news.am: Սա չհիմնավորված բեռ է, որը բերելու է Հայաստանի տնտեսության մեջ փոքր ու միջին բիզնեսնի նկատմամբ նոր ճնշումների, նոր ավելի մեծ բացասական ազդեցության: Այս մասին Աժ-ում հարկային օրենսգրքի փոփոխության հարցի շուրջ քննարկման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Նշենք, որ նախագծով առաջարկվում է մի շարք մասնագիտություններ շրջանառության հարկի ռեժիմից անցում կատարեն ԱԱՀ-ի ռեժիմ:
«Ճիշտ է ասում պարոն Թունյանը, խոսքը 13 հազարի մասին չէ, այս շղթան վերաբերում է 50 հազարից ավելիին, որի մի մասն ընդունվել է հունիսի 12-ին, մի մասը՝ հիմա։ Եվ որպեսզի հանրային դժգոհությունը ցածր տեմպերով լինի, որ հիմա մեծահոգաբար ասում են՝ մենք հանում ենք, որ միայն հաշվապահների ու մի քանի այլ մասնագիտությունների մասով լինի, տեղափոխում են մի այլ շրջափուլում: Իրականում խոսքը գնում է հարկային համակարգն աղավաղելու մասին և փոքր ու միջին բիզնեսների հարկման առումով «հերն անիծելու» մասին»,- ասել է նա:
Մինասյանը նշել է, որ հանրային ու մասնագիտական քննարկումներ են տեղի ունենում. «Այս ամբիոնից թե՛ Նաիրի Սարգսյանը, թե՛ Հակոբ Ավագյանը և թե՛ բազմաթիվ գործընկերներ ներկայացնում էին կոնկրետ խնդիրներ, այդ խնդիրների լուծման փոխարեն իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ բերեք սա ընդունենք 1-ից 2-րդ ընթերցման ժամանակ կիրացնենք:
Այս բեռը տեղափոխվում է ընդամենը որոշակի ժամանակ հետո: Սա չհիմնավորված բեռ ու գործողություն է, որը բերելու է Հայաստանի տնտեսության մեջ Փոքր ու միջին բիզնեսնի նկատմամբ նոր ճնշումների, նոր ավելի մեծ բացասական ազդեցության: Չկան տվյալներ, թե որքան աշխատատեղի է վնաս հասցնելու, որքան սուբյեկտներ են ստիպված լինելու լքել Հայաստանը, այս տեսակետից չկա գնահատական»,- ասել է նա:
comment.count (0)