Մենք ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|
11:48 - 28 մայիսի, 2025

Մենք ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայ ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտությունը չկա, որովհետև երազանքներն իրագործված են, հայրենիքը՝ գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության:

Այս մասին շեշտեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հուշահամալիրից Հանրապետության օրվա առիթով հղած իր ուղերձում: 

«Այսօր նշում ենք Հանրապետության տոնը, որը կապված է մեր հազարամյա պատմության մի հիրավի շրջադարձային իրադարձության՝ Առաջին Հանրապետության հիմնադրման հետ: Սարդարապատի հերոսամարտով առարկայացած Առաջին Հանրապետությունը երկար կյանք չունեցավ: Նրա գոյությունը տևեց ընդամենը 2 տարի, մի քանի ամիս: Բայց Առաջին Հանրապետությունը մեզ 4.5 դար պետականազուրակ եղած ազգից կրկին վերածեց պետականակերտ ժողովրդի, և մեր պատմության մեջ առաջին անգամ նախանշվեց մի պետական համակարգ՝ հանրապետություն, որտեղ իշխանության տերը ՀՀ ժողովուրդն է: Եվ նա է, որ ընտրությունների միջոցով որոշում է, թե ով և ինչպես պետք է կառավարի պետությունը»,- ասաց Փաշինյանը:

Նա նկատեց՝ Առաջին Հանրապետությունը թարմացրեց, բայց չամրապնդեց պետականության ընկալումը, սերմանեց, բայց չարմատավորեց ժողովրդապետությունն ու ազատությունը, որովհետև դրա ժամանակը չունեցավ: Վարչապետը հավելեց՝ իսկ Խորհրդային Միության գոյության գրեթե ողջ ընթացքում Առաջին Հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի ու արհամարհանքի առարկա դարձավ: 

«Կայսրությունը դրանով նպատակ էր հետպանդում ոչնչացնել անկախ պետության այն ծիլերը, որ մեր գիտակցության մեջ կարող էր վերընձյուղած լինել Առաջին Հանրապետությունը: 1991 թվականին, երբ Հայաստանը կրկին անկախացավ, թվում էր, որ 70-ամյա պրոպագանդան խորը հետք չի թողել մեզանում, անկախ և ինքնուրույն լինելու մեր վախերը հաղթահարված են: Բայց հիմա արդեն Երրորդ Հանրապետության պատմության հետահայաց վերլուծությունն ակնհայտ է դարձնում, որ պետականության նկատմամբ քամահրանքը, ինքնիշխանությունից և ինքնուրույնությունից մեր վախերը լիարժեք հաղթահարված չեն: Պատմությունն ու աշխարհը մենք շարունակում ենք հաճախ ընկալել այն բանաձևերով, որ ԽՍՀՄ կայսերական քարոզչությունը հետևողականորեն սերմանել է մեզնում: Այս է պատճառը, ու համոզված եմ, մեր պետության և մեր ինքնության հարատևությունն ապահովելու համար առաջին հերթին հենց սա պետք է հաղթահարենք: Ինչի արդյունքում կկարողանանք արձանագրել ու մարսել մի քանի առանցքային իրողություն»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը թվարկեց այդ իրողությունները:

«Իրողություն թիվ մեկ՝ մեր ինքնությունը մեր պետությունն է։ Մեր պետությունն է մեր ինքնությունը, որովհետև բոլոր այն հատկանիշները, որ պայմանավորում են մեր ինքնությունը, ձեռք են բերվել, ձևավորվել ու հաստատվել են պետականության շնորհիվ, այսինքն՝ պետականության գոյության պայմաններում»,- նշեց նա: 

Իրողություն թիվ երկու՝ 29 հազար 743 քառ. կմ միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտությունն է: 

«Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտությունը չկա, որովհետև մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը՝ գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության: 2020 թվականից ի վեր անցնելով դաժան փորձությունների միջով, մեր նահատակների կյանքի գնով՝ մենք մեր ինքնիշխանությունը զարգացնելու, պետականությունը գիտակցելու ու հարատև դարձնելու պատմական հնարավորություն ենք ստացել: Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ»,- շեշտեց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ երրորդ իրողությունը հետևայլն է. վերջին 4.5 դարերի պատմությունը, պատմական Հայաստանը հիմնական ուղերձ են հղում՝ «մի կրկնեք այդ պատմությունը, մի գնացեք իմ ճանապարհով, մի կրկնեք ինձ»:

Վարչապետը վստահեցրեց, որ ՀՀ ժողովրդի ընտրությամբ ձևավորված կառավարությունն ըմբռնել ու իրագործում է պատմական այս ուղերձը: 

Ըստ նրա՝ չորրորդ իրողությունը հետևյալն է՝ արտաքին ուժերի կողմից երաշխավորված անվտանգությունը խաբուսիկ է:

«Մենք ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը: Եվ այդ անվտանգության երաշխավորման գործուն միջոցներն են առաջին հերթին քաղաքական, դիվանագիտական գործիքները, անմիջական հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, հարևանների և ոչ թե հեռավորների հետ խաղաղություն հաստատելը և այս հենքի վրա բալանասավորված և բալանասավորման արտաքին քաղաքականություն վարելն ու նրա ստեղծած հնարավորությունները»,- նշեց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել