Նախատեսվում է, որ այս ձմեռ Մեղրիում գազաֆիկացման հարցը կլուծվի․ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյան
16:00 - 06 հոկտեմբերի, 2021

Նախատեսվում է, որ այս ձմեռ Մեղրիում գազաֆիկացման հարցը կլուծվի․ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյան

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։ 

Մեղրիում առաջադրվել է չորս քաղաքական ուժ․ «Ազատական» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Խաչատուր Անդրեասյանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Արմեն Հայրապետյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Բագրատ Զաքարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանի թեկնածությամբ։ 

Արարատ Թումանյանն այս տարվա հուլիսի 14-ին է նշանակվել Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար (հուլիսի 9-ին Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը հրաժարական էր ներկայացրել, օրեր անց նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնական կեղծիք կատարելը)

Infocom-ի հետ զրույցում Արարատ Թումանյանը պատմեց, որ Մեղրիում քարոզարշավն ընթանում է բնականոն հունով․ իրենց թիմի անդամները, ինչպես եւ մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչները, խոչընդոտների ու դիմադրության չեն հանդիպել։ 

Խոսելով համայնքի՝ դեռեւս լուծում չստացած խնդիրների մասին, Թումանյանն առանձնացրեց հատկապես ոռոգման ջրի հարցը․ «Իմ պաշտոնավարման երկու ամսվանից միայն 1,5-ը ես նվիրվել եմ այդ գործին։ Կառավարության աջակցությամբ փորձելու ենք հարցին ամբողջական լուծում տալ։ Ջրօգտագործողների ընկերությունում շատ խնդիրներ կան, մեր ջանքերով եւ կառավարության միջնորդությամբ պետք է լուծվեն հարցերը։ Ի դեպ՝ ՋՕԸ-ի մարզային ղեկավարի հետ զրուցել եմ, պատրաստվում է նախագծեր ներկայացնել, որպեսզի ողջ համակարգը բարելավենք, մոդեռնիզացնենք»։

Անդրադառնալով այն կարծիքներին, որ ճիշտ կլիներ՝ ՋՕԸ-ն համայնքային վերահսկողության տակ լիներ, Թումանյանը եւս նշեց, որ, իհարկե, ցանկալի կլիներ, բայց այդպիսի կարգավորում բերելը բարդ է, ժամանակատար, քանի որ օրենսդրական նախաձեռնություն է պետք, եւ անիրատեսական է, որ այդպիսի փոփոխությունը միայն մի համայնքի համար լինի․ «Եթե դա հնարավոր լիներ անել, ապա բնակիչները ոլորտի վերաբերյալ իրենց խնդիրները կկարողանային ուղիղ համայնքապետին ներկայացնել, որն էլ կլծվեր այդ խնդրի լուծմանը։ Որովհետեւ, եթե գյուղացին խնդիր է ունենում, միանգամից համայնքի ղեկավարին է դիմում»,- նկատեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ համայնքի ղեկավարն ավելի սրտացավ է լինում բնակիչների հանդեպ, փորձում է խնդիրներին ավելի արագ լուծում տալ։

Թումանյանը նշեց նաեւ, որ նպատակ ունեն արդիականացնել պոմպակայանները։ Այժմ արդեն մտածում են նոր պոմպակայանի նախագծի շուրջ, պատրաստվում են ուսումնասիրել տեղանքը, ռելիեֆը՝ մեծ ջրամբար կառուցելու համար․ «Ջրամբարի կառուցման միջոցներ եղել են, բայց սկզբում կորոնավիրուսի համավարակը, հետո պատերազմը լուրջ հարված եղան մեր տնտեսությանը, դրա համար այս հարցը հետաձգվեց։ Հիմա կա քաղաքական կամքը, միջոցներ էլ կան, պետք է լծվենք աշխատանքներին»։

Մեղրիում առաջնային խնդիր է նաեւ գազաֆիկացումը։ Այս առնչությամբ Մեղրու համայնքապետի պաշտոնակատարն ասաց, որ այս տարվա ավարտին՝ դեկտեմբերին, նախատեսվում է, որ փականներ կտեղադրվեն․ «Երբ փականները դրվեն, այդ դեպքում եթե որեւէ թաղամասում վթար լինի, հնարավորություն կլինի բաժանարար կետի սկզբի փականը փակել ու տվյալ թաղամասում լուծել խնդիրը, այլ ոչ թե փակել ողջ Մեղրի համայնքի գլխամասային փականը»,- ասաց Թումանյանը՝ հույս հայտնելով, որ այս ձմեռ Մեղրիում գազաֆիկացման հարցը կլուծվի։

Մեր զրուցակիցը թվարկեց առաջնային լուծում պահանջող այլ խնդիրներ եւս․ «Մենք անպայման ուզում ենք խթանել գյուղատնտեսությունը, պետք է սպանդանոց ունենանք։ Ե՛ւ մարզպետարանի, ե՛ւ կառավարության մակարդակով զրույցներ ենք ունեցել, հնարավորություն կա, եւ եթե ոչ մասնավոր սեկտորի միջոցով, ապա համայնքապետարանի միջոցով հարցը հնարավոր է լուծել։ Սպանդանոցն անասնապահներին ստիմուլ է տալիս՝ պահել անասուններ, է՛լ ավելի զարգացնել իրենց բիզնեսը, զբաղվել ֆերմերային տնտեսությամբ։ Եւ քանի որ մենք ենք նախաձեռնելու սպանդանոց ունենալը, ուրեմն ուզենալու ենք նաեւ մթերման պահեստներ ունենալ, սա էլ իր հերթին կխթանի անասնապահությունը»,- ասաց Թումանյանը։

Վերջինս խոսեց նաեւ զբոսաշրջության զարգացման հնարավորությունների մասին՝ նշելով, որ Մեղրիում ռեզորտային կենտրոններ լինելու պոտենցիալ ունեն, օրինակ, Լիճք, Տաշտուն, Զվար, Լեհվազ բնակավայրերը․ «Զբոսաշրջությունը Մեղրիում ակտիվանում է։ Երբեմն քաղաք են գալիս եվրոպական, սկանդինավյան երկրներից, որ ինքդ քեզ ասում ես՝ լավ, այս շվեյցարացին կամ նորվեգացին ի՞նչ են գտել այս կողմերում, հետո երբ օտարի աչքով ես փորձում նայել, հասկանում ես՝ իրականում ինչ հետաքրքիր, հիասքանչ տեղեր կան․ մենք, որ ներսում ենք, երբեմն չենք նկատում ու գնահատում»։

Թումանյանի կարծիքով՝ որպեսզի մարդկանց կյանքը բարեկեցիկ լինի, պետք է շեշտ դնել նաեւ բիզնես ոլորտի վրա․ «Այստեղ պղնձամոլիբդենային կոմբինատ ունենք, մարդիկ որոշակի զբաղվածություն ունեն, բայց դրանից հետո ոչինչ չունեն անելու։ Նպատակ ունենք ներդրումներ անել նաեւ մշակութային ոլորտում։ Մեղրիում եւ Ագարակում, օրինակ, մշակութային պալատները դեռ սովետական կարգավիճակում են, իսկ հիմա դարի պահանջներն այլ են»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ մեղրեցիներն այսօր վախի մթնոլորտում չեն ապրում․ «Մինչ խորհրդարանական ընտրությունները Մեղրիում, կհիշեք, այն բարբարոսական ակտը տեղի ունեցավ․ այդ միջադեպերը հանրության մոտ ինչ-որ չափով հիասթափություն առաջացրին (զրուցակիցը նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլին Սյունիք կատարած այցը, երբ Մեղրիում ընդդիմադիր հայացքներով քաղաքացիներն ընդդեմ Փաշինյանի ակցիաներ իրականացրին,- հեղ․)։ Բայց հիմա վախի մթնոլորտ կամ հիասթափություն չկա, այդ սարդոստայնով գործվածքը վերացել է, մարդիկ հանգիստ կգնան, իրենց ընտրությունը կկատարեն։ Իսկ թե ինչու մեզ պետք է ընտրեն, որովհետեւ նշածս վախի մթնոլորտը քանդողներից մեկն էլ ես եմ, մեր թիմը»,- ասաց Մեղրիի համայնքապետի ղեկավարի պաշտոնակատար, համայնքապետի թեկնածու Արարատ Թումանյանը՝ այս ընտրություններում իրենց շանսերը գնահատելով բավական բարձր։

Լուսանկարները՝ Արարատ Թումանյանի ֆեյսբուքյան էջից եւ Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայքից

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել