«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։
[Թագուհի Ղազարյան] Ու թեև ես հիմա նստած եմ այստեղ՝ ԱԺ իմ աշխատասենյակում, բայց կարծես այնտեղ եմ, մենք բոլորս այնտեղ ենք՝ մեր հույզերով, մեր երազանքներով, մեր նմանություններով ու տարբերություններով, մեր սիրով ու համերաշխությամբ, մեր անիրականանալի թվացող, բայց իրականացած հույսերով։ Այնտեղ, ուր մենք բոլորս դարձանք մենք, այն, ինչ ենք, այն, ինչ պիտի լինեինք, բայց մեզ թույլ չէին տալիս լինել, այն, ինչ ուզում էինք լինել ու չէինք կարող՝ միմյանց հավատացող, միմյանց նկատմամբ վստահությամբ լի, միմյանցով հպարտացող, միմյանց ապավինող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս։
Ու թվում է, թե միշտ այնտեղ ենք լինելու՝ հանրապետության հրապարակում, որտեղ առերեսվեցինք մեր ինքնությանը, մեր հավատին, մեր երազանքին, որտեղ գտանք միմյանց ու ընդունեցինք այնպիսին, ինչպիսին կանք, սիրեցինք ու վստահեցինք միմյանց առանց նախապայմանների։ Ու թվում է, թե միշտ այնտեղ ենք եղել, մեր լինելուց դեռ շատ առաջ, այնտեղ, ուր պատմություն գրեցինք մի նոր, այնտեղ, ուր հաղթանակ ծնեցինք մի նոր, այնտեղ՝ ժամանակի մեջ կանգ առած, այնտեղ՝ բոլոր ժամանակների մեջ, բոլոր ժամանակներից դուրս, միշտ այնտեղ, միշտ միասին...
[Գարեգին Միսկարյան] Նախորդ գիշերը ես, Սուրենը, Սևակը Մեղեդի սրճարանում զրուցում էինք այլընտրանքային, ինֆորմացիոն աղբից զերծ լրահոսի անհրաժեշտության մասին։ Տելեգրամի մասին արդեն խոսել էինք։ Սուրենը առաջարկեց անվան Ինֆոքոմ տարբերակը, Սևակը տեղում բացեց ալիքը ու հաջորդ օրվանից (այսիքն նախորդ տարի այս օրվանից) սկսվեց ողջ գործընթացի մեջ իմ համար ամենատաղտկալի, բայց թերևս ոչ պակաս կարևոր մի շրջանը։
[Աստղիկ Մելքոնյան] Առավոտյան 8-ին տնից դուրս եմ գալիս, Հալաբյանից ընկերներիցս մեկը շան հետ ինձ է միանում, քայլում ենք մինչև Օպերա. ամեն ինչ տարօրինակորեն հանգիստ է, ոստիկանության աշխատակիցներից բացի ոչ մեկին փողոցում չենք տեսնում: Օպերայի մոտ 2-3 ցուցարարի ենք հանդիպում, մոտենում ենք նրանց, ու բառ անգամ չասած՝ մեզ ոստիկաններ են մոտենում ու պահանջում նստել իրենց մեքենան: Միացնում եմ ֆեյսբուքի ուղիղ եթերն ու պահանջում ներկայանալ, հրաժարվում են: Ինձ ու մեր հանդիպած ցուցարարներին նստացնում են իրենց մեքենան ու տանում Կենտրոնի բաժին: Հետաքրքիր էր, որ ընկերոջս ու շանը չեն ձերբակալում:
[Գոհարիկ Տիգրանյան] Առավոտն անձրևոտ էր, իհարկե, ազդեց վրաս։ Մամայի հետ սուրճի երկու բաժին լցրեցի ստամոքսս, քննարկեցինք իրավիճակը, չէի կարող հետը կիսվել մտահոգություններովս, ախր ուսանողությունն ամբողջ թափով չէր, որ հավաքվում էր։ Իհարկե, հավաքվողներին դա չէր էլ խանգարում, արդեն պարտք դարձած, մեզ համար այդ օրը հատկացված փողոցի պոստում էինք լինում, կամ շտապ օգնության նման շրջում ու գտնում թույլ օղակ, որ ծածկենք։ Ինչևէ, վերցրի նախապես ինձ համար գնված «մարսի» հերթական պաշարը, մաման էլ վաղուց չէր ասում զգույշ կլինես, գիտեր՝ անհույս ա, տատիկիս՝ ակտիվ քաղաքացու առաջին կերպարիս հետ խոսեցի, ու դեպի կարմիր հորիզոն։
[Աստղիկ Մելքոնյան] Բաժանմունք հասնելուն պես պահանջում են, որ ուղիղ եթերն անջատեմ: Տանում են ինչ-որ սենյակ, հերթով սկսում են գալ ու անուններս հարցնել. սկզբում համոզելով, հետո պահանջելով, վերջում՝ սպառնալով, թե մեզ մոտ մեր փաստաբանին չեն բերի, եթե անուններս չասենք: Մյուսներ ներկայանում են, իսկ ես լռում ու ժպտում եմ՝ դիմեք որպես քաղաքացի:
Ինձ տանում են այլ սենյակ՝ խուզարկման համար: Պողոսյան Քրիստինեն, ում հետ նախորդ օրն էի ծանոթացել, բայց տարօրինակորեն դեմքը չէի ֆիքսել, նստած է սենյակում ու ինձ միանգամից ճանաչում է՝ վայ,երեկ հանդիպել ենք կառավարության շենքի դիմացի նստացույցին: Զարմանում եմ ասածից, զգում է, որ չեմ ճանաչել ու ծիծաղում է:
[Աշոտ Խաչատրյան] Ամսի 20-ը չափազանց կարևոր էր, քանի որ ուրբաթ օր էր, ու եթե փողոցում նույն ակտիվությունը պահեինք, շաբաթ-կիրակի օրերին հաղթանակը ապահովված էր: Բոլոր օրերից ամենահետաքրքիրն էր ինձ համար: Տրանսպորտով իջնում էի կենտրոն, բայց Հրազդան մարզադաշտի մոտ ինքնաբուխ կերպով մարդիկ փակել էին ճանապարհը, իջա, միացա իրենց: Սկսեցի կազմակերպել մեծ ծաղկամանների տեղափոխելը փողոց, երբ մի մեծ մեքենա մեծ արագության վրա քշեց մեր վրա ու կանգ առավ: Պատուհանը իջավ ու Բարսեղյան Հայկը բղավեց՝ «ապ, նստե, էրթանք Լեննագանի ճամփեն փակենք»: Երկու տղա էլ մեր խոսակցությունը լսեցին ու միացան մեզ:
[Գոհարիկ Տիգրանյան] Առավոտյան Սոնայի ու Արփիի հետ էի պայմանավորված, միասին պիտի հասկանայինք, թե ինչ ենք անելու։ Հանդիպեցինք Արփիին, Կարմիր գլխարկում նստած էինք, վստահ գիտեինք՝ քայլել չենք ուզում, շրջակայքում պտտվելու էինք ու ամենաթեժ կետը պահեինք։ Նիկոլն ու ակտիվիստների մի ծանր մասը Մալաթիայով քայլերթ էր անում (կարծում եմ՝ ճիշտ որոշում էր, մարդիկ հենց էդ ճանապարհով իրենց հատուկ էին զգում ու միանում, հասկանում եք, նրանց էին այցելում նախորդ օրերի, թույլ տվեք ասեմ, «աղմուկ-աղաղակ» հանողները)։
[Աստղիկ Մելքոնյան] Ուղեկցող ոստիկանն ինչ-որ թղթաբանությամբ է զբաղված. անընդհատ ինձ է նայում ու գրում է: Միայն այն ժամանակ եմ հասկանում, որ տեսքս է նկարագրում, երբ հարցնում է, թե աչքերս ի՞նչ գույն են: Մեկ ուրիշի հետ խորհրդակցում է, թե տարիքս ինչ գրի: Աղջկական հետաքրքրությունս արթնանում է, անկեղծորեն ուզում եմ իմանալ՝ ճի՞շտ են գնահատում, թե ոչ, բարձրաձայն հարցնում եմ, բայց չեն պատասխանում: Սկսում են քննարկել՝ նիհար եմ, թե «լավ էլ պլոտնի», ես էլ ցուցադրաբար բաճկոնս ետ եմ տանում, որ կողմնորոշվեն ու լսում եմ կողքիս կանգնած ոստիկանի փռթկոցը: Հետո էլի եմ հարցնում ինձ ուղեկցող ոստիկանին տարիքիս մասին, ցածրաձայն ասում է՝ գրել եմ 18-25, գոնե ճի՞շտ ա: Մտքումս ծիծաղում եմ, որովհետև ճիշտ չի, իսկ բարձրաձայն ասում եմ՝ գրեիք 0-99, հաստատ ճիշտ կլիներ:
ՍՄՍ եմ ստանում նույն ընկերոջիցս. պարզվում է՝ կնոջ ու շան հետ դրսում անձրևին ինձ են սպասում: Խնդրում եմ՝ գնան, անիմաստ չհիվանդանան: Բայց ներքուստ այնքա՜ն եմ զգացվում...
[Միքայել Նահապետյան] Սերժը Արամ Աբրահամյանի դիմաց նստած բացառիկ մենախոսություն է տալիս։ Դժվար է դա հարցազրույց կոչել։ Խնդրում է ու աղաչում։ Ասում է թոշակները կբարձրացնենք, տնտեսությունը կզարգացնենք... ընդամենը երկու-երեք ամիս... հետո լկտի ժպիտով ակնարկում է Մարտի 1-ը։ Ասում է «մենք մի անգամ անցել ենք դրա միջով, եթե ուզում են երկրորդ անգամ էլ անցնենք...» չի շարունակում, բայց ժեստով ցույց է տալիս թե «խնդրեմ` անցնենք»։ Նայում եմ էկրանին ու հասկանում, որ «Մավրը իր գործը արել է, մավրը պիտի հեռանա»։ Էս պահից սկսած պետք է մեղմել հռետորաբանությունը ու աշխատել ոստիկանության ծառայողների հետ, որոնք գնալով ավելի բիրտ են գործում։ Չի կարելի թույլ տալ իրավիճակի էսկալացիա դեպի անձնական թշնամանքի մթնոլորտ։ Սերժը հիմա պիտի կրակելու համար բավարար պաշար կուտակի` չի կարելի դա թույլ տալ։
[Աշոտ Խաչատրյան] Հայկը գժի նման քշում էր ու միաժամանակ պատմում էր, որ Երևան-Գյումրի մայրուղու Ուջանի հատվածում ճանապարհային աշխատանքներ են կատարվում ու մի նեղ հատված կա, փակելը հեշտ կլինի, նաև այնտեղ կային մեծ, ծանր քարեր, որոնք կարելի էր քարշ տալ փողոց: Ամեն ինչ հաշվարկել էր: Հետո դադարեցրեց մարտավարական գաղտնիքներից խոսելը ու SOS-ի էջով լայվ մտավ:
[Գոհարիկ Տիգրանյան] Դուրս եկանք Կարմիր գլխարկից, մեզ հատկացված վառելանյութի պաշարը կար, քայլեցինք դեպի Սարյան, Բրյուսով մոտակայքում՝ Թումանյանի վրա ոստիկանական խմբեր տեսանք, «էդ էր, մի բան էն չէր», միասին բարձրացանք Բրյուսովի խաչմերուկ ու ինչ տեսարան. Բրյուսովի աղջիկները՝ սիրուն հագնված, գրքերը ձեռքներին, մի մասը բարձրակրունկներով, պառալիզացնում էին խաչմերուկը, մարդիկ դասից դուրս էին եկել ու ֆուռոռ էին անում։ Հոգիս թիթիզ, աղջկական պահվածքով թռչկոտում էր, աղջիկները քիչ էին, միացանք նրանց ու սկսեցինք փողոցները հերթով փակել։ Կարմիր բերետավորները 10 րոպեն մեկ գալիս էին, շենքի պահակը իրենց ուսանողներին թողնում էր ներս մտնել ու պաշտպանվել, նրանք էլ՝ իրենց հերթին, մեզ էին հետները տանում ներս։
[Աշոտ Խաչատրյան] Հասանք իր ասած հատվածը, երկու մեքենայով փակեցինք ճանապարհն ու սկսեցինք քարերը տեղաշարժել, բավականին ծանր էին, մեկ-մեկ մեզ մոտենում էին մարդիկ, որոնց ճանապարհը մենք փակել էինք ու օգնում էին տեղաշարժել: Սյուռ տեսարան էր: Շուտով մեծ խցանում ստեղծվեց ու սկսեցին վեճերը թաղում գնացողների, հիվանդանոց գնացողների, փչացող ապրանք տեղափոխողների և մյուսների հետ: Էդ վեճերը ամենածանրն էին ինձ համար էս պրոցեսի ընթացքում: Խցանման մեջ անգամ Հայկի հայրն էր մնացել՝ Լևոն Բարսեղյանը, որը չգիտեր էլ, որ իր ճանապարհի խոչընդոտը հենց իր տղան է:
Մեքենաներից մեկից մի տղամարդ դուրս եկավ 3 երեխայի հետ ու միացավ մեզ: Հետագայում հենց ինքն էր վիճում բոլոր բողոքողների հետ ու 3 երեխայի առկայությունը շատերի հնչեցրած պատճառներն ի չիք էին դարձնում:
[Աշոտ Խաչատրյան] Շուտով ժամանեցին ոստիկանները՝ Ուջանի ու Աշտարակի ոստիկանապետերի գլխավորությամբ: Հայկը փակվեց մեքենայի մեջ: Ոստիկանները չափազանց ագրեսիվ էին իրենց պահում: Հայկի մեքենայի անիվները իջացրեցին ու սկսեցին սպասել էվակուատորի: Շատ «խելացի» քայլ էր, ճանապարհը հիմա իրենք էին փակել: Ես նկարում էի այդ ամենը, և երբ փորձեցին ինձ բռնել, փախա ու նստեցի անցնող մեքենաներից մեկը, որը մինչև Աշտարակ էր գնում:
Երբ իջա, մոտ 10 հոգի դրոշներով և պաստառներով ճամփեզրով քայլում էին դեպի Երևան: Կեսն անչափահաս էին: Միացա իրենց ու 5 րոպեից մեզ շրջապատեցին Աշտարակի ոստիկաններն ու բերման ենթարկեցին: Հետո նույն այդ բաժին Հայկին բերեցին: Ես քննիչների կյանքը կերել էի, հերթը Հայկինն էր:
[Գոհարիկ Տիգրանյան] Կարծեմ մի քանի հոգու տարան, ու որոշեցինք, որ պետք է շրջակայքում եղած նստարաններով ու փայտե աղբամաններով փակենք փողոցները։ Այս օրն ինձ համար ոստիկանների հետ բռնոցին կատարելագործելու նոր փուլ հռչակվեց։
Ոստիկանները սկսեցին գալ նստարանները հավաքել, մոտ հինգ անգամ եկան գնացին, դե հոգնեցին էլի, ու հեռվում երևացին Սանիտեկի երկու հսկաները, վերցրին նստարաններն ու աղբամանները, բեռնատարը դնելու ընթացքում մասնակիցներից մեկը լուռ վերցրեց բեռնատարի բանալին ու բեռնատարը լրիվ պատահական մնաց փողոցում՝ խանգարելով երթևեկությանը։
Հետո քարշակ կանչեցին, որը չգիտեմ՝ ինչ մակնիշի բեռնատար էր, սա էլ եկավ, մեքենան կանգնեցրեց հենց խաչմերուկի մեջտեղում ու մեզ միացավ։ Ընտիր էր, դիրքավորվել էինք, բայց կարմիրները նորից համը հանեցին, եկան ու ստիպեցին, որ այդ մարդը հանի մեքենան տարածքից։ Ոչինչ չկար ասելու, նա՝ իր դիրքն ընտիր պահել էր։
Որոշեցինք լուսացույցների կանաչն օգտագործել ու փողոցն արագ անցնել ու հետ դառնալ, կանգնել ծանոթներին տեսնել ու գրկվել։ Հենց էդ ժամանակ, Քրիստին տեսա՝ մարդ ում հետ աշխատել եմ ու աշխատում եմ, ով այդ օրերին ասաց. «Հանգիստ հեղափոխությունդ արա, ես գործդ կանեմ»։ Փողոցն անցնելիս գրկվեցինք, ու Քրիստն ասեց. «Ես բոլոր մեյլերին պատասխանել եմ» (իրականում այս բառերը միշտ ես էի նրան ասում), ախր դա էլ մարդկային հոգատարության դրսևորում էր, հոգատարություն, որ գուցե ամեն օր չզգանք կամ չգնահատենք, բայց հենց էդ պահին ինքը տակնուվրա արեց հոգիս։
«Սթոփ» ակումբից Որդան կարմիրի «Քայլ արա»-ն էր հնչում, մյուս կողմից էլ անձրևն էր, մեր արագ շարժն էր (ընտիր վիդեո կստացվեր)։
[Աստղիկ Մելքոնյան] 4 ժամից ավել է անցել, ես /երևի/ բաժնի պետի սենյակում եմ, ով արդեն պիտի ստորագրի,որ ինձ բաց թողնեն: Ազատության ուղիղ եթերն է նայում ու մեկ այլ ոստիկանի ասում՝ ամբողջ գիշեր էս սիգնալներն ու ձայներն են ականջներումս, քնել չեմ կարողանում, էս ի՞նչ են անում: Փռթկոցս չեմ կարողանում զսպել: Թեքվում է իմ կողմ ու հարցնում՝ ո՞ւր ես գնալու հիմա, ես՝ եսիմ, ի՞նչ տարբերություն, ուր պատահի: Բայց իրականում գիտեի ուր եմ գնալու՝ շաուրմա ուտելու: Ինքն էլ մի վերջին փորձ է անում.
- Լավ, ստեղ ազգանունդ գրիր, ստորագրիր ու գնա:
- Ի՞նչ ազգանուն:
- Լավ, ուղղակի ստորագրիր:
Ստորագրում եմ այն, ինչ առավոտյան. պատահական 2 տառեր, որոնցից ոչ մեկը ոչ Ա է, ոչ էլ Մ: Ուղեկցող ոստիկանն էլ արդեն աստիճանների վրա էլի է հարցնում․
- Զուտ պրինցիպի համար, անունդ ասա, խնդրում եմ:
- Զուտ պրինցիպի համար, չեմ ասում: Մի՞թե բացառիկ բան ա, որ մարդ չի ներկայանում ոստիկանությունում: Այ քեզ բան:
- Ճիշտն ասած՝ հա, բացառիկ ա, որ մեկը էսքան ձգում ա:
Հպարտ-հպարտ (չէ՞ որ պարզվեց բացառիկ եմ) դուրս եմ գալիս բաժանմունքից` որպես իգական սեռի ներկայացուցիչ, 18-25 տարեկան անհայտ ու սոված քաղաքացի ու վազում Շաուրմա ուտելու:
[Գոհարիկ Տիգրանյան] Ոստիկանները շարունակեցին բռնոցին, երբ մի պահ որոշեցինք կանգնել ու փակել փողոցը։ Երեքով՝ Արփին, Սոնան ու ես վազեցինք դեպի ՎՏԲ-ի կամարները, ու մի հմայիչ արտաքինով տղամարդ՝ կոստյումով ու լաքապատ կոշիկներով քայլեց կողքներովս ու ասաց. «Հետևեք ինձ, կասեմ իմ պռակտիկաններն եք»։ Սպորտային կոշիկներով ու բաճկոններով, գզգզված մազերով ու ուսապարկով պռակտիկանտները այս անգամ էլ կարողացան դուրս պրծնել բաժնում հայտնվելուց։ Նորից հետ գնացինք, ոստիկանները զոհեր չէին գտել ու նորից իրենց դիրքերը գնացել։
[Աշոտ Խաչատրյան] Մոտ 4 ժամից բաց թողեցին, գրեթե նույն կազմով շարժվեցինք Երևան: Դալմայի մոտ արդեն փակ էր ճանապարհը, բայց ինչ-որ տարօրինակ խումբ էր: Երբ մոտեցա, հասկացա, որ Դալմայի աշխատողներն էին, իսկ ձեռքներին իրենց խանութների պաստառներն էին, որոնց հակառակ երեսին կարգախոսներ էին գրված: Ապրիլի ամենագլամուր ինքնակազմերկման դրվագն էր:
[Գոհարիկ Տիգրանյան] Հերթական անգամ մեր հետևից ընկնելիս՝ ՎՏԲ-ի մոտ փորով, կոստյումով ու թանկ կոշիկներով մոտեցավ, թղթերի մի մեծ տուփ տվեց ասաց. «Վերցրեք բաժանեք աղջիկներ»։ Թղթերի վրա գրված էր՝ «Քայլ արա, մերժիր Սերժին»։ Հասկացա, որ պայքարի ալիքը հասել էր տարբեր հիմնարկները, այսինքն՝ սայլն այդքան էլ կանգնած չէր, գուցե, ուշ հասկացա, բայց ես հիմնավորումը դեմքիս տալուց հետո նոր միայն կարող էի լինել վստահ (իրավաբանական քիչ կրթությունը միջիս ռոմանտիկին սիրում է սաստել):
[Աշոտ Խաչատրյան] Այդ ամենը տեսնելուց հետո՝ դեպի կենտրոն շարժվելու ճանապարհին էլ ֆեյսբուքյան էջումս գրեցի, որ ՍԿՍԵԼ Ա՝ հեգնելով բոլոր այն անգամները, երբ մենք այս արտահայտությունն անում էինք, բայց իրականում ոչինչ էլ չէր սկսել: Այս անգամ հաստատ սկսել էր՝ շարժումն այլևս անբեկանելի էր:
[Գոհարիկ Տիգրանյան] Վերցրինք թղթերը, լայնէկրան ժպիտով շնորհակալություն հայտնեցի, գնացինք նորից հետ։ Արդեն շատացել էինք, մայրերն ու կանանց մի խումբ ևս ակցիա էր սկսել՝ Բաղրամյանով իջնում էին։ Հավաքվեցինք, ու արդեն 4.30ի կողմերն էր՝ որոշվեց գնալ Մալաթիայից եկող ընկերներին դիմավորելու, Փակ Շուկայի կամուրջի տակ հրահրիչներից մեկը սկսեց գովազդային վահանակ պոկել, ու մարդիկ սկսեցին գոռգռալ, մի խումբ տղաները հանգստացրին մարդկանց, ու նրան շարքից դուրս հանեցին։ Սա էլ իմ առաջին օրինակն էր, որ, այո՜, բոլորս ոչ բռնի պայքար ենք ուզում։
[Աշոտ Խաչատրյան] Հետո լինելու էր մեծաքանակ հանրահավաքը, որի ժամանակ նորից նյարդայնանալու էինք ելույթների մեծ մասի անբովանդակությունից ու ոգևորվելու էինք նոր ու ավելի կտրուկ հայտարարություններից:
[Միքայել Նահապետյան] Զանգում է ավագ ընկերս, որ համատեղության կարգով դիպլոմային աշխատանքիս ղեկավարն է.
-Միքո՛, ու՞ր ես,- աչքերից բարկության կրակներ են թափվում։
Ծիծաղելով պատասխանում եմ․
-Խաչմերուկում։
-Այ տղա՛, ու՞ր ա ավարտական աշխատանքդ, ամսի 30-ին նախապաշտպանության ես։ Ի՞նչ ես արել։
-Նյութերը կարդացել եմ,- նորից եմ ծիծաղում։
-Այ տղա՜։ Ե՞րբ ես գրելու։
Ու էստեղ հնչում է մարգարեական խոսքը.
-Ընկե՛ր Մուրադյան, կամ Սերժը երեք օրից հրաժարական ա տալիս, կամ ես գալիս եմ, նստում համալսարանում` դիպլոմայինս գրելու։
-Երեք օր Միքո՛։ Լսեցի՞ր։ Երեք օրից պրծած լինես։
-Աչքիս վրա։
Փողոցում մարդկանց թիվը հասնում է 70.000-ի, էվակուատորները չեն հերիքում, ոստիկանները չեն հերիքում։ Մտնում ենք ֆինալ։
[Թագուհի Ղազարյան] «Որ խնդրեմ, քեզի մօտ է, կը մտնես մի րոպէով ինքնագիրի շնորհանդէսին իմ օրինակս վերցնես? Ճամբուդ վրայ է»,-գրում է Քրիստիանը: Ինքնագրի հերթական շնորհանդեսն է, որը պլանավորվել էր հեղափոխությունից առաջ։ Հանրահավաքից առաջ գնում եմ «Ինքնագրի» շնորհանդեսին: Էստեղ հեղափոխական գրողների մի իսկական աստղաբույլ է հավաքված: Մարդիկ, որոնք այդ օրերին լուսաբացին գալիս էին հեղափոխության, երեկոյան գնում տուն, որոնցից ոմանք հետո պետական ապարատում դեր են ստանձնելու, ոմանք դժգոհելու են հեղափոխությունից ու դրա արդյունքներից, բայց առայժմ դեռ միասին են ու նույն ուղղությամբ են սևեռել հայացքները։
[Սոնա Մնացականյան] Լուսադեմին՝ ժամը 5:30, Նյու-Յորքի Ջեֆերսոն օդանավակայանում ենք, ընդամենը մեկ ու կես ժամ ունենք, որ հասնենք Դեթրոյթի ինքնաթիռին․ ժամանոց հերթի, ստուգումների, անձնական տվյալների լրացման, ժպտադեմ «welcome»-ն ասող ոստիկանի կանգառները հաղթահարելուց հետո կտրում ենք էս քավարան հիշեցնող սրահի գիծը ու վազում բեռների հետևից, թռիչքից 20 րոպե շուտ ենք հայտնվում gate-ի մոտ, մի հերթ էլ ստեղ ա։ Սպասելը ճիշտ չի, չսպասելն անքաղաքավարի ա, բայց հանկարծ նկատում ենք, որ մի աշխատակից ինչ-որ ռուսների առաջ ա գցում, որովհետև ուշանում են, է՜, մենք էլ ենք ուշանում։ Բայց մինչ կհասցնենք բողոքել, էս «միջնորդն» ասում ա՝ հա՞յ եք։ Փրկության պես ա հնչում հարցը, մտածում ենք՝ վերջ մի քանի րոպեից կհայտնվենք ինքնաթիռում։
Իհարկե, Անժելան, դրսևորելով իր հայրենակցական բարի մղումները, օգնում ա մեզ՝ էդ նեղ մաջալին չմոռանալով հարցնել, թե Հայաստանից ինչ լուր կա։ Բա չիմանայի՜․․․ մեկ էլ պարզվում ա, որ Մոսկվայի բարեկիրթ շարժուձևով աշխատակիցը անբարեխիղճ գործ ա արել, միայն Մարինեի տոմսն ա կապել Դեթրոյթին։ Մարինեն հրաժարվում ա մենակ թռնելուց։ Հաջորդ թռիչքը կեսօրին ա։ Տարբերակներից մեկն օդանավակայանի հատակին քնելն ա․ սա էլ մեր սոլիդարությունը կլինի Երևանի փողոցներում նստող ու պառկող մեր ընկերներին։ Ընտրում ենք երկրորդ տարբերակը՝ հյուրանոցում մնալը, որ գոնե ինտերնետի կպնենք։
[Գոհարիկ Տիգրանյան] Կիլիկիա ավտոկայանի մոտ հանդիպեցինք նրանց՝ որ շատ էին ու լիահույս, միացանք իրար՝ իրար ընդառաջ քայլով, երկու մեծ խումբ միացավ իրար (ևս մի հիանալի կադր)։ Հասանք Ամիրյան, Մանոյին էլ տեսանք (հիշում եք չէ, այդ օրերին ձեռք բերած ընկերներիցս է), ասաց, որ գնում է ՀԱԿ գրասենյակ, ինձ էլ Վահանն էր զանգել՝ գնում էի ՔՊ-ի գրասենյակ, որոշեցինք հանդիպել 15 րոպեից ու գնալ Հրապարակ, Սոնայենց էլ պիտի տեղում գտնեինք։
Գրասենյակ մտա, լիքը մարդ կար, որոշեցի դուրս գալ (մարդիկ շատ էին ու դա ճնշում էր)։ Մոտեցավ Արարատը.
- Չես ամփսոսում չէ, որ եկել ես։
Պատասխանեցի ժպիտով.
- Ավելի լավ ա արածիս համար ափսոսամ, քան՝ չարածիս։
Հետ գնացի հրապարակ։ Մերոնք Պարոնյանի թատրոնի դիմաց նստած էին, անեկդոտների մի մեծ շարան էր, որ իմացա էդ օրը։ Մեկն էլ ձեզ պատմեմ՝ որ Մանոյի ամենաուրախ կատակներից էր. «Ագռավն ինչի՞ ա ոտքով գնում տուն, որովհետև խմած ա լինում ու վախենում ա, որ կկանգեցնեն»։
[Գարեգին Միսկարյան] Սովորաբար ակտիվ «փողոցփակոցին» սկսվում էր ժամը 10-11 ից։ Ես, Սևակը, Սաթը «տնային կալանքի տակ» էինք։ Լրահոսի մոնիտորինգ, փակ փողոցներից կադրեր, Գուգլի խցանումների քարտեզների պարբերական հրապարակում, միջադեպեր, հայտարարություններ։ Եթե չեմ սխալվում, երկու օրվա մեջ Ինֆոքոմը դարձավ (ու մինչև հիմա էլ մնում է) Հայաստանում ամենաշատ ընթերցող ունեցող Տելեգրամ ալիքը։
Հիշում եմ, թե ծանոթներս ու ընկերներս, որոնք մինչև ապրիլի 17-18-ը չէին հավատում էս ամենին, ինչպես էին զանգում ինձ, թե՝ «Որտե՞ղ ես, գանք միասին փողոց փակենք», ինչպես էին զարմանում, որ ասում էի տանն եմ, էսօր չեմ կարա դուրս գամ, դուք փակեք, ես վաղը կմիանամ։ Էդպես մինչև երեկոյան 5-6-ը, որից հետո գնում էինք հրապարակ իրար տեսնելու ու ամփոփելու օրվա իրադարձությունները։
[Սոնա Մնացականյան] Վերջապես ժամը 7-ի կողմերը կարողանում եմ կապ հաստատել Հայաստանի հետ։ Մեսիջների տեղատարափ ա։ Երեկվա օրը բուռն ա եղել․ Զորիկն ու Գեմոն իրար են փնտրում, Էլիզը հա լինքեր ա դնում, Ալինան երթի նկար ու վիդեո ա կիսվում, Աննան Քրիստից անձրևանոց ա ուզում, Կարենն ա խոստանում երկու հատ բերել․․․ ինձ մենակ, շատ մենակ եմ զգում։ Խնդրում եմ, որ հենց ժամանակ ունենան, պատմեն, թե ինչեր են անում օրվա ընթացքում։ Չեմ կարողանում քնել, վերմակի տակ մտած, որ աղջիկներին չխանգարեմ, լուրեր եմ լսում, կարդում։
Մի կես ժամից Սաքոն ա պատասխանում, ասում ա՝ Սոն ջան, դե ոնց տեսնում ես, նույնն ա, առավոտից իրիկուն գործի պես գնում ենք ցույցի, ասում եմ՝ չէ, մի բան պատմի, բայց մանրամասն (էս պահանջ-խնդրանքից հետո իմ սիրասուն ընկերները իրանց պարտքն էին համարում ամեն օր գոնե մի բան պատմել ինձ համար)։ Սաքոն ակնհայտորեն մտնում ա դրությանս մեջ ու իր նախորդ օրվա «աշխատանքային առօրյայից» մի դրվագ ա պատմում․ «Երեկ ցերեկը Սարյան-Պրոսպեկտի խաչմերուկում նստած եմ աթոռին, մեկ էլ շուխուր լսեցի Սարյանի կողմից Պուշկինի մասից, մոտեցա, տենամ երկու հոգի կպել են մի ջահելի, բա բաց, պիտի անցնենք, խանութս Ամիրյանի կողմերն ա, մեքենայիս բագաժնիկում լիքը մթերք ա, որ պիտի տանեմ, թե չէ կփչանա։
Ասի ապեր ձև չկա, սկզբունքային հարց ա, բոլորն էլ ինչ-որ պատճառ ունեն, մենակ սկոռի, պաժառնի ենք թողնում։ Ասի, արի ես օգնեմ միասին տանենք, ձեռով։ ՃՃՄեկ էլ բացեց բագաժնիկը մի քանի մեշոկ էլ կարտոլ, էլ սոխ էլ չգիտեմ ինչ։ Ասի չէ, սրա հետ ավելի լավ ա վեճ սարքեմ, քան թե էս մեշոկները կրեմ Ամիրյան եսիմ որտեղ։ Մի խոսքով նենց խոսակցությունը տարա, որ իրար հետ հայտարարի չեկանք, էս էլ ջղայնացավ նստեց մեքենան, էտ զիբիլի յաշիկներին խփելով բանով գազ տվեց, իրա ավտոն էլ փչացնելով պրոսպեկտը կտրեց, մյուս կողմի յաշիկ մաշիկներին էլ խփեց պուշկինով գնաց ։-ՃՃ»։ Ձենով ծիծաղում եմ․․․
[Գոհարիկ Տիգրանյան] Հանրահավաքը սկսված էր, վերջում պարզ դարձավ, որ վաղը մասիվի կողմն էր ցնծալու ու յուրահատուկ զգալու իրեն։
[Սոնա Մնացականյան] Ժամը 2-ի կողմերը հասնում ենք Դեթրոյթ, մի 40 րոպեից էլ Էնն-Արբորում ենք։ Մի ժամ կամ նույնիսկ քիչ ունենք՝ գիտաժողովին պատրաստվելու համար։ Բացում եմ ճամպրուկս ու հայտնաբերում, որ որոշ կարևոր իրեր չեմ բերել․ տեսնես բա ի՞նչ էի ժամերով դասավորում Երևանում։
Հյուրանոցի նախասրահում հանդիպում եմ գիտաժողովի մյուս մասնակիցներին․ բոլորի խոսակցության նյութը Հայաստանն ա։ Գնում ենք համալսարան, գոնե լավ ա, որ էսօր մենք ելույթ չենք ունենալու։ Բայց պիտի լսենք, սա ծանր փորձություն ա, որովհետև ոչ մի կերպ չեմ կենտրոնանում։ Կողքիս Ծովինարն ա նստել, ինքն էլ ա անհանգիստ, պարբերաբար, որքան հնարավոր ա աննկատ, լուրերին ա հետևում ու ականջիս փսփսում նորությունները․ ոնց որ ձանձրալի դասի նստած աշակերտներ լինենք, որ սպասում ենք երկար դասամիջոցին ։-)
Երեկոյան դուրս ենք գալիս քաղաք՝ մի քիչ պտտվելու։ Լավ քաղաք թվաց Էնն-Արբորը․ ուսանողներն էին շատ ու սկյուռիկները։ Ավելի ուշ գնում ենք փաբ՝ գարեջուր խմելու։ Չեմ հիշում՝ ինչ ենք խոսում, բայց հիշում եմ, որ Ծովինարի մաման ա գրում․ տոմս ա նայում, որ թռնի Հայաստան․․․
comment.count (0)