Վանաձորի համայնքապետարանի աշխատակցին փոխկապակցված ընկերությունը 188․5 մլն դրամի պայմանագրեր է կնքել համայնքի հետ
19:23 - 23 հունիսի, 2025

Վանաձորի համայնքապետարանի աշխատակցին փոխկապակցված ընկերությունը 188․5 մլն դրամի պայմանագրեր է կնքել համայնքի հետ

Վանաձորի համայնքապետարանը 2021-2025 թվականներին 188․5 միլիոն դրամի գնման պայմանագիր է կնքել համայնքապետարանի աշխատակցին փոխկապակցված ընկերության հետ։

«Պագամի» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2002 թվականին և, ըստ ՊԵԿ-ի տվյալների,  զբաղվում է մաքրման աշխատանքներով։ Ընկերության սեփականատերն ու տնօրենը Գրիշա Պառավյանն է։ Նա նախկինում եղել է Վանաձորի համայնքապետարանի համատիրությունների ու բնակարանային տնտեսության բաժնի պետը։  2016-2019 թթ․ «Պագամի» ՍՊԸ-ի տնօրենը եղել է Գրիշա Պառավյանի որդին՝ Միհրան Պառավյանը, որն այժմ աշխատում է Վանաձորի համայնքապետարանում՝ որպես ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի ավագ մասնագետ։

«Պագամի» ՍՊԸ-ն Վանաձոր համայնքի գնումներին սկսել է մասնակցել և հաղթել դեռ 2017 թվականից։ Միայն 2021-2025 թթ․-ին ընկերությունը հայտ է ներկայացրել համայնքի հայտարարած 16 գնման ընթացակարգերում, որից 14-ում ճանաչվել է հաղթող մասնակից՝ կնքելով ընդհանուր շուրջ 188․5 մլն դրամի պայմանագիր։

Ընկերությունը պայմանագրեր է կնքել Վանաձոր համայնքի տարբեր գոտիներում սանիտարական մաքրման և կենցաղային աղբահանության ծառայություններ մատուցելու համար։ 

«Պագամի» ՍՊԸ-ն միակը չէ, որ շարունակ հաղթել է այդ ընթացակարգերում։ 2021-2025 թթ. ընթացքում համայնքը հայտարարել է սանիտարական մաքրման 27 մրցույթ, որոնց տարբեր հաճախականությամբ մասնակցել է 10 ընկերություն և անհատ ձեռնարկատեր։ Դրանցից հինգը՝ «Վանաձորի Սանմաքրում» ԲԲԸ-ն, «Գարիկ Ղափանյան» Ա/Ձ-ն, «Աշոտ Մկրտչյան», «Էկովան» և «Պագամի» ՍՊԸ-ները, ամենաակտիվ մասնակիցներն են եղել։


2021-2025 թթ․-ին, համայնքի հետ ամենախոշոր պայմանագրերը կնքել են «Էկովան» ՍՊԸ-ն՝ մոտ 278 մլն դրամ, «Վանաձորի Սանմաքրում» ԲԲԸ-ն՝ 229 մլն դրամ,  «Պագանի»  ՍՊԸ-ն՝ 188․5 մլն դրամ, «Աշոտ Մկրտչյան» ՍՊԸ-ն՝ 138 մլն դրամ։

 

Համայնքի ավագանու անդամի ընկերությունը հաղթել է համայնքի գնումների ընթացակարգերում

 

Գևորգ Հարությունյանը 2021 թվականից ստանձնել է Վանաձոր համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամի պաշտոնը։ Նրան է պատկանում շենքերի և շինությունների տեխնիկական հետազննում իրականացնող «Ռիգ» ՍՊԸ-ն։ Ընկերությունը 2024 թվականին մասնակցել է համայնքում հայտարարաված ընթացակարգերից 7-ին, որից 4-ում հաղթել է։

Ընկերությունն իրականացրել է համայնքի մի քանի փողոցների կոյուղագծերի հիմնանորոգման աշխատանքներ։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը մոտ 4 մլն դրամ է։ Հատկանշական է, որ Գևորգ Հարությունյանը 2021-2022 թվականների հայտարարագրերում չի նշել իր մասնակցությունը «Ռիգ» ՍՊԸ-ում։ 

Վերոնշյալ երկու ընկերությունների՝ համայնքի գնումներում հաղթելու թեմայով հարցադրումներ ենք արել Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանին․ խնդրել ենք պատասխանել՝ արդյոք համայնքապետը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղեկացրե՞լ է իր գործողությունների արդյունքում շահերի բախման իրավիճակի առաջացման մասին։ Համայնքապետը, սակայն, մեր հարցերին չի պատասխանել։

Այս թեմայի մասին փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Գևորգ Հարությունյանից, որի հետ, սակայն, կապ հաստատել չհաջողվեց։

 

Ի՞նչ որոշումներ ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը համանման դեպքերի վերաբերյալ

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախման վերաբերյալ նախկինում իր կայացրած որոշումներում (1,2,3) արձանագրել է, որ որևէ ձևով դրսևորված փոխկապակցվածության դեպքում տվյալ պաշտոնյան մինչև որոշում ընդունելը կամ գործողություն կատարելը պարտավոր է շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին Հանձնաժողովին գրավոր հայտարարություն ներկայացնել: 

Հիշեցնենք, որ Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում առավելագույն ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի առաջին համար Մամիկոն Ասլանյանի կալանավորումից հետո։ 

Փելեշյանը եղել է «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» նախընտրական ցուցակը գլխավորողը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրելի համայնքապետի թեկնածուն։ 

Հաշվի առնելով այս փաստը՝ Արկադի Փելեշյանը, որպես համայնքային գնումների պատվիրատուի ղեկավար, պարտավոր էր շահերի բախման դեպքում գրավոր հայտարարություն ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, իսկ այն, որ համայնքային գնումներին մասնակցում և հաղթում է իր հետ քաղաքական կապ ունեցող ավագանու անդամի ընկերությունը, արդեն շահերի բախման իրավիճակ է։ Նա այդ հայտարարությունը պետք է ներկայացներ նաև այն դեպքում, երբ համայնքային գնումներին մասնակցում և հաղթում էր իր հետ գործնական կապ ունեցող աշխատակցին փոխկապակցված ընկերությունը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացանք, որ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը 2021-2025 թվականներին շահերի բախման իրավիճակների վերաբերյալ գրավոր հայտարարություններ չի ներկայացրել Հանձնաժողով։

Համայնքները գնումների գործընթացում հաճախ առաջնորդվում են բացառապես «Գնումների մասին» օրենքով՝ հաշվի չառնելով շահերի բախման ռիսկերի վերաբերյալ այլ իրավական կարգավորումները։ Մենք առանձնացրել ենք այն կարևոր հոդվածները, որոնցում առկա են նման կարգավորումներ։ 

Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն չներկայացնելը առաջացնում է 300 000 դրամի չափով տուգանքի նշանակում։

Այսպիսով, չնայած Վանաձոր համայնքի ղեկավարը պարտավոր էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել շահերի բախման իրավիճակի վերաբերյալ հայտարարություն և ձեռնպահ մնալ այդ հարցի վերաբերյալ գործողություններ կատարելուց, այնուհանդերձ մի դեպքում՝ համայնքապետարանի աշխատակցին, մյուս դեպքում՝ ավագանու անդամին փոխկապակցված ընկերությունների հետ վերջին 5 տարվա ընթացքում կնքել է ընդհանուր շուրջ 192․5 մլն դրամի պայմանագիր։ 

 

Սուսինա Խաչատրյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել