«Հաշվի առնելով հանրային հետաքրքրության բարձր աստիճանը, տեղեկացնում եմ, որ Դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական վարույթով ՀՀ ԲԴԽ կողմից կայացված չվերանայելու մասին որոշման կապակցությամբ ՄԻԵԴ է ներկայացվել հերթական գանգատը:
Հիշեցնենք՝ 2023 թ․-ին ԲԴԽ-ն դադարեցրել էր Երեւանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները, ինչից հետո վերջինս դիմել էր Սահմանադրական դատարան (ՍԴ-ն ստուգման է ենթարկում ոչ թե ԲԴԽ–ի որոշումը, այլ դրանում կիրառված այս կամ այն օրենքի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը)։ ՍԴ-ն որոշել էր, որ հրապարակայնության սկզբունքին եւ դատական սանկցիա կիրառելուն վերաբերող նորմերը ԲԴԽ-ն Հարությունյանի նկատմամբ Սահմանադրությանը չհամապատասխանող մեկնաբանությամբ է կիրառել, ինչը գործի վերանայման հիմք է։
Դատավոր Դավիթ Հարությունյանը վերանայման դիմում էր ներկայացրել, սակայն Խորհուրդը մերժել էր այն։
Մեր զրույցում Զորայր Հարությունյանը սա բացատրել է նրանով, որ ԲԴԽ-ն խուսափել է բանավոր ընթացակարգով դռնբաց քննություն իրականացնելուց, ինչի արդյունքում էլ կրկին խախտվել է դատավորի արդար դատաքննության իրավունքը, եւ չեն վերականգնվել Սահմանադրական դատարանի արձանագրած խախտումները։
Նշենք, որ Դավիթ Հարությունյանի՝ Հայաստանի դեմ ներկայացրած մյուս գանգետն էլ վերաբերում է բուն կարգապահական վարույթին։ Համաձայն չլինելով իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժին եւ չունենալով բողոքարկման ներպետական ատյան՝ դատավորը դիմել է Եվրոպական դատարան։
comment.count (0)