armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լիահույս է, որ իրավական առումով հնարավորություն կա Հոկտեմբերի 27-ի գործով հասնելու բացահայտումների։ Անդրանիկ Քոչարյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Կարծում եմ՝ նախկին քննչական խումբը շատ ծավալուն աշխատանք է կատարել և թողել է շատ հարուստ ժառանգություն գործը շարունակելու համար։ Ասում եք, թե ժողովրդի համար բացահայտված չի, բայց ես տպավորություն ունեմ, որ ժողովրդի համար ամեն ինչ բացահայտված է։ Իրավական առումով բացահայտումները ի՞նչ ընթացք պետք է ունենան, խնդիրը դրա մեջ է»,- ասաց Քոչարյանը։
Նա հիշեցրեց, որ Գլխավոր դատախազի հանձնարարականով գործը ստացել է իր շարունակությունը, և քննչական ու օպերատիվ խումբը աշխատում է այդ ուղղությամբ։
«Լիահույս եմ, որ կա հնարավորություն այդ ցանկալի բացահայտումներին հասնելու համար։ Գիտեք, որ շատ ցանկալի վկաներ գոյություն չունեն՝ մի մասը մահացել է տարօրինակ հանգամանքներում, ինչ-որ մարդիկ կան, կան նաև այն ծավալուն հատորները, որոնց մեջ կարող են գտնել բազմաթիվ դրվագներ, որոնց ուղղությամբ պետք է զարգանա քննությունը։ Վերջին հաշվով, բոլորդ մոռացել եք, թե ո՞ւր է Ալեքսան Հարությունյանը (1999 թվականին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար -խմբ․)։ Ալեքսան Հարությունյանը քանի դեռ կա, գործը դեռ շանս ունի բացահայտվելու։ Կարևոր վկաներից մեկն այն ժամանակ համարվում էր Ալեքսան Հարությունյանը և շատ տարօրինակ ձևով գործում ներառված, նաև կալանքի տակ գտնվողները հոկտեմբերի 27-ից հետո հնարավորություն ունեցան ոչ միայն ստի դետեկտորով չանցնելու, այլ ազատ արձակվեցին»,- ասաց Քոչարյանը։
1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանը եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ զինված հարձակում են իրականացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Դա տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել են ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:
Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ Հոկտեմբերի 27-ի գործով 2022-2023 թվականների ընթացքում հարցաքննվել կամ լրացուցիչ են հարցաքննվել մի քանի տասնյակ անձինք: Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա առգրավվել են բազմաթիվ պաշտոնատար անձանց անձնական գործեր, ինչպես նաև դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող քրեական վարույթներ, որոնք գտնվում են ուսումնասիրության փուլում:
comment.count (0)