Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի գույքը կմնա կալանքի տակ |hetq.am|
14:43 - 07 մայիսի, 2019

Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի գույքը կմնա կալանքի տակ |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, քիչ առաջ մերժեց Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու քննիչի որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը: Այսպիսով, Լևոն Սարգսյանի գույքը կմնա կալանքի տակ:

Նշենք, որ ապրիլի 29-ին դատարանը որոշել էր բավարարել Լևոն Սարգսյանի գործով մեղադրող Արա Մնացականյանի միջնորդությունն ու դռնփակ քննել բողոքը, սակայն հրապարակումը տեղի ունեցավ դռնբաց:

Սարգսյանը մեղադրվում է ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ, և այս գործի շրջանակներում քննիչի որոշմամբ նրա գույքի վրա կալանք է դրվել:

Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ քրեական գործը հարուցվել է Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում, փոխանցվել Հատուկ քննչական ծառայության վարույթ: Այս գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Սարգսյանի որդին և դուստրը` Նարեկ և Անի Սարգսյանները:

Ըստ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նրա, իր հետ համատեղ բնակվող հոր՝ Լյովա Սարգսյանի և քրոջ՝ Անի Սարգսյանի անվամբ 2017թ.-ի 2-րդ կիսամյակի ընթացքում որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր:

Քննությամբ պարզվել է նաև, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, պաշտոնատար անձ հանդիսացող Լյովա Սարգսյանն ու վերջինիս դուստրը 2017թ.-ի հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները և թաքցրել են դրանք, ինչը հանգեցրել է Լյովա Սարգսյանի և Անի Սարգսյանի մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են:

Պարզվել է նաև, որ Նարեկ Սարգսյանը նույնպես թաքցրել է հայտարարագրման ենթակա գույքը: 2017թ.-ի հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջինս նույնպես ապօրինի հարստացել է»:

Սարգսյանի նկատմամբ այս գործի շրջանակներում հայտարարված է հետախուզում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել