ԱԺ-ն օրակարգ ընդգրկեց գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությանն արժանացած նախագիծը |armenpress.am|
11:27 - 11 փետրվարի, 2020

ԱԺ-ն օրակարգ ընդգրկեց գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությանն արժանացած նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկեց կառավարության կողմից ներկայացված` հասարակական կազմակերպությունների գործունեության թափանցիկությանը վերաբերվող օրենքի նախագիծը, որը ԱԺ գլխադասային հանձնաժողովում ստացել էր բացասական եզրակացություն:

Կառավարության կողմից ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը 7-րդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում ընգրկելու մասին հարցը քվեարկության դրվեց ԱԺ փետրվարի 11-ի նիստում:

«Նախագծով առաջարկվող փոփոխությամբ հաշվետվության հրապարակման պարտադիր պահանջ է սահմանվում բոլոր հասարակական կազմակերպությունների համար: Գործող կարգավորմամբ կազմակերպությունը պարտավոր է յուրքանչյուր տարի հրապարակել իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն, եթե կազմակերպության գույքի ստացման աղբյուրն են հանդիսացել հանրային միջոցները: Այժմ ՖԱԹՖ-ի հանձնրարականի համաձայն երկրները պետք է ունենան հստակ քաղաքականութուն` շահույթ ստանալու նպատակ չհետապնդող բոլոր կազմակերպությունների կառավարման և ղեկավարման թափանցիկության և հետևողկանության համար»,-ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ու նշեց` օրինագծի հիմնական նպատակն այն է, որ այսուհետև բոլոր ՀԿ-ները պարտավոր են տարեկան հաշվետվություն ներկայացնել էլեկտրոնային եղանակով:

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց  հանձնաժողովի դիրքորոշումը: Հանձնաժողովում «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է արտահայտվել նախագծին, «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորը` ձեռնպահ, իսկ «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Անի Սամսոնյանը դեմ է քվեարկել: «Սակայն հաշվի առնելով նախագծի կարևորությունը և այն, որ ՀԿ-ների գործունեությունը պետք է հասանելի ու հաշվետու լինի հանրությանը, առաջարկում ենք, որ կողմ քվեարկեն նախագծին` լիագումար նիստում այն քննարկելու համար»,-ասաց Հովհաննիսյանն ու նշեց` պատրաստակամություն են հայտնել հանդիպելու ՀԿ ներկայացուցիչների հետ, բարձրաձայնված հարցերին պատասխաններ գտնելու համար, սակայն ՊԵԿ-ը նույնպես նրանց հետ քննարկումներ ունեցել է, մեծ հաշվով բողոքներ չեն եղել նախագծի հետ կապված:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ կողմ են քվեարկելու նախագիծը օրակարգ մտցնելուն: Երկրորդ ընթերցմամբ քննարկմանը կհրավիրեն ՀԿ ներկայացուցիչներին և կքննարկեն նրանց հետ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ նախագծով անհարկի ավելացվում է ՀԿ-ների բեռը, նախագծում տեղ են գտել ձևակերպումներ, որոնք իրավակիրառ պրակտիկայում տեղ են թողնելու, որ ՊԵԿ-ը հայեցողական մոտեցում ցուցաբերի հարցերին: Նա հայտնեց, որ ԼՀԿ-ն դեմ է քվեարկելու հարցը օրակարգ մտցնելուն:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նշեց` կարծում են, որ ՀԿ-ների շրջանում այս նախագծի վերաբերյալ լայն կոնսենսուս չկա, իրենք ևս դեմ են քվեարկելու:

Նախագիծը նիստերի օրակարգ ընդգրկելու հարցին կողմ քվեարկեց 74 պատգամավոր, դեմ` 38 պատգամավոր: Որոշումն ընդունվեց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել