news.am: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի կդրվի ՀՀ նախագահի կողմից ստորագրելուց հետո, սահմանադրական դատարան չի ուղարկվի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ մակունցը։
«Իհարկե պետք է որոշումը լինի ՀՀ նախագահի մոտ, հաստատելուց հետո նոր կազմակերպչական աշխատանքներ կիրականացվեն։ Նախագիծը Սահմանադրական դատարան չի ուղարկվելու։
Ժամկետները փոփոխական կարող են լինել կախված այն հանգամանքից, թե որ օրը կստորագրի նախագահը։ Հանրաքվեն նախնական մարտի վերջից մինչև ապրիլի 5-ը ընկած ժամանակահատվածում կլինի»,-ասաց նա։
Հարցին՝ ունե՞ն վստահություն, որ նախագահը կստորագրի, Մակունցն ասաց․ «Այո, կա այդ վստահությունը»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ վարչապետի և նախագահի հանդիպմանն է պայմանավորվածություն ձեռք բերվել, Մակունցն ասաց․ Վարչապետի և նախագահի հանդիպմանը մամուլին տեղեկացվել է, որ քննարկվել է ՍԴ-ի թնջուկի հարցը, քննարկման մանրամասներին տեղյակ չեմ»։
Հարցին՝ հանրությունը ունի՞ բավարար իրավական գիտելիքներ այս քվեարկության համար, Մակունցն ասաց․ «Ժողովրդավար երկրում չկա այլընտրանք քաղաքացու կամարտահայտմանը»։
Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողով դիմելու ԵԽԽՎ համազեկուցողների կոչին, նա նշեց․ «Համազեկուցողների հայտարարությունը եղել է այն ժամանակ, երբ լիագումար նիստերի դահլիճում նիստ էր և «Իմ քայլը» խմբակցությունը չի հասցրել քննարկել և ձևավորել դիրքորոշում այդ կապակցությամբ։ Մենք խոսենք, քննարկենք, անպայման տեղյակ կպահենք հանրությանը, թե ինչ ենք պատրաստվում անել այդ կապակցությամբ։
Իրավական առումով չգիտեմ ինչպիսի ընթացակարգեր են նախատեսվում, երբ հանրաքվեի որոշման հետ կապված կոչ է արվում դիմել Վենետիկի հանձնաժողովին»։
comment.count (0)