«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը կլուծարվի, կմիանա «Հայաստանի պատմության թանգարանին» որպես մասնաճյուղ
 |news.am|
11:36 - 05 հունիսի, 2025

«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը կլուծարվի, կմիանա «Հայաստանի պատմության թանգարանին» որպես մասնաճյուղ |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 5-ի նիստում որոշեց ՀՀ պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական հիմնարկը միաց­ման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։

Որոշման արդյունքում կստեղծվի «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» մասնաճյուղ:

Նշվում է նաև, որ «Հաղթանակ» զբոսայգու տարածքում գտնվող հուշարձանը կամրացվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

Նշենք, որ թանգարանը հիմնականում արտացոլում է 2 թեմա`

  • Հայ ժողովրդի մասնակցությունը 2-րդ համաշխարհային պատերազմին
  • Արցախյան ազատագրական պատերազմ

1-ին հարկի ցուցադրությունը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմին հայ ժողովրդի մասնակցությանը։ Ներկայացված են հայկական 6 դիվիզիաների, աչքի ընկած մարտիկների գործունեությունը։ Առանձին ցուցադրություններում ներկայացված են հայ մարշալների (Հովհաննես Բաղրամյան, Իվան Իսակով (Հովհաննես Տեր-Իսահակյան), Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով (Արմենակ Խանփերյանց)) և գեներալների գործունեությանը։

2-րդ հարկի ցուցադրությունը նվիրված է Արցախյան ազատագրական պատերազմին, ներկայացված են ՀՀ ազգային հերոսների և Արցախի հերոսների, ՀՀ ԶՈւ զորատեսակների, տարբեր ռազմական գործողություններին մասնակցած ազատամարտիկների գործունեությունը, Արցախի հին մայրաքաղաք Շուշիի ազատագրման դիորաման։

3-րդ հարկում հանդիսությունների դահլիճն է։ Թանգարանի օրգանական շարունակությունն է հարակից տարածքում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանը, Հերոսների, Մարշալ Բաղրամյանի, ռուս սահմանապահների ծառուղիները, զինատեսակների բացօթյա ցուցադրությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել