Ինչպե՞ս կարող եմ գոհ լինել, երբ հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված չէ։ Այս մասին ԱԺ բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը։ Նրա խոսքով՝ քչերն են հավատում, որ մարդասպանների հետևում այլ ուժեր չեն եղել։ Ստեփան Դեմիրճյանը հոկտեմբերի 27-ի գործի հետ կապված այլ գնահատականներ չհնչեցրեց։ «Բնականաբար գոհ չեմ քննության ընթացքից, 20 տարին անցել է, դժվար է։ Այսօր զերծ կմնամ մեկնաբանություններից, քանի դեռ ընթանում է քննություն։ Իմ գնահատականը հայտնի է՝ դա ծանրագույն հարված էր մեր պետությանը, պետականությանը։ Հոկտեմբերի 27-ի կործանարար հետևանքները ակնհայտ են առ այսօր»,- հավելեց նա։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանը եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ զինված հարձակում են իրականացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Դա տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել են ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ Հոկտեմբերի 27-ի գործով 2022-2023 թվականների ընթացքում հարցաքննվել կամ լրացուցիչ են հարցաքննվել մի քանի տասնյակ անձինք: Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա առգրավվել են բազմաթիվ պաշտոնատար անձանց անձնական գործեր, ինչպես նաև դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող քրեական վարույթներ, որոնք գտնվում են ուսումնասիրության փուլում:
comment.count (0)