ԱԺ-ն քննարկեց վկային և տուժողին տեսակապի միջոցով հարցաքննելու հնարավորություն տվող նախագիծը |armenpress.am|
11:53 - 05 մարտի, 2020

ԱԺ-ն քննարկեց վկային և տուժողին տեսակապի միջոցով հարցաքննելու հնարավորություն տվող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողներին:

Պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց Բաղդասարյանը:

«Նախագծի նպատակն է իրավունք վերապահել վարույթ իրականացնող մարմնին հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողներին՝ նույն նախագծով սահմանված դեպքերում: Այդ դեպքերն են, երբ վկան կամ տուժողը առողջական վիճակի կամ տարիքի պատճառով չի կարող ներկայանալ քրեական վարույթ իրականացնող մարմնին, անհրաժեշտ է ապահովել վկայի կամ տուժողի անվտանգությունը, հարցաքննության կատարումն անհնար է կամ անհրաժեշտ է ապահովել նախաքննության արդյունավետությունը »,-ասաց Բաղդասարյանն ու հավելեց՝ սրա նպատակն է հարցաքննությունն արագացնել:

Նախագիծը չի նախատեսում, որ նման հարցաքննություն կարող է կատարվել արտերկրում գտնվող անձի հետ: Սակայն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ԱԳՆ-ի հետ քննարկման արդյունքում հանգել են նրան, որ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացին, որը որևէ գործով տուժող կամ վկա է, կարող է ներկայանալ հյուպատոսարան, և քննիչը կկարողանա հեռավար կարգով հարցաքննել:

ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը տեղեկացրեց, որ կառավարության կողմից ներկայացված բազմաթիվ առաջարկներն ընդունվել են նախագծի հեղինակների կողմից: Պայմանավորվածություն են ձեռք բերել առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում նախագիծը լրամշակել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել