Տիգրան Ավինյանի ցուցումով՝ Երևանի քաղաքապետարանն ու մարզպետարանները պետք է ապահովեն քաղաքացիների դիմումների ընդունումը միայն էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով
00:58 - 19 մարտի, 2020

Տիգրան Ավինյանի ցուցումով՝ Երևանի քաղաքապետարանն ու մարզպետարանները պետք է ապահովեն քաղաքացիների դիմումների ընդունումը միայն էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով

Պայմանավորված Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արտակարգ դրությամբ, ինչպես նաև նպատակ ունենալով խուսափել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիների կուտակումներից՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի ցուցումով Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև բոլոր մարզպետարանները այսուհետ պետք է ապահովեն քաղաքացիների դիմումների, բողոքների և հարցումների ընդունումը միայն էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով՝ պատասխանները տրամադրելով նույնպես էլեկտրոնային եղանակով։

Միաժամանակ, Երևանի քաղաքապետարանը և ՀՀ մարզպետարանները պետք է www.e-request.am հարթակի մասին քաղաքացիների պատշաճ իրազեկում ապահովեն իրենց պաշտոնական կայքէջերի, սոցիալական ցանցերի էջերի, տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով և այլ հնարավոր եղանակներով՝ հորդորելով քաղաքացիներին չայցելել պետական մարմինների սպասարկման գրասենյակներ և օգտվել էլեկտրոնային այս գործիքից:

Հարթակը հնարավորություն է տալիս քաղաքացիներին տեղեկատվություն տնօրինող պետական շուրջ 60 մարմիններին էլեկտրոնային եղանակով ուղարկել հարցում, դիմում կամ բողոք և ստանալ առցանց պատասխան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել