armenpress.am։ Երևանի ավագանու երրորդ նստաշրջանի չորրորդ նիստում, որն անցկացվեց դեկտեմբերի 25-ին, ավագանու 50 անդամ միաձայն կողմ քվեարկեց Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2020 թվականի ծրագրին:
Ծրագիրը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Խաչատրյանը:
«Ծրագրի հիմնական նպատակն է գույքի արդյունավետ կառավարումը և օտարումը, վարձակալության կառուցապատման և սահմանափակման իրավունքով հանձնելու դեպքում ստացված միջոցների հաշվին բյուջեի եկամուտների ապահովումը: Որոշման ընդունումը նպատակաուղղված է նաև քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցմանը, քաղաքացիների կողմից տարիներ շարունակ զբաղեցրած և օգտագործվող սեփականաշնորհված բնակարանի և բնակելի տների մասնավորեցման հետ կապված հարցերի լուծմանը»,-ընդգծեց Խաչատրյանը:
Նրա խոսքով`նախագծով նախատեսում են սահմանել հողամասերի վարձակալության և կառուցապատման վարձավճարների հաշվարկման համար գոտիականության լրացուցիչ գործակիցներ սրճարանների, տաղավարների, կրպակների, ինչպես նաև հասարակական այլ շինությունների զբաղեցրած հողամասների համար:
«Նախագծով սահմանվել են նաև սահմանափակ օգտվելու իրավունքով տրամադրված գույքի ամսական վարձավճարի հաշվարկման ձևերը: Ծրագրով նախատեսվել է նաև Երևանի քաղաքապետի որոշմամբ համայնքային սեփականություն համարվող բնակարանները, բնակելի տները և բնակելի տարածքները անհատույց փոխանցել այն անձին կամ անձանց, ընտանիքներին, որոնք բնակվում են նշված բնակարանում քսան տարի և ավելի ժամկետով»,-եզրափակեց Խաչատրյանը:
comment.count (0)