Փաստաբանների պալատ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը օրենքի հիման վրա ստեղծված փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առեւտրային կազմակերպություն է: Փաստաբանների պալատի մարմիններն են․
- փաստաբանների ընդհանուր ժողովը,
- փաստաբանների պալատի խորհուրդը, որը կազմված է 12 անդամից եւ նախագահից.
- որակավորման հանձնաժողովը, որը կազմված է 8 անդամից:

2020թ. փետրվարի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործում են 2138 փաստաբան:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահն է Արա Գագիկի Զոհրաբյանը, որն այդ պաշտոնում ընտրվել է 2013 թվականին, ապա 2017-ին՝ վերընտրվել։
ՍԴ-ն քննության է ընդունել Հարկային օրենսգրքի՝ փաստաբաններին առնչվող փոփոխությունների հարցով դիմումը

ՍԴ-ն քննության է ընդունել Հարկային օրենսգրքի՝ փաստաբաններին առնչվող փոփոխությունների հարցով դիմումը

Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականության վիճարկման վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարանի կողմից այսօր ընդունվել է քննության: Այս մասին հայտնում է Փաստաբանների պալատի ղեկավար Սիմոն Բաբայանը։  «Հիշեցնում եմ, որ ՍԴ դիմումը ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ ներկայացվել էր ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավորի կողմից»,- գրել է Բաբայանը: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից փաստաբանական ծառայությունների հարկային բեռն ավելացել է մոտ 6-8 անգամ, ինչի կապակցությամբ Հայաստանի 1212 փաստաբան կոլեկտիվ հանրագիր է ներկայացրել Կառավարությանը։   Դեռ 2024 թ․-ին ՄԻՊ-ն այս կարգավորման մեջ սահմանադրականության խնդիր էր տեսել եւ դիմել Սահմանադրական դատարան։ ՍԴ-ն, սակայն, որոշել է, որ դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու իրեն։  
19:22 - 21 փետրվարի, 2025
Մեկօրյա գործադուլ՝ փաստաբանների հարկերն ավելացել են մոտ 8 անգամ
 |azatutyun.am|

Մեկօրյա գործադուլ՝ փաստաբանների հարկերն ավելացել են մոտ 8 անգամ |azatutyun.am|

azatutyun.am: Փաստաբանների գործադուլի պատճառով այսօր դատարաններում ու քննչական ծառայություններում աշխատանքային օրն ակտիվ չէր: Նրանք բողոքում են արդեն մեկ ամիս ուժի մեջ մտած հարկային փոփոխություններից, ըստ որոնց նախկին 5 տոկոսի փոխարեն այժմ ստիպված են վճարել 38 տոկոս հարկ: Սա է պատճառը, որ փաստաբանները մեկ օրով հրաժարվել են գնալ դատարաններ ու քննչական ծառայություններ՝ պաշտպանելու քաղաքացիների իրավունքները: «Այս մակարդակով մենք փորձում ենք մեր համայնքի անունից մեր դժգոհությունը ներկայացնել ոչ հիմնավորված, մեր կարծիքով անտեղի հարկային օրենսդրության փոփոխության», - հայտարարեց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը: Բաբայանն ու գործընկերներն այսօր ասում էին, որ հունվարից ուժի մեջ մտած հարկային փոփոխությունները վնասում են ոչ միայն փաստաբանական համայնքին, այլ նաև քաղաքացիներին առհասարակ: Իրենք ստիպված են եղել բարձրացնել ծառայության գները, Բաբայանին պատկանող փաստաբանական գրասենյակն արդեն 20 տոկոսով թանկացրել է վճարը, մյուս կողմից էլ՝ այլևս չեն կարող անվճար իրավաբանական օգնություն տրամադրել, քանի որ ստիպված կլինեն դրա դիմաց ևս հարկ վճարել: «Այս ընթացքում նաև 1212 փաստաբան ստորագրեցին հանրագիր, որով առաջարկեցին, որպեսզի փաստաբանական ծառայությունները ազատվեն ավելացված արժեքի հարկից, իսկ անվճար իրավաբանական օգնություն մատուցող փաստաբանների կողմից՝ առհասարակ ազատվի հարկից: Այդ հանրագրի պատասխանն էլ դեռ չունենք», - ասաց Բաբայանը: Ունենալու ենք անպաշտպան քաղաքացիներ, պնդեց Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը. - «Չի կարելի մեղվի փեթակը ջարդել մեղր հանելու համար: Սա շատ մեծ, շատ լուրջ սխալ մոտեցում է»: Փաստաբանների մի փոքր մասը, որոնց տարեկան շրջանառությունն անցնում է 119 միլիոն դրամը, վճարում են թե՛ ավելացված արժեքի հարկ և թե՛ շահութահարկ։ Սրանից պակաս գումար վաստակողները, սակայն, որոնք մեծամասնությունն են, դեռ մեկ ամիս առաջ վճարում էին ընդամենը 5 տոկոս շրջանառության հարկ։ Հիմա այդ գումարը մեծացել է մոտ 8 անգամ: «Փաստաբանները միշտ հայտնվում էին վստահորդների կողքին և իրենց օգնում էին: Մենք, փաստորեն, այս ճանապարհը փակում ենք, այսինքն՝ պետությունը փակում է, և ինչ է ստացվում՝ եթե պարոն Բաբայանի նկատառումներն էլ գումարենք, ստացվում է՝ պետական տուրքի գումարը բարձրացվեց, անվճար օգնությունը փակվեց, նոտարական ծառայությունները, որը էլի իրավունքի պաշտպանության ձև է, թանկացվեց, ստացվում է՝ ամեն ինչ անում են, որպեսզի մարդը հրաժարվի իրավունքները պաշտպանելուց», - ընդգծեց Զոհրաբյանը: Գործադիրը կարծում է, որ պարզեցված այս հարկը վերածվել է արտոնության մյուս ոլորտների համեմատ և օրենսդրական փոփոխություններից հետո հանեց այդ 5 տոկոսն ու փոխարենը բոլորից գանձում է ավելացված արժեքի հարկ՝ 20 տոկոս, գումարած՝ 18 տոկոս էլ շահութահարկ:
18:01 - 10 փետրվարի, 2025
Գրեթե բոլոր փաստաբանները միացել են գործադուլին. Փաստաբանների պալատի խոսնակ
 |news.am|

Գրեթե բոլոր փաստաբանները միացել են գործադուլին. Փաստաբանների պալատի խոսնակ |news.am|

news.am: Փաստաբանները գործադուլ են հայտարարել, որին միացել են գրեթե բոլորը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Փաստաբանների պալատի խոսնակ Սիլվի Տիգրանյանը: «Գործադուլ հայտարարված է բոլորի համար, որին միացել են գրեթե բոլորը: Բացառիկ դեպքերում, եթե խիստ անհրաժեշտություն կա, օրինակ, ինչ-որ մեկի նկատմամբ կալանքի որոշում են կայացնում, այդ պահին կարող է փաստաբանը գնալ: Մնացած դեպքում բոլորը միացել են գործադուլին»,-ասաց նա՝ հավելելով, որ այս պահին դատարանների դիմաց փաստաբաններն իրազեկման ակցիա են անցկացնում: Խոսնակը նշեց, որ այս պահին փաստաբանների ընդհանուր ժողովն է ընթանում, ապա կլինի մամուլի ասուլիս: Իր հերթին փաստաբան Սերգեյ Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովում, որն ընթանում է այս պահին, հիմնական կարևոր հարցը հարկային փոփոխություններն էր, որը բավականին բացասական հետևանքներ է բերելու երկրում: Բացի նրանից, որ փաստաբանական վճարի գինն է միանշանակ բարձրանալու, այլեւ իրավապաշտպանների պարագայում փաստորեն պետությունը արգելում է մեզ անվճար իրավաբանական օգնություն ցույց տալ, այսինքն անվճար հիմքերով մարդկանց կողքին կանգնել: Իսկ դուք գիտեք, օրինակ մենք կոնկրետ հինգ իրավապաշտպաններով ստացվող ժամանակահատվածում միայն անվճար հիմունքներով փորձել ենք հարյուրավոր մարդկանց անվճար իրավաբանական օգնություն ցույց տալ: Այսինքն պետությունը նաև այս օրենսդրական փոփոխությամբ դա է մեզ արգելում, որը աննախադեպ բան է: Ես չգիտեմ այդպիսի երկիր, որտեղ նմանատիպ օրենսդրական նորմ լինի: Պարզ է որ նպատակը այստեղ ավելի շատ ճնշումն է և ընդիմության, և փաստաբանական համայնքի նկատմամբ լծակներ ունենալն է, որը բերելու է հերթական բացասական հետևանքների: Դա հերթական չմտածված կամ ինչ-որ մի տեղ շատ ավելի խորը մտածված, ոչ ողջամիտ, ոչ ժողովրդավար քայլերից է»,- հայտարարեց նա: Սերգեյ Հարությունյանը նաեւ ընդգծեց, որ այս փոփոխությունների հետեւանքով փաստբանական ծառայությունների գինն է բարձրանալու, որովհետեւ եթե փաստաբանը որոշակի X գումար էր նախատեսում իր աշխատանքի համար, որի մեջ նաև մտնում էր իր վարձատրությունից զատ, նաև այն ծախսերը, որ ինքը պետք է հոգար, հիմա արդեն դրան ավելանալու է այդ տոկոսը. «Որովհետև փաստաբանը չի կարող արդեն այն ավելացած գումարը, որը ներառվում է այդ հարկի մեջ, դրանով իր բոլոր ծախսերը հոգալ: Ստացվում է, որ դա ավելորդ բեռ է քաղաքացու համար, ով որ պետք է դիմի փաստաբանի: Մեր փաստաբանական համայնքում միշտ ընդունված է եղել, այդ խրախուսված է եղել անվճար իրավաբանական օգնություն ցույց տալը, ու նույն այս բոլոր քաղաքական ակցիաների շրջանակներում մեր համայնքից բազմաթիվ փաստաբաններ միշտ կանգնել են  խախտված իրավունքներով մարդկանց կողքից։ Այժմ օրենքը արգելում է, այսինքն, եթե փաստաբանը որևէ մի, թեկուզ սոցիալապես անապահով անձի տեսնում է, որ կա իրավական աջակցության, իրավական խորհրդատվության կարիք, արդեն պետք է իր գրպանից ստիպված վճարում կատարի անվճարունակ անձի կողքին կանգնելու համար»: Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Փաստաբանների պալատը կոլեկտիվ հանրագիր է ներկայացրել ՀՀ կառավարությանը․ առիթը փաստաբանական  ծառայությունների մատուցման եւ անվճար իրավաբանական օգնության տրամադրման ոլորտում հարկային բեռի վերջին փոփոխություններն են, որի մասին կարող եք կարդալ «Ինֆոքոմի» հոդվածում։ 
12:38 - 10 փետրվարի, 2025
31 պատգամավոր դիմել է ՍԴ՝ վիճարկելով փաստաբանների հարկային բեռի ավելացման սահմանադրականությունը

31 պատգամավոր դիմել է ՍԴ՝ վիճարկելով փաստաբանների հարկային բեռի ավելացման սահմանադրականությունը

31 պատգամավոր դիմել է ՍԴ՝ վիճարկելով փաստաբանների հարկային բեռի ավելացման սահմանադրականությունը։ Այս մասին հայտնել է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։  «Այսօր, ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականությունը: Մասնավորապես, Սահմանադրական դատարան ներկայացված դիմումով հայցվել է որոշել Հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համապատասխանությունը Սահմանադրության 29-րդ, 60-րդ, 61-րդ, 64-րդ, 67-րդ, 78 րդ, 81-րդ հոդվածներին և ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-285-Ն ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը Սահմանադրության 73-րդ հոդվածին»,- նշված է հայտարարության մեջ։  Հիշեցնենք՝ այս տարվա հունվարի 1-ից փաստաբանական  եւ իրավաբանական ծառայությունները շրջանառության հարկման համակարգից տեղափոխվել են հարկման ընդհանուր համակարգ։ Դա նշանակում է, որ շրջանառության հարկի փոխարեն (5%) այդ ծառայություններից այսուհետ գանձվելու են ավելացած արժեքի հարկ (20 %) եւ շահութահարկ (18-23%)։ Արդյունքում, այստեսակ գործունեությունների հարկային բեռն ավելանալու է մոտ 6-8 անգամ։  Հայաստանի 1212 փաստաբաններ կոլեկտիվ հանրագիր են ներկայացրել Կառավարությանը՝ կցելով իրենց համատեղ նախագիծը եւ պահանջելով հավանություն տալ փաստաբանական  ծառայությունների մատուցումը եւ անվճար իրավաբանական օգնության տրամադրումն ավելացված արժեքի հարկից ազատելուն՝ նախագիծն ուղարկելով Ազգային ժողով՝ ընդունման։
17:42 - 22 հունվարի, 2025
Փաստաբանները՝ ընդդեմ հարկային բեռի ավելացման․ կոլեկտիվ հանրագիր է ներկայացվել Կառավարությանը

Փաստաբանները՝ ընդդեմ հարկային բեռի ավելացման․ կոլեկտիվ հանրագիր է ներկայացվել Կառավարությանը

Հունվարի 17-ին Փաստաբանների պալատը կոլեկտիվ հանրագիր է ներկայացրել ՀՀ կառավարությանը․ առիթը փաստաբանական  ծառայությունների մատուցման եւ անվճար իրավաբանական օգնության տրամադրման ոլորտում հարկային բեռի վերջին փոփոխություններն են։ Այս տարվա հունվարի 1-ից փաստաբանական  եւ իրավաբանական ծառայությունները շրջանառության հարկման համակարգից տեղափոխվել են հարկման ընդհանուր համակարգ։ Դա նշանակում է, որ շրջանառության հարկի փոխարեն (5%) այդ ծառայություններից այսուհետ գանձվելու են ավելացած արժեքի հարկ (20 %) եւ շահութահարկ (18-23%)։ Արդյունքում, այստեսակ գործունեությունների հարկային բեռն ավելանալու է մոտ 6-8 անգամ։ Այժմ Հայաստանի 1212 փաստաբաններ ներկայացրել են իրենց համատեղ նախագիծը եւ պահանջում են Կառավարությունից հավանություն տալ փաստաբանական  ծառայությունների մատուցումը եւ անվճար իրավաբանական օգնության տրամադրումն ավելացված արժեքի հարկից ազատելուն՝ նախագիծն ուղարկելով Ազգային ժողով՝ ընդունման։ Նշենք, որ հանրագիրը հանրային նշանակություն ունեցող հարցերով գրություն է, պաշտոնատար անձանց գործունեության թերությունների մասին հաղորդում կամ տարբեր ոլորտներում իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ, որը անհատապես կամ կոլեկտիվ ներկայացնելու իրավունքը ամրագրված է Սահմանադրությամբ։  Օրենքի համաձայն՝ հանրագրին պատասխան է ներկայացվում այն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում (սահմանված դեպքերում ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ վեց ամիս)։ Երբ եւ ինչու նախաձեռնվեցին հարկային փոփոխությունները Օրենսդրական այս փոփոխությունը Կառավարությունը նախաձեռնել էր 2024 թ․–ի տարեսկզբին։ Ըստ հեղինակների՝ նախագծի ընդունման անհրա­ժեշտու­թյունը բխում է շրջանառության հարկի համակարգի եւ հարկ­ման ընդհանուր համա­կարգի հարկային բեռերի միջեւ տարբերության կրճատման, տնտե­սավարող սուբյեկտ­ների կողմից կատարվող ծախ­­­սերի փաստաթղթավորման խթանները մեծացնելու, ինչ­պես նաեւ հարկ­ման երկու համակարգերն ավելի հասցեական դարձ­նելու նպա­տա­կա­դրում­ներից․ «Շրջանառության հարկի համակարգի՝ որպես հարկման հիմնական համա­կար­գին այլընտրանքային համակարգի հիմնական նպատակը տնտե­սա­վա­րող սուբ­յեկտների համար պարզ հարկային հաշվառման եւ մեղմ վարչարարության պայ­ման­նե­րում գոր­ծու­նեու­թյուն ծավալելու հնարավորության ապահովումն է: Ուսում­նա­սի­րու­թյուն­ները, սակայն, ցույց են տալիս, որ այլընտրան­քային համա­կարգ լինելու փոխարեն այն վերածվել է հարկ­ման արտոնյալ համա­կարգի»,– ասված է նախագծի հիմնավորումներում։ Դեռ 2024–ի հունվար–փետրվար ամիսներին, երբ նախագիծը հրապարակվել էր իրավական ակտերի նախագծերի պաշտոնական հարթակում, բուռն քննարկումների տեղիք էր տվել։ Մի շարք փաստաբաններ բազմաթիվ առարկություններ էին ներկայացրել՝ շեշտելով նաեւ, որ նախագծի հեղինակները խախտել են Հարկային օրենսգրքի 3-րդ հոդվածի պահանջները, ըստ որի՝  վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներում փոփոխությունները եւ/կամ լրացումները կատարվում են՝ դրանք նախապես քննարկելով ոլորտի մասնագիտական-հասարակական կազմակերպությունների, գործարար միջավայրի ներկայացուցիչների եւ այլ շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ։ Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը մեր հարցին ի պատասխան մանրամասնեց՝ նախագիծը Պալատին նախապես չի ուղարկվել, միայն Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո, երբ փաստաբաններն արդեն դժգոհության ալիք էին բարձրացրել, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկում հրավիրվեց, որից հետո փաստաբանները ներկայացրին 17-էջանոց դիտարկումներ եւ առաջարկություններ։ Այնուհանդերձ, Խորհրդարանը 2024 թվականի հունիսի 12-ին նախագիծն ընդունեց՝ առանց անդրադառնալու այն առաջարկություններին։ Մարդու իրավունքների պաշտպանը նախագծում սահմանադրականության խնդիր էր տեսնում Նախագծի վերաբերյալ իր մտահոգություններով Պալատը դիմել էր նաեւ Մարդու իրավունքի պաշտպանի աշխատակազմին։ Առանձին դիմումով մտահոգություններ էր ներկայացրել նաեւ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, որին միացել էր եւս 9 կազմակերպություն։ Այս ամենից հետո՝ 2024 թ․ նոյեմբերի 14-ին, ՄԻՊ-ը դիմել էր Սահմանադրական դատարան՝ խնդրելով հակասահմանադրական ճանաչել նախագծի այն դրույթը, որով փաստաբանական ծառայություն մատուցողներն հարկվելու են ընդհանուր ռեժիմով։ ՄԻՊ-ը հակասություն էր տեսնում այդ դրույթի եւ Սահմանադրությամբ ամրագրված դատական պաշտպանության, իրավաբանական օգնություն ստանալու իրավունքների, համաչափության սկզբունքի, ինչպես նաեւ հիմնական իրավունքների եւ ազատությունների՝ միջազգային իրավական պրակտիկային համապատասխանելու սկզբունքի հետ (Սահմանադրության հոդվածներ 61, 64, 78, 81)։ Սահմանադրական դատարանը, սակայն, դիմումը ըստ էության չէր քննել՝ որոշելով մերժել այն վարույթ ընդունել՝ պատճառաբանությամբ, որ դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու իրենց․ «Գնահատման առարկա դարձնելով խնդրո առարկա նորմի ենթադրյալ հակասահմանադրականությունը՝ Դիմողը փորձել է հիմնավորել սոսկ խնդրո առարկա նախագծի անհիմն լինելու վերաբերյալ դիրքորոշումը, որն իր բովանդակությամբ դեռ չի հիմնավորում վիճարկվող դրույթի հակասահմանադրականությունը»- ասված է ՍԴ որոշման մեջ։ Ինչ ռիսկեր են տեսնում փաստաբանները Փաստաբան Զորայր Հարությունյանը Ինֆոքոմի հետ զրույցում ասում է՝ ազնվության համար պետք է նշել, որ հարկային քաղաքականությունը մի ոլորտ է, որը, ըստ էության, հայեցողական բնույթ է կրում, ուստի իր եւ իր շատ գործընկերների համար խնդրահարույց է ոչ թե հարկատեսակի փոփոխությունը, այլ հարկի չափը։ Ընդ որում, փոփոխությունը խնդրահարույց է թե՛ քաղաքացիների, թե՛ հենց պետության համար․  Փաստաբան Զորայր Հարությունյանը «Պատկերացնում եք՝ խոսքը հարկային բեռի՝ շուրջ 8 անգամ ավելանալու մասին է, 800 %–անոց բեռ է ավելանում, ինչը բացասական հետեւանքներ է առաջացնելու առավելապես մեր ծառայություններից օգտվող մարդնանց եւ իրավաբանական անձանց համար, այլ ոչ թե փաստաբանների, որովհետեւ սրա հետեւանքով պարզապես ծառայության արժեքներն են աճելու։ Բայց մի հարց էլ կա պետության տեսանկյունից, որի մասին քիչ է խոսվում․ երբ շրջանառությունը հարկը ներդրվեց փաստաբանական տիրույթում, դրա նպատակներից մեկը այն էր, որ փաստաբանական ծառայությունների, ընդհանրապես ծառայությունների ոլորտում Հայաստանում շատ մեծ սեւ ոլորտ կար, այսինքն՝ ծառայությունների մատուցումը միշտ թաքցվում էր հարկային մարմիններից եւ որպես հետեւանք՝ հարկային պարտավորություն չէր առաջանում կամ առաջանում էր շատ ավելի նվազ գումարների նկատմամբ։ Հիմա, իմ խորին համոզմամբ, հարկային բեռի այսպիսի ավելացմամբ առնվազն որոշ մասով վերադարձ է կատարվելու մինչշրջհարկյան ժամանակահատվածը, այսինքն՝ շատերը գնալու են այն ճանապարհով, որ ծառայությունների մատուցման պայմանագրերի մի մասը ընդհանրապես ցույց չտան կամ ցույց տան ավելի նվազ գումարով, քան իրականում է եղել է, եւ արդյունքում ստեղծվելու է ստվերային չկառավարվող դաշտ՝ մանավանդ հաշվի առնելով, որ ծառայությունների ոլորտը այնպիսի ոլորտ է, որը, «մենաշնորհային դիրք ունի» գնի գոյացման համար, նկատի ունեմ՝ որեւէ մեկը երբեւէ չի կարող ասել՝ ինչո՞ւ է, օրինակ, Պողոս Պողոսյան փաստաբանը, այս գործով ծառայություն մատուցել 100 հազար դրամով, իսկ Պետրոս Պետրոսյանը՝ 2 միլիոն դրամով»։ Զորայր Հարությունյանի խոսքով՝ փաստաբանական գործունեությունը տարբերվում է ծառայությունների մատուցման ամբողջ շուկայից նրանով, որ դա առաջին հերթին իրավապաշտպան, նոր միայն՝ շահույթ հետապնդող գործունեությունն է․ «Մենք խոսում ենք մարդկանց մասին, որոնք զբաղվում են մարդկանց կամ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանությամբ։ Շատ հաճախ լինում են դեպքեր, երբ այդ ծառայությունների դիմաց վճարողներ կամ ընդհանրապես չեն լինում, կամ ի սկզբանե պայմանավորվածություն Է լինում անվճար ծառայություններ մատուցելու մասին (pro bono)»,- նշում է Հարությունյանը։ Նա օրինակ է բերում Երեւանում զանգվածային միջոցառումների, բողոքի ակցիաների ժամանակ բազմաթիվ անձանց բերման ենթարկելու դեպքերը․ «Գրեթե միշտ բոլոր այդ դեպքերով Փաստաբանների պալատը խմբեր է ձեւավորում, որոնք անհատույց՝ առանց որեւէ ֆինանսական եկամուտի ակնկալիքի գնում են, մարդկանց որոշակի ծառայություններ են մատուցում։ Բացի այդ, ամեն տարի մոտավորապես 5 գործով՝ քաղաքացիական կամ քրեական, ստանձնում եմ պաշտպանություն կամ ներկայացուցչության իրականացում առանց որեւէ վճարի եւ դրա ակնկալիքի։ Եվ հիմա ես դա չեմ էլ պատրաստվում դադարեցնել, բայց շատ հետաքրքիր է՝ Պետական եկամուտների կոմիտեն իմ դուռը թակելու է, ասի՝ ինչու գումար չես վերցրել կամ ինչո՞ւ տուգանք չես վճարել։ Եթե սա ՊԵԿ-ի աչքերում կդիտվի որպես վարչական իրավախախտում կամ այլ բան, ես, բնականաբար, դրա դեմ կարտահայտեմ իմ դիրքորոշումը համապատասխան ատյաններում։ Բայց կարծում եմ, որ այս ամենը իրականում այնքան պարզ է, որ ընդհանրապես պետք էլ չէր հասնել այն կետին, որ այս քննարկումն ունենայինք»,- կարծում է փաստաբանն ու հույս հայտնում, որ իրենց հանրագիրը իր նպատակին կծառայի, եւ գործադիրն ի վերջո կսթափվի։  Կոլեկտիվ հանրագրին միացած մյուս փաստաբան Արմինե Ֆանյանը եւս ունի գործեր, որոնցով անվճար ծառայություն է մատուցում․ «Անձինք կան, որոնց գործերով 10 տարուց ավելի է՝ անվճար ծառայություն եմ մատուցում՝ Ռուզան Ադանալյանի որդու սպանության կամ Դավիթ Հովակիմյանի սպանության գործը։ Հիմա, փաստորեն, պետք է այդ ծառայությունն էլ հարկվի, որովհետեւ պետությունը չի թույլատրում անվճար օգնություն տրամադրել։ Ու ստացվելու է, որ շատ քաղաքացիներ, որոնք իսկապես անվճարունակ են եւ միաժամանակ հանրային պաշտպանի գրասենյակի շահառու չեն, մնալու են անպաշտպան։ Պատկերացրեք՝ դեռ չեմ էլ քննարկել վստահորդներիս հետ, նույնիսկ չգիտեմ՝ ինչ ասել, ինչպես բացատրել, որ անվճար ծառայությունը պետք է վճարվի։ Սա ամբողջ աշխարհում նախադեպը չունեցող կարգավորում է»,- ասում է Ֆանյանը։ Փաստաբան Արմինե Ֆանյանը Վերջինս էլ մեկ այլ խնդիր էլ է մատնանշում․ օրենսդրական այս փոփոխությունը հանգեցնում է  խտրական պայմանների ֆիզիկական եւ իրավաբանական անձանց միջեւ․ «Իրավաբանական անձ հաճախորդները կարողանալու են ավելացած արժեքի հարկը հաշվեգրել եւ հետագայում իրենց ծախսերի միջոցով կոմպենսացնել, բայց ֆիզիկական անձինք չունեն ծախսագրման մեխանիզմ, եւ ստացվելու է, որ նրանք միեւնույն իրավաբանական ծառայության համար վճարելու են ավելի շատ, քան իրավաբանական անձինք»։  Մինչ այս եղած կարգավորումների համաձայն՝ եթե փաստաբանական գրասենյակի տարեկան  եկամուտը գերազանցում է 115 միլիոն դրամը, գրասենյակը տեղափոխվում էր հարկման ընդհանուր համակարգ։ Սա Արմինե Ֆանյանը արդարացի մոտեցում է համարում․ «Եթե փաստաբանական գրասենյակի եկամուտը բավականին լուրջ ծավալների է հասնում, պետությունը թող դրանից իր օգուտը քաղի, բայց հիմա պետությունը մտածե՞լ է, օրինակ, մարզի անհատ ձեռնարկատեր փաստաբանների մասին․ մարզի շուկան, բոլորս գիտենք, հիմնականում անվճարունակ է, մարդիկ երբեմն հոնորարներն էլ չեն կարողանում վճարել»,- մտահոգվում է փաստաբանը՝ ենթադրելով, որ սա լինելու է մանր եւ միջին ձեռնարկատիրությունների վախճանը։ Փասատաբանը չի բացառում, որ կարող են ստվերային ծառայություններ եղած լինել, բայց պնդում է․ «Պետությունը պետք է ուժեղացներ իր հարկային լծակները՝ այդտեսակ դեպքերը բացահայտելու եւ այդ անձանց պատասխանատվության ենթարկելու համար, այլ ոչ թե ողջ համայնքին բերեր հարկային մի ռեժիմ եւ ասել՝ «ես մտածում եմ՝ դուք կչարաշահեք, ձեր գործերը անվճարի տակ կգրեք»։ Փաստաբանների հանդեպ այդ մեղավորության կանխավարկածը պարզապես վիրավորական է»։  Նշենք, որ նույնաբովանդակ նախագիծ շրջանառության մեջ էր դրվել նաեւ 2019 թ․-ին, բայց հետագայում գործընթացը կասեցվել էր․ «Գուցե քաղաքական կամք կար կամ գուցե զգացին, որ այդ պահին վտանգավոր Է նման կտրուկ քայլեր ձեռնարկելը, հիմա գուցե կարծում են, որ իրենց դիրքերը ավելի ամուր են, եւ կարելի է բավականին կոշտ հարկային քաղաքականություն վարել»,- նշում է փաստաբան Արմինե Ֆանյանը։   Միլենա Խաչիկյան
17:00 - 21 հունվարի, 2025
Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կողմից կատարված կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունների վերաբերյալ

Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կողմից կատարված կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունների վերաբերյալ

Փաստաբանների պալատից հայտնում են․ «ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների ակումբում ձևավորված փաստաբանների նախաձեռնող խմբի փաստաբանների կողմից  այսօր՝  2024 թվականի դեկտեմբերի 4-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն, որը վերաբերում է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կողմից կատարված կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողություններին: Փաստաբանները Գլխավոր դատախազին ներկայացրել են մի շարք հիմնավորումներ՝ նշված փաստերով քրեական վարույթ նախաձեռնելու և դրանց պատշաճ քրեաիրավական գնահատական տալու խնդրանքով: Հիշեցնենք, որ փաստաբանները մասնավորապես բարձրաձայնել էին ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետևյալ գործողությունների մասին՝ 1. Վահե Հովհաննիսյանը 2021թ. հայտնել է, որ ստացել է 1.000.000 ԱՄՆ դոլար անտոկոս փոխառություն: 2. Վահե Հովհաննիսյանը 1.050.000 ԱՄՆ դոլար գնով գնել է «Կարիտաս Իտալիանա» ՓԲ ընկերության 100% բաժնետոմսերը, իսկ հետագայում այդ կազմակերպությունը վերակազմավորել է «ՋԻ Կոդեր» ՍՊ ընկերության, իր բաժնեմասերը վաճառել է ազգականին: 2023թ. այդ նույն «Ջի Կոդեր» ՍՊԸ-ին ՀՀ կառավարությունը տրամադրել է 1,8 մլրդ դրամի ապրանքների ներմուծման մաքսատուրքի արտոնություն, որի  ազատված մաքսատուրքը կազմել է 118 մլն. դրամ։  Հատկանշական է, որ 2023թ. դրությամբ Վահե Հովհաննիսյանը «Ջի Կոդեր» ՍՊԸ-ի նկատմամբ ունեցել է 52.614.000 ՀՀ դրամի փոխառության պահանջի իրավունք. 3. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն իրեն պատկանող հյուրատունը վարձակալության է տրամադրել «Վարդենի» ՍՊ ընկերությանը, որին առանց մրցույթի մեկ միլիոն դրամից ավել գնով վճարվել է ֆինանսների նախարարության աշխատակիցների համար խաղ-վարժանքների կազմակերպման և անցկացման նպատակով: Ընդ որում, նշված ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին հենց Վահե Հովհաննիսյանի կողմից, որը հետագայում փոխանցվել է իր ընկերոջը. 4. Երեք տարիների համար ներկայացված հայտարարագրում առկա են էական անհամապատասխանություններ: Մասնավորապես, 2023թ. հայտարարագրում նշել է, որ 2006թ. Տոյոտա մակնիշի տրանսպորտային միջոցը իբրև վաճառել է 25.000.000 ՀՀ դրամով: Հ.Գ. Նախաձեռնող խմբի ներկայացուցիչ փաստաբան Արա Զոհրաբյանը նաև ՀՀ կառավարությանը հարցում է կատարել ճշտելու համար՝ արդյոք «Ջի-Կոդեր» ՍՊԸ-ի հետ Վահե Հովհաննիսյանի շահագրգռվածության վերաբերյալ տեղեկությունները հայտնի եղե՞լ են ՀՀ կառավարության 09.11.2023թ. N 1942-Ա որոշման ընդունման ժամանակ, թե՝ ոչ: ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների ակումբում ձևավորված նախաձեռնող խումբ»։
20:49 - 04 դեկտեմբերի, 2024
ՄԻՊ-ը դիմել է սահմանադրական դատարան՝ փաստաբանական գործունեության հարկման հետ կապված

ՄԻՊ-ը դիմել է սահմանադրական դատարան՝ փաստաբանական գործունեության հարկման հետ կապված

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին 2024 թվականի նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024 թվականի նոյեմբերի 1-ին դիմում է ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան՝ «ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 64-րդ, 78-րդ և 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ փաստաբանների պալատից։ Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է նաև, որ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում ներառվել են նաև Սահմանադրության 29-րդ, 60‑րդ, 61-րդ, 64-րդ, 73-րդ և 78-րդ հոդվածներին խնդրահարույց օրենքի անհամապատասխանության վերաբերյալ Փաստաբանների պալատի կողմից ներկայացված դիրքորոշումները: Նշված հարցով դեռևս 2024 թվականի հուլիսի 29-ին Փաստաբանների պալատը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին՝ ներկայացնելով օրենքի խնդրահարույց կարգավորումների հակասությունները Սահմանադրության՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները սահմանող գլխի դրույթներին:
21:32 - 20 նոյեմբերի, 2024
«Հայաստան» խմբակցությունը դեմ է փաստաբանների հարկման համակարգի փոփոխությանը
 |armenpress.am|

«Հայաստան» խմբակցությունը դեմ է փաստաբանների հարկման համակարգի փոփոխությանը |armenpress.am|

armenpress.am: Փաստաբանների շրջանառության հարկման համակարգի փոխարինումը ավելացված արժեքի հարկով և շահութահարկով ոտնահարելու է Սահմանադրությամբ երաշխավորված քաղաքացիների հիմնական իրավունքների պաշտպանության գործառույթը։ Ազգային ժողովի նիստում այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Հայաստանի կառավարությունը նախագիծ է բերել խորհրդարան, ըստ որի՝ այսօր գործող փաստաբանների շրջանառության հարկման համակարգը փոխարինվում է ավելացված արժեքի հարկի 20 տոկոս և շահույթահարկի 18 տոկոս հարկման համակարգով, առանց հաշվի առնելու երկու կարևոր հանգամանք։ Առաջինը՝ փաստաբանությունը նաև իրավապաշտպան գործունեություն է և բազմաթիվ քաղաքացիներ, կազմակերպություններ օգտվում են իրավաբանական այս ծառայությունից նույնիսկ անվճար հիմունքներով, ինչը էականորեն սահմանափակում է այս նախաձեռնությամբ և ստիպված են լինելու փաստաբանները փաստորեն անվճար ծառայություն մատուցելու դիմաց վճարել լրացուցիչ գումարներ, որն անտրամաբանական է։ Եվ երկրորդ կարևոր հանգամանքը այն է, որ փաստաբանությունը փորձ է արվել նույնականացնել առևտրային գործունեության հետ և ստանդարտ հարկման համակարգ է առաջարկում»,- ասաց Մինասյանը։ Նրա խոսքով՝այս նախագծին դեմ են արտահայտվել ինչպես Փաստաբանների պալատը, այնպես էլ բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ։ Ըստ Մինասյանի՝նման վարքագիծը բերելու է Հայաստանի Հանրապետությունում խախտված իրավունքների անպաշտպանությանը, ինչպես նաև մի շարք դեպքերում պարզապես մարդիկ, որոնք վճարունակ չեն լինելու իրենց իրավունքները պաշտպանելու հարցում, հայտնվելու են իրավական կամայականությունների տիրույթում։ «Նկատի առնելով, որ փաստաբանները նաև այսօր մեկօրյա գործադուլ են հայտարարել և դիմելով փաստաբաններին և իրավապաշտպան մյուս կառույցներին, մեր աջակցությունը հայտնելով նրանց՝ պահանջում ենք, որպեսզի, այնուամենայնիվ, խորհրդարանի մեծամասնությունը գիտակցի այս ոլորտի կարևորությունը և թույլ չտա, որպեսզի հանուն պետական բյուջեն լցնելու նպատակի ոտնահարի Սահմանադրությամբ երաշխավորված քաղաքացիների հիմնական իրավունքների պաշտպանության գործառույթը»,- եզրափակեց Մինասյանը։
18:02 - 21 մայիսի, 2024
Փաստաբանները գործադուլ են անում |civilnet.am|

Փաստաբանները գործադուլ են անում |civilnet.am|

civilnet.am:Փաստաբանները գործադուլ են անում՝ իրենց դժգոհությունն արտահայտելով հարկերը բարձրացնելու օրենսդրական փոփոխության դեմ։ Այսօր՝ մայիսի 21-ին, փաստաբանները հրաժարվել են պաշտպանություն իրականացնել դատարաններում և այլ կառույցներում։ Փոփոխությունների համաձայն՝ 2024-ի հոկտեմբերից փաստաբանները կվճարեն 10% շրջանառության հարկ՝ 5%–ի փոխարեն, իսկ 2025–ից՝ 20% ավելացված արժեքի հարկ։ «Այս նախագծի կիրառման հետևանքով փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը շեշտակի ավելանալու է։ Ծառայությունների 38 և ավելի տոկոսով թանկացում կլինի։ ՀՀ քաղաքացին ստիպված է լինելու այդ ինքնարժեքի համար վճարել ավելին։ Այս պահին ՀՀ դատարաններում ունենք մոտ 250 հազար գործ։ Սա նշանակում է, որ 250 հազար քաղաքացու առնվազն առնչվում է այս փոփոխությունը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։ Փաստաբանները Ազգային ժողովից պահանջում են «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից հանել փաստաբաններին վերաբերող իրավակարգավորումները:
12:20 - 21 մայիսի, 2024
Փաստաբանները խոր մտահոգություն են հայտնել վերջին օրերին իրավապահ մարմինների կողմից վարվող ակնհայտ հակաիրավական գործընթացների վերաբերյալ

Փաստաբանները խոր մտահոգություն են հայտնել վերջին օրերին իրավապահ մարմինների կողմից վարվող ակնհայտ հակաիրավական գործընթացների վերաբերյալ

Մի շարք փաստաբաններ խոր մտահոգություն են հայտնել վերջին օրերին ՀՀ քննչական կոմիտեի, ՆԳՆ ոստիկանության և դատարանների կողմից վարվող ակնհայտ հակաիրավական գործընթացների վերաբերյալ։ «Մենք՝ ներքոստորագրյալ փաստաբաններս մեր խոր մտահոգությունն ենք հայտնում վերջին օրերին ՀՀ քննչական կոմիտեի, ՆԳՆ ոստիկանության և դատարանների կողմից վարվող ակնհայտ հակաիրավական գործընթացների վերաբերյալ։ Մասնավորապես՝ 2023թ․ սեպտեմբերի 19-ից՝ Ադրբեջանի կողմից ցեղասպանություն իրականանցնելու նպատակով Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ահաբեկչական գործողությունների մեկնարկից սկսած Երևան քաղաքում իրականացվող խաղաղ անհնազանդության ակցիաների մի քանի տասնյակ մասնակիցների նկատմամբ իրականացվում է քաղաքական-քրեական հետապնդում, որի միակ նպատակն է ՀՀ քաղաքացիներին հեռու պահել մայրաքաղաքում և Հանրապետության տարբեր քաղաքներում իրականացվող համանման խաղաղ անհնազանդության ակցիաներին և հանրահավաքներին մասնակցությունից։ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել մոտ հինգ տասնյակ անձի նկատմամբ։ Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու գրեթե բոլոր միջնորդությունները բավարարվում են դատարանների կողմից։ Այնինչ, նշված անձանց առաջադրված մեղադրանքների նկարագրությունն անգամ որևէ աղերս չունի զանգվածային անկարգություններին մասնակցելու հանցակազմի հատկանիշների հետ։ Կալանավորում կիրառելու որոշումների գերակշիռ մեծամասնության հիմքում դրվել են բացառապես մեկ կամ մի քանի ոստիկանի ցուցմունք, ընդ որում՝ այն ոստիկանների, որոնք անհամաչափ ուժի գործադրմամբ իրականացրել են այդ անձանց ձերբակալումը։ Ցավով արձանագրում ենք, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները բավարարած դատավորները մինչդատական վարույթի նկատմամբ դատական երաշխիքներն ապահովելու իրենց առաքելությունն իրականացնելու փոխարեն ուղղակի մասնակցություն են ունենում այս քաղաքական շարժառիթ ունեցող հետապնդումներին։ Գրեթե բոլոր ձերբակալված անձինք թե՛ ձերբակալման պահին և թե՛ ոստիկանության համապատասխան բաժինների ճանապարհին ՆԳՆ ոստիկանության ՀՆԳ աշխատակիցների կողմից ենթարկվել են դաժան ծեծի և խոշտանգումների, ինչն ուղեկցվել է այդ անձնաց պատիվն ու արժանապատվությունը վիրավորող սեռական բնույթի հայհոյանքներով և սպառնալիքներով։ Արձանագրում ենք նաև, որ հանրության և տեսախցիկների առջև տեղի ունեցած բռնության այս հանցավոր դեպքերի վերաբերյալ ո՛չ ՆԳՆ ոստիկանությունը և ոչ էլ ՀՀ քննչական կոմիտեն որևէ իրավական համարժեք գործընթաց չեն իրականացնում, ինչով էլ փաստացի խրախուսում են Ոստիկանության կոնկրետ ստորաբաժանումների նման հանցավոր վարքագիծը։Վճռական ենք բացահայտելու, հավաքագրելու և ամբողջացնելու այս հակաիրավական գործընթացի ամբողջական շղթան և դրանցում ներգրավված պաշտոնատար անձանց։ Կոչ ենք անում տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցներին ու կազմակերպություններին, այդ թվում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ հավատարիմ մնալով իրենց առաքելությանը, ականջալուր լինել այս աղաղակող ապօրինությունների վերաբերյալ փաստերին և ներգրավվել այդ ապօրինություններից տուժած անձանց իրավունքների պաշտպանությանը։ Հորդորում ենք ՀՀ իրավասու պետական մարմիններին վերադառնալ իրավունքի և օրինականության դաշտ և վերջնականապես չհատել անդառնալիության կետը։ Վերահաստատում ենք մեր հանձնառությունը որպես իրավապաշտպան գործունեությամբ զբաղվողներ, հասարակական հիմունքներով պաշտպանել ՀՀ-ում մարդու իրավունքները և սահմանադրական արժեքները՝ հաղթահարելով համակարգի կողմից ստեղծվող բոլոր արհեստական խոչընդոտները։Հայտարարությունը բաց է միանալ ցանկացող փաստաբանների համար»։ փաստաբաններ՝ Աբգար Պողոսյան (արտոնագիր՝ 3015) Զորայր Հարությունյան (արտոնագիր՝ 1981) Վարազդատ Հարությունյան (արտոնագիր՝ 2426) Արսեն Բաբայան (արտոնագիր՝ 3268) Սոս Հակոբյան (արտոնագիր՝ 3301) Արմեն Անդրիկյան (արտոնագիր՝ 2232) Մհեր Հակոբյան (արտոնագիր՝ 1205) Դավիթ Թովմասյան (արտոնագիր՝ 3444) Ալեքսանդ Հարությունյան (արտոնագիր՝ 2461) Հովսեփ Սարգսյան (արտոնագիր՝ 2299) Մանուշ Եսայան (արտոնագիր՝ 2593) Վարդուհի Էլբակյան (արտոնագիր՝ 28) Իրմա Ճաղարյան (արտոնագիր՝ 2690) Միքայել Շխիմյան (արտոնագիր՝ 2521) Նազելի Տեր-Պետրոսյան (արտոնագիր՝ 1751) Ռուդիկ Դոլունց (արտոնագիր՝ 3401) Էրիկ Ալեքսանյան (արտոնագիր՝ 2231) Գոռ Վարդանյան (արտոնագիր՝ 3029) Բենիկ Գալստյան (արտոնագիր՝ 2862)
14:19 - 25 սեպտեմբերի, 2023
ՀՀ ՆԳ նախարարությունը և Փաստաբանների պալատը համատեղ հայտարարություն են տարածել

ՀՀ ՆԳ նախարարությունը և Փաստաբանների պալատը համատեղ հայտարարություն են տարածել

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հուլիսի 11-ին ընդունել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանին, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանին և ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանին։ Ինչպես տեղեկանում ենք ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա էին ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանը։ Հանդիպման ավարտին ընդունվել է համատեղ հայտարարություն, որը ներկայացվում է ստորև. «Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը, քննարկելով Ոստիկանության Երևան քաղաքի Էրեբունու և Կենտրոնական բաժիններում 2023 թ. փետրվարին և հունիսին արձանագրված ոստիկանների և փաստաբանների հետ կապված միջադեպերը, հայտարարում են՝ 1. Կողմերը կարևորում են փաստաբանության և ոստիկանության ինստիտուտների դերակատարումը Հայաստանի իրավական համակարգում: 2. Կողմերն անընդունելի են համարում բռնությունների ցանկացած դրսևորում: 3. Ներքին գործերի նախարարությունը ծառայողական քննությունների արդյունքներով իր գնահատականը տվել է Էրեբունու բաժնում տեղի ունեցած միջադեպին, իսկ Կենտրոնական բաժնում տեղի ունեցած միջադեպը գտնվում է ծառայողական քննության ընթացքում: 4. Ներքին գործերի նախարարությունը հավաստիացնում է, որ միջադեպերին ներգրավված ոստիկանության ծառայողների արարքներին կտրվի պատշաճ իրավական գնահատական՝ ապահովելով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրություն. 5. Ներքին գործերի նախարարությունը և Փաստաբանների պալատը կստեղծեն ոստիկանության ծառայողներից և փաստաբաններից կազմված հանձնախումբ՝ նման իրավիճակներում օպերատիվ արձագանքելու, փոխադարձ քննարկումներ, վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու, ինչպես նաև ոստիկանության ծառայողների և փաստաբանների վարքագծի հետ կապված հարցերը քննարկելու նպատակով: 6․ Ներքին գործերի նախարարությունը և Փաստաբանների պալատը մոտ օրերս կստորագրեն համագործակցության հուշագիր»:
15:03 - 11 հուլիսի, 2023
ԱԱԾ-ն քրգործ է հարուցել իմ նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների վերաբերյալ, դրական տեղաշարժ կա. Կարեն Ալավերդյան
 |news.am|

ԱԱԾ-ն քրգործ է հարուցել իմ նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների վերաբերյալ, դրական տեղաշարժ կա. Կարեն Ալավերդյան |news.am|

news.am: Վերջին նորությունը ԱԱԾ երեկվա հաղորդագրությունն էր, որ պաշտպանյալիս նկատմամբ խմբի կազմում խոշտանգում կատարելու համար ոստիկանության կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանամունքի պետի եւ վերջինիս  տեղակալի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ներկայացվել է մեղադրանք եւ որպես խափանման միջոց է ընտրվել պաշտոնավարման կասեցումը: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, փաստաբանների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Կարեն Ալավերդյանը, որի նկատմամբ ոստիկանները եւս բռնություն էին կիրառել: Հարցին՝ բավարարո՞ւմ է իրեն այս որոշումը, նա պատասխանեց. «Ամեն դեպքում կարող ենք դա դիտարկել որպես դրական տեղաշարժ գործում, քանի որ,ինչպես կարելի էր հասկանալ տարածված հաղորդագրության ենթատեքստերից, այս գործընթացը շարունակական է լինելու եւ խմբի կազմում ընդգրկված քաղաքացու նկատմամբ խոշտանգում եւ բռնություն գործադրած բոլոր ոստիկանների արարքներին լիհույս ենք, որ կտրվի իրավական գնահատական: Ինչ վերաբերում է իմ վերաբերյալ, տարածված հաղորդագրությունը լիարժեք չի արտահայտում ներկայացված մեղադրանքի ողջ ծավալը: Հիմա միջոցներ ենք ձեռնարկում  հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումն ստանալու ուղղությամբ»: Կարեն Ալավերդյանը նաեւ տեղեկացրեց, որ ՄԻՊ-ի հետ մի քանի օր առաջ հանդիպում եղել է, բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը, եւ ի պատիվ ՄԻՊ-ի գրասենյակի, բավականաչափ հետեւողականություն ցուցաբերվել է այդ ուղղությամբ: Հարցին, թե արդյոք ԱԱԾ հաղորդագրության մեջ ներկայացված ոստիկանները հենց այն ոստիկաններն են, որոնք բռնություն են գործադրել նաեւ իր նկատմամբ, փաստաբանը դրական պատասխան տվեց. «Դրանք նույն անձանց կազմն էր, որն ակտիվ դերակատարություն են ունեցել, եւ քաղաքացու նկատմամբ կատարված գործողություններում, եւ իմ»: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ոստիկանական բաժանմունքում ոստիկանները ծեծել են փաստաբան Կարեն Ալավերդյանին, երբ փաստաբանը փորձել է կանխել իր պաշտպանյալի խոշտանգումը՝ ոստիկանների կողմից։ Ոստիկանները ձեռնաշղթաներ են հագցրել փաստաբանին, արցունքաբեր գազ կիրառել նրա նկատմամբ։ Ընդ որում, սա առաջին դեպքը չէ, ավելի վաղ՝ ոստիկանական բաժանմունքում բռնության են ենթարկվել փաստաբաններ Էմանուել Անանյանը և Մարզպետ Ավագյանը։ Փաստաբանական համայնքը մտահոգված է՝ միջազգային կառույցների լռությամբ և այժմ միջազգային կառույցներին փորձում են իրազեկման ակցիաների տեսքով ևս ներկայացնել իրավիճակը։  
14:35 - 11 հուլիսի, 2023
ՆԳՆ-ի հետ կստորագրվի հուշագիր. Զոհրաբյան |pastinfo.am|

ՆԳՆ-ի հետ կստորագրվի հուշագիր. Զոհրաբյան |pastinfo.am|

pastinfo.am: Հանդիպեցինք ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի հետ, ներկա էր նաև ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, այլ ոստիկաններ ևս ներկա էին։ Որոշվեց, որ ՆԳՆ-ի հետ կստորագրվի հուշագիր, կստեղծվի հանձնախումբ՝ ոստիկաններից և փաստաբաններից կազմված, որն օպերատիվ արձագանք կտա։ Այս մասին հանդիպման ավարտից հետո ասաց Արա Զոհրաբյանը։ ՆԳՆ-ում փաստաբաններին հավաստիացրել են, որ մեղավորները պատասխանատվություն կկրեն, նման դեպքեր չեն լինի: Հարցին՝ հրաժարականի պահանջը շարունակու՞մ է ուժի մեջ մնալ, Զոհրաբյանն ասաց. «Մեր պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ, բայց ասեմ, որ այս հանդիպման արդյունքներից գոհ ենք, որովհետև կար հստակ ափսոսանք դեպքի հետ կապված, իրենք հայտնել են, որ իրենց զեկուցել են, որ նման դեպք չի եղել »։ Այսօր երեկոյան ՓՊ-ում ակումբի նիստ կլինի, հետագա քայլերի մասին կտեղեկացնեն։
13:57 - 11 հուլիսի, 2023
Փաստաբանները կպահանջեն Կարեն Անդրեասյանի հրաժարականը

Փաստաբանները կպահանջեն Կարեն Անդրեասյանի հրաժարականը

Փաստաբան, Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Հարություն Հարությունյանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ ս․թ․ հուլիսի 11-ին բողոքի ակցիան են իրականացնելու՝ պահանջելով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականը։ «Իրավապահ մարմիններում տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ կապված ՀՀ ոստիկանության կողմից մեր գործընկերների դեմ ուժ կիրառելու, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցած հայտնի դեպքերով՝ փաստաբաններիս իրավունքներն ակնհայտ խախտելու, իսկ լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանին՝ իր նախընտրած փաստաբանների միջոցով պաշտպանվելու իրավունքը խախտելու մասով, ակնհայտորեն վկայում են նրա մասին, որ Բարձրագույն դատական խորհուրդը չի հարգում փաստաբանի և նույնիսկ դատավորի և դատավորների իրավունքները, իսկ այդ պայմաններում ուրիշ մարմիններից որևէ բան ակնկալելն անհեռանկար է։ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը, 06․07․2023 թվականի հայտարարությամբ, հայտնել է իր մտահոգությունը՝ արձանագրելով, որ․ «․․․ԶԼՄ-ներից պարզ են դարձել նաև, որ ԲԴԽ-ի կողմից սահմանափակվել են փաստաբանների և լրագրողների մասնակցությունը, նիստն անցկացվել է դռնփակ, և այլ ընթացակարգային խախտումներ են տեղի ունեցել: ․․․Փաստաբանների պալատի խորհուրդն առաջին հերթին իր մտահոգությունն է հայտնում հանրային տիրույթում տարածվող այն տեղեկությունների կապակցությամբ, որ այդ գործողությունների նպատակադրումը դատավորների ներքին գերատեսչական կախվածություն ստեղծելն է և «անհնազանդ» դատավորներին պատժելը: ․․․ Փաստաբանների պալատի խորհուրդն անթույլատրելի է համարում դատավորների նկատմամբ իրականացվող ցանկացած գործընթաց, որը կարող է պայմանավորված լինել նրանց անկախությունը խաթարելու միտումով: Անդրադառնալով կոնկրետ դեպքերին` Խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում լիազորությունները դադարեցված դատավորների՝ հանրային տիրույթում հայտնած այն պնդումների առնչությամբ, որ կարգապահական վարույթներն իրականացվել են նյութական իրավունքի մի շարք նորմերի անտեսմամբ և ընթացակարգային կանոնների էական խախտումներով: Բարձրաձայնվող խնդիրների թվում են նաև անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքի հետադարձ ուժի կիրառման՝ հակասահմանադրական գործելակերպը դատավորների նկատմամբ, նրանց կողմից ներկայացված փաստարկները պատշաճ քննության առարկա չդարձնելը, նյութական նորմերի թյուր մեկնաբանությունները, որոշ արարքների մեղադրանքների մասով վաղեմության ժամկետների խախտմամբ վարույթն իրականացնելը, դատական վարույթների ոչնչացված լինելը, իրենց վերագրվող արարքում մեղավորության չապացուցվածությունը: Փաստաբանների պալատի խորհրդի համար հատկապես մտահոգիչ է հրավիրված փաստաբանի կողմից իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունը դատավորի համար չապահովելու, ընդհուպ՝ վարույթին փաստաբանի մասնակցության հնարավորությունը սահմանափակելու և նրա բացակայությամբ վարույթն իրականացնելու մասին տվյալները»: Այս ամենը, ինչպես նաև երեկ, համացանցում Դավիթ Հարությունյանի գործով տարածված ձայնագրությունը՝ փաստաբանների իրավունքների կոպիտ խախտման մասին վկայում են առ այն, որ Բարձրագույն դատական խորհուրդը, ի դեմս նախագահ Կարեն Անդրեասյանի, ռեալ սպառնալիք է մեր պետության իրավական անվտանգությանը և դատական իշխանությանը, ով ամեն ինչի պատրաստ է՝ իր քմահաճույքները բավարարելու համար։ Ցավոք, այդ ամենը շուտով խիստ բացասական ազդեցություն և հետևանք է առաջացնելու մեր պետության հեղինակության և մեր բոլորիս համար։ Նշված հանգամանքով պայմանավորված, երեքշաբթի օրը, 11․07․2023 թվականին, ժամը 12։30-ին բոլորիդ հրավիրում եմ Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքի դիմաց՝ բողոքի ակցիայի, պահանջելու Կարեն Անդրեասյանի հրաժարականը։ Սույն կոչս ուղղված է նաև լրագրողներին (ում իրավունքները ևս կոպտորեն խախտեց ԲԴԽ-ն), գործող և նախկին դատավորներին, ովքեր, արդեն առանց կաշկանդվելու իրենց վարքագծի կանոնագրքով, կարող են օգնել դեռևս գործող իրենց գործընկերներին՝ օր առաջ ազատվելու դատական իշխանությունը քանդող, իրավական պետության հիմքերը խարխլող Կարեն Անդրեասյանից։ Վստահ եմ, որ միայն Ձեր և փաստաբաններիս համատեղ պայքարը կարող է կանգնեցնել իրենց։ Միասնական ճակատով պետք է պայքարենք, հակառակ դեպքում՝ հաջորդը հենց Դուք եք լինելու, իսկ մենք և մեր վստահորդները՝ մնալու ենք առանց լավ դատավորների կողմից մեր գործերի քննության հնարավորության»։
11:58 - 08 հուլիսի, 2023