Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով կարճման որոշումը տուժողները չեն ստացել, սա հիմք է գործը վերաբացելու համար. փաստաբան |forrights.am|
06:39 - 24 հոկտեմբերի, 2019

Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով կարճման որոշումը տուժողները չեն ստացել, սա հիմք է գործը վերաբացելու համար. փաստաբան |forrights.am|

forrights.am։ 1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչությունից 20 տարի անց, անգամ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո հանրության մոտ նույն կասկածները մնացել են, որ ահաբեկչությունը կազմակերպիչներ ուներ: Միակ նորությունը վերջին տարվա ընթացքում այն էր, որ ինչպես հաստատեց ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը, Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակալ է եղել: Սա, սակայն, նոր հանգամանք չդիտվեց գործը վերաբացելու համար:

Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի պաշտպան Աշոտ Սարգսյանը, մինչդեռ, հիմք տեսնում է Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացելու համար:

«Կազմակերպիչների մասով գործից մաս էին անջատել, որը անհասկանալի կարճեցին: Մենք լրատվությունից էինք իմացել, որ գործը կարճվել է, բայց կարճման որոշումը չէինք ստացել: Տուժողն իրավունք ունի բողոքարկել գործի կարճման որոշումը, բայց որոշումը մեզ չի տրամադրվել, որ մենք իմանայինք՝ ինչ հիմքով է կարճվել գործը»,- ասաց փաստաբանը՝ համոզմունք հայտնելով, որ դա այսօր էլ հիմք է գործը վերաբացելու համար:

«Համոզված եմ, որ գործով 86 տուժողներն էլ չեն տեսել կարճման որոշումը: Ակնհայտ ապօրինություն է, որ գործը կարճելուց հետո տուժողներին տեղյակ չեն պահել»,-հավելեց նա:

2000թ. հուլիսի 11-ին առանձին վարույթ անջատվեց մայր գործից՝ «հնարավոր կազմակերպիչներին, օժանդակողներին, դրդիչներին, նաեւ հանցագործությունը կանխելու, խափանելու հնարավորություն ունեցած պաշտոնատար անձանց» հայտնաբերելու համար: Այս գործով նախաքննությունը կարճվեց 2004 թ-ին՝ առանց կազմակերպիչներ կամ օժանդակողներ հայտնաբերելու: Այն ժամանակվա մամուլը գրում էր, որ գործը կարճելու որոշումը կայացրել էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը իրականացրել էր այն:

Դատախազությունը հիմնավորել էր, որ «սպառված են քննչական, օպերատիվ, որոնողական բոլոր միջոցները նոր քննչական ապացույցներ գտնելու առումով», եւ որոշվել է առաջիկայում կարճել անջատված մասը՝ «հանցադեպի բացակայությամբ»: Այսինքն՝ Նաիրի Հունանյանն ու իր խումբը գործել են ինքնուրույն, նրանց ոչ ոք ԱԺ չի ուղարկել, չի օժանդակել, չի դրդել, չի օգնել:

«Հույս ունեինք, որ դատարանում կկարողանանք որոշ բացահայտումներ անել՝ կապված վկաների հարցաքննության հետ, սակայն այդպես էլ այդ հնարավորությունը չունեցանք»,-պատմեց Աշոտ Սարգսյանը՝ շարունակելով. «Պետք է հարցաքննվեին չդատակոչված վկաները: Մենք նպատակ ունեինք հարցաքննել նաև Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:

Իրենց ցուցմունքները մի քանի էջանոց էին՝ մի քանի ձևական հարցերով: Օրինակ՝ ուզում էինք ՆԳ և ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը բացատրեր կարևորությունը, որ նա այդ օրը գնացել էր Գորիս կամ Հորադիս, լավ չեմ հիշում: Ռոբերտ Քոչարյանի հետ շատ հարցեր կային պարզելու Նաիրի Հունանյանի հետ կապված: Բայց այդ հարցերը չկարողացանք տալ:

Հասկացանք, որ անջատված մասն էլ է խիստ վերահսկողության տակ»:

Այս տարիների ընթացքում անհասկանալի հանգամանքներում մահացան գործով դատապարտյալների ու վկաների մի մասը: Վերջին «զոհը» այս գործով ցմահ ազատազրկված Էդուարդ Գրիգորյանն էր, որը սրտամկանի ինֆարկտից բանտում մահացավ մոտ երկու տարի առաջ: Նա մեկն էր հոկտեմբերի 27-ի գործով կասկածելի պայմաններում մահացած 9 վկաներից ու մեղադրյալներից:

Դեռ տարիներ առաջ հոկեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկված Էդուարդ Գրիգորյանը պատրաստվում էր նոր փաստեր ու փաստաթղթեր հրապարակել՝ խոստանալով բացահայտումներ անել, սակայն այդպես էլ որևէ բան այդ առթիվ հայտնի չդարձավ հանրությանը: Ի դեպ, նա դատարանում հայտարարել էր, որ պատգամավոր Արմենակ Արմենակյանին սպանողն իրենք չեն: Արմենակյանը սպանվել էր ԱԺ միջանցքում:

2014 թվականի մարտ ամսին Ամերիկայի Միացյալ նահանգներում վաղաժամ կյանքից հեռացավ հոկտեմբների 27-ի գործով առանցքային վկա Տիգրան Նազարյանը, ով երկու ժամ Նաիրի Հունանյանի հետ էր անցկացրել ահաբեկչությունից հետո եւ վկայություն էր տվել Ռոբերտ Քոչարյան — Նաիրի Հունանյան առանձնազրույցի կապակցությամբ: Նա նշել էր, որ ըստ էության, բոլոր տեխնիկական պայմանները եղել են, որպեսզի այդ զրույցը ձայնագրվի` միացված բարձրախոսների միջոցով:

2000 թվականին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իր բանտախցում, ըստ պաշտոնական տեղեկատվության, էլեկտրահարումից մահացավ այս գործում որպես կասկածյալ ներգրավված Նորայր Եղիազարյանը, ով մասնագիտությամբ էլեկտրիկ էր:

2002թ.-ին իր տան շքամուտքում սպանվեց Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ, այս գործով առանցքային վկա Տիգրան Նաղդալյանը: Նրա սպանության համար մեղադրվեց եւ դատապարտվեց Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը:

2004 թվականին իր բանտախցում, ըստ պաշտոնական տեղեկատվության,ինքնասպան եղավ հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը:

2004թ.-ին Ապարան-Երեւան ավտոճանապարհին վթարի ենթարկվեց հոկտեմբերի 27-ի գործով կալանավորված, հետագայում ազատ արձակված ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը (ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրը):

Նույն տարում կրկին ավտովթարից ԱՄՆ-ում մահացավ գործով որպես վկա անցնող ԱԺ նախկին բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը: 2004 թ.-ին ՀՀ Ազգային ժողովի շենքում կախվեց խորհրդարանի անձնագրային բաժնի աշխատակցուհի 45-ամյա Հասմիկ Աբրահամյանը, ով նույնպես այս գործով վկա էր:

Շարունակությունը՝ forrights.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել