«Սպաներից մեկը գոռում էր՝ մերոնք են, մի կրակեք, մյուսը՝ մերոնք չեն, կրակեք»․ 70-օրյա շրջափակումից փրկված զինծառայողների հարցաքննությունը
22:40 - 06 ապրիլի, 2023

«Սպաներից մեկը գոռում էր՝ մերոնք են, մի կրակեք, մյուսը՝ մերոնք չեն, կրակեք»․ 70-օրյա շրջափակումից փրկված զինծառայողների հարցաքննությունը

2020 թ․ հոկտեմբերի 10-ին Հադրութի հարակից Խուռհատ սարի պաշտպանությունն այդ ժամանակ ժամկետային զինծառայող, ավագ հրաձիգ Արման Արմաղանյանը «քաոս» բառով է որակում․ «Երբ հարձակումը սկսվեց, տարբեր սպաներ տարբեր բաներ էին գոռում․ մեկը գոռում էր՝ մերոնք են, մի կրակեք, մյուսը՝ մերոնք չեն, կրակեք, մեկը գոռում էր՝ նահանջել, մյուսը՝ անցնել շրջանաձեւ պաշտպանության, որը մենք՝ նորակոչիկներս, չգիտեինք էլ՝ ինչ է, ես՝ սովորական զինվոր, չէի հասկանում՝ ինչ անել»։

Արմանը մեկն է Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի այն զինծառայողներից, որոնք սարից նահանջի ընթացքում կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ անջատվել են անձնակազմից եւ սխալ ուղղությամբ գնալով՝ ընկել շրջափակման մեջ։ Հետագայում շրջափակման մեջ ընկած անձնակազմն էլ է խմբերի բաժանվել, եւ Արմանն ու ծառայակից 5 ընկերները, 70 օր թաքնվելով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վանք գյուղում՝ 2020 թ․ դեկտեմբերի 20-ին կարողացել են կապի դուրս գալ եւ փրկվել։

6 տղաները այժմ տուժող են 5-րդ գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով, որի շրջանակում էլ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում երեկ հարցաքննվեցին։

Հիշեցնենք՝ գումարտակի մոտ 400-հոգանոց անձնակազմը Վահանյանի ղեկավարությամբ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին մեկնել է Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի, որտեղ, սակայն, հարձակման է ենթարկվել եւ հարկադրված նահանջ իրականացրել։ Այժմ Վահանյանը մեղադրվում է մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Ըստ տուժողի՝ Գարիկ Վարդերեսյանը Իշխան Վահանյանին ասել է՝ եթե տեսնես մեկը փախչում է, կարող ես մեջքից կրակել

Արման Արմաղանյանը բանակ է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 2-ին, ծառայել է նախ Մարտունի 2-ում, ապա՝ տեղափոխվել Ջաբրայիլ։ Պատերազմի առաջին իսկ օրից ներգրավված է եղել մարտական գործողությունների մեջ։ Հոկտեմբերի սկզբին հարկադրված նահանջ են իրականացրել «9-րդ կմ» կոչվող տարածքից, որից հետո իրենց տարել են Հադրութի դպրոց։

Այդ, այսպես ասած, առաջին նահանջի ժամանակ, ըստ Արմանի, իրենք տեսել են, որ իրենց ուղղությամբ մեծ թվով հակառակորդ է գալիս, ռադիոկապով էլ տեղեկացել են 50-60 տանկի մոտենալու մասին, եւ իր գնահատմամբ՝ այդտեղ մնալը անհնար էր․ «Լեյտենանտ Գագոն (ազգանունը չի հիշում-հեղ․) մոտենում է Հայկազին (Հայկազ Գրիգորյանը 1-ին վաշտի հրամանատարն է,-հեղ․), ասում՝ հրաման տուր, Հայկազն էլ՝ գնում–գալիս, ասում է՝ չգիտեմ-չգիտեմ, Գագոն էլ ասում է՝ ուրեմն ես հրամանատարությունը վերցնում եմ իմ վրա, որովհետեւ դու չգիտես»։

Երբ Հադրութի դպրոցում Հայկազն ու լեյտենանտը խոսելիս են եղել այդ դրվագի մասին, միջամտել է գումարտակի՝ այդ ժամանակ արդեն նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանը։ Ըստ Արմանի՝ նա իրենց մեղադրել է փախուստի մեջ եւ Իշխան Վահանյանին, որը պիտի փոխարիներ Վարդերեսյանին այդ պաշտոնում, ասել՝ եթե տեսնես, որ մեկը փախչում է, կարող ես մեջքից կրակել։ Դրանից բացի, սեպտեմբերի 25-ի մարտական տագնապից հետո (որը, ինչպես հետագայում զինծառայողներին ասել են, սխալմամբ է հնչել) Վարդերեսյանը, ըստ Արմանի, հեռախոսով խոսելով եւ զինվորներին նայելով, անպարկեշտ կերպով հարցրել է, թե ինչու են վախեցել․ մեկ է՝ բոլորը զոհվելու են, եւ միայն ինքն է ողջ մնալու (Վարդերեսյանի հարցաքննությունը՝ այստեղ

Նույն դպրոցում Արմանը խոսակցություն է ունեցել գումարտակի նորանշանակ հրամանատար Իշխան Վահանյանի հետ․ վերջինս ասել է, որ վիրավոր է, բայց կմնա զորքի հետ։ Տեսանելի վիրավորում, սակայն, Արմանը չի նկատել․  «Վահանյանը հավաքում է բոլորիս․ մեր դասակն էր ու 3-րդ, 4-րդ դասակները, ասում է՝ տանում է շատ ապահով տեղ՝ 4-րդ գիծ, ուր հնարավոր չէ՝ մի բան լինի։ Տանում են «Թուրքի գերեզման» կոչվող տարածք․ անդունդ էր, դիմացը՝ բարձր սար, իսկ մեր հետեւում՝ ցանցատիպ զաբոռ»։ Տուժողի նկարագրությունից պարզ է դառնում, որ հնարավոր նահանջի դեպքում այդ ցանկապատը անցնելը լրացուցիչ ջանք էր պահանջելու։

Կեսգիշերնանց անձնակազմն այնտեղ հարձաման է ենթարկվել, եւ քանի որ նորակոչիկները ոչ մի պատրաստություն չէին անցել, ստիպված են եղել դարձյալ նահանջել։ Այդ նահանջից հետո մի կերպ հասել են Հադրութի դպրոց, որտեղից էլ նրանց «ԿԱՄԱԶ»–ներով տարել են Խուռհատ սարը, ուր արդեն մեկնել էին գումարտակի մնացած դասակները։

Արմանի տպավորությամբ՝ հակառակորդը նախ ֆոսֆորային զենքերով խոտերն է վառել, ուժեղ ծուխ ստեղծել, հետո սկսել կրակ արձակել

Արման Արմաղանյանի խոսքով՝ իր համար տարօրինակ էր, որ Խուռհատ սարը հասնելուն պես իրենց ասել են՝ գնացեք, դիրքավորվեք․ կարծես ասեին՝ բարձրացեք վերեւ, մի տեղ գտեք, նստեք․ «Բայց երբ բարձրացանք, նույնիսկ չգիտեինք՝ որ կողմ պիտի նայեինք»։ Հարձակումից մի քանի ժամ առաջ Արմանը իրեն անծանոթ, բարձրաստիճան տարբեր սպաների է տեսել սարի ներքեւում, որոնք նահանջի ժամանակ տարօրինակ կերպով այլեւս չեն եղել։

Մի գիշեր մնալուց հետո հարձակումը սկսվել է․ Արմանի տպավորությամբ՝ հակառակորդը սկզբում ֆոսֆորային զենքերով խոտերն է վառել, ուժեղ ծուխ ստեղծել, հետո տարբեր զինատեսակներից կրակ արձակել․ «Էդ դրվագը կարող եմ քաոս բառով նկարագրել, որովհետեւ էդ սարի վրա բոլորս մալադոյ էինք եւ շատ բան չէինք սովորել, մինչ պատերազմը մեզ ասում էին, որ պատերազմի իրավիճակում ուչեբկան բաշխվում է այլ գումարտակների միջեւ, բայց պատերազմի ժամանակ մենք բոլորս անփորձ բարձրացել ենք դիրքեր, եւ քանի որ ռացիա չկար, բոլոր հրամանները փոխանցվում էին բանավոր, ասում էին՝ էս գոռացեք, էն գոռացեք, ու տարբեր աֆիցերներ տարբեր բաներ էին գոռում․․․ Որոշ ժամանակ անց, երբ հասկացան, որ այդպես հնարավոր չէ մի բանի հասնել, նահանջի հրաման տվեցին»։

Ըստ Արմանի՝ ոմն քեռու հորդորով որոշում է կայացվել գնալ Հադրութ՝ ենթադրյալ հայկական զորքին օգնության

Չդադարող կրակի տակ նահանջելով՝ զորքը հավաքվել է սարի ներքեւում գտնվող ճանապարհի մոտ եւ միաշարասյուն սկսել քայլել։ Այդ ժամանակ է, որ Արմանը հանդիպել է Վահանյանին․ «Ինձնից մի քիչ հետ տեսնում եմ Վահանյանին, որ, սովորական քայլելով, գնում է ու տեսնում եմ՝ մի քանի «ԿԱՄԱԶ» է անցնում, նա զինվորներից մեկին ասում է, որ կանգնեցնի «ԿԱՄԱԶ», այն կանգնում է, մենք անցնում ենք, ու ես էլ չեմ տեսնում, թե նա ոնց է նստում»։

Լուսանկարում՝ նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը

Դրանից հետո անձնակազմը մտել է անտառ, որ թշնամուն շատ տեսանելի չլինի, եւ շարունակել քայլել դեպի մի գյուղ, որտեղ իրենց պիտի «ԿԱՄԱԶ»–ներ դիմավորեին (այնտեղ սպասողների հետ կապը կեսից կորել է)․ «Մի շարք դարձած՝ բարձրանում ենք, որոշ ժամանակ անց զինվորների մի մասը հոգնում է, նստում, հանգստանում, ու տենց, այդ գիծը ավելի է երկարում, ու մի պահ կրակոցներ ենք լսում ամենավերեւից, չգիտեինք՝ ինչ է կատարվում, Հովհաննեսը հրաման է տալիս նստել, սպասել»։ Քանի որ ծառերը խիտ էին, եւ անձնակազմն էլ՝ միաշարասյուն, Արմանի խոսքով՝  դիմացից ու հետեւից հազիվ 5-7 հոգու տեսնեին, այսինքն՝ իրենք մեջտեղում էին, եւ զորքի սկիզբն ու վերջը իրենց տեսանելի չէր․ «Հովոն մեր հետեւն էր, հետո եկավ, անցավ, մենք իրեն էլ ոչ տեսնում, ոչ լսում էինք, մի կես ժամ սպասում ենք, ու էդ ժամանակ, ըստ խոսակցությունների, Հովոն զանգում է ԱԱԾ, որտեղից ասում են, որ Հադրութի գնդում հայկական համազգեստով մարդիկ կան, բայց կապ չունեն հետները, չգիտեն՝ հայ են թե ադրբեջանցի․ արդեն դեպքեր եղել էին, որ հայկական ֆորմայով ադրբեջանցիներ երեւային»։

Այդ ժամանակ է, որ Հովհաննես Մուրադյանն ու նրանից ներքեւ գտնվող անձնակազմը անջատվել են զորքից, եւ Մուրադյանն ու ոմն կամավոր քեռի սկսել են քննարկել՝ ինչ անել։ Ըստ Արմանի՝ քեռու հորդորով որոշել են մնացած 98 հոգով գնալ Հադրութ՝ ԱԱԾ–ի հայտնած ենթադրյալ հայկական զորքին օգնության․ «Այդ ընթացքում քեռին զանգում է Վահանյանին, ես կարող եմ կոնկրետ բառերով ասել, թե ինչ է ասում նրան, բայց ինձ թվում է՝ դատարանում չի կարելի նման բառեր օգտագործել․․․ Ամենավերջին բառերով Վահանյանին վիրավորելով՝ ասում է՝ դու մեղավոր ես, որ էսքան զոհ ենք ունեցել, էսքան զինվոր հիմա էստեղ է, ու էդ ամենը քո մեղքն է, քանի որ դու թողել, գնացել ես, Վահանյանն էլ ասում է, որ ինքը հոսպիտալի ճանապարհին է, ու չի կարող օգնել, ընդամենը խորհուրդ է տալիս մի տեղ գնալ»։

Նշենք, որ կամավոր քեռու մասին իրենց ցուցմունքներում հիշատակել են տարբեր զինծառայողներ՝ ասելով, որ նրա հորդորով են շարժվել գրավված Հադրութի ուղղությամբ, սակայն նրանցից ոչ մեկը որեւէ հավելյալ տեղեկություն, անգամ քեռու անունը, չի իմացել։ Արմանը եւս տեղեկություն չուներ, ասաց՝ միայն գիտեինք, որ զինվորական փորձ ունի, եւ թեեւ նախկինում երբեք նրան չէին ճանաչել, բայց վստահում էին, քանի որ կարողանում էր զորքը հավաքել։ Չնայած որոշ վկաներ ասել էին, որ նա գյումրեցի է, սակայն Արմանի մոտ գյումրեցու բարբառին բնորոշ խոսույթ չի տպավորվել։  

Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը

- Քրեական գործում առկա տեղեկությունների համաձայն՝ Արթուր Քարամյանը (Ջրականի զորամասի նախկին հրամանատարն է, նրա հարցաքննությունը՝ այստեղ–հեղ․), տեղեկանալով, որ նահանջում եք, Վահանյանին հայտնել է, որ Հադրութի կողմ չպետք է գնալ, ձեզ այդ մասին որեւէ մեկը, այդ թվում՝ Վահանյանը կամ քեռին, ասե՞լ են,– հարցրեց հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը։

 - Ընդհանրապես։ Ես քեռու խոսքից նման բան չեմ հասկացել, ենթադրում եմ, որ չի ասել, հակառակը, երբ ես զանգեցի Վահանյանին (դա շատ ավելի հետո է եղել,-հեղ․), Վահանյանը ինձ ասաց՝ գնացեք Վանք գյուղի եկեղեցու կողմ (որտեղ էլ հենց շրջափակման մեջ են ընկել-հեղ․)։

- Հովհաննես Մուրադյանը կարո՞ղ էր ընկնել քեռու ազդեցության տակ ու շարժվել այդ ուղղությամբ, այսինքն՝ եթե այն իրավիճակը լիներ, որ անձը լիներ հետախույզ, կկարողանա՞ր համոզել նրան, տանել իր հետեւից,– հետաքրքրվեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը։

- Հովհաննեսը Մուրադյանը շատ լավ մարդ էր, բայց ինձ թվում է՝ որպես սպա այնքան էլ ուժեղ չէր, որ զորք առաջնորդեր, էնպես որ, եթե հարցը տենց դնենք, հնարավոր է, որ տենց բան լիներ,– պատասխանեց տուժողը։

Հադրութի ուղղությամբ շարժվող 98-հոգանոց անձնակազմը ձորի հատվածում դարձյալ կրակի տակ է ընկել․ այլ զինծառայողների հետ մեկտեղ զոհվել են միակ սպա Հովհաննես Մուրադյանն ու հիշյալ քեռին։ Ըստ Արմանի՝ ինքը քեռու զոհվելն անձամբ է տեսել։

Շրջափակման մեջ տղաները տարբեր կերպ են պատկերացրել փրկության ելքը

Դրանից հետո զինծառայողներից մի քանիսը ձորով իջել են, իսկ Արմանը մյուս մասի հետ մնացել է, քանի որ բազմաթիվ վիրավորներ չէին կարողանում տեղաշարժվել։ 3 օր մոտ 30 հոգով, որից 10–ը՝ վիրավոր, գիշերել են էդտեղ, ինչի ընթացքում վիրավորներից միայն 3-ն են ողջ մնացել։ Դրանից հետո 21 հոգանոց խմբով շարժվել են, գյուղի տներից մեկում թաքնվել․ «Զանգում ենք Վարդերեսյանին, ասում է՝ վերեւից ջախջախելով գալիս ենք, շուտով ձեզ կհասնենք, սպասեք, որոշ ժամանակ հետո էլի ենք զանգում, ասում է՝ մոտենում ենք, ասեք՝ քանի հոգի եք եւ անուն–ազգանուններ․․․ Որոշ ժամանակ հետո էլ դեպք է լինում, տղերքից մեկի անզգուշության պատճառով իմանում են մեր տեղը, սկզբում ռուսերենով ասում են՝ գիտենք, որ այդտեղ եք, դուրս եկեք, հետո ադրբեջաներեն են խոսում ու կրակում են ներս՝ հավերի, շների ուղղությամբ, մեծ տեխնիկա են բերում, բայց ներս չեն մտնում, 3 օր հետո էլ ադրբեջանցի մի սպա է գալիս վարորդի հետ, դարպասներից ներս են մտնում, սպային հասցնում ենք խփել, վարորդը փախչում է, որոշում ենք վերցնել հնարավոր իրերը, նոր տեղ ման գալ»։ 

Դրանից հետո տղաները դարձյալ խմբերի են բաժանվել՝ պայմանավորված նրանով, որ տարբեր կերպ էին պատկերացնում շրջափակումից դուրս գալու եղանակները։ Արմանի խմբի պատկերացմամբ՝ պետք էր սպասել՝ պատերազմն ավարտվի, ապա շարժվել Իրանի կողմ․ «Շատ լավ նոտայի վրա հաջողություն ենք անում, պայմանավորվում ենք, որ երբ դուրս գանք, իրար հետ մի տեղ նստենք, հաց ուտենք, իրար հեռախոսահամար ենք վերցնում, որ դուրս գալուց հետո զանգենք ծնողներին, իրար տեղ ասենք»։

Արմանի կարծիքով՝ եթե Վահանյանը չհեռանար, զորքի միջեւ հաղորդակցությունն ավելի լավ կլիներ, զոհերը՝ ավելի քիչ 

Հարցաքննությունից հետո տուժողին հարցեր հղեց նաեւ ամբաստանյալ Իշխան Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը․

Լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը, տուժող Արման Արմաղանյանը

– Վահանյանի հեռանալուց հետո ձեր հետ սպաներ մնացին, արդյո՞ք դուք հոգեբանորեն այնպիսի ճնշվածություն ունեիք, որ չէիք կարող իրավիճակին լուծում տալ, Վահանյանով ինչ-որ բան պայմանավորվա՞ծ էր։

– Եթե պայմանավորված չլիներ, ինքը չէր լինի մեր հրամանատարը,– պատասխանեց տուժողը։

– Տեսականորեն ընդունենք՝ նա զոհվեց, ձեզ հետ կային այլ սպաներ եւ քեռին, որը վստահություն էր ներշնչում, այս պայմաններում ձեր հոգեբանական վիճակը էական փոփոխության ենթարկվե՞լ էր։

– Եթե Վահանյանը չգնար, գուցե ավելի քիչ զոհեր ունենայինք, զորքի մեջ հաղորդակցությունը ավելի լավ կլիներ, եթե զոհված լիներ, կհամակերպվեինք, կասեինք՝ զոհվել է, իսկ էս պահի դրությամբ ինքը պարզապես գնացել է, եւ դրա հետեւանքով է այդ ամբողջը եղել,– ասաց Արման Արմաղանյանը՝ Վահանյանին որպես «շատ վատ մարդ» բնութագրումը տալով։

Դավիթ Սահակյանի խոսքով՝ իրենց դիրքն այնքան ներքեւ էր, որ կրակող հակառակորդին չէին էլ տեսնում

Երեկ հարցաքննված մյուս տուժողը Դավիթ Սահակյանն էր՝ Արմանի խմբում եղած եւ փրկված տղաներից մեկը։ Նա ծառայության է մեկնել 2020 թ․ օգոստոսի 19-ին, սկզբում՝ Ասկերան, ապա՝ Ջրական։

Դավիթը նույնպես իր ցուցմունքը սկսեց հոկտեմբերի 10-ին նախորդած մարտական գործողություններից։ Անդրադառնալով արդեն Խուռհատ սարի դեպքերին՝ նա նշեց․ «Էնտեղ դիրքավորվել ենք, նկատել, որ Ջրականի կողմից 2 տանկ ու 3 «ԿԱՄԱԶ» գալիս էին մեր կողմ, «ՖԱԳՈՏ»–ով խփել ենք, մի գիշեր հետո Հադրութի անտառներից ենք սկսել կրակոցներ լսել, մի կողմից ասում էին՝ մերոնք էին, մյուս կողմից ասում էին՝ մերոնք չեն, ես չիմացա՝ ինչ անել․․․ Դրանից հետո տեսա, որ անտառից մերոնցից մարդիկ են գալիս, այսինքն՝ նրանք, որոնք կռիվ են տվել՝ արդեն վիրավոր, արյունոտ․․․ Հասկացա, որ կռիվ է գնում, բայց ոչ մի բան հասկանալի չէր, որովհետեւ տարբեր բաներ էին գոռում․․․ Ինչ գտել ենք, դրա կողքը թաքնվել ենք, մեր դիրքը ներքեւն էր, հակառակորդը վերեւից էր գալիս, ես նորմալ չէի էլ տեսնում, բայց իմ վրա կրակում էին»։

Լուսանկարում՝ տուժող Դավիթ Սահակյանը

Մարտական գործողությունների ժամանակ Դավիթը Վահանյանին չի նկատել, միայն սկզբում սարի ներքեւում է տեսել եւ վերջում՝ դատարկ «ԿԱՄԱԶ»–ով հեռանալիս։ 

Ձորում, որտեղ Հովհաննես Մուրադյանն ու քեռին զոհվել են, Դավիթը ձեռքից վիրավորվել է, շատ արյուն կորցրել, հետագայում տներում մնացած կոմպոտներով սնվել, աստիճանաբար կազդուրվել։ 

Տղաների տեղեկություններով՝ վերջում մնացած 21 հոգանոց խմբից փրկվել է 8 հոգի․ իրենք՝ 6 ընկերներով, եւ եւս 2 զինծառայող, որ գերեվարվել, հետագայում վերադարձվել են հայրենիք։ Թե գումարտակի ամբողջ կազմից ընդհանուր քանի հոգի է ողջ մնացել, պաշտոնապես հայտնի չէ։ Ճիշտ ուղղությամբ գնացած սպա Հայկազ Գրիգորյանը դատարանում նշել է, որ իրենց հետ եղել են մոտ 65 հոգի։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել