Երեկ գիշերվանից Վրաստանի տարբեր քաղաքներում, Թբիլիսիի տարբեր փողոցներում բողոքի ակցիաները թեժացել են, մեծաթիվ քաղաքացիներ դուրս են եկել ակցիաների Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից հետո:
Վերջինս երեկ հայտարարել է, որ երկիրը մինչև 2028թ. հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից և եվրոպական դրամաշնորհներից:
Ուշ գիշերը Վրաստանի ՆԳՆ հատուկ ջոկատայինները ուժ են կիրառել բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ: Արցունքաբեր գազով, ջրցան մեքենաներով նրանք փորձել են ցրել ակցիաները: Կան բերման ենթարկվածներ, բազմաթիվ տուժածներ, այդ թվում՝ լրագրողներ:
Տարածվող տեսանյութերում երևում է, թե ինչպես են հատուկջոկատայինները ծեծելով բերման ենթարկում քաղաքացիներին:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, թե «խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ցույցը գերազանցել է օրենքով սահմանված նորմերը»։
«Իրավիճակը լիցքաթափելու համար ոստիկանությունը դիմել է օրենքով սահմանված միջոցների և կիրառել հատուկ տեխնիկա»,- ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հայտարարությունը ԵՄ-ի հետ բանակցությունները հետաձգելու վերաբերյալ վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընթերցել է պատգամավորների կողմից երկրի նորացված կառավարության կազմը հաստատելուց ընդամենը մի քանի ժամ անց:
Ընդդիմությունը չի ճանաչում նոր խորհրդարանի լեգիտիմությունը։
comment.count (0)