«Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:
ԱԺ-ն այն ընդունեց 64 կողմ, 7 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:
«Հայաստան» խմբակցությունը դարձյալ չմասնակցեց քվեարկությանը, ինչպես չէր մասնակցել առաջին ընթերցմամբ քվեարկությանը:
Հիշեցնենք, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ փոխվել է օրենքի նախագծի նախաբանը. «Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում է Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկը»:
Ի սկզբանե նախաբանը ձևակերպված էր հետևյալ կերպ. «Հայաստանի Հանրապետությունը, արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանի Հանրապետությունը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր, հայտարարում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը»:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց հնչեցրեց, թե ինչու է նախագծից հանվել «արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը» հատվածը, նախագիծը ներկայացնող, նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը նշեց, որ այդ նախադասությունը հանելը չի նշանակում, որ այս նախագիծը չի արտահայտում ժողովրդի կամք. «ԱԺ կողմից ընդունված ակտերը արտահայտում են ժողովրդի կամքը. կարող էր այն ընդգրկված լինել օրինագծում, կարող էր և չլինել»:
Ըստ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի՝ այս օրենքը իր տեսքով չի կարող համարվել իրավական ակտ, այլ ավելի շատ հիշեցնում է բաժակաճառ:
comment.count (0)