Նոր օրենքով առաջարկվում է սահմանափակել կանխիկ գործառնությունների ծավալը․|armenpress.am|
14:15 - 19 սեպտեմբերի, 2019

Նոր օրենքով առաջարկվում է սահմանափակել կանխիկ գործառնությունների ծավալը․|armenpress.am|

ՀՀ Կենտրոնական բանկը կառավարության քննարկմանն է ներկայացրել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը,որի հիմնական նպատակն է նվազեցնել կանխիկի դրամաշրջանառությունը, քաղաքացիների համար սահմանել անկանխիկ վճարումների իրականացման ընթացակարգեր, ուժեղացնել հարկային վարչարարությունը, պայքարել ստվերային տնտեսության դեմ, մեծացնել ֆինանսական միջնորդության ծավալները և ձևավորել անկանխիկ վճարումներ իրականացնելու մշակույթ։

Oրենքի նախագծով նախատեսվում է խանութներում և սպասարկման այլ վայրերում վճարային գործիքներ (վճարային քարտ) ընդունող սարքերի տեղադրումը դարձնել պարտադիր՝ հնարավորություն տալու քաղաքացիներին խնայել ժամանակ, որը վերջիններս վատնում էին վճարային քարտից գումար կանխիկացնելու և որոշակի ապրանքի կամ ծառայության դիմաց վճարում կատարելու համար։

Առաջարկված փաթեթով նախատեսվում է սահմանափակումներ կիրառել կանխիկ գործարքների նկատմամբ՝ սահմանելով որոշակի շեմեր, որոնցից ավել գործարքները պետք է անպայմանորեն իրականացվեն անկանխիկ եղանակով:

Նախագիծը ենթադրում է նաև, որ նոր կարգավորումների միջոցով հնարավոր կլինի ուժեղացնել հարկային վարչարարությունը և պայքարել ստվերային տնտեսության դեմ, քանի որ անկանխիկ գործառնություններ իրականացնելիս գրեթե անհնար է դառնում թաքցնել շրջանառությունը և խուսափել հարկային և մաքսային վճարներից:

Նախագծի համաձայն՝ աշխատավարձերի վճարումը ևս նախատեսվում է իրականացնել բացառապես անկանխիկ եղանակով: Աստիճանաբար անկանխիկ են վճարվելու նաև կենսաթոշակները, բացառությամբ՝ առաջին, երկրորդ կարգի հաշմանդամների և 75 տարին լրացած անձանց։

Ենթադրվում է, որ օրենքի ընդունումը մի կողմից կմեծացնի բանկային միջնորդությունը, որն իր ազդեցությունը կունենա ֆինանսական համակարգի զարգացման վրա, մյուս կողմից՝ Հայաստանում կձևավորվի անկանխիկ վճարումներ կատարելու մշակույթ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել