«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

Էդմոն Մարուքյանը հայտնեց՝ համաձայնել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացում լինելու վարչապետի թեկնածուն

Էդմոն Մարուքյանը հայտնեց՝ համաձայնել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացում լինելու վարչապետի թեկնածուն

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ ՄԱՍԿ կուսակցությունից առաջարկ է ստացել՝ վարչապետին անվստահություն հայտնելու ՄԱՍԿ-ի նախաձեռնած գործընթացում լինելու վարչապետի թեկնածուն։ Նա նշեց՝ քննարկումների արդյունքում տվել է համաձայնությունը։ Մարուքյանը հայտնեց նաև, որ հանդիպումներ կնախաձեռնի ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հետ։  Հիշեցնենք՝ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը հայտարարել են, որ վարչապետին անվստահություն հայտնելու նախագծով վարչապետի թեկնածու են առաջադրում Էդմոն Մարուքյանին։ Հիշեցնենք, որ գործընթացն ԱԺ-ում կարող է քննարկվել, երբ առնվազն 36 պատգամավոր տրամադրի ստորագրություն։ Ավելի վաղ՝ «Արթուն ենք» շարժման նախաձեռնած անվստահության գործընթացի շրջանակում «Պատիվ ունեմ»-ը հայտարարել էր, որ առանց որեւէ նախապայմանի կքննարկեն թեկնածուի հարցը ու կնախաձեռնեն վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Խմբակցությունն ունի 6 պատգամավոր։ «Հայաստան» խմբակցությունն էլ նշել էր, որ կտրամադրի իր բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը։
15:26 - 16 մայիսի, 2025
Ըստ Սեյրան Օհանյանի՝ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքն օրինական է |armenpress.am|

Ըստ Սեյրան Օհանյանի՝ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքն օրինական է |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը համարում է, որ իրենց քաղաքական ուժի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքն օրինականության շրջանակներում է:   Օհանյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահից դատախազության կողմից պահանջվող բռնագանձման ենթակա գույքերի վերաբերյալ հարցին:  Օհանյանը շեշտեց՝ այն, ինչ տիրում է Հայաստանում և ինչպիսի գործընթացներ կան հակակոռուպցիոն ոլորտում, դատաիրավական ոլորտում, տեսանելի են բոլորի համար: Դրանց պատասխանատվության հարցը իրավապահ ոլորտի խնդիրներից է:  «Այդ հարցերին մեկ անգամ չէ, որ պարոն Քոչարյանը և նրա հարազատները պատասխանել են: Դատաիրավական գործընթացներն ընթանում են: Եթե այնտեղ ինչ–որ խախտումներ կան, դրանց շրջանակներում թող օրինական որոշումներ ընդունեն: Մեզանից ոչ ոք այդ պատասխանատվությունից չի խուսափում»,–ասաց խմբակցության ղեկավարը:  Անդրադառնալով հարցին, թե իր մոտ կասկած չի՞ հարցում Ռոբերտ Քոչարյանի գույքի օրինականության հարցը՝ Օհանյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ նրանք գործել են օրինականության շրջանակներում և նրանց գործունեությունը, նաև ձեռքբերումներն օրինականության շրջանակներում են»:   Դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան 3 միլիոն դոլար, 985 մլն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.4 մլն դոլարի չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն (իրավաբանական անձանցից են «Նաիրի Ինշուրանսը», «Տոյոտա Երևան» ընկերությունը, «Թարգեթ գրուպը» և մի շարք այլ ընկերություններ), ավելի քան 4 մլն դոլարի, 8.3 մլրդ դրամի, 260 մլն ռուբլիի և շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 մլրդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ և ավելի քան 20 մլրդ դրամ:  
12:18 - 16 մայիսի, 2025
Ադրբեջանը սահմանը լարված է պահում, որ ազդի հայկական կողմի վրա, հասնի իր նպատակներին. Օհանյան
 |tert.am|

Ադրբեջանը սահմանը լարված է պահում, որ ազդի հայկական կողմի վրա, հասնի իր նպատակներին. Օհանյան |tert.am|

tert.am: Այսօր մենք ականատես ենք լինում մի վտանգավոր երևույթի: Իշխանության պետական ողջ քարոզչական ապարատը գործում է մեկ նպատակի համար՝ նսեմացնել այն ամենը, ինչ արվել է պետության ստեղծման և հզորացման համար՝ մինչև իրենց իշխանության գալը: Այս մասին Աժ ճեպազրույցում ասաց «Հայսատան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Իշխանության  հիմնական նպատակն ու թիրախներից մեկը նաև Ռոբերտ Քոչարյանն է ու նրա ընտանիքը, մարդ, ով իր անձնական օրինակով, իր գաղափարական ու մարտական ընկերների հետ միասին պատերազմից դուրս եկավ հաղթող և որի ղեկավարությամբ կառուցվեց պետական համակարգ»,-ասաց Օհանյանը: Լրագրողի հարցին, որ ադրբեջանական կողմը նորից կրակում է, անգամ տների տանիքներ էին վնասվել, հայկական կողմը չի արձագանքում, նախ այս որոշումը ինչպես է կարծում ճիշտ է թե ոչ, մինչև երբ կարելի է համբերել, և իր  կարծիքով հայ-ադրբեջանական  բանակցությունները հիմա ո՞ր կետին են հասել՝ պատասխանեց. «Նախ սահմանային իրավիճակը վերջին շրջանում բավականին, կարելի է ասել, նաև լարված է և արտահայտում են հրաձգությամբ, ընդ որում այդ հրաձգությունը տեղի է ունենում միայն Ադրբեջանի կողմից, և բացի դրանից, նաև իրենք ապատեղեկատվություն են տարածում:  Դա նշանակում է, որ իրենք հենք են ստեղծում շարունակաբար ազդելու հայկական կողմի վրա։ Դրա գնահատականը պետք է տա պետությունը, անվտանգության խորհուրդը և հատկապես պաշտպանության նախարարությունը և պատասխանները պետք է համարժեք լինեն։ Գիտեք, որ նախկինում պարտադրողի դերում հայկական կողմն էր միշտ, համարժեք պատասխաններ էր տալիս, բայց  Հայաստանի անվտանգության խորհուրդը, անվտանգային համակարգը լուրջ հետևություններ պետք է անի, սա նպատակը մեկն է՝  սահմանը լարված պահել, այդ լարվածությամբ նաև ազդել հայկական կողմի վրա, բացահայտել, ինչու չէ, նաև հայկական կողմից համապատասխան պատրաստակամություն և նաև շարունակական դարձնել այն ճնշումները, այն պարտադրումները, որ կան հայ-ադրբեջանական հարաբերություններում և նաև այդ խաղաղության օրակարգի իրենց նպատակներին հասնելու ուղղությամբ», -ասաց Օհանյանը: Օհանյանի խոսքով՝  այսօր խորությամբ մենք չենք տիրապետում ինչ է կատարվում հայ-ադրբեջանական հարաբերություններում, հատկապես խաղաղության ենթատեքստի ներքո, բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից այդ ճնշումների հռետորաբանությունը չի պակասում, անընդհատ նոր պարտադրանքներ են, անընդհատ նոր  ցանկություններ են իրենք ներկայացնում, բայց այն, ինչ որ նաև տեսանելի է, որը որ տիրում է Բաքվում շինծու դատավարությամբ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և նաև մնացած գերիների նկատմամբ, Ադրբեջանը փորձում է իրենց ունեցած ձեռքի տակ տեղեկությունների շրջանակներում հիմք ստեղծել, ոչ թե  դատապարտել ռազմաքաղաքական ղեկավարությանը, այլ նաև հայկական կողմին։ «Այսինքն, այսօր մենք այդ հարաբերություններում հասել ենք մի իրավիճակի, որ հանցագործ կողմը, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտնվել է մեղադրողի դերում և փորձում է մեղադրող կողմին, այսինքն հայկական կողմին դարձնել մեղադրյալ, ճնշումները շարունակել, և մենք գտնվում ենք պարզ մի դատավարության շրջանակներում, որտեղ որ հայկական կողմը նույնիսկ պատշաճ չունի, որովհետև դեմ առ դեմ է հայտնվել թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ, իսկ նրանք ինչ ցանկություններ ուզում են, պարտադրանքների ներքո իրականացնում են», -ասաց Օհանյանը:
12:17 - 16 մայիսի, 2025
ԱԺ-ում քննարկվում է Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը |armenpress.am|

ԱԺ-ում քննարկվում է Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը |armenpress.am|

armenpress.am:  Նիստի ընթացքում քննարկվում է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ ժամանակավոր էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը։ Նախաձեռնությունը ներկայացրել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Հիմնական զեկուցող, ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշեց, որ նախաձեռնությունն ուղղված է Ազգային ժողովում տեղի ունեցած կոնկրետ միջադեպի ուսումնասիրությանը։ «Առաջարկվում է հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 107-րդ հոդվածը և «Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածը՝ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքը քննելու նպատակով։ Հանձնաժողովը նախատեսվում է կազմել 5 անդամից և սահմանել դրա գործունեության առավելագույն ժամկետը՝ մինչև 2 ամիս»,-ասաց Թովմասյանը։ Նախաձեռնող խմբակցությունների ներկայացրած հիմնավորման մեջ նշվում է, որ հարցը ծագել է 2025 թվականի մարտի 20-ին Ազգային ժողովի միջանցքում տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ Անդրանիկ Քոչարյանը, ըստ հաղորդման, լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ դրսևորել է ակնհայտ անհարգալից և խտրական վերաբերմունք՝ ասելով «շուրթերդ մաքրիր» և արգելելով կանգնել իր կողքին՝ նշելով, թե «դուք լրագրող չեք»։ «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության և երաշխիքների մասին օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ կետերը հստակ սահմանում են, որ պատգամավորը պարտավոր է հարգել հանրության բարոյական նորմերը, հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորությունները իրացնելիս»,-ընդգծեց Թովմասյանը։ Պատգամավորը նաև հիշեցրեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքի դրույթները, որոնք արգելում են լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտումը։ «Հաշվի առնելով այս իրողությունները, ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն անհրաժեշտություն են համարում նման դեպքերը բացառելու նպատակով ստեղծել ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով՝ քննելու պատգամավորի վարքը և տալու եզրակացություն՝ նման վարքի կրկնությունը բացառելու նպատակով»,-եզրափակեց Թովմասյանը։
14:02 - 06 մայիսի, 2025
«Հայաստան» խմբակցությունը կմիանա Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու գործընթացին

«Հայաստան» խմբակցությունը կմիանա Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու գործընթացին

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը մշտապես կողմնակից է եղել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու որևէ տարբերակի կիրառմանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցությունը։ «ԱԺ «Հայաստան» խմբակցությունը մշտապես կողմնակից է եղել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու որևէ տարբերակի կիրառմանը։ Փաշինյանի հեռացումը համարելով կենսական անհրաժեշտություն պետության և ժողովրդի համար՝ «Հայաստան» խմբակցությունն առաջինն է հայտարարել իմպիչմենտի իրավական գործիքը կիրառելու տարբերակի մասին։ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի միջոցով անվստահություն հայտնելու քաղաքական և իրավական ծանրակշիռ հիմքերն առկա են։ Մյուս կողմից գործող վարչապետին անվստահություն հայտնելն Ազգային ժողովում կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ առնվազն 36 պատգամավոր տրամադրի գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ ստորագրություն։ Գործընթացի հաջողության համար պահանջվում է նվազագույնը 54 ձայն՝ ԱԺ պատգամավորների պարզ մեծամասնությունը։   Նաև ակնհայտ է՝ առանց փողոցում ձևավորված հզոր, համաժողովրդական ճնշման անհնար է իմպիչմենտի հաջողության համար անհրաժեշտ՝ շուրջ երկու տասնյակ հավելյալ ձայների ապահովումը։ Ավելին, նույնիսկ այդպիսի ճնշումը վերջնական չի երաշխավորում անհրաժեշտ ձայների ապահովումը:   Նախաձեռնության հեղինակները քաղաքական կուսակցություններ կամ շարժումներ չեն ներկայացնում և, ըստ էության, որևէ քաղաքական պատասխանատվություն չեն կրում իմպիչմենտի հավանական ձախողման և դրա հետևանքների համար։   Այսօրվա դրությամբ նույնպես տեսանելի չէ նրանց կարողությունը հաջողության համար անհրաժեշտ ընդվզող զանգվածի գեներացման հարցում։ Այս ամենը խմբակցության մոտ կասկածներ է առաջացնում նախաձեռնության իրական նպատակների վերաբերյալ։ Այնուամենայնիվ,   «Հայաստան» խմբակցությունը միաձայնությամբ վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ տրամադրելու մեր բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը, ինչպես նաև հրապարակավ կհայտարարեն իմպիչմենտի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության և պատասխանատվության մասին։   Մենք նաև անընդունելի ենք համարում մեր խմբակցության պատգամավորներին թիրախավորելու, մեզ հետ շանտաժի լեզվով խոսելու փորձերը, որոնք անպատասխան չեն կարող մնալ:   Այս գործելաոճը կասկածներ է առաջացնում՝ արդյո՞ք նախաձեռնությունը ուղղված է Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն, թե՞ դրա տակ թաքնված է «Հայաստան» խմբակցությանը թիրախավորելու նպատակ»,- նշված է գրառման մեջ։
14:47 - 02 մայիսի, 2025
ԱԺ հանձնաժողովը մերժեց Անդրանիկ Քոչարյանի վարքագծի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկը |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը մերժեց Անդրանիկ Քոչարյանի վարքագծի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ներկայացված՝ Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծին:  Նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Հիմնավորումն այն է, որ Անդրանիկ Քոչարյանն այս տարի մարտի 20–ին լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ ունեցել է տհաճ, դատապարտելի միջադեպ՝ նրա նկատմամբ կիրառելով ակնհայտ խտրական վերաբերմունք»,–ասաց Թագուհի Թովմասյանը: Ըստ նրա՝ պատգամավորը խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը, նաև չի հարգել հանրության բարոյական նորմերը, թույլ է տվել ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքով նախատեսված դրույթների խախտում: Թովմասյանի խոսքով՝ մասնավորապես խախտվել են ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի 3–րդ հոդվածի 2–րդ և 8–րդ կետերը: 2–րդ կետը սահմանում է, որ պատգամավորի էթիկայի կանոններից է հարգել հանրության բարոյական նորմերը, 8–րդ կետը՝ հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս: Ընդդիմադիր երկու խմբակցությունները ցանկանում են ստեղծել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով՝ գնահատական տալու Անդրանիկ Քոչարյանի վարքին: Ըստ Թովմասյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շարունակում է կրել պատասխանատվություն պատգամավորի վարքի վերաբերյալ:  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը հորդորեց զերծ մնալ ժամանակավոր հանձնաժողովի կազմումից: Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ հանձնաժողովը պետք է կազմվի խմբակցություններում պատգամավորների համամասնությամբ: «Այսինքն՝ առաջարկված 5–հոգանով խմբում հնարավոր է, որ մեծամասնության քանակն ավելի շատ լինի: Եթե առաջնորդվենք այս կանոնակարգով, մեծամասնության գործունեությունից է կախված լինելու թե որոշումների կայացումը, թե հանձնաժողովի աշխատանքի կենսունակությունը»,–ասաց Ղազարյանը:  Իշխանությունը մտադիր է էթիկայի մշտական հանձնաժողով ձևավորել: Նա նշեց, որ մշտական հանձնաժողովի անդամների քանակությունը լինելու է պարիտետային սկզբունքով: Պատգամավորի խոսքով՝ այդ հանձնաժողովի կենսունակությունը, գործունեությունը և չափորոշիչները հենց հիմա մշակվում են, շուտով կլինեն: «Չշտապենք, այս փուլում զերծ մնանք ժամանակավոր հանձնաժողովի կազմումից»,–նշեց Ղազարյանը: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ մինչև այս նստաշրջանի ավարտը առնվազն առաջին ընթերցմամբ ընդունելու են էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծ: Նա ևս նպատակահարմար չհամարեց ընդդիմության առաջարկած ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ դա լինելու է մեծամասնության հանձնաժողով:  «Ինչ վերաբերում է կոնկրետ պատգամավորի վարքագծին, ապա, եթե պատգամավորի վարքագծում սա պարզապես սայթաքում չէ, մեկ անգամ տեղի ունեցած դեպք չէ, պարբերաբար կրկնվելու է, վաղը մյուս օրն այդ էթիկայի հանձնաժողովը ձևավորվելու է, այդ մարդը վաղ թե ուշ հայտնվելու է էթիկայի հանձնաժողովի տիրույթում»,–ասաց Վարդանյանը:  Երկար քննարկումներից հետո հանձնաժողովի նիստում նախագիծը հավանության չարժանացավ:
16:21 - 25 ապրիլի, 2025
ԱԺ որոշմամբ փոխվեցին ֆիզիկական անձանց՝ հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը և սկզբնաժամկետը

ԱԺ որոշմամբ փոխվեցին ֆիզիկական անձանց՝ հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը և սկզբնաժամկետը

Ֆիզիկական անձանց կողմից հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետ սահմանվեց նոյեմբերի 1-ը՝ 2025 և 2026 թվականների համար, և հուլիսի 1-ը՝ հետագա տարիների համար:  «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ 60 կողմ, 1 դեմ, 29 ձեռնպահ ձայներով: Բացի վերջնաժամկետից՝ սահմանվել է նաև, որ հայտարարագրերի ներկայացման ժամկետի սկիզբը լինելու է մարտի 2-ը:  «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը քվեարկությունից առաջ վարման կարգով հայտնեց, որ իրենք ձեռպահ են քվեարկելու նախագծին. «Չենք կարող կողմ լինել, որովհետև սա կիսատ-պռատ լուծում է, համակարգը պատրաստ չէ, նոյեմբերին ունենալու ենք պրոբլեմներ: Դեմ էլ չենք կարող քվեարկել, քանի որ մայիսի 1-ը այն վերջնաժամկետն է սահմանված, որից հետո սկսվելու է իրավական շղարշով հետապնդումների շարք»: Նախագծի հեղինակը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն է:  Նա երեկ մանրամասնել էր նախագիծը. «Այն մարդիկ, որոնք հայտարարագիր են լրացնում այս տարի նախորդ տարվա եկամուտների համար, իրենց հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է նոյեմբերի 1-ը, և ովքեր հայտարարագիր են լրացնելու հաջորդ տարի այս տարվա եկամուտների համար, իրենց համար նույնպես վերջնաժամկետը դառնում է նոյեմբերի 1-ը:   Նրա խոսքով նաև մարտի 2-ից շուտ հայտարարագիր պետությունը չի ընդունելու, որպեսզի պետական համակարգը հնարավորություն ունենա նաև գործատուներից ու հարկային գործակալներից որոշակի ինֆորմացիա ստանալ և ավելի ամբողջական, ինքնաշխատ տարբերակով լրացնել այդ հայտարարագրերը:
12:16 - 22 ապրիլի, 2025
Մեկնարկել է ԱԺ նիստը. օրակարգում է նաև տրանսպորտում չվճարելու դեպքում տուգանք սահմանելու նախագիծը

Մեկնարկել է ԱԺ նիստը. օրակարգում է նաև տրանսպորտում չվճարելու դեպքում տուգանք սահմանելու նախագիծը

Մեկնարկեց ՀՀ ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը:  Նախ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր պատգամավոր Արտյոմ Մեհրաբյանը երդվեց խորհրդարանում։ ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին ղեկավարը պատգամավորի մանդատ ստացավ Վիլեն Գաբրիելյանի փոխարեն: Օրակարգում 21 հարց է, այդ թվում՝ Երևանի տրանսպորտից օգտվելիս չվճարելու դեպքում տուգանք սահմանելու նախագիծը: Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները ԱԺ մուտքի մոտ են, հարցեր են ուղղում ներս մտնող պատգամավորներին, թե արդյոք կարծո՞ւմ են, որ «քաղաքացին տուգանքի մատերիալ է»: Պատգամավորները չեն պատասխանում նրանց հարցերին: Ըստ նախագծի՝ առանց վճարման կրիչը վավերացում կատարելու տրանսպորտից օգտվելու համար տուգանքը կլինի 10 000 դրամ, վճարի արտոնության կիրառմամբ այլ անձի՝ նշված ծառայություններից օգտվելու համար՝ 15 000 դրամ, որոշակի ժամանակահատվածում անսահմանափակ ուղևորությունների համար վճարված լինելու կամ արտոնություն ստացած լինելու դեպքում ծառայությունից նույն ժամանակահատվածում առանց տրանսպորտային միջոցում վավերացում կատարելու օգտվելու համար՝ 30 000 դրամ: Նիստի սկզբում քննարկվեց համընդհանուր հայտարարագրման համակարգը չեղարկելու նախագիծը օրակարգում ներառելու հարցը: Այն ներկայացրել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը. ԱԺ գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին: ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ դեմ են քվեարկելու նախագիծը օրակարգում ներառելուն: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց. «Սիրելի՛ հայրենակիցներ, ձեզ խաբում են, այս նախագիծը ոչ թե եկամուտների պատկերը ճշտելու նպատակ է հետապնդում, այլ հավելյալ հարկեր մտցնելու նպատակ»: Այս հայտարարությունից հետո ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն արձագանքեց՝ նշելով. «Ընդդիմության նպատակը մեկն է. այնպես անել, որ հնարավորինս քիչ քաղաքացի կարողանա օգտվել սոցիալական կրեդիտներից, որոնք հնարավոր է լինում ստանալ այս նախաձեռնությամբ»: Արծվիկ Մինասյանը վարման կարգով արձագանքեց՝ նշելով, որ ընդդիմության նպատակը «ազգակործան իշխանությանը հեռացնելն է» և քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց խմբակցության անունից:
10:28 - 15 ապրիլի, 2025
Տիկի՛ն դատախազ, Դուք քաղաքական հայտարարություններ չեք անում, բայց քաղաքական պատվեր եք կատարում. Խամոյանը՝ գլխավոր դատախազին
 |tert.am|

Տիկի՛ն դատախազ, Դուք քաղաքական հայտարարություններ չեք անում, բայց քաղաքական պատվեր եք կատարում. Խամոյանը՝ գլխավոր դատախազին |tert.am|

tert.am: Այս դահլիճում ներկա գտնվող յուրաքանչյուր անձնավորություն գիտի, թե հիմա ինչ է այստեղ կատարվում՝ Հովիկ Աղազարյանը հրաժարվել է կատարել Նիկոլ Փաշինյանի խնդրանքը, այսպես կոչված մանդատը վայր դնելու մասով, և Դուք եկել եք նրա հետևից Ազգային ժողով: Այս մասին Աժ-ում պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: «Ուզում եմ այդուհանդերձ 2 դրվագի վրա մենք կանգ առնենք։ Ի՞նչ են ասում մեր գործընկերները։ Հովիկ Աղազարյանի հեռախոսն ինչ-ինչ քրեական գործի շրջանակներում հայտնվել է պատկան մարմինների մոտ։ Հետո այդ հեռախոսի անձնական նամակագրությունները հայտնվել է իշխող ՔՊ վարչության, եթե չեմ սխալվում, 15 հոգանոց կազմի նիստին՝ պարզ տարբերակով մարդիկ ծանոթացել են անձի անձնական նամակագրությանը։ Շատ պարզ հարց են ձեզ տալիս, սա նորմա ՞լ է, թե՞ նորմալ չի։ Տիկին դատախազ, դեկտեմբերի չորսի հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան իմ հարցի, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հեռախոսի ուսումնասիրության ժամանակ պատկան մարմինները հանդիպել են տեղեկությունների, որոնք իրենց մեջ պարունակում են պետական անվտանգության սպառնալիքներ, այդ թվում հակահետախուզական սպառնալիքներ։ Դուք բոլորից լավ եք հասկանում այս բառերի նշանակությունը»,- ասաց պատգամավորը։ Խամոյանը նշեց, որ հիմա Ազգային ժողով եկել է ոչխարների գործով, Հովիկ Աղազարյանի հետևից։ «Սա փաստորեն ձեզ համար հիմք չի հանդիսացել հաղորդում հանցագործության մասին, թե՞ մենք հերթական անգամ կարող ենք արձանագրել, որ ինչպես այս դրվագով, այնպես էլ բազմաթիվ այլ դրվագներով, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստել է և զրպարտել է»,- ասաց պատգամավորը: Վարդապետյանն, ի պատասխան, նշեց, որ ինքը քաղաքական հայտարարություններ չի անում: «Ես ներկայացրել եմ միջնորդագիր, երրորդ անգամ ստիպված եմ կրկնել, որ միջնորդագրի հետ կապ չունեցող և միջնորդագրի շրջանակներում չներկայացված ապացույցի վերաբերյալ որևէ դիրքորոշում չեմ հայտնելու»,- ասաց գլխավոր դատախազը։ «Տիկի՛ն դատախազ, դուք քաղաքական հայտարարություններ չեք անում, ներողություն եմ խնդրում, բայց դուք քաղաքական պատվեր եք անում, որովհետև նույն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը էլի բառացի մեջբերում եմ, հայտարարել է՝ ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ քաղաքական, բարոյական և այլ լծակներ, նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տրված մանդատից զրկելու համար: Դուք հիմա կատարում եք քաղաքական պատվեր, տիկին Վարդապետյան»,- ի պատասխան ասաց Խամոյանը: Վարդապետյանը նորից նշեց, որ քաղաքական հայտարարության չի արձագանքում:
13:52 - 26 մարտի, 2025
ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքն ամբողջությամբ ընդունվեց՝ չնայած ընդդիմության պնդմանը, որ այն բաժակաճառ է

ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքն ամբողջությամբ ընդունվեց՝ չնայած ընդդիմության պնդմանը, որ այն բաժակաճառ է

«Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: ԱԺ-ն այն ընդունեց 64 կողմ, 7 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: «Հայաստան» խմբակցությունը դարձյալ չմասնակցեց քվեարկությանը, ինչպես չէր մասնակցել առաջին ընթերցմամբ քվեարկությանը: Հիշեցնենք, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ փոխվել է օրենքի նախագծի նախաբանը. «Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում է Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկը»: Ի սկզբանե նախաբանը ձևակերպված էր հետևյալ կերպ. «Հայաստանի Հանրապետությունը, արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանի Հանրապետությունը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր, հայտարարում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը»: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց հնչեցրեց, թե ինչու է նախագծից հանվել «արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը» հատվածը, նախագիծը ներկայացնող, նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը նշեց, որ այդ նախադասությունը հանելը չի նշանակում, որ այս նախագիծը չի արտահայտում ժողովրդի կամք. «ԱԺ կողմից ընդունված ակտերը արտահայտում են ժողովրդի կամքը. կարող էր այն ընդգրկված լինել օրինագծում, կարող էր և չլինել»: Ըստ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի՝ այս օրենքը իր տեսքով չի կարող համարվել իրավական ակտ, այլ ավելի շատ հիշեցնում է բաժակաճառ:
11:01 - 26 մարտի, 2025
Քննարկվել են «Հայաստան» խմբակցության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում առաջարկվող լրացումները

Քննարկվել են «Հայաստան» խմբակցության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում առաջարկվող լրացումները

ԱԺ հաղորդագրության համաձայն՝ «Հայաստան» խմբակցության հեղինակած ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին» նախագծով քննարկվել է ԱԺ-ում։ «Նախագծով առաջարկվում է 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել այնպես, որ պակաս չլինի պարենային ամսական զամբյուղի արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը պակաս չլինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից:  Առաջարկվում է նաեւ, որ սպառողական զամբյուղների էներգետիկ արժեքը, դրանում ներառվող սննդամթերքի կազմը, կառուցվածքը սահմանելու իրավասությունը վերապահել Կառավարությանը: «Հայաստան» խմբակցության կողմից արտահերթ համարված օրենքի նախագիծն ԱԺ մարտի 25-ին գումարված հերթական նիստում ներկայացրել է խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Հարակից զեկուցող, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ ներկայացված նախագծի կարգավորումներն իրենց քաղաքական թիմի հանձնառությունն է, որը ստանձնել են 2021 թվականին եւ հաստատել Ազգային ժողովի կողմից ընդունված Կառավարության ծրագրով: Նա ընդգծել է, որ նախորդ 4 տարիների ընթացքում Կառավարությունը հետեւողական է եղել եւ գրեթե 22 տոկոսով ավելացվել են կենսաթոշակի չափերը: «Այս պահին մեր նվազագույն կենսաթոշակը մեկ շնչի հաշվով գերազանցում է պարենային զամբյուղի արժեքը»,- ասել է հանձնաժողովի նախագահը: Անդրադառնալով հանձնաժողովում տրված բացասական եզրակացությանը՝ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ ներկայացված նախագծի կարգավորումներն առկա են նույն օրենքում, ուստի կրկնության կարիք չկա: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի խոսքով Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով աշխատանքի եւ սոցիալական բնագավառում Կառավարությունն արդեն սահմանել է ռազմավարական նպատակ՝ մինչեւ 2026 թվականը քայլեր ձեռնարկելու նվազագույն կենսաթոշակի եւ կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնելու, համապատասխանաբար, պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքներին: Փոխնախարարն ընդգծել է, որ ներկայացված կարգավորումներն առկա են վերոնշյալ ծրագրի 19-րդ կետում, համաձայն որի՝ մինչեւ 2026 թվականը քայլեր են ձեռնարկվելու այդ ուղղությամբ: Կարավարութունը կարծում է, որ ներկայացված օրենքի նախագծի ընդունումը նպատակահարմար չէ: Արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: «Մեր քաղաքական հանձնառություններից մեկն արժանապատիվ կենսաթոշակներ տալն է թոշակառուներին, եւ դրան են ուղղված մեր քաղաքական ու տնտեսական քաղաքականությունները, ինչը մեր ամենօրյա աշխատանքն է»,- ասել է խորհրդարանի փոխնախագահը: ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Թադեւոս Ավետիսյանը: Պատգամավորը նշել է, որ համաշխարհային բանկի հաշվարկով ամենացածր սպառողական զամբյուղը կազմում է 68,000 դրամ, իսկ դա նշանակում է, որ կենսաթոշակը 50,000 դրամից պետք է դառնա 68,000 դրամ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Հայկ Կոնջորյանը: Խմբակցության ղեկավարը, դիմելով կենսաթոշակառուներին, նշել է, որ ընդդիմության ներկայացրած նախագծի նպատակն է ցուցադրել, որ Կառավարությունը չի ուզում բարձրացնել կենսաթոշակները, սակայն, ըստ նրա, դա այդպես չէ: Հայկ Կոնջորյանը եւս ընդգծել է, որ Կառավարության հանձնառությունն է բարձրացնել կենսաթոշակները»,- ասված է հաղորդագրության մեջ:
17:41 - 25 մարտի, 2025
«Ավինյանն անհարգալից արտահայտություն է թույլ տվել քուրդ համայնքի նկատմամբ, դատապարտե՛ք», «Թևավոր խոսք է, ոչ մեկին վիրավորելու նպատակ չի ունեցել». քննարկում՝ ԱԺ-ում 
 |tert.am|

«Ավինյանն անհարգալից արտահայտություն է թույլ տվել քուրդ համայնքի նկատմամբ, դատապարտե՛ք», «Թևավոր խոսք է, ոչ մեկին վիրավորելու նպատակ չի ունեցել». քննարկում՝ ԱԺ-ում |tert.am|

tert.am: Խորհրդարանում մեկնարկել է հերթական քառօրյան: Նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նախ շնորհավորեց քրդերին Նավրոզի առթիվ, ապա անդրադարձավ օրերս ավագանու նիստին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հնչեցրած հայտարարությանը, երբ ընդդիմությանն ասել էր՝ մարդիկ «փափախով քուրդ» չեն, որ ձեզ հավատան: «Քուրդ համայնքը կարևոր դեր ու ներկայություն է ունեցել Հայաստանում և պատահական չէ, որ ՀՀ օրենսդրության համաձայն, քուրդ համայնքը ներկայացնում է պատգամավոր: Պարո՛ն Սիմոնյան, օրերս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անհարգալից արտահայտություն է թույլ տվել քուրդ համայքնի նկատմամբ: Որպես ԱԺ նախագահ, ակնկալում եմ, որ Ձեր կողմից դիրքորոշում կլինի՝ առնվազն դատապարտող կարճ արտահայտություն»,- ասաց Մանուկյանը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ նշեց, որ մեր խոսակցականի մեջ արտահայտություններ կան, որոնք հենց ուղիղ իմաստով չեն գործածվում: «Այսինքն, մենք ասում ենք մի բան, որն ասացվածք է և նպատակ չունենք որևէ մեկին վիրավորելու, տարանջատելու: Մենք հաճախ մեր հարևանների ազգությունն անվանելով՝ փորձում ենք իրար վիրավորել այն պարագայում, որ դա ընդամենն ազգության անվանում է: Վստահ եմ, որ պարոն Ավինյանը ոչ մեկին վիրավորելու նպատակ չի ունեցել, ես դրա մեջ ավելի քան վստահ եմ»,- արձագանքեց Սիմոնյանը:
11:54 - 25 մարտի, 2025
ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության ֆորում կազմակերպելու Շվեյցարիայի առաջնորդությունը հույսի նշան է և կառուցողական ներգրավվածության օրինակ. «Հայաստան» դաշինք

ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության ֆորում կազմակերպելու Շվեյցարիայի առաջնորդությունը հույսի նշան է և կառուցողական ներգրավվածության օրինակ. «Հայաստան» դաշինք

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.   «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցությունն իր երախտագիտությունն է հայտնում Շվեյցարիայի Դաշնային ժողովի երկու պալատներին՝ Ազգային ժողովին և Կանտոնների խորհրդին, «Խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի համար. Հայերի վերադարձի հնարավորությունը» վերնագրով բանաձևի ընդունման կապակցությամբ։ Այս սկզբունքային և ժամանակին կայացված որոշումը վկայում է միջազգային իրավունքին, համամարդկային հումանիտար արժեքներին և ընդգրկուն դիվանագիտությանը Շվեյցարիայի երկարամյա հավատարմության մասին։ Կարևորելով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսություն խթանող հատուկ ֆորումի ստեղծման անհրաժեշտությունը՝ Շվեյցարիան կարևոր շեշտադրում է կատարում՝ պաշտպանելու բնօրրանից բռնի տեղահանված հայերի հավաքական վերադարձի և հիմնարար այլ իրավունքի իրացման ուղղությամբ։ Մենք խորապես գնահատում ենք Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների պատրաստակամությունը՝ աջակցելու և կյանքի կոչելու այս կենսական նախաձեռնությունը և ողջունում ենք Դաշնային խորհրդի առաջիկա դերակատարությունը այն իրագործելու հարցում։ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի, էթնիկ զտման նպատակադրումով և ռազմական գործողություններով ուղեկցված տեղահանումը ոչ միայն լրջագույւն հումանիտար ճգնաժամ է առաջացրել, այլև բարոյական և իրավական լուրջ մարտահրավեր է միջազգային հանրությանը։ Երկխոսության ֆորում կազմակերպելու Շվեյցարիայի առաջնորդությունը հույսի նշան է և կառուցողական ներգրավվածության օրինակ։ Մենք պատրաստ ենք ակտիվորեն աջակցել այս նախաձեռնությանը և սերտորեն համագործակցել շվեյցարացի մեր գործընկերների և բոլոր շահառուների հետ՝ ապահովելու ֆորումի արդյունավետ ընթացքն ու նպաստելու Հարավային Կովկասում հարատև և արդար խաղաղության հաստատմանը»:
18:07 - 21 մարտի, 2025
Այս համաձայնագրի արժեքը նսեմացնելը ՀՀ շահերից չի բխում. Արարատ Միրզոյան

Այս համաձայնագրի արժեքը նսեմացնելը ՀՀ շահերից չի բխում. Արարատ Միրզոյան

Մենք էլ ունենք թերահավատություն Ադրբեջանի նկատմամբ, մեզ մոտ էլ վստահության պակաս կա, մենք էլ ենք տեսնում, որ իրենք կառուցողական չեն, մենք էլ ենք տեսնում, որ իրենք հավելյալ պահանջ են բերում. հարցն այն է, որ այս ախտորոշումը տվեցիք, ձեր գործողությունները՞: Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի դիտարկումներին: Նա, թվարկելով վերոնշյալ մտահոգությունները, հարց էր ուղղել, թե որտեղից է լավատեսությունը, որ Ադրբեջանը պահելու է պայմանավորվածությունները: Միրզոյանն այս համատեքստում անդրադարձավ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի պահանջին՝ հրաժարվելու բանակցություններից, քանի դեռ գերիները ազատված չեն. «Ես կարծում եմ՝ սա ճահճի մեջ ընկղմվելու, ճահիճը մեղմ կատեգորիա է, անդունդի եզրին մոտենալու ամենաուղիղ, կարճ ճանապարհն է»: Գերիների թեմային անդրադառնալով՝ Միրզոյանը հիշեցրեց ԱԳՆ հայտարարությունները՝ Բաքվում անցկացվող դատավարությունների վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստանը հստակ որակումներ է տվել դրանց: Նա դարձյալ հարց ուղղեց, թե ինչ գործողություններ պետք է արվեն այս պարագայում. «Դա կառավարելու միակ ձևը մեր համոզմամբ շարունակական բանակցություններն են, դժվարությամբ, բայց փոխադարձ ընդունելի հիմքերի ստեղծումը: Ընդ որում կոնկրետ համաձայնագիրը, ինչի մասին մենք խոսում ենք, հսկայական պատվանդան է, որի վրա կարելի է կառուցել»: Միրզոյանն ընդգծեց, որ ամեն օր աշխատում են գերիների հարցի լուծման համար, «ցավոք սրտի անհաջող»: Նա նշեց, որ փորձել են նաև համաձայնագրի շրջանակում գերիների հարցին լուծում տալ:  «Խնդիրներ կան, բայց ձեռքբերումներ էլ կան: Այս համաձայնագրի արժեքը նսեմացնելը ՀՀ շահերից չի բխում»:
13:46 - 14 մարտի, 2025
Համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո փոխշահավետ լուծումների կգանք. Միրզոյանը՝ ԵՄ դիտորդական առաքելության մասին

Համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո փոխշահավետ լուծումների կգանք. Միրզոյանը՝ ԵՄ դիտորդական առաքելության մասին

Համաձայնագրի ստորագրումից հետո ԵՄ քաղաքացիական առաքելության հետ համագործակցության մասով ընդունելի, փոխշահավետ լուծումների կգանք: Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը խստորեն ընդդիմացող և դրանից դժգոհող և այժմ առաքելությանը չափազանց հոգատար վերաբերվող և կարևորող մեր գործընկերներին (ընդդիմությանը՝ խմբ.) ուզում եմ վստահեցնել, որ երբ այս համաձայնագիրը կստորագրվի, կվավերացվի և ուժի մեջ կմտնի, մենք մեր ԵՄ գործընկերների հետ քաղաքացիական առաքելության հետ համագհործակցության մասով ընդունելի, փոխշահավետ լուծումների կգանք»,-  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն արձագանքեց, որ ընդդիմությունը ընդդիմանում է և շարունակելու է ընդդիմանալ Ադրբեջանի բոլոր պայմանները կատարելու իշխանության «մարմաջին»: «Հայաստանում դուք բերել եք ԵՄ դիտորդներին, բնականաբար դեմ ենք, որ Ադրբեջանի պահանջով առանց քննարկելու հանում եք նրանց սահմանից: Դա է ընդդիմության խնդիրը»,- հավելեց Վարդանյանը: Հիշեցնենք, որ մարտի 13-ին նախ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, իսկ ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։  ԱԳՆ-ից նշեցին՝ ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Հիշեցնենք, որ խաղաղության պայմանագրի շրջանականերում կողմերը չէին համաձայնեցրել երկու կետ. միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։ Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Մայր օրենքը՝ խնդրահարույց համարելով նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, որում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։
12:25 - 14 մարտի, 2025
Գույքահարկի բեռը չի նվազի. կառավարությունը դեմ է փոփոխություններին
 |civilnet.am|

Գույքահարկի բեռը չի նվազի. կառավարությունը դեմ է փոփոխություններին |civilnet.am|

civilnet.am: Մարտի 13-ին կառավարությունը կրկին բացասական եզրակացություն տվեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախագիծը, որը նախատեսում էր չեղարկել գույքահարկի մոտ 30 տոկոսային ավելացումը։ Նախագիծը ներառվել էր զեկուցվող հարցերի ցանկում և հիմնավորվում էր նրանով, որ ներկայիս հարկային համակարգը լրացուցիչ ծանրություն է ստեղծում հատկապես սոցիալապես անապահով քաղաքացիների համար։ Ընդդիմադիր պատգամավորները նշել էին, որ արդեն իսկ ցածր արժեք ունեցող անշարժ գույքի սեփականատերերը հարկվում են, մինչդեռ նախկինում այս խումբը գույքահարկից ազատված էր։ Նախագծի հեղինակները պնդում են, որ եթե փոփոխությունը չեղարկվի, ապա 2026 թվականի հունվարի 1-ից գույքահարկի բեռը կավելանա ևս 30 տոկոսով, ինչը, ըստ նրանց, անարդար և հակասոցիալական մոտեցում է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախաձեռնությանը, հիշեցրեց, որ գույքահարկի բարձրացման ծրագիրը նախատեսված էր դեռ 2018-19 թվականներին, երբ կառավարությունը ներդրեց համահարթ եկամտային հարկը։ «Այժմ ունենք 20 տոկոս եկամտային հարկ։ Այն ժամանակ ընդդիմադիրները ցույցեր էին անում, պնդելով, որ մենք խորացնում ենք սոցիալական անարդարությունը։ Սակայն մենք նշել էինք, որ դա միակողմանի քայլ չէ, և հաջորդիվ պետք է ավելացվեր գույքահարկը, ինչը և արվել է»,- ասաց նա։ Վարչապետը նաև ընդգծեց, որ այս հարկային քաղաքականության արդյունքում համայնքների բյուջետային մուտքերը կրկնապատկվել են, քանի որ պետական բյուջեն այս փոփոխությունից չի ստանում որևէ գումար, իսկ ողջ եկամուտն ուղղվում է համայնքներին։ «Ընդհանրապես խոսել այս համակարգի դեմ, նշանակում է, որ մեր գյուղերը պետք է մնան ցեխի մեջ»,- ընդգծեց վարչապետը՝ հորդորելով նախագծի կողմնակիցներին գնալ սահմանապահ գյուղեր ու տեսնել՝ ինչ փոփոխություններ են տեղի ունենում։ Ավելի վաղ գործադիրը բացասական եզրակացություն էր տվել ընդդիմադիրների մեկ այլ նախագծին՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը չեղարկելու վերաբերյալ։
12:42 - 13 մարտի, 2025