ՔՊ թիմը համարում է, որ պետության վիճակն այնքան կայուն է, որ շատ հարմար պահ է՝ քաղաքապետարանում հեղաշրջում անելու․ Հայկ Մարությանի ելույթը ավագանու արտահերթ նիստին
Ինչպես արդեն հայտնել ենք այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի շրջանակներում քննարկվում է «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» «Իմ քայլը» խմբակցության նախագիծը։
Մարությանը եւս հանդես եկավ ելույթով, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․
«Այսօր տեղի է ունենում մի պրոցես, որը երբեք տեղի չի ունեցել Երեւանի պատմության մեջ։ Սա առաջին դեպքն է, երբ Երեւանի քաղաքապետին անվստահություն են հայտնում, եւ կարծես թե, այսպիսի բան անելու համար նախաձեռնողները պետք է շատ ծանրակշիռ փաստարկներ ունենային՝ ընդդեմ քաղաքապետի, օրինակ՝ բյուջեի խոշոր չափի գումարների հափշտակում, կամ ինչ-որ այլ աշխատանքային կամ կենցաղային զարհուրելի հանցանք, բայց ինչպես ելույթներից հասկացանք, այդպիսիները չկան։
Ներկայացվող հիմնական պատճառը լրիվ այլ է։ Ինչպես նախաձեռնող խումբն է ասում, քանի որ ես դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից, ապա պետք է լքեմ նաեւ այս պաշտոնը։ Եկեք հասկանանք՝ արդյոք դա այդպես է, թե ոչ։ 2018-ին Հայաստանի ժողովուրդը հեղափոխություն իրականացրեց, որին բոլորս մասնակից ենք եղել, եւ ամեն մեկս մեր լուման ենք ներդրել այդ կարեւոր գործում։ Հեղափոխության հաղթանակից հետո առաջին ընտրությունները Երեւանի ավագանու ընտրություններն էին, որտեղ մենք՝ որպես հեղափոխական թիմ, խնդիր ունեինք ջախջախիչ հաղթանակ տանելու եւ թղթի վրա հստակ ամրագրելու ժողովրդի կամքը, ինչն էլ իր հերթին թույլ կտար գնալ ԱԺ արտահերթ ընտրություններին եւ ամրագրել այդ հաղթանակն արդեն համապետական մասշտաբով։
Այդ նպատակով ստեղծվեց հեղափոխական «Իմ քայլը» դաշինքը, որի մաս կազմեցին ՔՊ կուսակցությունը, «Առաքելություն» կուսակցությունը, մի շարք այլ կուսակցությունների անդամներ կամ անկուսակցական ակտիվ քաղաքացիներ։ Ավելորդ չէ հիշեցնել, որ ավագանու կազմում «Իմ քայլը» դաշինքով ընտրված առաջին 57 հոգուց միայն 27-ն էին այդ պահին ՔՊ անդամ, այսինքն՝ ավագանու 30 անդամ անկուսակցականներ էին կամ այլ կուսակցությունների անդամներ։ Սա, կարծում եմ, շատ հատկնաշնական տվյալ է, որն արտացոլում է մեր հեղափոխական թիմի իրական պալիտրը։
Ընտրությունների արդյունքում մենք ունեցանք շատ համոզիչ հաղթանակ՝ հավաքելով ձայների մոտ 82 տոկոսը, կրկնում եմ՝ ժողովուրդն իր ձայնը չտվեց որեւէ կուսակցության, ժողովուրդն իր ձայնը տվեց «Իմ քայլը» դաշինքին, հեղափոխությանը, հեղափոխական թիմին, հեղափոխության լիդեր Նիկոլ Փաշինյանին, քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին, թիմում ընդգրկված հայտնի եւ հարգված մարդկանց, օրինակ՝ հայտնի երգիչ Արթուր Իսպիրյանին, հայտնի բլոգեր Իզաբելլա Աբգարյանին, հայտնի ճարտարապետ Արսեն Կարապետյանին, եւ շատ այլ մարդկանց, որոնք տարիներ շարունակ իրենց նվիրել էին Հայաստանում հեղափոխության հաղթանակի գործին։
Հեղափոխական թիմը չգնաց ընտրությունների ՔՊ կուսակցության դրոշի ներքո, ոչ միայն նրա համար, որ հեղափոխությունն արեց ամբողջ ժողովուրդը, այլ ոչ թե ինչ-որ կուսակցություն, այլ նաեւ նրա համար, որ «Քաղաքացիական պայմանագիր» անունն այդ ժամանակ լայն զանգվածներին գրեթե ծանոթ չէր։
Այսպիսով, եկեք արձանագրենք, որ 2018-ի Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, եթե անձերին մի կողմ դնենք, ժողովուրդն ընտրեց «Իմ քայլը» հեղափոխական դաշինքը։ Այսօր այս պրոցեսը նախաձեռնող խումբը, որպես անվստահության հիմք, ասում է, որ քանի որ ես դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից եւ «Իմ քայլը» դաշինքից, ապա չեմ կարող լինել քաղաքապետ։
Սիրելի հայրենակիցներ, ես պաշտոնապես ասում եմ՝ դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից, բայց դուրս չեմ եկել «Իմ քայլը» դաշինքից, շարունակում եմ մնալ «Իմ քայլը» ֆրակցիայի անդամ, եւ անախձեռնող խմբի այս պնդումն ուղղակի կեղծիք է։
Ի դեպ, իրենց փաստարկներում, հիշատակելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունը, այս մարդիկ փորձում են սեփականշնորհել հեղափոխությունը, փորձում են ՔՊ կուսակցությունը դարձնել հեղափոխական արժեքների միակ կրողն ու ժառանգորդը։ Սա անընդունելի է ինձ համար եւ ինձ նման հազարավոր մարդկանց համար, որոնք կուսակցական չեն եւ հեղափոխություն են արել ուղղակի ավելի լավ Հայաստանի երազանքով։
Ասեմ ավելին՝ ՔՊ-ականներն ավելի առաջ են գնացել։ Նրանք վերջերս արդեն առաջ են տանում այն թեզը, որ ով ՔՊ-ից չէ, դեմ է հեղափոխությանը, ով ՔՊ-ից չէ, սատարում է հակահեղափոխական ուժերին, սա նույնպես անընդունելի է եւ վիրավորական այն քաղաքացիների համար, որոնք կուսակցության անդամ չեն։
Հետեւաբար, որն է անվստահության հիմքը․ այս օրերին նախաձեռնության հեղինակներն ու նրանց կուսակցական ընկերներն ասում են, որ Հայկ Մարությանը շեղվել է հեղափոխական արժեքներից։
Հիմա տեսնենք, թե ով է իրականում շեղվել հեղափոխական արժեքներից։
2018-ի արտահերթ ընտրություններից հետո սկսեցինք աշխատել, եւ հանկարծ մի օր իմացանք, որ կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրացրել են իրենց աշխատավարձերը, օրինակ՝ նախարարները 1,5մլն դրամ են ստանում, փոխնախարարները՝ 1մլն, եւ այսպես շարունակ, գաղտնի որոշմամբ, հեղափոխական նախարարները։ Ես չեմ խոսում պետական համակարգի, այսպես կոչված, տեխնոկրատ անդամների մասին, որոնք, անկախ ամեն ինչից՝ պրոֆեսիոնալներ են, եւ իրենց աշխատանքի համար պետք է գնահատվեն, ես խոսում եմ գաղափարական հեղափոխականների մասին, հեղափոխությանը մասնակցած եւ հեղափոխության շնորհիվ պաշտոն ստացած մարդկանց մասին։
Ես կարծում էի, թե հեղափոխականի գերնպատակը պետք է լինի բարելավել ուրիշների կյանքը, բայց, իրականության մեջ, նրանք եկան եւ անմիջապես սկսեցին բարելավել իրենց կյանքը, այն դեպքում, երբ երկրում բնակչության աղքատության ցուցանիշը շարունակում էր տատանվել 30 տոկոսի սահմաններում։
Կասեք՝ ինչո՞ւ շուտ չէիք խոսում սրա մասին։ Բազմիցս այդ հարցը բարձրացրել եմ ՔՊ-ում, թիմի ներսում, տարբեր մակարդակներում․ ոչ մի արձագանք, կարծես թե ամեն ինչ այդպես էլ պետք է լիներ։ Բացի դրանից՝ աշխատանքի ընթացքում բազմաթիվ զանգեր էի ստանում ամենաբարձր ռանգի պաշտոնյաներից, որոնք ասում էին՝ «պարոն Մարության, քաղաքապետարանի էսինչ աշխատակիցը «վատ քոմենթ» է գրել կամ վատ ստատուսի տակ լայք է դրել, իրենց պետք է աշխատանքից հեռանան»։ Տասնյակ նման զանգեր եմ ստացել, ինչին ի պատասխան՝ ասել եմ՝ ժողովուրդ ջան, հարգելիներս, հեղափոխությունը նաեւ դրա համար ենք արել, որ հին ժամանակների նման չլինի, երբ քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդում էին, աշխատանքից հանում էին, ես դրա համար չեմ էստեղ եկել, կարճ ասած՝ մերժում էի նման բոլոր առաջարկները։ Բայց սրանք դեռ ծաղիկներն էին։ Հետո սկսեցին տարատեսակ պաշտոնատար անձինք զանգել եւ իրենց մերձավորների համար արտոնություններ խնդրել՝ էս ծաղիկի բուտկեն էստեղ դնենք, էն շինթույլտվությունը տանք, էս հողն ընդլայնենք եւ այլն։ Եվ, բնականաբար, բոլոր դեպքերում, ստացել են նույն պատասխանը՝ քանի ես էստեղ եմ, ամեն ինչ արվելու է օրենքի ու օրինականության շրջանակներում, եւ բոլորը հավասար են օրենքի առաջ։
Սա շատ տհաճ ազդակ էր ինձ համար, որովհետեւ ես այդպիսի զանգեր չէի սպասում, երբ միանում էի թիմին։ Եվ այդտեղ սկսեց ի հայտ գալ իմ եւ ՔՊ-ի միջեւ աշխարհայացքների խզումը։ Ու հիմա այս մարդիկ ասում են՝ Հայկը հեղափոխությունից շեղվել է։
Սա ասում են մարդիկ, որոնք երկրի համար էս նեղ պահին 200 հազար դոլարանոց մեքենա են գնում, հետո ամբողջ քաղաքական թիմով մեկ ամիս շարունակ լծվում են՝ արդարացնելու էդ որոշումը, որ ցույց տան, թե ինչքան անհրաժեշտ գնում է դա երկրի համար (նկատի ունի ՀՀ ԱԺ նախագահի համար գնվելիք մեքենան- խմբ․)»։
Մի երկիր, որը աղքատության բարձր շեմ ունի, որն իր միջազգային գործընկերներից փող է խնդրում՝ իր մանկապարտեզները վերանորոգելու, իր ճանապարհները կառուցելու, իր բյուջետային ծախսերը փակելու համար, արդարացնում է 200 հազար դոլարանոց մեքենայի գնումը, իբր դա պետության «պրիստիժի» համար է։ Ասեմ, հարգելիներս, դա պրիստիժ չէ, հակառակը, սա մովետոն (անկրթություն, անդաստիրակություն- խմբ․) է, սա շատ վատ տպավորություն է թողնում, դրանով դուք անգամ խղճահարություն չեք առաջացնում, այլ միայն տարակուսանք եւ քմծիծաղ։ Ու կարծում եմ՝ ավելորդ չի լինի ասել, որ ես դեռ 2019-ին վաճառքի եմ հանել քաղաքապետին կցված S դասի Մերսեդեսը, գումարը մուտք եմ արել քաղաքային բյուջե, էս ամբողջ ընթացքում էկոնոմ դասի Նիսսան եմ քշում, ընդ որում՝ առանց վարորդի, երբեք պարգեւավճար չեմ ստացել, թույլ չեմ տվել բարձրացնել աշխատավարձս։ Եվ սա հերոսություն չէ, սա, ինչպես ասում են, լավ չի, նորմալ ա։ Որովհետեւ դա իմ համոզմունքն է, ու դա պետք է լինի հեղափոխական մանդատ ստացած ցանկացած պաշտոնյայի համոզմունքը։
Դե հիմա ասեք՝ ով է շեղվել հեղափոխական արծեքներից։ Ես մի քանի դրվագ ներկայացրի, բայց դրանք շատ-շատ են։ Եվ հենց սա է հիմնական պատճառը, որ իմ եւ ՔՊ-ի կապն այդքան կարճ տեւեց։ Եվ ես անցած տարի որոշեցի դուրս գալ կուսակցությունից։ Ընդ որում՝ պատերազմը մի քանի ամսով հետաձգեց այդ որոշման իրագործումը։ Նոյեմբերի 9-ից հետո սպասել եմ, որ երկրում իրավիճակը հանդարտվի, կայունանա, եւ նոր դեկտեմբերի 7-ին ներկայացրի կուսակցությունից դուրս գալու դիմումը։ Սուրեն Պապիկյանին եմ դիմումս տվել եւ հանձնելիս ասել՝ «եղբայր, որպեսզի որեւէ քաղաքական ուժ իր քաղաքական նպատակների համար չփորձի շահարկել սա, ես սրա մասին հրապարակային չեմ ասելու, ոչ մի դեպքում»։ Ասել եմ՝ «դուք կխոսեք սրա մասին այն ժամանակ, երբ ձեզ հարմար կլինի»։ Ինչպես տեսնում եք, ես իմ խոսքը պահել եմ, եւ նրանք կուսակցությունից իմ դուրս գալու մասին հայտարարել են այն պահին, երբ իրենց հարմար է եղել, այսինքն՝ ինձ անվստահություն հայտնելու պահին։
Կարող եք հարցնել՝ ինչո՞ւ այս ամենի մասին մինչեւ հիմա չես խոսել։ Ասեմ՝ լռել եմ՝ ներքաղաքական իրավիճակը չսրելու համար, բայց այսօր ՔՊ-ի թիմը համարում է, որ պետության վիճակն այնքան կայուն է, որ շատ հարմար պահ է քաղաքապետարանում հեղաշրջում անելու համար։ Ուստի ես արդեն կարող եմ ինձ թույլ տալ ժողովրդի հետ խոսել այս ամենի մասին»Ж
Վերադառնալով իրեն ներկայացվող անվստահության հիմքերին՝ Մարությանն ասաց․
«Ասում են՝ Մարությանը նախընտրակիան խոստումները բավարար չափով չի իրագործում։ Կներեք, բայց այս հարցում ինձ համար կարեւոր է երեւանցիների կարծիքը եւ գնահատականը, եւ հատկապես վերջին օրերին երեւանցիներին իրենց գնահատականը շատ հստակ տալիս են, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Հետո, նախաձեռնող խումբն ասում է՝ կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերը բավարար չեն։ Ասեմ՝ այս երեք տարիների ընթացքում քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը հարյուրավոր ստուգումներ է իրականացրել համակարգի ներսում, որոնց արդյունքում 64 գործ ուղարկվել է իրավապահներին, բացի դրանից՝ իրականացվել է 59 աուդիտորական ստուգում, որոնց արդյունքում տասը գործ ուղարկվել է իրավապահներին, բացի դրանից՝ վարչական շրջանների ղեկավարները տասնյակ դեպքեր են բացահայտել եւ ուղարկել իրավապահներին։
Ասում են՝ քաղաքապետը կորցրել է կապը ավագանու ֆրակցիայի հետ, այո կորցրել եմ, հիմա պատմեմ մի դրվագ բազմաթիվ դրվագներից, որ պարզ լինի՝ ինչու է դա տեղի ունեցել։
Անցած տարվանից սկսել ենք համայնքի միջոցներով ավտոբուսներ գնել, տենդեր էինք հայտարարել 8,6մ ավտոբուսների ձեռքբերման համար, որը կայացել էր, եւ ավագանին պետք է գնման համար գումար հատկացնելու որոշում կայացներ։ Դա այս տարվա փետրվարն էր, ահռելի աշխատանք էինք կատարել, եւ ավագանին ընդամենը պետք է գար, քվերակեր։ Եվ ահա, ավագանու նիստի նախորդ երեկոյան տեղեկություն ենք ստանում, որ ՔՊ վարչության որոշ անդմաներ, կառավարության որոշ անդամներ հրահանգել են, որ «Իմ քայլը» քվորում չապահովի, պարզ ասած՝ որոշել էին տապալել ավտոբուսների գնման գործընթացը, մենք մեծ դժվարությամբ, խնդրելով, բացատրելով կարեւորությունը՝ մեր գործընկերներին հրավիրեցինք նիստի, բայց «Իմ քայլը» ֆրակցիան բավարար չափով ձայներ չապահովեց՝ այդ կարեւորագույն որոշումն ընդունելու համար։
Բառացիորեն քվեարկությունից առաջ դահլիճից մարդկանց զանգով դուրս էին հանում, եւ որոշումը կարողացանք ընդունել միայն ավագանու ընդդիմադիր եւ անկախ անդամների ներկայության շնորհիվ։ Փաստացի, այս մարդիկ ուզում էին մեկ միլիոնանոց քաղաքը թողնել առանց ավտոբուսների՝ միայն մի բանի համար, որ ասեին՝ Մարությանը չի կարողանում կատարել իր նախընտրական խոստումները։ Այսինքն՝ նեղ խմբակային շահը վեր են դասում մի ամբողջ համայնքի շահից։
Ու թող հեքիաթներ չպատմեն, թե իբր կառավարությունն ուզում է ավելի լավ ավտոբուսներ բերել․․․ Բերող էիք՝ բերեիք։ Մենք 850 ավտոբուսի կարիք ունեինք, էդ պահին 211-ի գնումն էինք անում, մնացածն էլ դուք բերեիք, երեք տարի ժամանակ ունեիք, բերեիք, էսօր բերեք, վաղը բերեք, մի բան բերեք։
Այսքանից հետո խնդրում եմ ասեք՝ ինչ հարաբերություններ ես պետք է ունենամ ավագանու այս ֆրակցիայի հետ։
Իսկ հիմա խոսենք այն մասին, թե ինչ ցածր մեթոդներով են այս մարդիկ իրականացնում իմպիչմենտի գործընթացը։
Սկզբից մամուլով ակնհայտ սուտ լուրեր տարածեցին, թե իբր հանդիպել եմ ինչ-որ նախկին պաշտոնյաների հետ, ինչ-որ բաներ եմ պայմանավորվել, թե ինչ-որ նախկին պաշտոնյաների տներ եմ օրինականացրել, բայց չգիտես ինչու՝ չեն նշում, որ դա օրինականցվել է կառավարության 912Ն որոշման հիման վրա, որի դեմ մենք երեք տարի է՝ պայքարում ենք, բայց կառավարությունն այդ որոշումը համառորեն թողնում է ուժի մեջ, որ այդ նույն որոշմամբ օրինակացվեն նաեւ իշխանության ներկայացուցիչների ինքնակամ կառույցները, որովհետեւ մենք ստիպված ենք շարժվել կառավարության որոշումներով, այլ տարբերակ չկա։ Այնուհետեւ դեզինֆորմացիայից եւ մանիպուլյացիայից հետո սկսեցին գործի դնել շանտաժի գործիքները, ինչպես արդեն լսեցիք, վստահ եմ՝ նաեւ համացանցից եք տեղեկացել՝ ավագանու մի շարք անդամների ստիպելով ստորագրել իմ անվստահության որոշման տակ։ Բառացի՝ մեկին սպառնում էին աշխատանքից հանել, մյուսին ասում էին՝ փողիցդ կկտրենք, եւ այլն, եւ այլն, հին ու բարի մեթոդներով։ Կարճ ասած՝ ես այս ամբողջ պրոցեսը համարում եմ անարգանք ժողովրդավարության հանդեպ եւ անարգանք երեւանցու քվեի հանդեպ։
Կարծում եմ՝ դուք ձեր սկսածը, մեւնույն է, ավարտին եք հասցնելու, ուստի, քանի դեռ քաղաքապետ եմ, քաղաքի բոլոր ծառայությունների ղեկավարներին խնդրում եմ՝ ձեր ծառայությունն իրակաանցնել մաքսիմալ պատասխանատվությամբ, բարձր կարգապահությամբ, բազմապատկված նվիրումով, դուք պարտավոր եք ապահովել երեւանցիների անվտանգությունը եւ կոմֆորտը»։
Մարությանը շնորհակալություն հայտնեց աշխատակազմի բոլոր անդամներին՝ համատեղ աշխատանքի համար, իր թիմի անդմաներին եւ երեւանցիներին՝ վստահության համար, եւ ներողություն խնդրեց, եթե ինչ-որ բան չի հասցրել անել։
13:54 - 22 դեկտեմբերի, 2021