Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 4-րդ անգամ է մրցույթ հայտարարվել։
Հանձնաժողովը Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալ դերակատարներից է։ Այն հետեւում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների, շահերի բախման կարգավորումների պահպանմանը, կանոնակարգում է հայտարարագրման գործընթացը, ստուգում ներկայացված հայտարարագրերը, մասնակցում կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության մշակմանը։ Մեկ տարի է, սակայն, ինչ սահմանադրական այս կարեւոր մարմինը, համալրված չէ, ավելին՝ չունի ընտրված նախագահ։
Ազգային ժողովի պաշտոնական կայքից «Ինֆոքոմը» տեղեկանում է, որ այս մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 5 հավակնորդ, այդ թվում՝ նախկին եւ ներկա պաշտոնյաներ։
Հիշեցնենք՝ ԿԿՀ անդամների, այդ թվում՝ նախագահի պաշտոնները, թափուր են արդեն մեկ տարի։ 2023 թ․ նոյեմբերի 19-ին լրացան ԿԿՀ առաջին նախագահ Հայկուհի Հարությունյանի եւ ԿԿՀ անդամ Նարեկ Համբարձումյանի պաշտոնավարման ժամկետները։ Թափուր երկու պաշտոնները համալրելու նպատակով հայտարարված մրցույթին հայտ ներկայացրին ԿԿՀ արդեն նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանն ու ԿԿՀ հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Նարինե Ավետիսյանը։ Ազգային ժողովը, սակայն, նրանց չընտրեց։
Դրանից հետո՝ 2024 թ․ փետրվար ամսին, հայտարարվեց 2-րդ մրցույթը, որին էլ մասնակցության հայտ ներկայացրին Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Նվարդ Վարդանյանը եւ 2020-2023 թթ ընթացքում ԿԿՀ–ում մարդկային ռեսուրսների կառավարիչ–փորձագետ աշխատած Սարգիս Միրզոյանը։ Այդ մրցույթը, սակայն, ընդհանրապես չկայացավ։
Մարտ ամսին հայտարարված մրցույթին Նարինե Ավետիսյանն ու Նվարդ Վարդանյանը դարձյալ հայտ ներկայացրին։ Մյուս երկու հավակնորդներն էին Հրաչյա Աբրահամյանն ու Վաղարշ Աղաբեկյանը։ Մրցութային խորհուրդը ԱԺ-ին ներկայացրեց նրանցից երկուսի՝ Վաղարշ Աղաբեկյանի ու Նարինե Ավետիսյանի թեկնածությունը։ Ազգային ժողովը, սակայն, այդ անգամ էլ չընտրեց թեկնածուներից եւ ոչ մեկին։
Այժմ հայտարարված 4-րդ մրցույթին հայտ են ներկայացրել Նարինե Ազարյանը, Տիգրան Բաբիկյանը, Ժիրայր Կարապետյանը, Արսեն Մանուկյանը, Արմեն Մարուխյանը։
Նարինե Ազարյանը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության իրավաբանական վարչության պետն է։
Տիգրան Բաբիկյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողողվի վերահսկիչ-վերստուգիչ հանձնաժողովի պետն է։
Ժիրայր Կարապետյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ է, ոստիկանության փոխգնդապետ, Ճանապարհային ոստիկանության ՏՄՀԻՎԳՔ բաժնի պետի նախկին տեղակալը։
Արսեն Մանուկյանը Հայաստանի բարեվարքության ծրագրի թիմի համակարգողն է, Փաստաբանական պալատի անդամ։ Նախկինում զբաղեցրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի, ապա՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականի պաշտոնները։
Արմեն Մարուխյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, Դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության նախկին պետը։
Նշված հինգ հավակնորդներից Մրցութային խորհուրդը դարձյալ պետք է ընտրի այն անձանց, որոնց թեկնածությունը ներկայացվելու է Ազգային ժողովին։ Ընտրությանը նախորդելու է հավակնորդների հարցազրույցների փուլը։ Այն նախատեսված է նոյեմբերի 29-ին։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)