2020 թ․ հոկտեմբերի 21-ին Քիմիկների զորամասի անձնակազմին տրված մարտական առաջադրանքի շուրջ դատարանում երեկ հարցաքննվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Եղվարդի զինվորական կոմիսարիատի բաժնի պետ Արարատ Մանուչարյանը։ Նա այն գնդապետն է, որն ի սկզբանե հրաժարվել է քիմիկներին Կիրի հանք ուղեկցելու՝ իր ձեւակերպմամբ առաջարկից։
Հենց Կիրի հանքում, ըստ մարտական կարգադրության, քիմիկները պետք է Սանրում գործողության միջոցով հայտնաբերեին եւ ոչնչացնեին հակառակորդի ներթափանցած խմբերին։ Բայց քանի որ նրանք Էջմիածին քաղաքից էին, անհրաժեշտ էր, որ տեղանքին ծանոթ մեկը նրանց ուղեկցեր նշված հատված։
Մանուչարյանի հրաժարվելուց հետո ուղեկցման գործառույթը բաշխվել է կամավորականներ Արման Նուրիջանյանի եւ Համբարձում Փարամազյանի միջեւ։ Արդյունքում, սակայն, ստացվել է այնպես, որ Կերեն գյուղում տեղակայված ոստիկանական հենակետում իջնելու փոխարեն անձնակազմը հասել է դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական քաղաք (Զանգելան), որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ։ 5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի եւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։
Կատարվածի համար այժմ մեղադրյալի աթոռին են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը եւ Քիմիկների զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը։ Նրանք մեղադրանքները չեն ընդունում։
Գնդապետի խոսքով՝ ինքը հրաժարվել է ուղեկցումից այլ առաջադրանք ունենալու պատճառով
Վկա Արարատ Մանուչարյանը դատարանին հայտնեց, որ ՀՀ զինված ուժերում ծառայել է 1992-2018 թթ-ին, ծառայության բերումով ճանաչում է Անդրանիկ Մակարյանին, իսկ Արսեն Աբգարյանին առաջին անգամ Կապանում է տեսել։
Եղվարդից Կապան Մանուչարյանը մեկնել է հոկտեմբերի 19-ին, իր խոսքով՝ կամավոր․ «Նոր բրիգադ պիտի ստեղծվեր, ասացին՝ օգնության կարգով պահեստզորի նախկին ծառայողներն այնտեղ են, սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ, ես էլ համաձայնվեցի, գնացի, որ ընդգրկվեմ ինքնապաշտպանական բրիգադում»,– պատմեց նա։
Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ին, խորհրդակցություն է հրավիրվել, որը ղեկավարել էր ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը։ Ներկա են եղել մի շարք զինվորականներ, այդ թվում՝ ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար, գնդապետ Վարդան Ալեքսանյանը։ Հենց նրան է հանձնարարվել կազմակերպել ուղեկցման գործընթացը։
Մեղադրող Դավիթ Նավասարդյանը
Մեղադրող Դավիթ Նավասարդյանի հարցին, թե ինչի վերաբերյալ էր խորհրդակցությունը, վկան պատասխանեց՝ Զանգելանի․ «Որոշվեց, որ երկու ուղղությամբ գնան, ուսումնասիրեն տեղանքը, թույլ չտան, որ հակառակորդը խորանա»,- ասաց նա։ Նավասարդյանի հարցին՝ կասկածներ կայի՞ն հակառակորդի գտնվելու վայրի հետ կապված, վկան պատասխանեց․ «Զանգելանի տարածքում, կոնկրետ որտեղ՝ չեմ կարող ասել, քաղաքը՝ իր արվարձաններով։ [Վարդան Ալեքսանյանը] ինձ առաջարկեց, որ ես քիմիկների հետ գնամ, որ ցույց տամ ճանապարհը, ես էլ ասացի, որ ագարակցիների հետ պայմանավորված եմ, Ագարակ պիտի գնամ, դրա համար հրաժարվեցի։ Դրանից հետո ինչ խնդիր է դրվել՝ չեմ կարող ասել, ես դուրս եմ եկել, գաղտնիություն պիտի պահվեր»,– նշեց վկան։
– Մինչ առաջարկ հնչեցնելը ի՞նչ է ասվել, ո՞ւր էր պետք գնալ, ո՞ւր ուղեկցել,– հարցրեց մեղադրողը։
– Պիտի գնային, Կիրի հանք չհասած՝ իջնեին, ուսումնասիրեին․․․ Զանգելանից մոտ 4 կմ հետ,– պատասխանեց վկան։
– Դա ո՞վ է ասել։
– Երեւի թե Մակարյանը։
– Ինչո՞վ է պայմանավորված Ձեր կասկածը։
– Խորհրդակցությունը նա էր վարում, նա պիտի ասած լինի։
– Քարտեզներ եղե՞լ են։
– Չեմ կարող ասել, գուցե իմ գնալուց հետո են տվել։
Մեղադրող Դավիթ Նավասարդյանը ընդգծեց՝ ըստ համապատասխան կարգադրության՝ ուղեկցումը պետք է կազմակերպվեր տեղական ինքնապաշտպանական ուժերով, ապա դիմելով վկային՝ հարցրեց՝ արդյո՞ք ինքը հանդիսանում էր այդպիսին։ Վկան դժվարացավ հստակ պատասխանել, ասաց՝ ինքը տեղի բնակիչ չէր, իր խնդիրը նոր բրիգադն էր։
Դատավարության մասնակիցները հետաքրքրվեցին, թե վկան ինչ նպատակով եւ ում հրամանով պիտի գնար Ագարակ, ինչին ի պատասխան՝ նա ասաց․ «Հրաման չէր, ես ու Վարդան Ալեքսանյանն էինք որոշել Կապանի համայնքապետի հետ միասին․․․ Գյուղի դիրքերը առաջ տալու համար»։ Այս դեպքում անհասկանալի է՝ եթե Վարդան Ալեքսանյանը արդեն իսկ տեղյակ էր վկայի այդ որոշման մասին, ինչու էր նրան նոր՝ ուղեկցման առաջարկ անում։
Քիմիկների հրամանատար Արսեն Աբգարյանի պաշտպան Դավիթ Դավիդյանը հարց հղեց՝ եթե վկան այլ առաջադրանք է ունեցել, ինչո՞ւ է մասնակցել այդ խորհրդակցությանը, չէ՞ որ այդտեղ, ինչպես ինքը նշեց իր ցուցմունքում, գաղտնիության ռեժիմ էր գործում։ Վկան պարզաբանեց՝ խորհրդակցությանը քննարկվելու էին այլ հարցեր եւս, այդ թվում՝ զենք–զինամթերքի հետ կապված։ Պաշտպանը, սակայն, չընդունեց այս պատասխանը։
Ձախից՝ մեղադրյալ Արսեն Աբգարյանը, պաշտպան Դավիթ Դավիդյանը
– Ըստ մարտական կարգադրության՝ խորհրդակցությունը վերաբերում էր միայն «Մակարյան» օպերացիայի իրականացմանը։ Սա ոչ ինձ է թվում, ոչ Ձեզ, սա հաստատված փաստական հանգամանք է,– արձագանքեց Դավիդյանը՝ դարձյալ հարցնելով՝ վկան որպես ի՞նչ է ներկա եղել։
– Որպես Ալեքսանյանի տեղակալ,– պատասխանեց Մանուչարյանը։
–Տեղյա՞կ եք, որ դեպի Կիրի հանք ուղեկցող նշանակելու պարտականությունը դրված էր Ալեքսանյանի վրա։
–Ոչ․․․ Էնքանով էր դրված, որ երբ ինձ առաջարկվեց, ես հրաժարվեցի, ասաց՝ այդ հարցը մենք կլուծենք։
– Մենք խոսում ենք զինվորական ծառայության մասին, որտեղ առաջարկ տերմին չկա։ Կա կարգադրություն, կա հրաման եւ հրամանի կատարում։ Իմանալով, որ տեղանքին ծանոթ եք, Ձեզ է հրամայել, ճի՞շտ է։
– Ինձ առաջարկել են, չեն հրամայել,–պնդեց վկան։
– Դուք հրաժարվում եք, համայնքապետ Արթուր Մանուչարյանն ասում է՝ բենզին չունեմ, վարորդը ճանապարհի կեսն է ուղեկցում։ Ըստ Ձեզ՝ տարակուսելի չէ՞, ինչո՞վ է պայմանավորված այս խուսափումը, ի՞նչ է տեղի ունեցել, որ դուք գիտեիք,– հարցրեց Դավիդյանը։
– Ես տեղյակ չեմ,– պատասխանեց վկան։
Վկայի խոսքով՝ զորքը չի իջել այնտեղ, որտեղ պիտի իջներ
Վկա Արարատ Մանուչարյանը պատմեց, որ հոկտեմբերի 20-ին, ինչպես եւ որոշած էր, պատրաստվում էր մեկնել Ագարակ, երբ Վարդան Ալեքսանյանը զանգահարել է իրեն եւ ասել, որ քիմիկների անձնակազմի հետ կապը կորել է։ Արդյունքում, վկան թողել է Ագարակի իր անելիքը եւ ուղեւորվել քիմիկների հետեւից։ Հասնելով ոստիկանական հենակետ, որտեղ, ըստ կարգադրության, զորքը պիտի իջներ, իմացել, որ զորքը եկել, անցել է․
– Համապատասխանո՞ւմ էր օպերացիային այդ գալ–անցնելը,- հարցրեց մեղադրողը։
– Ես չեմ կարող ասել՝ խնդիրը ոնց էր դրվել։
– Այնքան, որքան ներկա եք եղել խորհրդակցությանը, ասացիք՝ հանք չհասած պիտի իջնեին՝ ոստիկանակետից 2–3 կմ հետո։
– Հա, հանքի ու ոստիկանակետի արանքում։
– Իսկ իջե՞լ են այդտեղ։
– Չէ, մի վարորդը որ հետո հետ է եկել, ասել է՝ Զանգելան են հասել, Զանգելանի արվարձաններում հանդիպել են հակառակորդի։ Մենք էլ պիտի գնայինք, հասնեինք նրանց հետեւներից,– պատասխանեց Մանուչարյանը։
Նա պատմեց, որ այդ ոստիկանի եւ վարորդի հետ ուղեւորվել է դեպի Զանգելան, բայց այդպես էլ չկարողացավ հստակեցնել, թե շրջափակման մեջ ընկած զորքին 3-ով ինչպես պիտի օգնություն ցույց տային, այն էլ՝ առանց զենք-զինամթերքի․
– Տվյալներ ունեի՞ք, որ շրջափակման մեջ են։
– Չէ։
– Գիտեի՞ք, որ հնարավոր է փոխհրաձգություն է վայրում։
– Ոստիկան ասաց՝ կրակոցներ եղել են։
Փոխգնդապետ Արմեն Հովհաննիսյանի եւ վարորդի հետ ուղեւորվել են մինչեւ Զանգելանի արվարձաններ․ «Հասել ենք քանդված տների մոտ՝ չբնակվող տարածքներ, որտեղ հակառակորդը անկանոն կրակում էր մեր ուղղությամբ, մոտ 15 հոգի կլինեին՝ 400-500 մ հեռավորության վրա»։ Վկայի խոսքով՝ այդտեղից փոքր-ինչ հետ են եկել, որից հետո ինքը վարորդին ու ոստիկանին հետ է ուղարկել, ասել՝ ոչ մեկին չթողնի առաջանալ, իսկ ինքը բարձրացել է բլրի վրա եւ շարունակել դիտարկել հակառակորդին, իր խոսքով՝ մոտ 5-6 ժամ․ «Գնացել էի, որ հանդիպեմ զորքին, բայց ռացիա չունեի, բջջային կապն էլ գնում–գալիս էր, հասցրել եմ զանգել, ասել՝ մարդ ուղարկեն, որ դիրքավորվեն»,– նշեց վկան։ Դատավարության մասնակիցների համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե նա միայնակ այդքան երկար ինչ պետք է աներ այդտեղ։ Նրա անորոշ պատասխանները զայրացրին տուժողների իրավահաջորդներին։ Վերջիններս քանիցս հայտարարեցին, որ վկան սուտ ցուցմունք է տալիս․
Տուժողների իրավահաջորդները
– Մի՞շտ եք փուռը տալիս տղերքին, լավ ծախեցի՞ք, համբա՛լ:
Դատավոր Սարգիս Դադոյանը նկատողություն արեց անհետ կորած զինծառայողի մորը՝ հիշեցնելով, որ նա դատարանում է գտնվում։
– Բա իմ տղան որտե՞ղ է գտնվում,– վրդովվեց մայրը՝ հավելելով․ «Ավինյանի հորը կարելի՞ է ասել համբալ, ինձ չէ՞․․․ Տղերքը գան, կաշիդ են քերթելու»։
Տուժողի իրավահաջորդ Անահիտ Ադոյանը հիշեցրեց փրկված զինվորներից մեկի՝ դատարանում հնչեցրած այն խոսքերը, թե հարձակումից հետո, երբ ինքը պատսպարված է եղել, լսել է, որ ինչ–որ մեկը եկել, ասել է՝ «Կամո–Կամո, ոնց պայմանավորվել էինք, ապրանքը տեղ հասավ»։ Նա կասկած հայտնեց, որ իր խոսքով այդ «շպիոնը» հենց Արարատ Մանուչարյանն է եղել։
Վկայի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ նիստին։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)