ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

Բացահայտվել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք

Բացահայտվել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևան քաղաքում գործող հագուստի և աքսեսուարների արտադրությամբ, վաճառքով զբաղվող 2 տնտեսվարող թերհայտարարագրում են իրացման շրջանառությունը, իրականացնում են նույնատիպ տնտեսական գործունեություն, գործում են համաձայնեցված և  ունեն բարեկամական կապ։ Այս տնտեսվարողները արտադրել են նաև զինվորական համազգեստի նմանվող  հագուստներ, որոնք, ըստ ձեռքբերված նախնական տվյալների, վաճառվել են հիմնականում որսորդական խանութներին: Համակողմանի և  մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալները հաստատվել են: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում պարզվել է, որ այս  տնտեսվարողները 2020-2024 թթ ընթացքում թաքցրել են շուրջ 3 մլրդ դրամի իրացման շրջանառություն։ Կատարվել է  պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի` պետությանը պատճառվել է շուրջ 900 միլիոն դրամի վնաս: Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով ՊԵԿ hետաքննության և օպերատիվ հետախուզության  վարչությունը հաղորդում է ներկայացրել  Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՊԵԿ-ը շարունակելու է հետևողական պայքարը` հարկային կարգապահության խախտումները բացահայտելու ուղղությամբ՝ այսպես  նաև պաշտպանելով  օրինական բիզնեսի շահերը: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
12:06 - 13 մայիսի, 2025
ՊԵԿ նախագահը Թեհրանում քննարկել է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման հայեցակարգը

ՊԵԿ նախագահը Թեհրանում քննարկել է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման հայեցակարգը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ էդուարդ Հակոբյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, Թեհրանում հանդիպում է ունեցել ԻԻՀ տնտեսական հարցերի և ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև միջսահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործընթացների դյուրացման նպատակով երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս համատեքստում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել հայ-իրանական սահմանային անցակետերում մաքսային ստորաբաժանումների միջև համակարգված և կայուն փոխգործակցության ամրապնդմանը՝ ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղաշարժի դյուրացման, մաքսային հսկողության և ձևակերպումների պարզեցման և օպտիմալացման շրջանակում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ներդնելու համատեղ ջանքերը՝ բեռների տեղափոխման գործընթացներն առավել արագ և դյուրին իրականացնելու ուղղությամբ, այդ թվում՝ բեռնատարների սպասարկման թողունակությունը բարձրացնելու առումով, հաշվի առնելով՝ Ագարակ սահմանային անցման կետի ընթացիկ վերակառուցումը։ Երկու երկրների մաքսային ծառայությունների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի լիարժեք ներդրման մասով ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ։ Քննարկվել է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման հայեցակարգը՝ որպես մաքսային ձևակերպումների և բացթողնման գործընթացների արագացմանը միտված նորարարական մոտեցում, ինչի գործառնական շրջանակը առաջիկայում առավել կհստակեցվի։ Հանդիպման մասնակիցներն անդրադարձ են կատարել նաև լիազորված տնտեսական օպերատորների փոխադարձ ճանաչման հարցին և հաստատել իրենց պատրաստակամությունը՝ այս ուղղությամբ բանակցություններ սկսելու և փոխըմբռնման հուշագիր ստորագրելու մասով։ Կողմերը գոհունակություն են հայտնել արձանագրված արդյունքներից և փոխադարձ պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ փոխգործակցությունն ինչպես ղեկավար, այնպես էլ փորձագիտական մակարդակներում։ Երկկողմ հանդիպման ավարտին ստորագրվել է հանդիպման արդյունքների մասին արձանագրություն», - հայտնում են նախարարությունից։
21:47 - 08 մայիսի, 2025
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիային
 |news.am|

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիային |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիային: Հիմնավորման մեջ նշվում է, որ այս կոնվենցիան ստորագրվել է 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Երևանում: Կոնվենցիայով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները և դրույքաչափերը: Այս որոշումը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի միջազգային առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու նպատակով Կառավարության կողմից գործուն քայլեր են իրականացվելու կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի աշխարհագրությունն ընդլայնելու նպա-տակով:
11:45 - 08 մայիսի, 2025
Շրջհարկ վճարողները 1-ին եռամսյակի աջակցության ծրագրից օգտվելու համար պետք է դիմումը ներկայացնեն մինչև մայիսի 10-ը ներառյալ

Շրջհարկ վճարողները 1-ին եռամսյակի աջակցության ծրագրից օգտվելու համար պետք է դիմումը ներկայացնեն մինչև մայիսի 10-ը ներառյալ

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին, երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրից և հետ ստանալ շրջանառության հարկի 5 տոկոս շեմից ավելի վճարված գումարները: Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն տնտեսվարողները, որոնք միաժամանակ բավարում են հետևյալ պայմաններին՝ 2024 թվականին իրականացրել են առևտրական գործունեություն, 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ և աջակցության ստացման հաշվետու եռամսյակներում եղել են բացառապես շրջանառության հարկ վճարող, 2025 թվականի առաջին, երկրորդ եռամսյակների համար ամբողջությամբ վճարել են շրջանառության հարկը, նույն ժամանակաշրջանում շրջանառության հարկի գումարը գերազանցի առևտրական գործունեության իրացման շրջանառության 5 տոկոսը կամ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կատարված ծախսերի մասով ունենան չնվազեցված ու փոխանցված գումար, դիմումի հետ միաժամանակ հարկային մարմին են ներկայացրել 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ։ Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողներն առաջին և երկրորդ եռամսյակների համար կարող են ստանալ փոխհատուցում՝ վճարված շրջանառության հարկի և նույն ժամանակաշրջանում առևտրական գործունեությունից ձևավորվող իրացման շրջանառության 5 տոկոսի տարբերության չափով, և լրացուցիչ փոխհատուցում՝ վճարված շրջանառության հարկի և իրացման շրջանառության 1.5 տոկոսի տարբերության չափով, եթե ունեն նաև 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկից չնվազեցված և փոխանցված գումար, բայց ոչ ավելի, քան փոխանցված գումարի 1.375-ապատիկը։ Աջակ­ցու­թյունից օգտվելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել դիմում՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։ Դիմումն առաջին եռամսյակի համար պետք է ներկայացնել մինչև 2025 թվականի մայիսի 10-ը ներառյալ, իսկ երկրորդ եռամսյակի համար՝ մինչև օգոս­տոսի 1-ը ներառյալ:
14:56 - 30 ապրիլի, 2025
ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի շուկայում շուրջ 4 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի շուկայում շուրջ 4 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք

Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել շինանյութի ոլորտում գործունեություն ծավալող խոշոր հարկ վճարողի մոտ: «Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 1 բաժին ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ տվյալ ընկերությունը մշտապես իրականացնում է շինանյութի մանրամեծածախ վաճառք և հաճախ չի տրամադրում համապատասխան հարկային հաշվարկային փաստաթղթեր։ Նման գործելաոճը հնարավորություն է տվել էապես թերհայտարարագրել իրացման շրջանառությունը։ Տվյալների ճշգրտման և իրացման իրական ծավալների բացահայտման նպատակով Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող այս ընկերության վաճառքի կետերում իրականացվել են միաժամանակյա միջոցառումներ: Տեղում ձեռք են բերվել օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող կարևոր փաստական տվյալներ, որոնք հիմք են հանդիսացել նախնական ֆինանսական վերլուծության համար։ Հաշվարկներն ուշագրավ են. ընկերության կողմից չհայտարարագրված իրացման շրջանառությունը կազմել է շուրջ 4 միլիարդ դրամ: Արդյունքում, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 1.1 միլիարդ դրամի վնաս։ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հատկանիշներով: Հիմք ընդունելով հաղորդման փաստերը՝ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարույթային և օպերատիվ-հետախուզական գործողությունների շրջանակում իրականացվել են խուզարկություններ ընկերության իրավաբանական և գործունեության հասցեներում, որոնց արդյունքում առգրավվել են նախաքննության համար կարևորություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և այլ նյութեր։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ստվերային տնտեսության և հարկային կարգապահության խախտումների դեմ պայքարը շարունակվելու է՝ նպատակ ունենալով բացահայտել և կանխել նմանատիպ դեպքերը»,-ասված է հաղորդագրության մեջ։
13:36 - 29 ապրիլի, 2025
ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը, այն գլխավորում է «Գազպրոմ Արմենիա»-ն

ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը, այն գլխավորում է «Գազպրոմ Արմենիա»-ն

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025 թվականի 1-ին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա»-ն։ Ընկերությունը առաջին եռամսյակում պետբյուջե է վճարել 19 մլրդ 901 մլն դրամ։ Ցանկում 2–րդը «Մոբայլ սենթր արթ»-ն է` 16 մլրդ 591 մլն դրամ հարկային մուտքերով, 3-րդ՝ «Գրանդ տոբակո» ընկերությունը՝ 12 մլրդ դրամով, 4-րդում` «Սի Փի Էս էներջի գրուպ»–ը` 7 մլրդ դրամով։ 5-րդը «Փրիթի ուեյ» ընկերությունն է` 6 մլրդ 545 մլն դրամով։ 6-րդ տեղում «Վայդբերրիզ»-ն է` 5 մլրդ 697.5 մլն դրամով, հաջորդում է «Սիթի»-ն՝ 5 մլրդ 171 մլն-ով, 8-րդը «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ն է՝ 4 մլրդ 469 մլն-ով, 9-րդը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը»` 4 մլրդ 396 մլն դրամով, 10-րդ տեղում «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը՝ մոտ 4 մլրդ-ով։ Ցանկում ներառված չէ ԶՊՄԿ-ն, որը սովորաբար գլխավորում է ցանկը։ Ընկերությունը պարզաբանում է տարածել՝ նշելով, որ պատճառը նախորդ տարի վճարված ռոյալթիի կանխավճարների առաջին եռամսյակում հետվերադարձն է։ «2024թ.-ի արդյունքներով հաշվարկված և վճարված ռոյալթիի կանխավճարներն առաջին եռամսյակում վերադարձվել են ընկերությանը, ինչի արդյունքում հանրագումարում առաջին եռամսյակում ստացվել է 19.5 մլրդ դրամի տարբերություն։ Հենց այդ պատճառով առաջին եռամսյակի ցուցանիշներով գնահատել ԶՊՄԿ-ի հարկերի մակարդակը հնարավոր չէ, պետք է դիտարկել տարեկան ցուցանիշների կտրվածքով, քանի որ իրական հարկային վճարումներն ամբողջությամբ կերևան տարվա վերջում։ Նախորդ տարվա հարկային կանխավճարների ճշգրտումն ամփոփվում է առաջին եռամսյակում՝ արդեն վերջնական հաշվետվության հիման վրա։  Բնականաբար, հաջորդ եռամսյակում՝ արդեն կիսամյակային կտրվածքով ԶՊՄԿ-ի վճարած հարկերը կարտացոլվեն, իսկ տարեկան կտրվածքով, անկասկած, ընկերությունը նորից կգրավի առաջնային դիրքեր 1000 խոշոր հարկատուների ցանկում»։  ՊԵԿ-ից ևս Sputnik Արմենիային հայտնել են, որ Կոմբինատը ցանկում չի ներառվել 2024 թ. արդյունքներով հաշվարկված ռոյալթիի և ռոյալթիի կանխավճարների հանրագումարի բացասական տարբերության պատճառով։ ՊԵԿ-ից հայտնում են, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 409 միլիարդ 353 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է  387 միլիարդ 109 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել  22 միլիարդ 244 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ 123 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 329 միլիարդ 864 միլիոն դրամ։ Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 80 միլիարդ 230 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 57 միլիարդ 244  միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել շուրջ 22 միլիարդ 986  միլիոն դրամ։
18:08 - 25 ապրիլի, 2025
Կանխվել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ․ ՊԵԿ

Կանխվել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Ներքին անվտանգության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ԻԻՀ-ից մուտք գործող բեռնատարում առկա է մաքսային հսկողությունից թաքցված ապրանք: «Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության «Ագարակ» սահմանային անցման կետում ՀՀ քաղաքացի Ա.Վ.-ի կողմից շահագործվող «KAMAZ» մակնիշի բեռնատար մեքենան ենթարկվել է զննության: Արդյունքում, տրանսպորտային միջոցի բեռնախցիկի կողային և դիմային պատերին հատուկ հարմարեցված թաքստոցներից, մեքենայում առկա բեռի տակ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված` տարբեր տեսակի 7300 տուփ ծխախոտ: Ոչ օրինական ճանապարհով ծխախոտի ներմուծման փորձը կանխվել է, իսկ հայտնաբերված ծխախոտներն առգրավվել են: Կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն` համաձայն «Մաքսային կանոնների մասին» օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշների։ Դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն` հետագա ընթացքն ուսումնասիրելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։
12:13 - 25 ապրիլի, 2025
Եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետը սահմանվել է մինչև նոյեմբերի 1-ը

Եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետը սահմանվել է մինչև նոյեմբերի 1-ը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով վերանայվել են եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման և եկամտային հարկի վճարման ժամկետները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։   «Մասնավորապես, 2024 և 2025 թվականների հաշվետու տարիների համար եկամտային հարկի հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման համար ժամկետ է սահմանվել՝ համապատասխանաբար՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը և 2026 թվականի մարտի 2-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ 2026 թվականի և դրան հաջորդող հաշվետու տարիների համար՝ յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը։   Նույն կերպ վերանայվել են նաև եկամտային հարկի վճարման վերջնաժամկետները, մասնավորապես՝ 2024 և 2025 թվականների հաշվետու տարիների համար եկամտային հարկի վճարման վերջնաժամկետ է սահմանվել՝ համապատասխանաբար՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը և 2026 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ հետագա՝ 2026 թվականի և դրան հաջորդող հաշվետու տարիների համար՝ մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը։   Միաժամանակ, նախատեսվել է կարգավորում՝ համաձայն որի, այն ֆիզիկական անձը, որը մինչև եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման վերջնաժամկետը (2024 և 2025 թվականների հաշվետու տարիների համար՝ համապատասխանաբար մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը և 2026 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ 2026 թվականի և դրան հաջորդող հաշվետու տարիների համար՝ մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը) դիմել է Հայաստանի Հանրապետության նույնականացման քարտ ստանալու համար, սակայն մինչև նշյալ վերջնաժամկետը չի ստացել նույնականացման քարտը, եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) ներկայացնում է կամ եկամտային հարկը վճարում է մինչև նույ­նականացման քարտի տպագրման օրվան հաջորդող ամսվա 25-ը ներառ­յալ»,- նշված է հաղորդագրության մեջ։
18:01 - 22 ապրիլի, 2025
ՊԵԿ նախագահը շնորհավորական խոսք է ուղղել ՀՀ քաղաքացիներին Հարկ վճարողի օրվա առթիվ

ՊԵԿ նախագահը շնորհավորական խոսք է ուղղել ՀՀ քաղաքացիներին Հարկ վճարողի օրվա առթիվ

Հայաստանի ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորական խոսք է ուղղել ՀՀ քաղաքացիներին Հարկ վճարողի օրվա առթիվ, նշելով՝ «հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորություն է, այլև յուրաքանչյուրիս ներդրումն է «մեր մեծ ընտանիքի բյուջեում»՝ ուղղված բոլորիս համար կյանքի բարձր որակ ապահովելուն և բոլորիս լիարժեք երջանիկ դարձնելուն»։ ՊԵԿ նախագահի շնորհավորական խոսքը ստորև․ «Սիրելի՛ հարկ վճարողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հարկ վճարողի օրվա առթիվ։ Համապետական մակարդակով այս օրը նշելով՝ պետությունն արժևորում է ձեր առանցքային դերը մեր պետության կայացման ու յուրաքանչյուրիս բարեկեցության բարձրացման գործում։ Սա հրաշալի առիթ է, առաջին հերթին ձեր համար, վերամտածելու և վերաիմաստավորելու հարկերի բարեխիղճ վճարման առաքելությունը։ Հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորություն է, այլև յուրաքանչյուրիս ներդրումն է «մեր մեծ ընտանիքի բյուջեում»՝ ուղղված բոլորիս համար կյանքի բարձր որակ ապահովելուն և բոլորիս լիարժեք երջանիկ դարձնելուն։ Իսկ բարեխիղճ հարկ վճարելը հոգատարություն ու պատասխանատվություն ստանձնելն է, այդպիսի կյանք ապահովել ներկա և ապագա սերունդների՝ մեր երեխաների համար, որը համոզված եմ, յուրաքանչյուրդ զգում եք ձեր հոգու խորքում։ 21-րդ դարը լի է տուրբուլենտությամբ ու անորոշություններով, բայց նաև Հայաստանի համար մեծ հնարավորություններով, որտեղ հանրային ծառայության և հանրային ինստիտուտների առաջնորդող դերն ավելի է ընդգծվում։ Այդ դերի լիարժեք իրացման հարցում ձեր կողմից հարկերի բարեխիղճ վճարումն անկյունաքարային նշանակություն ունի, քանի որ միայն այդպես է հնարավոր կառուցել դիմակայուն անվտանգային համակարգեր, դինամիկ զարգացող տնտեսություն, աշխարհի հետ անխափան կապ ապահովող տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքներ, ունենալ առողջ ու կիրթ հասարակություն և դրան սպասարկող ենթակառուցվածքներ, շարժվել 21-րդ դարի թվայնացման հեղափոխական տեմպերի առջևից։ Պետական եկամուտների կոմիտեն՝ մենք, խորը գիտակցելով ստեղծված իրավիճակը, ստանձնել ենք հանրային ծառայության մեր մասի առաջնորդության պատասխանատվությունը։ Աշխատանքային օրը սկսելով «Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում» կարգախոսի ներքո՝ մենք հետևողականորեն բարեփոխում ենք վարչարարական գործիքները, պարզեցնում, արագացնում և թվայնացնում ձեզ մատուցվող ծառայությունները, ներդնում վերլուծական նոր գործիքներ, շարունակաբար կրթվում, որպեսզի, հնարավորինս քիչ ժամանակ ծախսելով, կատարեք հարկերի բարեխիղճ վճարման ձեր առաքելությունը։ Մեր գլխավոր նպատակը մարդակենտրոն, խելացի, արդար և հզոր հարկային և մաքսային համակարգերի ձևավորումն է, որտեղ յուրաքանչյուր հարկ վճարող կզգա պետության աջակցությունն ու հոգատար վերաբերմունքը։ Հետևողականորեն արմատախիլ ենք անում համակարգի բարի համբավն արատավորող ցանկացած դրսևորում, կոշտ արձագանքում անօրինական և անբարեխիղճ ցանկացած դրսևորման: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ հարկերի վճարման համար և լիահույս եմ, որ բարեխղճության դրսևորումը կվարակի բոլորիդ և 22-րդ դարին ընդառաջ մենք միասին կկերտենք 21-րդ դարին հարիր մարդակենտրոն պետական եկամուտների ծառայություն։ Մենք ձեզնից մեկն ենք, հոգատար ենք ձեր հանդեպ և ակնկալում ենք հոգատարություն մեր և ապագա սերունդների հանդեպ։ Համոզված եղեք, որ ձեր հարկերը կամ ներդրումները «մեր մեծ ընտանիքի» բյուջեում ապահով ձեռքերում են։ Կրկին սրտանց շնորհավորում եմ», - նշված է հայտարարությունում։
13:24 - 19 ապրիլի, 2025
Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց

Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց

Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց։ Այս մասին հայտնում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն։ «Քաղաքացիներին թմրանյութերի օգտագործումից ու դրանց վնասակար ազդեցությունից զերծ պահելու նպատակով  Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի՝ Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս «Ագարակ» մաքսային անցման կետում, Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել ԻԻՀ-ից ժամանած քաղաքացի Վ․Հ․-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան և կցորդը: Արդյունքում կցորդի հատվածում նկատվել են կասկածելի զանգվածներ։ Այս տեղեկությունը փոխանցվել է Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն և համատեղ  շարունակվել է բեռնատար մեքենայի և կցորդի մաքսային զննությունը՝ օգտագործելով հատուկ տեխնիկական միջոցներ և ծառայողական շներ: Կցորդի հատակի հատվածում հայտնաբերվել է գաղտնարան, ուր տեղադրված է եղել ավելի քան 85 կգ  կշռող 112 փաթեթ` լցված «հաշիշ» տեսակի թմրամիջոցի զանգվածով։ Դրանք փաթեթված են եղել  թափանցիկ պոլիէթիլենային թաղանթով և փայլաթիթեղով:  Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է ԻԻՀ քաղաքացի Վ․Հ․-ն, ով ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունքի մարզային քննչական վարչություն։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում ԻԻՀ քաղաքացի Վ․Հ․-ն ձերբակալվել է: Քրեական վարույթի նախաքննությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Ներկայում  ՊԵԿ,  ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության և Քննչական կոմիտեի  աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկվում են լայնածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` թմրամիջոցները ՀՀ տարածքում ստացող, դրա հետագա իրացումը կազմակերպող անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով», - նշված է հայտարարությունում։
11:31 - 15 ապրիլի, 2025
ՊԵԿ-ում քննարկվել են ՀՀ նավթամթերքի շուկայի զարգացմանն ուղղված հարցեր

ՊԵԿ-ում քննարկվել են ՀՀ նավթամթերքի շուկայի զարգացմանն ուղղված հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպում է ունեցել «ՀՀ նավթամթերք ներկրողների ասոցացիա» հասարակական կազմակերպության և ասոցացիայի անդամ ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Ինչպես տեղեկանում ենք ՊԵկ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Հայաստանի Հանրապետության նավթամթերքի շուկայի զարգացումներն ու  առկա խնդիրները։  ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, կարևորելով ոլորտի զարգացման հեռանկարները, անդրադարձել է Հայաստանում նավթամթերքի շուկայում ստվերային ու անօրինական երևույթների և դրանց դեմ պայքարի ու վերացման ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող աշխատանքներին։  Հանդիպման մասնակիցներն ընդգծել են ոլորտում առկա խնդիրների համատեղ լուծման արդյունավետ մեխանիզմներ գտնելու անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև շարունակել համատեղ աշխատանքային քննարկումները։
17:54 - 11 ապրիլի, 2025
Հայաստան է տեղափոխվել շուրջ 12 կգ թմրամիջոց. կալանավորվել են Իրանի քաղաքացիներ

Հայաստան է տեղափոխվել շուրջ 12 կգ թմրամիջոց. կալանավորվել են Իրանի քաղաքացիներ

Մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները հայտնաբերել են Իրանից Հայաստան ներկրված  առանձնապես խոշոր չափի`  շուրջ 12 կգ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն՝ ««Ագարակ» անցման կետում, Պետական սահմանի ցամաքային անցման կետերում, մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով օրերս  մաքսային զննման է ենթարկել Իրանից ժամանած քաղաքացի Ն. Ա.-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան և կցորդը: Արդյունքում, կցորդին ամրացված ջրի տարայում նկատվել են կասկածելի զանգվածներ։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները համատեղ, կցորդին ամրացված ջրի տարայից հայտնաբերել են  փայլաթիթեղյա տարաների մեջ լցված և փաթեթավորված ընդհանուր՝ 11. 962 գրամ քաշով 15 փաթեթ՝ լցված «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածով։  Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է ԻԻՀ քաղաքացի Ն. Ա. -ն, ով ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունքի մարզային քննչական վարչություն»,- նշված է հաղորդագրության մեջ;  Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակներում Իրանի քաղաքացի Ն. Ա. -ն ձերբակալվել է և քրեական վարույթի նախաքննությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության և Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ լայնածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում պետք է փոխանցի Իրանից ժամանող ոմն Է. Ն.-ին։  Օպերատիվ-հետախուզական միջոցառումների  շրջանակում, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցները փոխարինվել են նմանատիպ այլ զանգվածներով և մշակվել հատուկ քիմիական նյութով, պարզվել է նաև ԻԻՀ ժամանող անձի ինքնությունը: Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո քաղաքացի Է. Ն. -ի նկատմամբ սահմանվել է հսկողություն։  Վերջինս ժամանել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան և ուղևորվել է Ն. Ա. -ի հետ հանդիպման։ Երևան քաղաքում տեղակայված հյուրանոցներից մեկում, օպերատիվ աշխատակիցների հսկողության ներքո, քաղաքացի Է. Ն. - ին են փոխանցվել «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների փոխարինված զանգվածով փաթեթները:   Վերջինս, ՊԵԿ և ԱԱԾ  աշխատակիցների կողմից` թմրամիջոցի մաքսանենգության և իրացնելու նպատակով ձեռք բերելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտե:   Քրեական վարույթի շրջանակում միջնորդություններ են ներկայացվել դատարան` ԻԻՀ քաղաքացիներ Ն. Ա. -ին և Է. Ն. - ին կալանավորելու վերաբերյալ: Միջնորդությունները որոնք բավարարվել են։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
11:59 - 08 ապրիլի, 2025
ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք. պետական բյուջե չի վճարվել շուրջ 8.2 մլրդ դրամի հարկ

ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք. պետական բյուջե չի վճարվել շուրջ 8.2 մլրդ դրամի հարկ

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է որ պոլիմերային ծածկույթով թիթեղյա տանիքի ծածկերի, ջրատար խողովակների, գիպսակարդոնի ցինկապատ պրոֆիլների, անկյունակների և մի շարք շինարարական նշանակության  արտադրանքների արտադրությամբ և մանրամեծածախ առևտրով զբաղվող ՍՊ ընկերությունը 2014-2024 թվականների ընթացքում թաքցրել է շուրջ 27.5 մլրդ դրամի իրացման շրջանառություն: Արդյունքում, չեն հաշվարկվել և պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 8.2 մլրդ. դրամի հարկեր: «Չեն տրամադրվել ՀԴՄ կտրոններ, դուրս չեն գրվել համապատասխան հաշվարկային փաստաթղթեր, ինչի հետևանքով թերհայտարարագրվել է իրացման իրական շրջանառությունը, չեն հաշվարկվել և պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերի հարկեր»,- նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:  Ձեռք բերված փաստական տվյալների հիմքով 2025 թ. հունվարի 27-ին առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության  վարչությունը  հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:  Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարույթային գործողությունների շրջանակում, ընկերության  իրավաբանական և գործունեության հասցեներում կատարվել են խուզարկություններ, առգրավվել են նախաքննությանը հետաքրքրող իրեր և փաստաթղթեր։ Նախաքննությունը և հետաքննությունը շարունակվում են` դեպքի ամբողջական հանգամանքները, հանցավոր խմբի կազմում ներգրաված  անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնելու նպատակով։ ՊԵԿ-ը տնտեսվարող սուբյեկտներին  հորդորում է զերծ մնալ հարկային հաշվարկներում կեղծ տվյալներ ներառելու և իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու արատավոր երևույթից։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության  վարչությունը հետևողական է լինելու հարկային մարմին ներկայացվող հաշվարկ-հաշվետվություններում արտացոլված եկամուտների և ծախսերի արժանահավատությունը պարզելու ուղղությամբ։
12:03 - 02 ապրիլի, 2025