Հարուցվել է քրգործ Գորիսի համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ
16:36 - 12 հուլիսի, 2021

Հարուցվել է քրգործ Գորիսի համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում Գորիսի համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2021 թ. մարտի 23-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Գորիսի համայնքապետարանում իրականացվել է ուսումնասիրություն՝ 2016 թ. հունվարի 1-ից մինչև 2021թ. ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում համայնքապետարանին հատկացված պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատությունը գնահատելու նպատակով:

Ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել են տարաբնույթ խախտումներ՝ շինարարական կապալի պայմանագրերով նախատեսված, հանձնման-ընդունման արձանագրություններով, կատարողական ակտերով հաշվարկված և վճարված, սակայն փաստացի չկատարված աշխատանքներ, շինարարական աշխատանքների միավորի արժեքների անհիմն թանկացման արդյունքում կատարողական ակտերով ավել հաշվարկված և վճարված գումարներ, շինարարական աշխատանքների համար կատարված ոչ նպատակային ծախս, շինարարության ընթացքում կատարված, սակայն շահագործման ընթացքում կոտրված և շահագործման համար ոչ պիտանի դարձած երկաթբետոնե առվակներ, որոնց արդյունքում, նախնական տվյալներով, պետությանը պատճառվել է 38.440.000 ՀՀ դրամի վնաս:

Պարզվել է նաև, որ ՀՀ կառավարության «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և 2011թ. փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու» որոշման պահանջների խախտմամբ երկու պայմանագրերի շրջանակներում կատարվել են աշխատանքների փոփոխություններ, որոնց գումարների չափը, պայմանագրերի սկզբնական գումարների նկատմամբ, կազմել են, համապատասխանաբար, 35.2 և 26.1 տոկոս: Բացի դրանից՝ արձանագրվել է, որ Գորիս համայնքում, գույքահարկի բազայում ունենալով չվճարված հարկերի տեսքով պարտավորություն, մի շարք ավտոմեքենաներ օտարվել են:

Ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախապատրաստվող նյութերի շրջանակում նշված խախտումների շուրջ պարզաբանումներ ներկայացնելու նպատակով Գորիսի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք հրավիրվել են բացատրություն տալու, սակայն չեն ներկայացել:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրություններում և դրանց հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու, համայնքին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել