pastinfo.am: Հայկ Մամիջանյանը Փաշինյան-Ալիև հանդիպումից զուտ «վիզուալ» տպավորություն է ստացել, որ երկու ընկերներ մտերմիկ զրուցում են: Այս մասին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց այսօր տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ապա, անդրադառնալով բովանդակային կողմին, նկատեց՝ «մեղք է այդ փաստաթուղթն անվանել խաղաղության պայմանագիր, այս փաստաթուղթը ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի մասէ»։
Մամիջանյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանը հիմա Ալիևի հետ բանակցում է հաջորդ ընտրական պրոցեսի ժամանակ խաղաղություն բառը որպես կարգախոս օգտագործելու իրավունքի համար․ «Ինքը թքած ունի, թե Հայաստանն ինչպես կտուժի, ինչ վտանգների առաջ կհայտնվի այդ փաստաթղթով, իրեն պետք է այդ բառը, իսկ մնացած այն ամենը, ինչ ասվում է, մեկնաբանել հնարավոր չէ»:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական վեկտորն է` «ով ինձ իշխանության կպահի` ես նրա հետ եմ», «որտեղ իշխանություն` այնտես ես», հետևաբար, ըստ Մամիջանյանի, այն աշխարհաքաղաքական կենտրոնը, ուժը, միավորը, ով դա անի` նրա պոչն էլ բռնելու է։
Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանի համար Հայաստանը կառավարական ամառանոցներն են, Հանրապետության հրապարակում իր աշխատասենյակն Արագածով ու ավտոշարասյուներով:
«Հասկանո՞ւմ եք` փոքր ժամանակ հեծանիվ չունենալը շատ լուրջ հետք է թողնում հետագա կյանքի վրա, իսկ եթե հետո այդ մարդն իշխանության է գալիս ու ունի նախորդ իր` իբր մասնագիտական գործունեության ընթացքում ծախվելու սովորություն... մարդ եթե մեկ անգամ ծախվում է` դա շատ արագ դառնում է սովորություն ու հետո, երբ ինքը, ցավոք սրտի, նստած է երկրի վարչապետի աթոռին, իր ծախվելով ծախում է նաև մեր, ձեր ու բոլորի ապագան, հենց դրա դեմ ենք մենք ամեն օր պայքարում»,- հավելեց Մամիջանյանը:
comment.count (0)