Փաստաբանների պալատը դատապարտել է փաստաբան Արման Արզումանյանի խուզարկությունը ոստիկանությունում
17:55 - 04 մայիսի, 2020

Փաստաբանների պալատը դատապարտել է փաստաբան Արման Արզումանյանի խուզարկությունը ոստիկանությունում

Փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրել է փաստաբան Արման Արզումանյանի դիմումը ոստիկանության Նոր-Նորքի բաժնում այս տարվա ապրիլի 24-ին անձնական խուզարկության ենթարկվելու փաստի վերաբերյալ եւ արձանագրել, որ.

1) հետաքննության մարմինը, տվյալ դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմին չի հանդիսացել,

2) առերևույթ բացակայել է անձին բերման ենթարկելու մասին որոշումը, քանի որ այն չի ներկայացվել փաստաբանին, ինչպես նաև վերջինիս վստահորդին,

3) բացակայել է նաև քրեական վարույթն իրականացնող մարմնի` քննիչի հանձնարարությունը, իր վարույթում քննվող քրեական գործով իրականացնել բերման ենթարկելու որոշման պահանջը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետ),

4) փաստաբան Արման Արզումանյանի վստահորդը Բաժին է բերման ենթարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի պահանջների խախտմամբ,

5) փաստաբան Արման Արզումանյանն անձնական խուզարկության է ենթարկվել «Փաստաբանության մասին» օրենքի 21-րդ հոդվածի երաշխիքների խախտմամբ` իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս, երբ փորձել է կանխել իր վստահորդի իրավունքների առերևույթ խախտումները,

6) փաստաբան Արման Արզումանյանը կանգնած է քրեական հետապնդման ենթարկվելու վտանգի առաջ` իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ինչի արգելքն ուղղակիորեն նախատեսված է Օրենքի 21-րդ հոդվածով,

7) փաստաբան Արման Արզումանյանին անձնական խուզարկության ենթարկելը չի հետապնդել իրավաչափ նպատակ և ուղղված չի եղել բացառապես վերջինիս վստահորդի բջջային հեռախոսը վերցնելուն, քանի որ, անգամ դրա տեղը մատնանշելուց և ոստիկանների կողմից այն վերցնելուց հետո, փաստաբանի անձնական խուզարկությունը շարունակվել է, որի արդյունքում վերջինիս գրպանից հանվել է նաև նրա անձնական բջջայինը, ստուգվել է գրպանների ամբողջ պարունակությունը,

8) հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոչընդոտել հնարավոր է միայն քրեական հետապնդման մարմնի օրինական գործունեությանը` փաստաբան Արման Արզումանյանի արարքը չի կարող պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով նախատեսված հանցակազմ:

Հանձնաժողովը, վկայակոչելով նաև համապատասխան իրավակարգավորումները, հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

- Փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովն անթույլատրելի է համարում փաստաբանական գործունեության օրենսդրական երաշխիքների ցանկացած սահմանափակում և խստորեն դատապարտում ոստիկանության Նոր-Նորքի բաժնում ոստիկանների կողմից, իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն իրականացնելիս փաստաբան Արման Արզումանյանին անձնական խուզարկության ենթարկելը:

- Փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը խստորեն դատապարտում է փաստաբան Արման Արզումանյանի նկատմամբ իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու ցանկացած նախաձեռնություն և քրեական հետապնդման մարմիններին հորդորում է զերծ մնալ փաստաբանական գործունեությանը որևէ կերպ ապօրինի միջամտելուց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել