Ասում եք՝ ինքնավարություն. հրաշալի է, բացի նրանից, որ ասում եք հիմա, երբ ԼՂ-ում այլևս հայ չկա. Միրզոյանը՝ Մինասյանին
|news.am|
news.am: Ի՞նչ է անում իշխանությունը ԼՂ ժողովրդի վերադարձի իրավունքն ապահովելու համար: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ իրենք դա դիտարկում են միջազգային իրավունքին համապատասխան՝ ոչ թե ռազմական գործողությունները առաջ մղելով, այլ միջազգային լայն կոնսոլիդացիայով:
«Վերադարձի իրավունքը պաշտպանվում է գրեթե բոլոր առաջադեմ երկրների կողմից»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով, թե միջազգային իրավունքների և երաշխիքների ներքո ԼՂ հայությունը վերադառնալու, իր հայրենիքում ապրելու իրավունք պետք է ունենա այն երաշխիքներով, որ որոշակի ինքնավարության աստիճան պետք է լինի:
Միրզոյանն արձագանքեց ինքնավարության վերաբերյալ Մինասյանի խոսքերին, նշելով, որ ինչ ուզում էր, լսեց այդ մի դրվագով. «Ասում եք ԼՂ-ի ինքնավարություն: Հրաշալի է, բացի նրանից, որ դուք դա հիմա ասում եք այն պահին և այն պայմաններում, երբ ԼՂ-ում այլևս հայ չկա: Երբ ԼՂ-ում հայեր կային, և մենք առաջարկում էինք իջեցնել նշաձողը անկախությունից և խոսել այդ տեսակ հարցերի մասին, մեզ ասում էին դավաճան»,- ասաց ԱԳ նախարարը:
Միրզոյանի խոսքով՝ երբ մենք ամեն անգամ վերցնում ենք նույն բառամթերքը, նույն գործելաոճը ու բախվում ենք պատին, կարո՞ղ է մի բան սխալ ենք անում. «Դուք էլ եք ուշ հասկանում, մեզ եք մեղադրում ուշ հասկանալու մեջ: Բա դուք ինչի՞ չէիք հասկանում, որ կարելի է ինքնավարություն ասել»,- նշեց նախարարը:
Ապա` Միրզոյանն ասաց, որ թող իր հարցը մնա օդում կախված, քանի որ Մինասյանն այլևս արձագանքի իրավունք չունի։ «Էլի կշփվենք, եթե թուրքական էլիտար զորքեր չբերենք Ձեզ ձերբակալելու»,- հեգնեց Միրզոյանը։
13:37 - 04 հունիսի, 2024