Ռուսական ընկերությունը դատարանում կվիճարկի Հայաստանի հանրային հեռուստաընկերության հայտարարությունը հայկական կողմին բարձր գներով վաճառված ջերմատեսիլ նշանոցների վերաբերյալ |tert.am|
15:38 - 13 փետրվարի, 2020

Ռուսական ընկերությունը դատարանում կվիճարկի Հայաստանի հանրային հեռուստաընկերության հայտարարությունը հայկական կողմին բարձր գներով վաճառված ջերմատեսիլ նշանոցների վերաբերյալ |tert.am|

tert.am: Ռուսական «Պրոմտեխնոլոգիա» ՍՊԸ-ն, որն ORSIS բրենդի ներքո ինքնաձիգներ է արտադրում, դատարանում կվիճարկի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ արված հայտարարությունն այն մասին, որ ընկերությունը ՀՀ պաշտպանության նախարարությանը բարձր գներով որսորդական ջերմատեսիլ նշանոցներ է մատակարարել մարտականի փոխարեն: Այս մասին ТАСС գործակալությանը հայտնել են ընկերությունից:

Փետրվարի 10-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրված սյուժեում հաղորդվել է, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քննվում է գործ, ըստ որի ՀՀ պաշտպանության նախարարությանը մարտական ջերմատեսիլ նշանոցների փոխարեն վաճառվել են որսորդական ջերմատեսիլ նշանոցներ: Փետրվարի 12-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է այդ տեղեկությունը:

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանի մեկնաբանության մեջ ասվում է, որ «թվում է, թե ինչ-որ մեկը փորձում է ստվեր գցել» Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վրա:

«Ընկերությունը չի առաջարկել այնպիսի ապրանքներ, որոնք շահարկվում են հայկական մի շարք լրատվամիջոցների, այդ թվում որոշ հեռուստաալիքների կողմից: Ընկերությունը չի կարող բացահայտել արտադրանքի մասին տեղեկությունները` գաղտնիության մասին պայմանագրերից և Հայաստանի պետական գաղտնիքի նկատմամբ հարգանքից ելնելով: Մի շարք հայկական ԶԼՄ-ների կողմից նման շահարկումների հետ կապված հարցերը կլուծվեն դատական կարգով` բոլոր հնարավոր ռեսուրսների ներդրմամբ`այդպիսի լրատվամիջոցների գործունեության վերաբերյալ հակակոռուպցիոն հետաքննություն անցկացնելու համար», - նշել են ընկերությունում:

Ընկերությունում հայկական հեռուստաընկերության տվյալներն անվանել են «անպատասխանատու շահարկում»:  

«Ընկերությունը մեկ անգամ չէ, որ անցկացրել է իր առաջարկած ապրանքների հաջող փորձարկումներ: Արտադրանքի նշանակությունը որոշվում է պրոֆեսիոնալների կողմից կատարված փորձարկումներով, ոչ թե անանուն շահարկումների փորձերով և հղումներով փորձագետների կարծիքներին, որոնց գիտելիքները հարցեր են առաջացնում»,-ընդգծել են ORSIS-ում:

Զենք արտադրող ընկերությունում կարծում են, որ նման գործողությունները նպատակ ունեն ճնշում գործադրել քննության վրա և ուշադրությունը շեղել հարուցված քրեական գործերից:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել