանը վերածվել է ոստիկանական պետության, որտեղ իրավապահ մարմինները ոչ թե հասարակական կարգը պահպանելու և մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգելու գործառույթ են իրականացնում, այլ միայն պաշտպանում են ռեժիմի առաջնորդին և նրա մերձավոր շրջապատին։ Այն, որ ոստիկանությունը չի ծառայում հասարակությանը, վկայում է տարեցտարի երկրում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճը։ Դատական և իրավական համակարգը դարձել է քաղաքական ռեժիմի կցորդը և ամբողջությամբ կորցրել է իր անկախությունն ու օբյեկտիվությունը։
2024 թվականի հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ մարդու իրավունքների պաշտպանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և գլխավոր դատախազը պետք է անհապաղ հրաժարական տան՝ որպես սահմանադրական մարմինների ներկայացուցիչներ, որոնք չեն կարողացել կանխել մարդու իրավունքների զանգվածային խախտումները, չեն ապահովել օրենքի գերակայություն։ Հունիսի 12-ի Բաղրամյան պողոտայի դեպքերը այն կարմիր գիծն էին, որ գործող իշխանություններին դրեց օրենքից դուրս։ Մենք գտնում ենք, որ բոլոր ապօրինի գործողություն իարականացնող ոստիկանները, քննիչները, դատախազներն ու դատավորները անձնական պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների և որոշումների համար։ Նրանք դիտվելու են որպես Փաշինյանի հակաժողովրդական և հակապետական ռեժիմին աջակցողներ, խաղաղ ցուցարարների նկատմամբ իշխանությունների վայրագ, հակաօրինական գործողությունները արդարացնող։
Բոլոր քաղաքական ուժերին և հասարակական կազմակերպություններին, որոնք իրենց համարում են ժամանակակից հայ հանրության մաս և պատրաստ են պայքարել ազատության ու արդարության համար, պետք է իրենց հստակ վերաբերմունքը արտահայտեն հունիսի 12-ի իրադարձությունների կապակցությամբ։ Հակառակ դեպքում, մենք գտնում ենք, որ նրանք հավասարապես պատասխանատվություն են կրում Փաշինյանի վարչակարգի քաղաքականության համար, համերաշխ են նրա հետ և իրենց գործողություններով ամրապնդում են այն։
Կոչ ենք անում՝
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն
13 հունիսի, 2024թ.»։
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)