hetq.am: Ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ տեղի ունեցած վթարի գործով ձերբակաված ոստիկանը՝ Արամ Նավասարդյանը, ազատ է արձակվել: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը:
Պաշտպանի խոսքով՝ այսօր Նավասարդյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:
Նավասարդյանը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել: Վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ մեղադրյալին կալանավորելու հիմք չկա և կալանավորման միջնորդություն չի ներկայացրել դատարան:
Նավասարդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հիշեցնենք, որ Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի էր ենթարկել մի կնոջ։ Քաղաքացին վրաերթի էր ենթարկվել ՃՈ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը ուղեկցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վրաերթի ենթարկվածը մահացել էր։
Լուսանկարում՝ Ռուբեն Բալոյանը
comment.count (0)