Մինչև տարեվերջ Հայաստանում շահագործման կհանձնվի 45 նոր կառուցված դպրոց |armenpress.am|
12:59 - 29 օգոստոսի, 2024

Մինչև տարեվերջ Հայաստանում շահագործման կհանձնվի 45 նոր կառուցված դպրոց |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն այս տարեվերջի դրությամբ կունենա 45 նոր կառուցված և շահագործման հանձնված դպրոց, կան նաև շինարարության փուլում գտնվող դպրոցներ: 

Այս մասին կառավարության նիստում հայտնեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե 300 դպրոց և 500 մանկապարտեզ նորոգելու, կառուցելու  և վերակառուցելու  ծրագիրն ի՞նչ փուլում է: 

«Այս տարեսկզբին ունեինք 28 նոր կառուցված և շահագործման հանձնված դպրոց: Սեպտեմբերի 1-ի դրությամբ ևս 7-ը կհանձնվեն շահագործման: Մինչև տարեվերջ կշարունակենք ընթացքի մեջ գտնվող դպրոցներից ևս 10-ն ավարտին հասցնելու գործընթացը: Այսինքն՝ տարեվերջին արդեն կունենանք  ավարտված և շահագործման հանձնված 45 դպրոց, ևս 26-ը գտնվում են շինարարության փուլում: Նախատեսվում է, որ դրանք շահագործման կհանձնվեն 2025-ի ընթացքում»,–ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: 

Նախորդ տարի տարվա ընթացքում մեկնարկել է կառուցման 111 նոր մրցույթ, որոնցից 76-ի մասով արդեն շնորհված են պայմանագրեր, ևս 30-ի մրցույթը կհայտարարվի սեպտեմբերի ընթացքում: «Այսինքն՝ այս տարին կամփոփենք նոր կառուցված կամ ընթացքի մեջ գտնվող 210-ը գերազանցող դպրոցների քանակով»,–նշեց նա:

Տարվա ընթացքում կսկսեն նաև ավելի քան 50 դպրոցների նորոգման աշխատանքներ: Այս հաշվարկում չեն ներառվում այն դպրոցները, որտեղ նոր մարզադահլիճներ են կառուցվել: 

Վարչապետն արձանագրեց, որ ծրագիրը կառավարելի իրավիճակում է՝ ի հեճուկս բոլոր խնդիրների և բարդությունների: Նա կարևորեց արդեն իսկ շահագործվող դպրոցների շահագործման ընթացքի մասին տեղեկությունների և տպավորությունների հավաքումը: 

«Ընդ որում՝ ես կցանկանամ, որ մենք երկու կողմից այդ տեղեկատվությունը հավաքելու մեխանիզմ ունենանք՝ հետագա ընթացքն ավելի սահուն դարձնելու համար: Նախ՝ կառավարության ներկայացուցիչները պետք է գնան ու տեսնեն, թե վիզուալ ինչ է կատարվում դպրոցում: Երկրորդը՝ պետք է լսենք ուսուցչական կոլեկտիվներին և աշակերտներին, թե նրանք ինչ տպավորություն ունեն նոր դպրոցների շինարարության հետ կապված, որովհետև, այնուամենայնիվ, իրենց համար են այդ դպրոցները կառուցվում»,-ասաց Փաշինյանը: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել