ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը հայտարարություն է տարածել, որում նշված է. «ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը` հիմնված լինելով ընկերվարական արժեքների վրա, անկյունաքարային է համարում պետական պատկան մարմինների ցանկացած գործողության սոցիալական բաղադրիչը:
ՈՒշի-ուշով հետևելով վերջին շրջանում երկրում ընթացող իրադարձություններին` հարկ ենք համարում արձանագրել, որ բարեփոխումների քողի տակ ոտնահարվում են խոցելի և միջին խավերի իրավունքները:
Համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած գործիքակազմ և մեխանիզմներ կիրառելիս, հարկավոր է առաջնահերթ հաշվի առնել երկրում տիրող սոցիալ-տնտեսական պայմանները, աղքատության մակարդակը, արտագաղթի ցուցանիշները, ինչպես նաև տնտեսական ցուցանիշներից ոչ պակաս կարևոր ազգային մտածելակերպի առանձնահատկությունները:
Ուստի կարծում ենք, որ այն դեպքում, երբ օրենքով և քաղաքական ամենաբարձր իշխանությունների մակարդակով պաշտպանվում են խոշոր գործարարների և մեծահարուստների շահերը, հասարակ աշխատավորների կրճատումները, մանր և միջին ձեռնարկատերերին հարվածելը կրում է պարզապես աշխատանքի իմիտացիա ստեղծելու միտում և ուղղված է կարճաժամկետ նպատակների իրագործմանը:
Երկրի բարձրագույն իշխանություններին, պատկան մարմիններին կոչ ենք անում՝ խնդիրները դիտարկել իրենց ամբողջության մեջ և կոսմետիկ լուծումների փոխարեն փնտրել և կիրառել լուծումների հիմնաքարային տարբերակներ:
Հրամայական ենք համարում աշխատավոր դասի և սոցիալական խոցելի խմբերի շահերի ոտնահարումից հնարավորինս խուսափելը և վարվող քաղաքականության այնպիսի պլանավորումը, որը միտված կլինի առաջին հերթին միջին և միջինից ցածր եկամուտ ունեցող խավի ներկայացուցիչների կենցաղային պայմանների բարելավմանը:
Հաշվի առնելով վերոհիշյալ խնդիրները` ՀՅԴ ՀԵՄ-ը պատկան մարմիններից ակնկալում է խելամիտ լուծումներ»:
comment.count (0)