Կորոնավիրուսից մահացածի դագաղն արգելվում է բացել հուղարկավորության ցանկացած փուլում |panarmenian.net|
11:21 - 18 ապրիլի, 2020

Կորոնավիրուսից մահացածի դագաղն արգելվում է բացել հուղարկավորության ցանկացած փուլում |panarmenian.net|

panarmenian.net: Կորոնավիրուսից մահացած մարդու դագաղն արգելվում է բացել տեղափոխման և հուղարկավորության ցանկացած փուլում, մահվան մասին բժշկական վկայականը հանգուցյալի հարազատին տրամադրելուց հետո դիակը հարազատին է հանձնվում փակ դագաղով: Պարետի որոշմամբ սահմանվել է արտակարգ դրության ժամանակահատվածում կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացած անձանց դիակների տեղափոխման և հուղարկավորության կանոնները:

Նշվում է նաև, որ հանգուցյալին անհրաժեշտ է հնարավորինս շուտ հուղարկավորել (48-72 ժամից ոչ ավելի) և խուսափել բազմամարդ հոգեհանգիստներից:

Ըստ որոշման՝ պացիենտի՝ կորոնավիրուսային վարակով պայմանավորված մահվան դեպքում դիակը ծածկվում է սավանով և տեղափոխվում դիակի համար նախատեսված անջրանցիկ պարկ, դաստակին փակցվում է նույնականացման տեղեկություն պարունակող նշան, այնուհետև պարկը պինդ կապվում է սկզբից մինչև վերջ կայծակ ճարմանդի միջոցով այնպես, որ բացառվի դիակից հեղուկի արտահոսքի հնարավորությունը: Դիակի նույնականացման տեղեկությունը փակցվում է նաև դիակի համար նախատեսված պարկի վրա:

Պարետի որոշման մեջ նշվում է նաև, որ մահացածի իրերն այրելու անհրաժեշտություն չկա, դրանք անհրաժեշտ է զգուշորեն վերցնել պաշտպանիչ ձեռնոցներով, մաքրել և ախտահանել առնվազն 70% էթանոլով կամ այլ ախտահանիչ նյութով, մահացած անձի հագուստն անհրաժեշտ է լվանալ 60−90°C ջերմաստիճանի ջրով և լվացքի փոշիով:

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ Պարետի որոշմամբ չի թույլատրվում նաև բացել կորոնավիրուսց մահացած ՀՀ քաղաքացիների դիերը, որոնք բերվել են արտերկրից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել