Իմ հետ կապված պատմության մեջ քաղաքականություն չեմ տեսնում, պարզապես Նազենի Ղարիբյանին սխալ տեղեկատվություն է տրված. Օրբելյան |aysor.am|
08:43 - 04 ապրիլի, 2019

Իմ հետ կապված պատմության մեջ քաղաքականություն չեմ տեսնում, պարզապես Նազենի Ղարիբյանին սխալ տեղեկատվություն է տրված. Օրբելյան |aysor.am|

aysor.am: Իմ հետ կապված այս պատմության մեջ ես ոչ մի քաղաքականություն չեմ տեսնում, պարզապես Նազենի Ղարիբյանին սխալ տեղեկատվություն է տրված, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի թատրոնի ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

«Ոչ մի քաղաքականություն ես այստեղ չեմ տեսնում, պարզապես Նազենի Ղարիբյանին սխալ տեղեկատվություն է տրված։ Ի՞նչ կապ ունի քաղաքականությունը, ես քաղաքական գործիչ չեմ, չեմ զբաղվում ու չեմ հետաքրքրվում դրանով, ինձ համար կարևոր է Օպերայի և բալետի թատրոնի բարգավաճումը», - ասաց Օրբելյանը։

Նա նշեց՝ Մշակույթի նախարարի պաշտոնակատարը, չգիտես ինչու, որոշել է, որ իր նշանակումն օրինական չէր:

«Ես էլ պատասխանել եմ՝ դա իմ հարցը չէ։ Ինձ նշանակելու վերաբերյալ որոշում կայացրել է կառավարությունը, այնպես որ՝ դուք խնդիր ունեք կառավարության հետ։ Կառավարությունը դատի տվեք ու ճշտեք՝ օրինակա՞ն է, թե՞ ոչ օրինական։ Ես չեմ խնդրել, որ ինձ նշանակեն այս պաշտոնին, դա իմ կյանքի նպատակը չէր», - ասաց Օրբելյանն՝ ավելացնելով, որ եթե իր նշանակումն իսկապես ապօրինի էր, ապա իրեն կհեռացնեին դեռ 10 ամիս առաջ:

«Բայց իրենք սպասում էին, որ ես ինքս կգնամ, իսկ ես ինքս չեմ գնալու, որովհետև ինչպե՞ս եմ ես դա բացատրելու իմ կոլեկտիվին, ես չեմ կարող թողնել իմ թատրոնը։ Կամ ինձ հեռացնում եք, կամ՝ հանգիստ թողնում։ Ես պետք է ասեմ, որ իմ աշխատանքից ազատման այս պատմությունն աննախադեպ, մուլտիմիլիոնանոց PR եղավ մեր թատրոնի համար։ Այնպես որ, ամբողջ աշխարհն իմացավ, որ Երևանում կա Օպերայի թատրոն, այնտեղ կա Օրբելյան ու հրաշալի կատարողներ։ Որովհետև հիմա բոլորն ինձ հարցնում են՝ իսկ ի՞նչ եք անում, ե՞րբ եք անում», - ասաց Օրբելյանը։

Ինչ վերաբերում է քննարկվող այն հայտարարություններին, թե հեռացվելու դեպքում ինքը պատրաստվում է իր հետ Օպերայից տանել մի քանի դաշնամուր ու այլ գույք, թատրոնի գեղարվեստական ղեկավարն ասաց.

«Ես ոչ մի բան ոչ մի տեղ չեմ տանում։ Բայց պետք է ասեմ, որ Երևանում կա Կոնտանտին Օրբելյանի անվան երաժշտական դպրոց՝ Մալաթիայում, ու, եթե հանկարծ ինչ-որ բան, ինչ-որ տեղից տեղափոխվի, տեղափոխվելու է այդ երաժշտական դպրոց», - ասաց Օրբելյանը։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել