fip.am: 1in.am կայքում հոկտեմբերի 13-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին պատկանող գույքի վերաբերյալ հոդված էր հրապարակել։ «Հրայր Թովմասյանի «թաքցրած» ունեցվածքը» վերնագրով նյութում նշվում է, որ Թովմասյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագիրը «աղքատիկ» է, մինչդեռ ուղղակի կամ անուղղակի ձևով ՍԴ նախագահին են պատկանում մի շարք անշարժ գույքեր։
Ըստ 1in.am-ի տեղեկությունների՝ Թովմասյանին են պատկանում կամ նրա կողմից տնօրինվում են երկու բնակարան և ավտոկայանատեղի՝ Բուզանդի փողոցում, և տարածք Ալեք Մանուկյան փողոցի 8/1 շենքի 1-ին հարկում։ Բուզանդի բնակարաններից մեկը և Ալեք Մանուկյանի տարածքը, ըստ հրապարակման, գրանցված են Թովմասյանի կնոջ քրոջ (քենու) և նրա ամուսնու անունով։ Կայքը ներկայացրել էր նաև այդ գույքերի ձեռքբերման ուշագրավ մանրամասները։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել 1in.am-ի հրապարակման մեջ Թովմասյանին վերագրվող անշարժ գույքերի կադաստրային պատմությունները՝ պարզելու, թե դրանք իսկապե՞ս պատկանում են Թովմասյանին և արդյո՞ք դրանց ձեռքբերման մանրամասները համապատասխանում են իրականությանը։
Հրայր Թովմասյանի հայտարարագրած գույքը
Հրայր Թովմասյանն արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2010-2014 թվականներին։ 2014- 2017 թթ.-ին եղել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար։ 2017 թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով: 2018 թ. մարտի 21-ին ԱԺ կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ։
2017-ին Ազգային ժողովի պատգամավոր դառնալուց հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած պաշտոնի հայտարարագրում Հրայր Թովմասյանը նշել էր երկու բնակարան, անհատական բնակելի տուն և մեկ ավտոտնակ։ 2018-ին ներկայացրած տարեկան հայտարարագրում Թովմասյանը նշել էր, որ 2017-ին ձեռք է բերել երեք հողամաս՝ յուրաքանչյուրը 700,000 դրամով։
Ալեք Մանուկյան փող. 8/1
1in.am-ի հրապարակման մեջ նշվում է, որ Ալեք Մանուկյան փողոցի 8/1 շենքի առաջին հարկի տարածքը Թովմասյանը գրանցել է կնոջ քրոջ և վերջինիս ամուսնու անունով։ Այնուհետև՝ նախարար լինելու ընթացքում, Թովմասյանն այդ տարածքը «շուրջ 2 տարի ամսական բավականին խոշոր գումարով հանձնել է վարձակալության «Նոտարական պալատ» ՊՈԱԿ-ին, որը գործում է Արդարադատության նախարարության ենթակայության ներքո»։
Ալեք Մանուկյան փող. 8/1 շենքը կառուցել է «Մ.Գ. Հաուզինգ» ՍՊԸ-ն, որը հիմնադրել է նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, 2009-ին մահացած Մելիք Գասպարյանը։ 2006 թ. դեկտեմբերին շենքի առաջին հարկը Գասպարյանի դուստրը՝ Ռուզաննա Գասպարյանը, 52.4 մլն դրամով ($144,000) վաճառել է նույն ընկերության տնօրեն Վոլոդյա Մարտիրոսյանին։
Վերջինս այդ տարածքը 2009-ի մարտին ընդամենը 3 մլն դրամով ($8,100) վաճառել է ՌԴ քաղաքացիներ, Բարնաուլում բնակվող Ռուբիկ Նորիկի Ղազարյանին և նրա կնոջը՝ Սոնա Սամադի Խուդավերդյանին։ Վաճառողի լիազորված անձ հանդես է եկել Հրայր Թովմասյանը։ Իսկ գնորդը, փաստացի, Թովմասյանի կնոջ՝ Լամարա Սամադի Խուդավերդյանի քույրն է։ Հատկանշական է, որ ընդամենը երեք տարի առաջ 52.4 մլն դրամով գնած տարածքը Մարտիրոսյանը Թովմասյանի բարեկամներին փաստացի վաճառել է 17 անգամ էժան։
Նոր սեփականատերերը՝ Հրայր Թովմասյանի ռուսաստանաբնակ քենին և նրա ամուսինը, 2010-ի մարտին այս տարածքը վարձակալության են հանձնել երևանաբնակ Արտաշես Համբարձումյանին՝ ամսական 50,000 դրամով։ Վարձակալության պայմանագրում նշվում է, որ այդ ժամանակ տարածքի ավարտվածության աստիճանը 50-80% է եղել։ Պայմանագիրը լուծարվել է 2012-ի փետրվարին։
Ըստ կադաստրային փաստաթղթերի՝ 2012-ի փետրվարի 20-ին Թովմասյանի բարեկամներն այս տարածքն ամսական 300,000 դրամ վարձավճարով վարձակալության են հանձնել «Նոտարական պալատ» ոչ առևտրային կազմակերպությանը։ Այստեղ հատկանշական է այն հանգամանքը, որ այդ ժամանակ (2012-ին) արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Հրայր Թովմասյանը, իսկ «Նոտարական պալատը» գտնվում է Արդարադատության նախարարության վերահսկողության տակ։ Փաստացի, պալատը վարձակալել է մի տարածք, որը փոխկապակցված էր «վերադաս» Հրայր Թովմասյանի հետ։ Թովմասյանն անգամ մասնակցել էր «Նոտարական պալատի» շենքի բացմանը։
2014 թ. ապրիլին Թովմասյանը լքել է արդարադատության նախարարի պաշտոնը։ Ամիսներ անց՝ հոկտեմբերին, «Նոտարական պալատը» դուրս է եկել այդ տարածքից։
Հետաքրքրական է, որ 2016-ի օգոստոսից այս տարածքը վարձակալության է տրված դեղերի մանրածախ առևտրով զբաղվող «Ֆօլ-Ֆարմ» ՍՊԸ-ին՝ ամսական 85,000 դրամով։ Այսինքն՝ «Նոտարական պալատի» վճարած վարձից մոտ 3.5 անգամ պակաս։
Թովմասյանը, արձագանքելով 1in.am-ի հրապարակմանը, հայտարարել էր. «Կարելի է պարզապես հիմարություն որակել 2006, 2009 թվականներին հարազատի, բարեկամի անունով գույք ձեռք բերելու պնդումը․ ինչի՞ համար»։ Սակայն թե ինչո՞ւ է «Նոտարական պալատը» տարածք վարձակալել հենց իր քենուց, և ինչո՞ւ է հենց Թովմասյանը հանդես եկել լիազոր՝ ՍԴ նախագահը չի պարզաբանել։
Բուզանդի փող. 91 շենքի 10 և 10/1 բնակարաններ
Հաջորդ անշարժ գույքը, որը հիշատակել էր 1in.am-ը, Բուզանդի փողոցի նորակառույց 91 շենքի երկու բնակարաններն են։ Դրանք իսկապես պատկանում են Թովմասյանին և կնոջ քրոջը՝ Սոնա Խուդավերդյանին։ Այդ բնակարանները Թովմասյանն ու քենին ձեռք են բերել նույն օրը՝ 2013-ի դեկտեմբերի 25-ին։
Հրայր Թովմասյանի անունով գրանցված բնակարանը 213.5 քմ է։ Թովմասյանն այն ձեռք է բերել 83 մլն դրամով (այն ժամանակվա փոխարժեքով $205,000), այսինքն՝ քմ-ը 389,000 դրամ ($960)։ Սոնա Խուդավերդյանի անունով ձեռք բերված բնակարանն արժեցել է 27 մլն դրամ ($66,700), քմ՝ 410,000 դրամ ($1,013)։
Հատկանշական է, որ ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների` 2013-ի դեկտեմբերին Երևանի Կենտրոն համայնքում բազմաբնակարան շենքերում 1 քմ-ի շուկայական միջին գինը եղել է 428,000 դրամ ($1,057)։ Սա ամբողջ Կենտրոն համայնքի միջին շուկայական գինն է, այնինչ այս շենքը գտնվում է Երևանի ամենակենտրոնում և կառուցվել է 2012-ին։ Անկասկած՝ այն պետք է շուկայականից շատ ավելի բարձր գին ունենար։
Այսպիսով, 1in.am կայքի հրապարակման մեջ նշված տեղեկատվությունը՝ Հրայր Թովմասյանի և նրա բարեկամներին պատկանող անշարժ գույքի վերաբերյալ, ճիշտ է։ Դրանց ձեռքբերման մանրամասները ևս համապատասխանում են իրականությանը։
Հ.Գ. 1in.am-ի հրապարակմանն ի պատասխան Հրայր Թովմասյանը նշել էր, որ իր կնոջ քրոջ ընտանիքը 1980-ականների վերջերից Հայաստանում չի բնակվում և Բուզանդում իր բնակարանի հարևանությամբ բնակարանը գնվել է իր առաջարկությամբ։ Հարց է առաջանում, թե ինչպե՞ս է Թովմասյանի քենին, 30 տարուց ավել բնակվելով Ալթայում, բավականին շահավետ գնով իր տարածքը վարձակալության հանձնել «Նոտարական պալատին»։
comment.count (0)